ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0653/01/18 | ||||||
|
|
|||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 հունվարի 2025 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13108007 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Նախաքննության մարմնի` 2007 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի` 2007 թվականի մայիսի 28-ի որոշմամբ թիվ 13108007 քրեական գործով Արթուր Հոմերոսի Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործի վարույթը կարճվել է՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
1.1. 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն է ստացվել Դ.Սիմոնյանի դիմումն այն մասին, որ իրեն կրակել և մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանն իրենց տան՝ Երևան քաղաքի Թումանյան 11Ա շենքի առաջին հարկում գտնվող սենյակում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանը 2018 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացրել թիվ 13108007 քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ թիվ 13108007 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 28-ի որոշումը վերացվել է:
1.2. 2018 թվականի հուլիսի 4-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Հ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2018 թվականի օգոստոսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչել Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին գրավով կալանքից ազատելը՝ գրավի գումարի չափ սահմանելով 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամը:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 1-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է Հ.Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է, գրավի գումարը վերադարձվել է գրավատուին:
3. Դատախազ Ա.Առաքելյանի և ամբաստանյալ Հ.Սարգսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2022 թվականի մայիսի 3-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 1-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Նախագահող դատավոր Մ.Արղամանյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Սարգսյանի պաշտպան Ե.Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել են վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Սարգսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունիսի 12-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ բավարար և թույլատրելի ապացույցների առկայության պայմաններում սխալ են կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասն ու 235-րդ հոդվածի 1-ին մասը, ինչն էլ հանգեցրել է ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի անհիմն վերաորակմանը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացմանը:
5.1. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, ունենալով ապացույցների բավարար համակցություն, որոնք թույլ են տալիս հաղթահարել Հ.Սարգսյանի անմեղության կանխավարկածը, կայացրել է չհիմնավորված դատավճիռ, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծելով Դ.Սիմոնյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, փաստել է, որ տուժողը, ըստ էության, բոլոր ցուցմունքներում պնդել է, որ 2007 թվականի ապրիլի 1-ին կրակել և իրեն մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, նախքան կրակելը սպառնացել է սպանել, իսկ մեկ կրակոց արձակելուց հետո նրանից ատրճանակը վերցրել և այդ պահին նրա հետագա գործողությունները՝ ուղղված տուժողին կյանքից զրկելուն, կանխել է Արթուր Սիմոնյանը։
Բողոքաբերը, վերլուծելով նաև վկա Արթուր Ղևոնդյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, դատաքննության ընթացքում հետազոտված՝ վերջինիս նախաքննական ցուցմունքները, նշել է, որ նա որևէ առնչություն չի ունեցել Դավիթ Սիմոնյանին 2007 թվականի ապրիլի 1-ին պատճառված մարմնական վնասվածքի հետ և այդ ամենն ընդունել է սպառնալիքի ազդեցության տակ։
Բողոքաբերը, մատնանշելով տուժող Դավիթ Սիմոնյանի, վկաներ Լաուրա Առաքելյանի, Սամվել Ասլանյանի, Աշոտ Սիմոնյանի ցուցմունքները, դատաձգաբանական փորձաքննության թիվ 603 և դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 304/հձ եզրակացությունները, դատաքննության ընթացքում հետազոտված իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակը, որպես ապացույց ճանաչված Դ.Սիմոնյանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի դիմումը, փաստել է, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված բոլոր ապացույցները ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ, բացակայում են դրանք անթույլատրելի ճանաչելու հիմքերը։
5.2. Անդրադառնալով Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքի քրեաիրավական որակմանը, բողոքաբերը քրեադատավարական կարգավորումների և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում հետազոտված բավարար ապացույցների համակցությամբ հաստատվել է, որ նախքան կրակոց արձակելը Հ.Սարգսյանը սպառնացել է տուժողին սպանել, դրանից անմիջապես հետո հրազեն հանդիսացող ատրճանակով դիտավորությամբ կրակել է նրա որովայնի ուղղությամբ՝ վնասելով կենսականորեն կարևոր օրգանները, իսկ նրա հետագա գործողությունները կանխվել են Ա.Սիմոնյանի կողմից ատրճանակը վերցնելուց հետո։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ ամբաստանյալն առնվազն հանցանք կատարելուց առաջ և դրա պահին ունեցել է տուժողին սպանելու դիտավորություն։ Ինչ վերաբերում է դրանից հետո Հ.Սարգսյանի դրսևորած վարքագծին՝ հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն, տուժողին օգնություն ցույց տալուն, հիվանդանոց տեղափոխելուն, ապա ըստ բողոքաբերի՝ այն դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից և վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, և այդ գործողությունները չեն կարող ազդել Հ.Սարգսյանի արարքի քրեաիրավական որակման վրա։
Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետևություններին, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 304/հ/ձ եզրակացությունը չի համապատասխանում ապացույցի թույլատրելիության չափանիշներին, բողոքաբերը դրանք անհիմն է համարել՝ նշելով, որ դեռևս նախաքննության ընթացքում պաշտպանության կողմը հնարավորություն է ունեցել ամբողջությամբ իրացնելու իր իրավունքները, այդ թվում՝ պաշտպանության իրավունքը, սակայն չի օգտվել իր իրավունքներից:
Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները, իրավաչափորեն հաստատված համարելով Հ.Սարգսյանի կողմից տուժողին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, սխալ եզրահանգման են եկել արարքի որակման հարցում:
Ինչ վերաբերում է Դ.Սիմոնյանին սպանելու սպառնալիք հնչեցնելու հանգամանքն այլ աղբյուրներով հաստատված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներին, բողոքաբերը նշել է, որ թեև դեպքին ականատես միակ անձը՝ Ա.Սիմոնյանը մահացած է, սակայն հաշվի առնելով Դ.Սիմոնյանի առողջությանը փաստացի պատճառված վնասի ծանրության աստիճանը, տեղակայումը, վնասվածքը պատճառելու մոտավոր հեռավորությունը հավաստող փորձագիտական եզրակացությունները՝ իրավաչափ չէ սպանության ուղղակի դիտավորության բացակայության փաստը հիմնավորել նրանով, որ օբյեկիվորեն հնարավոր չէ սպանելու սպառնալիք հնչեցնելու հանգամանքը հաստատել դեպքին ականատես վկայի կողմից:
5.3. Անդրադառնալով Հ.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցանքի առկայության հարցին՝ բողոքաբերը փաստել է, որ այդ առումով ևս Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատվում է ապացույցների բավարար համակցությամբ, որի պայմաններում հիմնավոր չէ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ քրեական գործի քննության ընթացքում չի պարզվել գործով իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակի ձեռք բերման աղբյուրը, և որ դրանով պայմանավորված՝ նշված ատրճանակը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված, դրա վրա հիմնված այլ ապացույցները (ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության 2007 թվականի ապրիլի 12-ի թիվ 603 եզրակացությունը, «Առգրավում կատարելու մասին» 2018 թվականի օգոստոսի 8-ի արձանագրությունը, դատարանի որոշմամբ այլ փաստաթուղթ ապացույցներ ճանաչված՝ ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 1848-Ա հրամանի պատճենը և 2009 թվականի հուլիսի 14-ի թիվ 171 ելքի ապրանքագրի պատճենը) անթույլատրելի ապացույցներ են:
Բողոքաբերը փաստել է, որ գործի նյութերում առկա ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են հաստատված համարելու, որ Հ.Սարգսյանը Դ.Սիմոնյանին հրազենային վնասվածք է պատճառել իրեղեն ապացույց ճանաչված 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակով, ինչն իր հերթին դատաքննությամբ հետազոտված թույլատրելի այլ ապացույցների հետ համակցության մեջ հաստատում է Հ.Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարած լինելը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, Հ.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի կողմից Հայկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսպես.
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը քննությամբ չպարզված անձից և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պահել հրազեն հանդիսացող, 9 մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի, «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ:
Այսինքն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:
2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, ընկերների՝ Դավիթ Աշոտի Սիմոնյանի և Արթուր Գրիշայի Սիմոնյանի հետ, գտնվել է բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում տեղակայված, անվտանգության աշխատակիցների համար նախատեսված սենյակում, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց գործածելուց հետո քնել է բազմոցին՝ ձեռքում պահելով մինչև այդ մարտական վիճակի բերված վերը նշված ատրճանակը: Քիչ անց Դավիթ Սիմոնյանը, հետագա օգտագործման համար թմրամիջոցի չափաբաժին չհատկացնելու շուրջ, վիճաբանել է Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը միջամտելով և առավել վտանգի աղբյուր հանդիսացող հիշյալ ատրճանակը պահելով Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ, բարձրաձայնելով վերջինիս կյանքից զրկելու իր մտադրությունների մասին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա կենսականորեն կարևոր օրգանների՝ որովայնի ուղղությամբ, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ, որից անմիջապես հետո Արթուր Սիմոնյանը, Հայկ Սարգսյանի ձեռքից վերցրել է ատրճանակը, ինչի հետևանքով Հայկ Սարգսյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսինքն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:
Այսպիսով՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ»2:
Ստորադաս դատարանների դիրքորոշումները.
8. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 1-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցության հիման վրա, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ Հայկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չապացուցվեց: Այսպես՝
(...)
Մեղադրական եզրակացության ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննական մարմինը Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել հետևյալ ապացույցներով՝ տուժող Դավիթ Սիմոնյանի 30.07.2018թ., 04.07.2018թ. (այդ թվում՝ Հայկ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում 04.07.2018թ. տված), 05.07.2018թ., 18.07.2018թ. և 06.08.2018թ. ցուցմունքներով, վկա Արթուր Ղևոնդյանի՝ 08.07.2018թ., 09.07.2018թ., 10.07.2018թ., 23.07.2018թ. և Հայկ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում 18.07.2018թ. տված ցուցմունքներով, վկաներ Լաուրա Առաքելյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև վկա Սամվել Ասլանյանի 19.07.2018թ. և 06.08.2018թ. ցուցմունքներով, դատաձգաբանական փորձաքննության թիվ 603 և դատաբժշկական փորձաքննության թիվ 304/հձ եզրակացություններով, Աշոտ Գնդոյանից «SIG SAUER» տեսակի 7421361 համարի ատրճանակի առգրավում կատարելու մասին 08.08.2018թ. արձանագրությամբ, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված վերոնշյալ ատրճանակով:
Գնահատելով դատաքննությամբ հետազոտված տուժողի և վկաների վերոնշյալ ցուցմունքները՝ թույլատրելիության տեսանկյունից, դատարանը չի արձանագրում դատավարական պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել տվյալ ապացույցների օգտագործման անթույլատրելիությանը: Միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ նշված ապացույցները համապատասխանում են վերաբերելիության չափանիշին, այն է՝ իրենց բովանդակությամբ կարող են ծառայել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելուն:
Անդրադառնալով տուժող Դավիթ Սիմոնյանի ցուցմունքների արժանահավատությանը, վերլուծելով այն և համադրելով դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների հետ, դատարանն արձանագրում է, որ դրանց բովանդակությունը կազմող առանցքային, սույն գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկությունը՝ Հայկ Սարգսյանի կողմից հրազենային զենքից կրակելու հետևանքով տուժողի առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ, հաստատվում է գործում առկա այլ ապացույցներով: Մասնավորապես, նշված տեղեկությունը համապատասխանում է վկա Արթուր Ղևոնդյանի կողմից 2018 թվականին նախաքննության և դատաքննության ընթացքում հայտնած փաստական տվյալներին, ինչպես նաև վկաներ Լաուրա Առաքելյանի և Աշոտ Սիմոնյանի ցուցմունքներին: Բացի այդ, վերոգրյալը համահունչ է նաև վկա Սամվել Ասլանյանի 19.07.2018թ. և 06.08.2018թ. նախաքննական ցուցմունքներին, որոնցով վերջինս հայտնել է Հայկ Սարգսյանի կողմից Դավիթ Սիմոնյանի վրա կրակելու մասին՝ որպես տեղեկության աղբյուր նշելով Ալեքսանդր Սարգսյանին: Ընդ որում, դատարանում հարցաքննության ժամանակ նույն վկան պնդել է վերոգրյալը, թեև վկայակոչել է տեղեկության այլ աղբյուր՝ Աշոտ Սիմոնյանին:
Համադրելով մեղադրանքի հիմքում դրված Դավիթ Սիմոնյանի նախաքննական, ինչպես նաև դատաքննության ընթացքում տված ցուցմունքները վերջինիս 2007 թվականի ցուցմունքների հետ, դատարանն արձանագրում է, որ դրանք պարունակում են դեպքի էապես տարբեր նկարագրություն: Ընդ որում, տուժողի սկզբնական ցուցմունքներում նշված հանգամանքներն ամբողջությամբ հերքվել են իր իսկ կողմից՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և տրվել են Հայկ և Նարեկ Սարգսյանների սպառնալիքների ազդեցության տակ: Բացի այդ, տուժողի սկզբնական ցուցմունքները հակասում են նաև վերը թվարկված ապացույցներին: Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ տուժողի 2007 թվականի ցուցմունքներում նկարագրված դեպքի հանգամանքները համապատասխանում են վկա Արթուր Ղևոնդյանի 02.04.2007թ. և 17.04.2007թ. նույնաբովանդակ ցուցմունքներում պարունակվող տեղեկություններին, որպիսիք վկայի կողմից հետագայում նույնպես հերքվել են՝ որպես Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանների պահանջով հայտնած իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Այսպիսով, տուժող Դավիթ Սիմոնյանի և վկա Արթուր Ղևոնդյանի ցուցմունքների սկզբնական բովանդակությունը, որը նրանք չեն պնդել, վերջիններիս կողմից պատճառաբանվել է ամբաստանյալի և (կամ) նրա հարազատների գործադրած ազդեցությամբ, միաժամանակ հերքելով հետագայում այլ բովանդակությամբ ցուցմունքներ տալիս որևէ ազդեցության հանգամանքը: Դեպքից տևական ժամանակ անց Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալը Դավիթ Սիմոնյանի կողմից բացատրվել է նրանով, որ նա իր հետ լավ չի վարվել, խոստացել է ուղարկել երիկամի փոխպատվաստման, սակայն խոստումը չի կատարել, բացի այդ՝ երկրում իրավիճակ է փոխվել:
(…)
Գնահատելով Դավիթ Սիմոնյանի ցուցմունքներում պարունակվող վերոնշյալ հակասական տեղեկությունները, դատարանն արձանագրում է, որ տուժողի ցուցմունքներից բացի դատաքննությամբ հետազոտված որևէ այլ ապացույց չի պարունակում Հայկ Սարգսյանի կողմից տուժողի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ փաստական տվյալներ: Այսպիսով, քննարկվող տեղեկության միակ աղբյուրը Դավիթ Սիմոնյանն է, ով բազմիցս փոխելով իր ցուցմունքները, նույն հանգամանքի վերաբերյալ հայտնել է հակասական, այդ թվում՝ միմյանց հերքող փաստական տվյալներ: Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև տուժողի վկայակոչած՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունքներ տալու շարժառիթները, դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի կողմից իրեն սպանության սպառնալիք տալու հանգամանքի շուրջ Դավիթ Սիմոնյանի տված ցուցմունքների միջև առկա հակասությունները՝ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների բացակայության պայմաններում, առաջացնում են ողջամիտ կասկած այդ հանգամանքի ապացուցվածության վերաբերյալ, որը չի կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Ընդ որում, նշված հանգամանքը հաստատող նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են:
(…)
Գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակը, դատարանը գտնում է, որ այն չի կարող օգտագործվել որպես ապացույց՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Ըստ գործի նյութերի՝ 2007 թվականի ապրիլի 01-ին նշված ատրճանակը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին Արթուր Ղևոնդյանի կողմից, որի առթիվ նույն օրը կազմվել է առարկա ներկայացնելու մասին արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ նշված օրը՝ ժամը 21:00-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Արթուր Ղևոնդյանը ներկայացրել է 24 մարտի 2007թ. N 77 թողարկման «Չորրորդ իշխանություն» թերթի մեջ փաթաթված «P226» մոդելի բռնակի վրա «SIG SAUER» դաջվածքով 7421361 համարի ատրճանակ, որի փամփշտակալում առկա է եղել 6 (վեց) հատ փամփուշտ: Արձանագրությունում արտացոլված է Արթուր Ղևոնդյանի հայտարարությունն այն մասին, որ իր կողմից ներկայացված զենքն ինքը և իր ընկեր Դավիթը նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, գտել են Թումանյան 11ա շենքի բակում գտնվող մանկապարտեզի բակից՝ թերթի մեջ փաթաթված վիճակում, որը կրակել ու վնասել է Դավիթին:
Տվյալ հանգամանքների շուրջ նույն օրը Արթուր Ղևոնդյանը տվել է բացատրություն (հետագայում նաև ցուցմունքներ՝ վկայի կարգավիճակում) և մասնակցել դեպքի վայրի զննությանը, որի ընթացքում մատնացույց է արել ատրճանակը գտնելու, ինչպես նաև կրակոցի տեղի ունենալու վայրերը:
Մինչդեռ, հետագայում Արթուր Ղևոնդյանը հերքել է իր կողմից նկարագրված վերոնշյալ հանդամանքները, պնդելով, որ ատրճանակն իրեն տվել են ոստիկանները, որպեսզի այն ներկայացնի վարույթն իրականացնող մարմին, սակայն չի հիշում, այն տվել է, թե ոչ:
2007 թվականին կազմված գործի նյութերում արտացոլված վերոնշյալ հանգամանքները (այդ թվում՝ ատրճանակն Արթուր Ղևոնդյանի կողմից Թումանյան 11ա շենքի մոտ գտնվող մանկապարտեզի բակում գտնելը) վերջինիս ցուցմունքներից բացի հերքվում են նաև դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով:
Միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործի քննության ընթացքում չի պարզվել 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակի ձեռք բերման աղբյուրը: Մասնավորապես հայտնի չէ, թե 2007 թվականին այն ինչպես է հայտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ՝ նկատի ունենալով, որ գործում առկա ապացույցների հիման վրա հնարավոր չէ պարզել, թե արդյոք տվյալ ատրճանակը որևէ անձի կողմից հանձնվել է Արթուր Ղևոնդյանին, եթե այո, ապա՝ ում կողմից, երբ, որտեղ և ինչ հանգամանքներում:
Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ հետազոտված ատրճանակի ձեռքբերման աղբյուրն անհայտ է, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ուժով հանգեցնում է այն որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությանը:
Հաշվի առնելով, որ «թունավոր ծառի պտղի» կանոնի համաձայն՝ անթույլատրելի նյութը որպես ապացույց օգտագործելու արգելքը վերաբերում է նաև դրանից բխող ապացույցներին, դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը հիմք է հանդիսանում հաստատելու նաև գործում առկա՝ հիշյալ ատրճանակի հետ փոխկապակցված, դրա վրա հիմնված այլ ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների կողմից 12.04.2007թ. տրված դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 603 եզրակացությունը (որի շրջանակներում նշված ատրճանակը հանդիսացել է հետազոտման առարկա), ինչպես նաև «Առգրավում կատարելու մասին» 08.08.2018թ. արձանագրությունը (որի համաձայն` այդ ատրճանակն առգրավվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ Աշոտ Կնյազի Գնդոյանից), դատարանի որոշմամբ այլ փաստաթուղթ ապացույցներ ճանաչված՝ ՀՀ ոստիկանության պետի 13.07.2009թ. թիվ 1848-Ա հրամանի պատճենը (որի համաձայն՝ Աշոտ Կնյազի Գնդոյանը պարգևատրվել է այդ ատրճանակով) և 14.07.2009թ. թիվ 171 ելքի ապրանքագրի պատճենը (որի համաձայն՝ վերջինս ստացել է այն), նույնպես չեն կարող օգտագործվել որպես ապացույցներ:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակը, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների կողմից 12.04.2007թ. տրված դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 603 եզրակացությունը, «Առգրավում կատարելու մասին» 08.08.2018թ. արձանագրությունը, ՀՀ ոստիկանության պետի 13.07.2009թ. թիվ 1848-Ա հրամանի պատճենը և 14.07.2009թ. թիվ 171 ելքի ապրանքագրի պատճենը պետք է հանել սույն գործում առկա ապացույցների կազմից՝ թույլատրելիության չափանիշին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:
Գնահատելով գործում առկա ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձագետի կողմից 10.04.2007թ. տրված դատաբժշկական փորձաքննության թիվ 376/հ, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների կողմից 28.04.2007թ. տրված դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 604 և 24.05.2007թ. տրված դատաձգաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 876 եզրակացությունները, դատարանն արձանագրում է, որ դրանք համապատասխանում են ապացույցի թույլատրելիության և վերաբերելիության չափանիշներին: Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ առկա չեն հիմքեր կասկածի տակ դնելու նշված ապացույցների արժանահավատությունը:
(…)
Ամփոփելով վերոշարադրյալը, դատարանը փաստում է, որ դատաքննությամբ հետազոտված՝ թույլատրելիության և վերաբերելիության չափանիշներին համապատասխանող, դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատված ապացույցներն իրենց համակցության մեջ հաստատում են Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպմամբ ընդգրկված այն հանգամանքները, որ վերջինս 2007 թվականի ապրիլի 01-ին իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 14 բնակարանի նկուղային հարկում տեղակայված սենյակում կրակել է հրազենային զենքից, որի հետևանքով Դավիթ Սիմոնյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով՝ աջ երիկամի հեռացումով, ուղեկցված հետորովայնամզային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ:
(…)
Միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությունը բավարար չէ նույն չափանիշին համապատասխան ապացուցված համարելու այն, որ կրակոց արձակելուց առաջ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու իր մտադրությունների մասին: Բացի այդ, դատաքննությամբ չի ապացուցվել նաև ամբաստանյալի կողմից տուժողի որովայնի ուղղությամբ կրակելու փաստը, հաշվի առնելով, որ գործում առկա ապացույցներով (մասնավորապես` դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 604 և դատաձգաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 876 եզրակացություներով) հիմնավորվում է, որ կրակող զենքի փողաբերանի դիմային կտրվածքն ուղղված է եղել տուժողի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին: Ապացուցված չէ նաև այն փաստը, որ Հայկ Սարգսյանը կրակոցն արձակել է 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակից, որը հանվել է ապացույցների կազմից՝ դրա վրա հիմնված այլ ապացույցների հետ մեկտեղ, որպիսի պայմաններում առկա չէ նշված հանգամանքը հաստատող որևէ ապացույց:
Անդրադառնալով Հայկ Սարգսյանին մեղսագրված՝ դատաքննությամբ ապացուցված գործողությունների որակմանը, դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի կատարած արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին: Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդման մարմնի կողմից այդ արարքին տրված իրավական գնահատականը չի բխում գործում առկա ապացույցներից և չի համապատասխանում դատաքննությամբ ապացուցված փաստական հանգամանքներին:
(…) Այսպես, վկաներ Արթուր Ղևոնդյանի և Աշոտ Սիմոնյանի ցուցմունքները տեղեկություններ են պարունակում Հայկ Սարգսյանի կողմից Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ պատահաբար կրակելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ վկա Արթուր Ղևոնդյանի ցուցմունքի՝ վերջինս դեպքից հետո տուժողից տեղեկացել է, որ տեղի ունեցածը պատահական է եղել, նույնը լսել է նաև դեպքի ականատես Արթուր Սիմոնյանից, ով հայտնել է, որ Հայկ Սարգսյանը պատահական է կրակել, որովհետև զենքի ապահովիչը քաշած է պահել: Ուշագրավ է նաև, որ տուժողի հայրը՝ վկա Աշոտ Սիմոնյանն իր ցուցմունքում որդու հայտնած տեղեկությունների վկայակոչմամբ նույնպես նշել է կրակոցի պատահական լինելու մասին: Բացի այդ, Աշոտ Սիմոնյանի ցուցմունքում նշվել է նաև նույն տեղեկությունն այլ աղբյուրից, այդ թվում՝ վկա Սամվել Ասլանյանից ստանալու մասին: Վկաներ Արթուր Ղևոնդյանը և Սամվել Ասլանյանն իրենց ցուցմունքներում նաև նշել են, որ Հայկ Սարգսյանի և Դավիթ Սիմոնյանի հարաբերությունները շատ լավ են եղել, այդ թվում՝ դեպքից հետո, նրանց միջև որևէ լարվածություն չի եղել, շարունակել են ընկերական շփումը, ինչը տուժողը չի հերքել:
Ի թիվս այլնի դատարանը հաշվի է առնում նաև դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված հետևյալ հանգամանքները՝ դեպքից առաջ Հայկ Սարգսյանի և Դավիթ Սիմոնյանի միջև առկա մտերիմ ընկերական հարաբերությունները, դեպքի օրը նրանց միջև որևէ վեճի, ինչպես նաև ամբաստանյալի մոտ տուժողին կյանքից զրկելու առերևույթ շարժառիթի բացակայությունը (ամեն դեպքում դատաքննությամբ այդպիսին չի պարզվել), դեպքից անմիջապես հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը (տուժողին օգնություն ցույց տալը, նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխելը, բուժման հետ կապված հարցերը կազմակերպելը և ծախսերը հոգալը), դեպքից հետո վերջիններիս փոխհարաբերությունների բնույթը (ընկերական շփումը շարունակելը, տուժողին աշխատանքի ընդունման հարցում աջակցելը):
Դատարանն արձանագրում է, որ վկաների ցուցմունքներում պարունակվող նշված տեղեկությունները և վերը թվարկված հանգամանքներն իրենց համակցության մեջ առաջացնում են ողջամիտ կասկածներ՝ ամբաստանյալի մոտ տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության առկայության հարցի շուրջ:
Նշված կասկածների համատեքստում ուշադրությանն արժանի է այն, որ դատարանում հարցաքննվելիս տուժողը՝ Արթուր Սիմոնյանի հայտնած տվյալների վկայակոչմամբ նշելով, որ կրակելուց հետո վերջինս Հայկ Սարգսյանից վերցրել է զենքը, չի պնդել, որ ամբաստանյալը փորձել է կատարել հաջորդ կրակոցը:
(...)
Այսպիսով, նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս կասկածի տակ դնելու ամբաստանյալին մեղսագրված արարքում սպանության փորձի հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մասնավորապես դրա պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ ուղղակի դիտավորության ձևով մեղքի առկայությունը, որպիսի կասկածը չի կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
(...)
Այսպիսով, դատաքննության արդյունքում չփարատված է մնում կասկածն առ այն, թե մեղքի որ ձևով է կատարվել քննարկվող արարքը՝ նկատի ունենալով, որ գործում առկա ապացույցները բավարար չեն այդ հանգամանքն անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ բացահայտելու համար, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են: Հետևաբար, անմեղության կանխավարկածի սկզբունքից ելնելով, տվյալ պայմաններում Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հոգուտ ամբաստանյալի:
ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Այդ արարքը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է անզգուշությամբ, որը կարող է դրսևորվել ինչպես ինքնավստահության, այնպես էլ անփութության ձևով։
Վերը շարադրվածի հիման վրա, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ վերջինիս, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ դատարանն ապացուցված է համարում, որ Հայկ Սարգսյանը հրազենային զենքից կրակելու հետևանքով Դավիթ Սիմոնյանի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որպիսի արարքը կատարել է անզգուշությամբ: (…) Հետևաբար, դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ, այսինքն՝ նախատեսել է իր գործողությունների՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ Հայկ Սարգսյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքին տրվել է սխալ իրավական գնահատական, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, ուստի այն պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով:
(...)
Անդրադառնալով Հայկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, դատարանն արձանագրում է հետևյալը.
(…)
Ըստ Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման՝ վերջինս «քննությամբ չպարզված անձից և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պահել հրազեն հանդիսացող, 9 մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի, «SIGSAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ»:
Վերը նշված պատճառաբանությամբ դատարանը հաստատել է դատաքննությամբ հետազոտված 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակի և դրա վրա հիմնված մի շարք այլ ապացույցների, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների կողմից 12.04.2007թ. տրված դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 603 եզրակացության, «Առգրավում կատարելու մասին» 08.08.2018թ. արձանագրության, ՀՀ ոստիկանության պետի 13.07.2009թ. թիվ 1848-Ա հրամանի պատճենի և 14.07.2009թ. թիվ 171 ելքի ապրանքագրի պատճենի, որպես ապացույցներ օգտագործելու անթույլատրելիությունը, ինչի արդյունքում դրանք հանվել են սույն գործում առկա ապացույցների կազմից:
Այսպիսով, տվյալ պարագայում գործում բացակայում է որևէ ապացույց՝ Հայկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված փաստերը պարզելու համար:
Ընդ որում, հարկ է նշել, որ անգամ նշված նյութերի՝ թույլատրելի ապացույցներ լինելու դեպքում, դրանց և գործում առկա այլ ապացույցների համակցության հիման վրա ևս հնարավոր չէր լինի հիմնավորված համարել համապատասխան մեղադրանքը:
Այսպես, մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե ինչ հանգամանքներում են ձեռք բերվել և կոնկրետ որտեղ են պահվել նշված առարկաները: Եթե անգամ հաստատված լիներ, որ Հայկ Սարգսյանը մեղադրական եզրակացությունում նկարագրված հանգամանքներում կրակել է 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակից, ապա միևնույն է, դա չէր կարող բավարար լինել այն ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքն ապացուցված համարելու համար: Ըստ գործում առկա փաստական տվյալների, դեպքը տեղի է ունեցել Հայկ Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում գտնվող՝ անվտանգության աշխատակիցների համար նախատեսված սենյակում, նույն հասցեում բնակվել են նաև ամբաստանյալի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանները: Վերոգրյալից բխում է, որ հիշյալ սենյակը կարող էր օգտագործվել նաև այլ անձանց՝ Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամների, անվտանգության աշխատակիցների կողմից: Հետևաբար, այդ սենյակում ատրճանակի գտնվելու փաստն ինքնին չի կարող հանգեցնել հետևության, որ այն ձեռք է բերվել և պահվել այնտեղ հենց Հայկ Սարգսյանի կողմից:
Գործում առկա ապացույցներից ամբաստանյալի մոտ զենքի առկայության մասին փաստական տվյալներ պարունակում է վկա Արթուր Ղևոնդյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքը: Մասնավորապես վկան հայտնել է, որ դեպքից առաջ մի երկու անգամ Հայկ Սարգսյանի ձեռքին տեսել է զենք, սակայն չի կարող ասել, թե այն զենքը, որն իրեն ներկայացրել են ոստիկանությունում, նրա զենքն է, թե ոչ: Հաշվի առնելով, որ Արթուր Ղևոնդյանի ցուցմունքը չի պարունակում իր վկայակոչած զենքի որևէ նկարագրություն, ապա դրա հիման վրա այն ոչ միայն հնարավոր չէր լինի նույնացնել 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակի հետ, այլև առհասարակ պարզել, թե վկայի տեսած առարկան արդյոք համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առարկայի հատկանիշներին:
Դատաքննության արդյունքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հնարավոր չի եղել պարզել դատարանում հետազոտված ատրճանակի՝ 2007 թվականին վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքները, որի հետևանքով այդ առարկան զրկվել է ապացուցողական նշանակությունից՝ որպես անհայտ աղբյուրից ձեռք բերված: Հայտնի չէ նաև, թե մինչ այդ վերոնշյալ ատրճանակն ում տրամադրության տակ է գտնվել, ում կողմից և ինչ հանգամանքներում է ձեռք բերվել և որտեղ է պահվել:
Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ մեղադրական եզրակացությունում նշված առարկաները (…) Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստը հաստատող թույլատրելի ապացույցների բացակայության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել, որ վերջինս կատարել է իրեն մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը: (...)»3։
9. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մայիսի 3-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ հետևության է եկել նաև ամբաստանյալ Հայկ Սարգսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով անմեղության վերաբերյալ:
(…)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությունը բավարար չէ նույն չափանիշին համապատասխան ապացուցված համարելու այն, որ կրակոց արձակելուց առաջ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու իր մտադրությունների մասին:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ դատաքննությամբ չի ապացուցվել նաև ամբաստանյալի կողմից տուժողի որովայնի ուղղությամբ կրակելու փաստը, հաշվի առնելով, որ գործում առկա ապացույցներով (մասնավորապես՝ դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 604 և դատաձգաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 876 եզրակացություններով) հիմնավորվում է, որ կրակող զենքի փողաբերանի դիմային կտրվածքն ուղղված է եղել տուժողի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին:
Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ապացուցված չէ նաև այն փաստը, որ Հայկ Սարգսյանը կրակոցն արձակել է 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակից, որը հանվել է ապացույցների կազմից՝ դրա վրա հիմնված այլ ապացույցների հետ մեկտեղ, որպիսի պայմաններում առկա չէ նշված հանգամանքը հաստատող որևէ ապացույց:
(…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ Հայկ Սարգսյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքին տրվել է սխալ իրավական գնահատական, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, ուստի այն պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով, որպիսի դիրքորոշումն ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով քրեական գործով ձեռք բերված հետազոտված ապացույցները, համադրելով դրանք միմյանց հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եկել է ճիշտ եզրահանգման, որ տվյալ պարագայում գործում բացակայում է որևէ ապացույց՝ Հայկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված փաստերը պարզելու համար:
Արդյունքում, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով պետք է ճանաչել և հռչակել հանցանքի կատարման մեջ Հայկ Սարգսյանի անմեղությունը՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, որպիսի դիրքորոշումը ևս ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար (…)»4։
9.1. Դատավոր Մ.Արղամանյանը հատուկ կարծիքում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ հիմնավորվել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի մեղքը նրան մեղսագրվող արարքներում, ուստի վերջինը պետք է մեղավոր ճանաչվեր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու ազատվեր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք Հ.Սարգսյանի արարքում սպանության փորձի բացակայության և անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է]»։
ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
12. Վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանցափորձի և դրա հատկանիշների իրավական վերլուծությանը6: Այսպես, քննարկելով սպանության փորձի հատկանիշները` Գրիգոր Մանուկյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ։ Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանքները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևաբար վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին։
(...) Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին։
[Ե]թե գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկելուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գործիքները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս։ Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը։
Միևնույն ժամանակ (...) բոլոր այն դեպքերում, երբ հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագիծը բնութագրող հանգամանքների համակցությունը վկայում է սպանության ուղղակի դիտավորության բացակայության և, համապատասխանաբար, անուղղակի կամ չկոնկրետացված դիտավորության առկայության մասին (օրինակ` տուժողին ձեռքերով հարվածներ հասցնելը, դրանց ուժգնությունը և տեղակայումը կամ նույնիսկ զենքով կրակելը, սակայն կենսական ոչ կարևոր օրգանների շրջանում և այլն), ապա համապատասխան հանրորեն վտանգավոր հետևանքը` մահը, չառաջանալու դեպքում արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ և պետք է որակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի»7:
13. Այսպիսով, անձին մեղսագրվող արարքը սպանության փորձ որակելու համար քրեական գործում առկա ապացույցներով հաստատվող փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում պետք է հիմնավորվի տուժողին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված դիտավորության առկայությունը։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմնի կողմից Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակով Դ.Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով8:
- Գնահատելով գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությունը գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նշված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու Հ.Սարգսյանի կողմից հրազենային զենքից կրակելու հետևանքով տուժողի առողջությանը վնաս պատճառելու հանգամանքը: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությունը բավարար չէ նույն չափանիշին համապատասխան ապացուցված համարելու այն, որ Հ.Սարգսյանը Դ.Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել: Դատարանը քրեական գործում առկա ապացույցներով հաստատված չի համարել Հ.Սարգսյանի կողմից կրակոց արձակելուց առաջ տուժողին սպանելու սպառնալիք հնչեցնելը: Մասնավորապես, գնահատելով Դ.Սիմոնյանի ցուցմունքներում առկա հակասական տեղեկությունները՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ տուժողի ցուցմունքներից բացի դատաքննությամբ հետազոտված որևէ այլ ապացույց չի պարունակում Հ.Սարգսյանի կողմից տուժողի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ փաստական տվյալներ:
Բացի այդ, դատարանը վկայակոչել է վկաներ Ա.Ղևոնդյանի և Ա.Սիմոնյանի ցուցմունքները Հ.Սարգսյանի կողմից Դ.Սիմոնյանի ուղղությամբ պատահաբար կրակելու վերաբերյալ, վկաներ Ա.Ղևոնդյանի և Ս.Ասլանյանի ցուցմունքներն այն մասին, որ Հ.Սարգսյանի և Դ.Սիմոնյանի հարաբերությունները շատ լավ են եղել, այդ թվում՝ դեպքից հետո, նրանց միջև որևէ լարվածություն չի եղել, շարունակել են ընկերական շփումը, ինչը տուժողը չի հերքել:
Ի թիվս այլնի՝ Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով նաև հաստատված է համարել ամբաստանյալի մոտ տուժողին կյանքից զրկելու առերևույթ շարժառիթի բացակայության հանգամանքը, հաշվի է առել դեպքից անմիջապես հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը (տուժողին օգնություն ցույց տալը, նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխելը, բուժման հետ կապված հարցերը կազմակերպելը և ծախսերը հոգալը), դեպքից հետո վերջիններիս փոխհարաբերություների բնույթը (ընկերական շփումը շարունակելը, տուժողին աշխատանքի ընդունման հարցում աջակցելը): Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ դատարանում հարցաքննվելիս տուժողը, Արթուր Սիմոնյանի հայտնած տվյալների վկայակոչմամբ, նշել է, որ կրակելուց հետո վերջինս Հ.Սարգսյանից վերցրել է զենքը, սակայն չի պնդել, որ ամբաստանյալը փորձել է կատարել հաջորդ կրակոցը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս կասկածի տակ դնելու ամբաստանյալին մեղսագրված արարքում սպանության փորձի հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մասնավորապես դրա պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ ուղղակի դիտավորության ձևով մեղքի առկայությունը, որպիսի կասկածը չի կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ուստի պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի:
Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով9:
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, հանգել է ճիշտ եզրահանգման, որ Հ.Սարգսյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքին տրվել է սխալ իրավական գնահատական, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, որպիսի դիրքորոշումն ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար10։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները՝ տուժող Դավիթ Սիմոնյանի, վկաներ Արթուր Ղևոնդյանի, Լաուրա Առաքելյանի, Աշոտ Սիմոնյանի, Սամվել Ասլանյանի ցուցմունքները, փորձաքննության եզրակացությունները և Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իր ներքին համոզմամբ, չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի մեկնաբանելով՝ հանգել է ճիշտ հետևության առ այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր չափանիշով չի հաստատվում, որ Հ.Սարգսյանը գործել է տուժողին սպանելու ուղղակի դիտավորությամբ: Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալի կողմից իր հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու հանգամանքի շուրջ Դ.Սիմոնյանի հակասական, այդ թվում՝ իրարամերժ ցուցմունքներում հայտնած տեղեկությունները՝ այլ աղբյուրներից ստացված տվյալների բացակայության պայմաններում, առաջացնում են ողջամիտ կասկած այդ հանգամանքի ապացուցվածության վերաբերյալ, որը չի կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
16. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Սարգսյանի արարքում սպանության փորձի բացակայության և անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակի՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքներն ու աղբյուրը պարզված չլինելու հիմնավորմամբ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
18. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկա են հրազենը (բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից), ռազմամթերքը, ակոսափող հրազենի փամփուշտները, պայթուցիկ նյութերը, պայթուցիկ սարքերը: Հանցակազմը ձևական է, դրա օբյեկտիվ կողմը դրսևորվում է ապօրինի կերպով նշված առարկաները ձեռք բերելով, իրացնելով, պահելով, փոխադրելով կամ կրելով և նկարագրված է երկընտրելի գործողություններից թեկուզ մեկի կատարումը բավական է արարքն ավարտված հանցագործություն համարելու համար՝ անկախ հետևանքներից:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ վերոնշյալ գործողությունները կատարվեն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, Հ.Սարգսյանին 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացնելով, գտել է, որ քրեական գործի քննության ընթացքում չի պարզվել 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակի ձեռք բերման աղբյուրը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ՝ հայտնի չէ, թե 2007 թվականին այն ինչպես է հայտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ՝ նկատի ունենալով, որ գործում առկա ապացույցների հիման վրա հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք տվյալ ատրճանակը որևէ անձի կողմից է հանձնվել Ա.Ղևոնդյանին, եթե այո, ապա՝ ու՞մ կողմից, ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում: Արդյունքում փաստելով, որ դատաքննությամբ հետազոտված ատրճանակի ձեռքբերման աղբյուրն անհայտ է, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ուժով այն չի կարող որպես ապացույց օգտագործվել: «Թունավոր ծառի պտղի» կանոնի կիրառմամբ՝ դատարանը հանգել է հետևության, որ անթույլատրելի ապացույցներ են նաև գործում առկա՝ հիշյալ ատրճանակի հետ փոխկապակցված, դրա վրա հիմնված այլ ապացույցները, այն է՝ դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության 2007 թվականի ապրիլի 12-ի թիվ 603 եզրակացությունը, «Առգրավում կատարելու մասին» 2018 թվականի օգոստոսի 8-ի արձանագրությունը, դատարանի որոշմամբ այլ փաստաթուղթ ապացույցներ ճանաչված՝ ՀՀ ոստիկանության պետի՝ 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 1848-Ա հրամանի պատճենը և 14.07.2009 թվականի հուլիսի 14-ի թիվ 171 ելքի ապրանքագրի պատճենը11։
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով քրեական գործով ձեռք բերված հետազոտված ապացույցները, համադրելով դրանք միմյանց հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եկել է ճիշտ եզրահանգման, որ տվյալ պարագայում գործում բացակայում է որևէ ապացույց՝ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված փաստերը պարզելու համար12:
20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակի՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքներն ու աղբյուրը պարզված չլինելու հիմնավորմամբ ճանաչելով և հռչակելով Հ.Սարգսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, ստորադաս դատարաններն անտեսել են հետևյալ հանգամանքները.
- «Առարկա ներկայացնելու մասին» 2007 թվականի ապրիլի 1-ի արձանագրության համաձայն՝ «P226» մոդելի բռնակի վրա «SIG SAUER» դաջվածքով 7421361 համարի ատրճանակը նախաքննության մարմնին է ներկայացրել Ա.Ղևոնդյանը, նշելով, որ դրանով է մարմնական վնասվածք պատճառել տուժողին13,
- Ա.Ղևոնդյանը ցուցմունք է տվել, որ դեպքից առաջ մոտ երկու անգամ Հայկ Սարգսյանի ձեռքին տեսել է զենք14,
- նախաքննության ընթացքում Դ.Սիմոնյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը, երբ Հ.Սարգսյանը քնած է եղել բնակարանի նկուղային հարկում, ատրճանակը՝ մարտական վիճակի բերված, եղել է նրա ձեռքում15, ինչպես նաև Հ․Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի օրը, տեսախցիկով տեսնելով, թե ինչպես է ինչ-որ մարդ բարձրանում տուն, Հայկն իր մոտ առկա ատրճանակը մարտի վիճակի է բերել, դուրս են եկել, ներս եկել, և հետո Հայկը քնել է, և զարթնելով, նույն ատրճանակով կրակել իր վրա16,
- դատաքննության ընթացքում Դ․Սիմոնյանը ցուցմունք է տվել, որ զենքը գտնվել է Հ․Սարգսյանի դիմաց գտնվող սեղանին՝ հավելելով, որ պնդում է Հ․Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ հայտնած տեղեկությունը17,
- ըստ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբանական ու դատաքիմիական համալիր փորձաքննության 2007 թվականի ապրիլի 28-ի թիվ 604 եզրակացության՝ Դավիթ Սիմոնյանի երկարաթև սվիտերի և անթև շապիկի վրա առկա վնասվածքները հավանաբար պատճառվել են 9մմ տրամաչափի գնդակով18, ինչը համապատասխանում է գործով իրեղեն ապացույց ճանաչված «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակի տրամաչափին:
21. Վերոհիշյալ փաստական տվյալների գնահատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն առ այն, որ քրեական գործի քննության ընթացքում չեն պարզվել գործով իրեղեն ապացույց ճանաչված 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքներն ու աղբյուրը: Հետևաբար, իրեղեն ապացույց ատրճանակը և դրա հետ փոխկապակցված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումը հիմնավոր չէ:
22. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակի՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքներն ու աղբյուրը պարզված չլինելու հիմնավորմամբ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:
23. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա վերը վկայակոչված ապացույցները և դրանցով հաստատվող փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար են հաստատված համարելու, որ Հ.Սարգսյանը հրազենային վնասվածք է պատճառել Դ.Սիմոնյանին ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող իրեղեն ապացույց ճանաչված 9մմ տրամաչափի 7421361 ինքնաշեն դրոշմված համարներով «SIG SAUER» տեսակի «P 226» մոդելի ատրճանակով:
24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չհամարելով ամբաստանյալ Հ.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար, գտնելով, որ առկա չէ ապացույցների բավարար ամբողջություն, որով կհաստատվեր Հ.Սարգսյանի կողմից մեղադրանքի ձևակերպմամբ նկարագրված գործողությունները կատարելու փաստը, և արարքում հանցակազմի բացակայության հիմքով ճանաչելով և հռչակելով Հայկ Սարգսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետ, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա վերոնշյալ ապացույցները՝ արդյունքում հանգելով սխալ եզրահանգման:
25. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով, ստորադաս դատարանները իրավունքի խախտում թույլ չեն տվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչելով և հռչակելով Հ.Սարգսյանի անմեղությունը՝ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։
26. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...):
5. «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից
(…)։
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
27. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Սարգսյաին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2007 թվականի ապրիլի 1-ին19։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կայացվել է 2021 թվականի հունիսի 1-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մայիսի 3-ին20: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ21:
29. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 25-26-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2012 թվականի ապրիլի 1-ին, իսկ այդ պահի դրությամբ նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացված չի եղել:
Հետևաբար, Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունիսի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը բեկանել և Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 175-176:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 79-99։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 1-56։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 57-66։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Արարատ Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10, Կարեն Հովհաննիսյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17 և 17.1-րդ կետերը։
8 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
9 Տես, սույն որոշման 8-րդկետը:
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 39-41։
14 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 84։
15 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 25։
16 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 121։
17 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 81-83։
18 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 209-212։
19 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
20 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: