ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19722/02/22 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19722/02/22 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի մարտի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Մանվել Տեր-Առաքելյանի հայցի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ), երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի և Հասմիկ Պողոսյանի՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու ու որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2024 թվականի որոշման դեմ Մանվել Տեր-Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանվել Տեր-Առաքելյանը պահանջել է գրավով ապահովված պարտավորությունը դադարելու հիմքով դադարած ճանաչել Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի կոմիտեի կողմից 13.08.2007 թվականին գրանցված Բանկի գրավի իրավունքը և որպես հետևանք՝ Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել կատարել գրավի իրավունքի դադարման պետական գրանցում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2024 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.09.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 365-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, առանց համապատասխան մասնագիտական եզրակացություն ունենալու (պատկերը դրոշմակնիք կամ ստորագրություն լինելը պարզելու համար անհրաժեշտ էին հատուկ մասնագիտական գիտելիքներ) կարող էր դատական ակտը պատշաճ ստորագրված չլինելու մասին եզրահանգման գալ միայն այն դեպքում, երբ դա լիներ ակնհայտ։
Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո իր ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցում է ուղարկվել գործը քննած դատավոր Ռուբեն Բունիաթյանին, ում կողմից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ դատական ակտն ստորագրվել է անձամբ իր կողմից, և որևէ դրոշմակնիք առկա չէ։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 02․07․2024 թվականի որոշումն ստանալուց հետո նշանակվել է փորձաքննություն՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց միջոցով պարզելու համար այն հարցը, թե արդյոք եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասում ստորագրություն է, թե՝ դրոշմակնիք։ Եզրակացությամբ պարզվել է, որ թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29.09.2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Դատարանի 29.09.2023 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի կողմից (դատավոր` Ռ. Բունիաթյան) 29.09.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված վերաքննության սահմաններում վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք» (հատոր 5-րդ, գ.թ. 117-123).
2) «ՎԱՐՊԵՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22․07․2024 թվականին տրված փաստաթղթաբանական փորձագետի եզրակացության համաձայն՝ «փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29․09․2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ու նույն հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու օրենսդրական պահանջը պահպանված լինելու հարցի բացահայտմանը՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները:
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբարությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճիռը կազմում է գործը քննած դատավորը։ Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ կետի, 220․4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և նույն հոդվածի 2-րդ կետի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա: Վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծմանը: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:
Նույն օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մյուս խախտումները ևս վերաբերում են Կոնվենցիայով, Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի և մյուսների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումները վերահաստատել է արդեն Ազգային ժողովի կողմից 09․02․2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումները վկայակոչելու արդյունքում, և անդրադառնալով «ստորագրություն» եզրույթի բացահայտմանն ու դատավորի կողմից դատական ակտն ստորագրելու իրավական պահանջին, արձանագրել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը: Դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է դատավորի՝ արդարադատության առաքելության իրականացման սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերով ամրագրված մի շարք հանրաճանաչ սկզբունքներով, որոնցից մեկն էլ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների ապահովումն է: Այսինքն` դատական ակտը կայացնում է այն դատավորը, որը Սահմանադրությանը և դատավարական օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես դատարան: Մինչդեռ դատավորի ստորագրությունը դրոշմի տեսքով դնելը կամ դրա արտատպումը (բացառությամբ էլեկտրոնային ստորագրության և նույնականացման օրենքով թույլատրված այլ միջոցների կիրառման) չի կարող համարվել դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու հանգամանք (տե՛ս, ի թիվս այլնի, ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը, Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: (…):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դատարանի 29.09.2023 թվականի վճռով բավարարվել է Մանվել Տեր-Առաքելյանի հայցը:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը։
Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին` նկատի ունենալով, որ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, քանի որ առկա է նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, Դատարանի 29.09.2023 թվականի վճիռը 02․07․2024 թվականի որոշմամբ բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի կողմից (դատավոր` Ռ. Բունիաթյան) 29.09.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված վերաքննության սահմաններում վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք»։
Վերաքննիչ դատարանի 02․07․2024 թվականի որոշումն ստանալուց հետո Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը փաստաբանական հարցում է կատարել Դատարանի դատավոր Ռ․ Բունիաթյանին, որին ի պատասխան վերջինս հայտնել է, որ «ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ես՝ որպես նախագահող դատավոր, կնքում եմ իմ կողմից կայացված վճիռների յուրաքանչյուր էջը և ստորագրում եմ վճռի եզրափակիչ մասն անձամբ, ինչպես դա արել եմ թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29․09․2023 թվականին կայացված վճռով, որը ստորագրվել է իմ կողմից, հետևաբար դրոշմակնիք առկա չէ»։
Միաժամանակ փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանի դիմումի հիման վրա իրականացվել է փաստաթղթաբանական փորձաքննություն, որի արդյունքում «ՎԱՐՊԵՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22․07․2024 թվականին փաստաթղթաբանական եզրակացություն է տրվել այն մասին, որ «փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29․09․2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով»։ Նշված եզրակացությունը Մանվել Տեր-Առաքելյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, դատական ակտը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Ընդ որում, դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը, իսկ պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն ու դրանից բխող եզրահանգումները: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով: Դատական ակտը չի կարող պատճառաբանվել նաև վերացական դատողություններով: Հակառակ պարագայում կոնվենցիոն իրավակարգավորումների համատեքստում խախտվում է անձի արդար դատական քննության իրավունքը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 02․07․2024 թվականի որոշումն օրինական չէ, քանի որ այն կայացնելիս չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջներն այն առումով, որ նշված որոշումը հիմնավորված չէ՝ նկատի ունենալով, որ դրանում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ ու բավարար փաստական և իրավական հիմքերը, ինչպես նաև պատճառաբանված չէ՝ նկատի ունենալով, որ նշված որոշման պատճառաբանության հիմքում դրվել են այնպիսի ենթադրություններ, որոնք թույլատրելի չեն օրենքում ամրագրված կանխավարկածներով։
Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ հետևության գալու համար այն մասին, որ «բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք»՝ անհրաժեշտ էին հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնք կբացահայտեին՝ արդյո՞ք գործը քննած դատավորի ստորագրությունը դրոշմի տեսքով է դրվել, թե՝ ոչ, կամ դրա արտատպումն է, թե՝ ոչ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի եզրափակիչ մասում գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք առկա լինելու եզրահանգման է եկել՝ չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ, առանց համապատասխան փորձաքննության եզրակացության առկայության։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումը ժխտվել է վճռաբեկ բողոքին կից Մանվել Տեր-Առաքելյանի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությամբ այն մասին, որ «փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29․09․2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով»։
Հետևաբար Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ անվերապահ բեկանելով Դատարանի 29․09․2023 թվականի վճիռը, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.07.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ որպես նոր քննության ծավալ սահմանելով Դատարանի 29.09.2023 թվականի վճռի դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքում նշված հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: