ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ս. Գզոգյան |
ԵԴ/0535/13/22 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,նախագահող դատավոր` Գ. Հովհաննիսյան |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
22 հունվարի 2025 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի պաշտպան Է.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, Անդրանիկ Կարապետի Դարբինյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 189-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:
2022 թվականի հուլիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Դարբինյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով հաստատված հանցանքը և իր նկատմամբ նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) համապատասխանեցնելու վերաբերյալ:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ա.Դարբինյանի կատարած արարքը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
3. Դատախազ Հ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը՝ բեկանել՝ մերժելով հանցանքը և պատիժը համապատասխանեցնելու վերաբերյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Դարբինյանի պաշտպան Է.Թովմասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության վատթարացրել է դատապարտյալ Ա.Դարբինյանի վիճակը` վերջինիս զրկելով իր նկատմամբ պատիժը մեղմացնող օրենսդրությունն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունից:
5.1. Ըստ բողոք բերած անձի՝ Ա.Դարբինյանի վերաբերյալ դատավճիռը կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, և նրա նկատմամբ նշանակված պատիժը չի կարող գերազանցել իրեն մեղսագրված արարքի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, ուստի դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից։
Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կիրառմամբ, դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է պատիժ նշանակվեր ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով Ա.Դարբինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003, ՀՕ-528-Ն) (այսուհետ նաև՝ Նախկին քրեական օրենսգիրք) 189-րդ հոդվածի 3-րդ մասով ու դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։
Դատավճիռ կայացնելու պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:
Մասնավորապես, Ա.Դարբինյանը դատապարտվել է կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու համար, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ 2021 թվականի մայիսի 5-ին ընունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթուղթ տրամադրելու կամ ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու համար, ուստի Ա.Դարբինյանի Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանցանքը ներառվում է ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը համընկնում է Նոր քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին։
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման մեջ հաստատված հանգամանքները և հաշվի առնելով այն, որ Ա.Դարբինյանի վերաբերյալ դատավճիռը կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ և Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը չի կարող գերազանցել իրեն մեղսագրված արարքի սանկցիայիով նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը՝ Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժը ավելի խիստ է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից:
Այսպես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով Ա.Դարբինյանի նկատմամբ սույն հոդվածով նշանակվել է 4 տարի ժամկետով ազատազրկում։ Ուստի, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 4 ամիս ժամկետով:
Պատժի սկիզբ հաշվելով 2021 թվականի հունիսի 12-ից (...)»1։
8. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտի առկայության պայմաններում քրեական օրենսդրությանը կարող է տրվել հետադարձ ուժ՝ հետևյալ դեպքերում՝
- ուժի մեջ մտած օրենսդրությամբ լրիվ կամ մասնակիորեն վերացվել է արարքի հանցավորությունը,
- նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից,
- նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից,
- հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվել է ուժի մեջ մտած օրենսդրությամբ, եթե օրենքով նախատեսվել է, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող համապատասխան իրավանորմին տրվում է հետադարձ ուժ։
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կատարված հանցանքը և դրա համար նշանակված պատիժը 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է սույն որոշման նախորդ կետում մատնանշված պայմաններից առնվազն մեկի առկայությունը։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն որոշման 5.3-րդ կետում նշված հանգամանքների բացակայության պայմաններում որոշում է կայացրել դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի կատարած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանեցնելու մասին, ինչպես նաև վերը նշված արարքի համար նշանակված պատիժը փոփոխելու (նվազեցնելու) մասին, այն պայմաններում, երբ և նոր քրեական օրենսգրքում և այն գործողության մեջ դնելու մասին օրենքում սահմանված է պատիժը համապատասխանեցնելու (պատիժը նվազեցնելու) հիմնական պայմանը, այն է՝ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից (ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի), կամ երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից (ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի 6-րդ հոդված):
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ արագացված դատական քննության արդյունքում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարի ժամկետով ազատազրկումը գտնվում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում (պատիժ է նախատեսում երկուսից հինգ տարի ժամկետով): Այդպիսով Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այն է՝ ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, ինչի արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է բեկանել՝ մերժելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի միջնորդությունը՝ վերջինիս կատարած հանցանքը և դրա համար նշանակված պատիժը 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ (...)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։ Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։ Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (...)»:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, որոնք կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները»:
10. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեպքում քրեական օրենքը հետադարձությամբ կիրառելու առանձնահատկություններին, Մելիք Մեսրոպյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային բաղադրատարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության ոտնահարման և ուղղակիորեն ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։ Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ու վերջնական լինելու, դրանց համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև դատարանների հեղինակությունը և վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Հետևաբար, իրավական որոշակիության սկզբունքից շեղումը կարող է արդարացված համարվել միայն օրենքով հստակ սահմանված, պարտադիր հանդիսացող էական և անհաղթահարելի հանգամանքների դեպքում։
(...)
(...) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընդունված նոր օրենքը կարող է Սահմանադրական դատարանի` վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-1348 որոշման իմաստով դիտարկվել այդ դատական ակտը բացառիկ վերանայման ենթարկելու նոր հանգամանք, եթե օրենսդրական փոփոխության արդյունքում լրիվ կամ մասնակիորեն վերանում է արարքի հանցավորությունը, մեղմանում հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը կամ այլ կերպ բարելավվում վերջինիս վիճակը: Ընդ որում, ի տարբերություն օրենքի հետադարձության պարզ կարգի, օրենքի հետադարձության վերստուգիչ (ռևիզիոն) կարգի դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ նոր օրենքի ընդունման հիմքով վերանայելու հնարավորությունը միջազգային սկզբունքներին համապատասխան` սահմանափակված է դատական ակտերի կայունության և որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ:
Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր օրենքի ընդունման հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ է, որ ընդունված նոր օրենքը ոչ միայն բարելավի հանցանք կատարած անձի վիճակը, այլև բացառի կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Այլ խոսքով՝ օրենքի հետադարձության կանոնը վերստուգիչ (ռևիզիոն) կարգով կիրառելի է այն պարագայում, երբ օրենսդրական փոփոխության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հակասում է օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներին, որպիսի պայմաններում դատարանի համար պարտադիր է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը և նոր օրենքի գործողության տարածումն այն անձանց նկատմամբ, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն: Մասնավորապես, որպես այդպիսին կարող են դիտարկվել օրենսդրական այնպիսի փոփոխությունները, որոնք, ի թիվս այլնի, վերացնում են արարքի հանցավորությունը, փոխում արարքի իրավաբանական որակումը, մեղմացնում անձի նկատմամբ նշանակված պատիժը կամ այն փոխարինում ավելի մեղմ պատժատեսակով կամ որևէ կերպ բարելավում են հանցանք կատարած անձի վիճակը (...)»3:
11. Սույն որոշման 9-10-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտերի դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հարցում նախատեսվել են որոշակի սահմանափակումներ, ինչը պայմանավորված է դատական ակտերի կայունության և որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական օրենսդրությունը հետադարձ ուժ ունի միայն այն դեպքում, երբ՝
- լրիվ կամ մասնակիորեն վերացնում է արարքի հանցավորությունը,
- նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից,
- նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե կոնկրետ դեպքում առկա են պատիժ նշանակելու որևէ հատուկ կանոնի պարտադիր կիրառման հիմքեր, ապա «ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետ» է համարվում տվյալ հատուկ կանոնի կիրառմամբ ստացվող ժամկետը (օրինակ՝ չավարտված հանցագործության, համաձայնեցման կամ արագացված վարույթ կիրառելու դեպքերում և այլն)։
Վերոնշյալի մասին է վկայում նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ որոշելու համար՝ արդյո՞ք նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից կամ արդյո՞ք նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից, հաշվի են առնվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները։
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ա.Դարբինյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով՝ արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ 189-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով։ Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, հետևաբար դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով4։
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը, արձանագրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդեն իսկ արագացված դատական քննության արդյունքում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարի ժամկետով ազատազրկումը, գտնվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում, ուստի Առաջին ատյանի դատարանը, ներկայացված միջնորդությունը բավարարելով, եկել է սխալ եզրահանգման։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է և դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը՝ հանցանքը և դրա համար նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ, մերժել է5։
13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով և հանցանքն ու դրա համար նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելով, եկել է սխալ եզրահանգման։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճռով՝ արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, Ա.Դարբինյանին դատապարտել է ազատազրկման՝ չորս տարի ժամկետով։ Վերջինիս մեղսագրվող վերոնշված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որի համար որպես պատիժ սահմանված է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Վերոշարադրյալից բխում է, որ արագացված դատաքննության կարգի կիրառման պայմաններում դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարի ժամկետով ազատազրկումը, ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից՝ երեք տարի չորս ամիս ժամկետով ազատազրկումից։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու որևէ հատուկ կանոնի պարտադիր կիրառման հիմքերի առկայության դեպքում «ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետ» է համարվում տվյալ հատուկ կանոնի կիրառմամբ ստացվող պատժի ժամկետը, որպիսին սույն գործով արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոնն է՝ նախատեսված 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով։
14. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության առ այն, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից, ուստի, հիմք ընդունելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Ա.Դարբինյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ երեք տարի չորս ամիս ժամկետով:
Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:
15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, կատարված հանցանքը և նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը բավարարելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրած դատական ակտին։ Միաժամանակ, պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հունիսի 12-ից՝ Ա.Դարբինյանի կողմից պատիժը պետք է համարել կրած և նրան անհապաղ ազատ արձակել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
Դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:
Անդրանիկ Կարապետի Դարբինյանի կողմից պատիժը համարել կրած և նրան անհապաղ ազատ արձակել։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 44-51:
2Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 79-88:
3Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մելիք Ժիրայրի Մեսրոպյանի վերաբերյալ գործով 2021 թվականի հունիսի 11-ին կայացված թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշման 13-14-րդ կետերը։
4Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: