ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ժ. Մելիքսեթյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ՇԴ/0095/01/22 | ||
|
| |||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
|
Հ. Գրիգորյանի Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
28 փետրվարի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի ապրիլի 7-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 223.1-րդ հոդվածի 1-ին մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 223.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58211022 քրեական գործը։
Դատախազի՝ 2022 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Ս.Ավետիսյանը ձերբակալվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Ս․Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
2022 թվականի հուլիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգվել է՝ 3 (երեք) ամիս ժամկետով, 2022 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ՝ 3 (երեք) ամիս ժամկետով, 2023 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ՝ 1 (մեկ) ամիս ժամկետով, 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ս.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 3 (երեք) ամիս ժամկետով և գրավ՝ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 21-ի և 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումներով Ս․Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը երկարաձգվել է 3 (երեք) ամիս ժամկետով, իսկ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, թողնվել է անփոփոխ։
3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխվել է և նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, թողնվել է անփոփոխ։
4. Դատախազ Ռ.Մհերյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը թողնելով անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Սուրեն Ավետիսյանը ենթադրաբար քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ է, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս։
Ըստ բողոքաբերի՝ նշված հանգամանքով պայմանավորված, առկա են հիմնավոր կասկածներ Ս.Ավետիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության և այլ երկրների տարածքներում լայն քրեական կապեր ունենալու վերաբերյալ:
Ըստ բողոքաբերի՝ ողջամիտ և իրատեսական է մտավախությունն առ այն, որ, քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը, թեև նվազել է, սակայն այն իսպառ չի վերացել, որը պայմանավորված է ապացույցների հետազոտման (հիմնական դատալսումների) փուլում գտնվելու հանգամանքով։
Այսպիսով, հաշվի առնելով Սուրեն Ավետիսյանին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը և դրսևորման համատեքստում վերջինիս դերակատարումը, ինչպես նաև սպառնացող պատժի խստությունը և հնարավոր պատիժ կրելու մտավախությունը՝ բողոքաբերը գտել է, որ վարչական վերահսկողությունն ի զորու չէ ապահովելու Սուրեն Ավետիսյանի պատշաճ վարքագիծը, հետևաբար առկա է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի շարունակական պահպանման անհրաժեշտություն։
Ըստ բողոքաբերի՝ առողջական վիճակի վերաբերյալ տվյալները, մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին վկայող փաստարկների առկայության պայմաններում, չեն կարող մեղադրյալ Սուրեն Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոփոխելու բավարար հիմք հանդիսանալ։ Այդ համատեքսում հարկ է նշել, որ վարույթն իրականացնող մարմնի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի վերաբերյալ եզրակացությունը դեռևս չի ստացվել:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշումը՝ մեղադրյալ Ս.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու մասով, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ երկարաձգելով Ս.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
8. Մեղադրյալ Ս.Ավետիսյանի պաշտպաններ Ա.Հայրապետյանը և Գ.Հարությունյանը, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում, անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հիմնավորվածության հարցին, նշել են, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, քանի որ դրանք տնային կալանքի շարունակական պահպանումը հիմնավորող էական փաստարկներ չեն։ Այս առումով, ի թիվս այլնի, նշվել է, որ քրեական վարույթի ընթացքում մեղադրյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, դատակոչված բոլոր անձինք արդեն իսկ հարցաքննվել են, ապացույցների հետազոտումը գտնվում է ավարտական փուլում, իսկ հետազոտման ենթակա ապացույցների բնույթն այնպիսին է, որ բացառվում է դրանց վրա ազդելու ամենաչնչին հավանականությունը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի պատասխանի հեղինակները փաստել են, որ Ս.Ավետիսյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով փորձագիտական մակարդակով հաստատվել է Ս.Ավետիսյանի մոտ հիվանդությունների առկայությունը։ Նշվածով պայմանավորված՝ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին նշանակել է միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու համար Ս.Ավետիսյանի մոտ ախտորոշված հիվանդությունների համապատասխանությունը՝ պատիժը կամ կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդություններին։
9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպաններ Ա.Հայրապետյանը և Գ.Հարությունյանը խնդրել են մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Սուրեն Ավետիսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(...) ունենալով քրեական աստճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որպիսի գործողությունները արտահայտվել են հետևյալում.
Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է իր կողմից ստղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:
Այսպես.
«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը, իր կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորի Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ հանդիսացող Արմեն Ռաֆիկի Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական աստճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Ռաֆիկի Վարոսյանին պատկանող՝ Գյումրի քաղաքում գործող «Ռայ» գիշերային ակումբում Հայկ Ցոլակի Վարդանյանի և Մանուկ Աշոտի Իլոյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո վերը նշված միջադեպի համար վերջինիս՝ իրենց աշխատասենյակում Արմեն ու Կարեն Վարոսյանների կողմից ծեծի ենթարկելու և նրա վրա իրենց մոտ ապօրինի կերպով պահվող ատրճանակը պարզելու մասին, 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոց 7/31 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքում իր կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Էդմոնդ Գրիգորի Գրիգորյանի, Ցոլակ Արտուշի Գևորգյանի և Արմեն Ռաֆիկի Վարոսյանի հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ, ինչի ընթացքում Սուրեն Ավետիսյանը և Էդմոնդ Գրիգորյանը հարցադրումներ են կատարել Արմեն Վարոսյանին դեպքի ժամանակ իր կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ, իսկ խմբավորմանը մասնակից Էդմոնդ Գրիգորյանը, ներգրավված լինելով խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, իր հերթին ներկայացրել է իրեն դիմած մյուս կողմի դիրքորոշումը՝ շեշտադրելով նրանց տեսակետի և Արմեն Վարոսյանի ներկայացրածի միջև առկա հակասությունները, ինչից հետո Սուրեն Ավետիսյանը ներկաներին տվել է հանձնարարականներ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծել բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով և այդ պահանջի վերաբերյալ նմանատիպ իրավիճակներին առնչվող անձանց, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձանց տեղեկացնելու վերաբերյալ: Մասնավորապես՝ պարզաբանման ընթացքում «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը հանձնարարել է խմբավորման անդամներին Գյումրի քաղաքում բոլորին փոխանցել իր և այլ «օրենքով գողերի» կողմից կայացված «որոշումը»/պռագոն/ առ այն, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողերին», ավելին՝ թույլատրել է իր անունից բոլորին փոխանցել, որ ինքն էլ իր հերթին որպես «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ իր մոտ պահվող դանակով սպի է թողնելու նման արարք կատարողի դեմքին, իսկ Ցոլակ Գևորգյանը, Արմեն Վարոսյանը և Էդմոնդ Գրիգորյանը կատարել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի պահանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։ Այնուհետև նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկին գտնվող շինությունում «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանման վերաբերյալ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ցոլակ Արտուշի Գևորգյանի, Արմեն Ռաֆիկի Վարոսյանի և վերջինիս եղբայր՝ Գյումրի քաղաքում քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Ռաֆիկի Վարոսյանի միջև, որի ընթացքում Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, Կարեն Վարոսյանին են փոխանցել Սուրեն Ավետիսյանի կողմից տրված հանձնարարականը՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով լուծելու վերաբերյալ, շեշտելով, որ դա բոլոր «օրենքով գողերի» կողմից տրված ընդհանուր հանձնարարական /օբշի պռագոն/ է, որից հետո Կարեն Վարոսյանն իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարարականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով ենթարկվել պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և «օրենքով գող»-ի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ նշված հանձնարարականին /պռագոն/-ին, եթե այդ մասին իրեն հայտնի անձամբ Սուրեն Ավետիսյանը կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ։
Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց, այդ թվում՝ Ռաֆիկ Ռուբենի Իգիթյանի, Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի, Ցոլակ Արտուշի Գևորգյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը: Մասնավորապես՝ համաձայն Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված հստակ դերաբաշխման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին խմբավորման անդամ հանդիսացող և դեռևս ինքնությունները չպարզված անձանցից ստանալով ինչպես ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և մեկ այլ քրեակատարողական հիմնարկից, այնպես էլ տարբեր անձանցից հավաքագրված՝ ընդհանուրը 4.595.000 ՀՀ դրամ դրամական միջոցները, դեռևս ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ ժամանել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող, հավաքագրված գումարներն իր մոտ պահող և գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և խմբի մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին, ովքեր Սուրեն Ավետիսյանի կողմից նախապես տրված հրահանգների և դերաբաշխման համաձայն՝ հաշվել են գումարը և վերցրել այն, ինչից հետո քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները հեռախոսազանգի միջոցով ստացված գումարի չափի մասին հաշվետվություն են ներկայացրել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանին:
Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը, օժտված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարները տնօրինելու իրավասությամբ, 2022 թվականի հունվարի 19-ին իր կողմից ստեղծված և ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող և ըստ իր կողմից նախապես տրված դերաբաշխման հավաքագրված գումարներն իր մոտ պահող, գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին՝ վերջինիս քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ: Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, շարունակելով իրենց մասնակցությունն «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավված լինելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, այցելել են «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանի բնակության վայր՝ Գյումրի քաղաքի Շինարարների 1-ին նրբանցք 15 տուն, որտեղ վերջինիս են փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ դա որպես քրեակատարողական հիմնարկից ազատվելու գումար «գողերի» կողմից «էնդեղաց փողից» հատկացված է իրեն:
Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը, շարունակելով իրականացնել տարբեր անձանցից և քրեակատարողական հիմնարկներից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մոտ պահվող անօրինական օգուտի՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարի տնօրինումը, ստանալով ՀՀ տարածքում գտնվող և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց համաձայնությունը, հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին, ինչից հետո Ռաֆիկ Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Ռաֆիկի Իգիթյանի հետ, հրահանգել բացել գումարների պահման թաքստոցը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված և իր մոտ պահվող անօրինական օգուտից՝ որպես «օբշակ» հավաքագրված գումարից, վերցնել 10.000 ԱՄՆ դոլար գումար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Ռաֆիկի Իգիթյանը, ևս մասնակցելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից ստեղծված և կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, կատարել է իրեն տրված հանձնարարությունը և գումարը թաքստոցից վերցնելով՝ տեղափոխել է Ռաֆիկ Իգիթյանի մատնանշած վայր ու փոխանցել նրան, ինչից հետո էլ Ռաֆիկ Իգիթյանը և Ցոլակ Գևորգյանը, ևս գործելով քրեական ենթամշակույթ կրող նույն խմբավորման կազմում, կատարել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի հրահանգը՝ 10.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցելով «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին»1:
11. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) սույն գործով մեղադրյալը տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, ինչը ևս նվազեցնում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Ազատությունից զրկելու վերոնշյալ հիմքը քննության տարբեր փուլերն ավարտելուն զուգահեռ աստիճանաբար կորցնում է իր կշիռը։ Միայն բացառիկ դեպքերում այն կարող է արդարացնել ազատությունից զրկելու շարունակումը դատական քննության ընթացքում։ Մեղադրյալին քննության սկզբում կալանքի տակ պահելը նպատակ է հետապնդում կանխել նրա կողմից գործի շրջանակում շփոթություն առաջացնելը, հատկապես բարդ գործի պարագայում, որով անհրաժեշտ են բազմաբնույթ ուսումնասիրություններ։ Երկարատև ժամանակահատվածում, սակայն, քննության պահանջներն այլևս բավարար չեն, անգամ բարդ գործի պարագայում, ազատության սահմանափակումը հիմնավորելու համար, իրադարձությունների սովորական ընթացքի դեպքում ենթադրյալ վտանգները ժամանակ անցնելուն և տարբեր գործողություններ կատարելու հետ մեկտեղ զուգահեռ նվազում են։
Վերոգրյալի լույսի ներքո՝ հաշվի առնելով խափանման միջոցի համար հիմք հանդիսացած հանգամանքները և մեղադրյալ Ս.Ավետիսյանի կողմից դրանց դրսևորման հավանականության աստիճանը, մեղադրյալի անձը բնութագրող, առողջական և ընտանեկան վիճակի տվյալները, ինչպես նաև մեղադրյալի տևական ժամանակ կալանքի, ապա տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքները, Դատարանը գտնում է, որ տվյալ փուլում Դատարանի կողմից արձանագրված՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը ժամանակին զուգընթաց այն աստիճան բարձր չէ, որով կհիմնավորվի ազատության սահմանափակման միջոցով մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, Դատարանը գտնում է, որ ներկայումս առկա չէ այնպիսի հասարակական շահ, որը, անմեղության կանխավարկածի համատեքստում, կարող է արդարացնել խիստ տեսակի խափանման միջոցով անձի ազատության սահմանափակումը, ինչով պայմանավորված Դատարանը գտնում է, որ սույն փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով վարչական հսկողության և գրավ խափանման միջոցներով։ (...)
Բացի այդ, Դատարանի` այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելու հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գործում չկան և չեն ներկայացվել այնպիսի տեղեկություններ, փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ վարչական հսկողությունը՝ համապատասխան սահմանափակումներով, ի զորու չէ տվյալ պահին կանխել մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը:
Հաշվի առնելով վերևում թվարկված հանգամանքները, Դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը պետք է փոխել և նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն խափանման միջոցը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված՝ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, պետք է թողնել անփոփոխ:
Դատարանը գտնում է, որ վարչական հսկողության կիրառման ընթացքում մեղադրյալ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի վրա պետք է պարտականություններ դնել՝ շաբաթը երեք անգամ գրանցվել իր մշտական բնակության վայրի ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում, ինչպես նաև արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել իր մշտական բնակության վայրը և հաղորդակցվել գործում ներգրավված մեղադրյալների հետ (…)»2:
12. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով կալանքի հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատողությունները՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վարչական հսկողություն խափանման միջոցով փոխելու վերաբերյալ իրավաչափ են:
Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրում է, որ քրեական գործը գտնվում է Առաջին ատյանի դատարանի վարույթում, սույն գործով անցնող բոլոր մեղադրյալներն արդեն իսկ հարցաքննվել են, քրեական գործով էլ չկան վարույթին ներգրավված այլ անձինք (վկաներ, տուժողներ), մեղադրյալ Սուրեն Ավետիսյանը նախկինում դատապարտված չի եղել, ունի առողջական խնդիրներ, մշտական բնակության վայր, ընտանիք, ինչպես նաև տևական ժամանակ գտնվելով տնային կալանքի տակ՝ դրսևորել է պատշաճ վարքագիծ, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տվյալ փուլում գործի քննությանը խոչընդոտելու վտանգը այն աստիճանի բարձր չէ, որով կհիմնավորվի ազատության սահմանափակման միջոցով մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու անհրաժեշտությունը և արձանագրել է, որ քրեական գործի սույն փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով վարչական հսկողության և գրավ խափանման միջոցներով:
Անդրադառնալով մեղադրյալ Սուրեն Ավետիսյանի քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունենալուն, նրան մեղսագրվող արարքների բնույթին ու վտանգավորության աստիճանին, դրանց կատարման եղանակին և դրսևորման համատեքստում վերջինիս դերակատարմանը, ինչպես նաև սպառնացող պատժի խստությունը և հնարավոր պատիժ կրելու մտավախության վերաբերյալ դատախազի հատուկ վերանայման բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև դրանք ունեն կարևոր նշանակություն, սակայն ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոփոխելն անթույլատրելի ճանաչելու համար, կրկին հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս, տևական ժամանակ գտնվելով տնային կալանքի տակ, վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում՝ գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը հաստատող հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերը նշյալ հանգամանքների ամբողջությունը հնարավորություն է տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի սույն փուլում բացակայում է Սուրեն Ավետիսյանի շարունակական տնային կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, և վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը՝ վարչական հսկողություն խափանման միջոցով փոխարինելով, համակցված այլընտրանքային խափանման միջոց գրավով նույնպես հնարավոր է ապահովել նրա պատշաճ վարքագիծը (…)»3:
13. Թիվ ՇԴ/0095/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի վերամակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Իսրայելյանին և նախնական դատալսումների ընթացքում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ավետիսյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողությունը և 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը, թողնվել են անփոփոխ4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ այլընտրանքային խափանման միջոցների, այն է՝ վարչական հսկողության և գրավի համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել Ս.Ավետիսյանի պատշաճ վարքագիծը։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) [Կ]ալանքի ժամկետը երկարաձգելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: (…)»։
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
Նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները»։
15․1. Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է խափանման միջոցների իրավաչափության ընդհանուր պայմանների բովանդակության բացահայտմանը5։ Հարկ է նկատել, որ խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս, դատարանի որոշումը պետք է բավարարի խափանման միջոցների իրավաչափությանը ներկայացվող օրենսդրական դրույթների իրավամեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված պահանջներին։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ս.Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով6:
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ գործի քննության տվյալ փուլում առկա չէ այնպիսի հասարակական շահ, որը, անմեղության կանխավարկածի համատեքստում, կարող է արդարացնել խիստ տեսակի խափանման միջոցով անձի ազատության սահմանափակումը, հետևաբար մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել համապատասխան սահմանափակումներով վարչական հսկողություն և գրավ խափանման միջոցներով7։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի դատողությունները՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վարչական հսկողություն խափանման միջոցով փոխելու վերաբերյալ իրավաչափ են8:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական հսկողության և գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ս.Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝
- մեղադրյալ Ս.Ավետիսյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս9,
- քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը շարունակում է պահպանվել, որը պայմանավորված է վարույթի՝ ապացույցների հետազոտման փուլում գտնվելու հանգամանքով,
- մեղսագրվող ենթադրյալ արարքի բնույթը. ըստ ներկայացված մեղադրանքի՝ մեղադրյալ Ս.Ավետիսյանը, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ, շարունակել է պահպանել այն և ղեկավարել իր կողմից ստղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ», որպիսի հանգամանքը նույնպես էական նշանակություն ունի հիմնական դատալսումների ընթացքում օրինական վարքագիծ դրսևորելու հավանականությունը կանխորոշելու հարցում,
- Ս.Ավետիսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ենթադրաբար լայն քրեական կապեր ունենալը10,
- մեղադրյալ Ս.Ավետիսյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկում՝ ութից տասներկու տարի ժամկետով:
Նշված հանգամանքները, վարույթի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, մեղադրյալ Ս.Ավետիսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր են։
18. Վճռաբեկ դատարանը, անդրադարձ կատարելով ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ս.Ավետիսյանի առկա առողջական վիճակը հիմք ընդունելուն, հարկ է համարում ընդգծել, որ թեև խափանման միջոցի տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի, սակայն ստորադաս դատարանները սահմանափակվել են առողջական վիճակի մատնանշմամբ՝ առանց վերլուծելու և պատշաճ գնահատելու տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու հնարավորությունը։ Տվյալ դեպքում, որևէ հիմնավորում չի ներկայացվել տնային կալանքի տակ գտնվելուն զուգընթաց մեղադրյալ Ս.Ավետիսյանի կողմից պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավոր խոչընդոտների վերաբերյալ, ուստի ստորադաս դատարանների կողմից մեղադրյալի առողջական վիճակը մատնանշելը չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ և ծանրակշիռ փաստարկ՝ մեղադրյալ Ս.Ավետիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն արձանագրելու համար։ Միևնույն ժամանակ, առկա է Ս.Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու համար միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշում11, ուստի դատաբժիշկների համապատասխան եզրակացության առկայության դեպքում, պաշտպանության կողմը զրկված չէ միջնորդելու դատարանին ստացված եզրակացության լույսի ներքո կրկին քննարկել խափանման միջոց տնային կալանքի իրավաչափության պայմանները։
19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ այլընտրանքային խափանման միջոցների, այն է՝ վարչական հսկողության և գրավի համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել Ս.Ավետիսյանի պատշաճ վարքագիծը, իրավաչափ չէ։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու՝ տնային կալանքը երկարաձգելու համար:
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործը վերամակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի և նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում12, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Սուրեն Պավլուշի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________
1 Տե՛ս, վարույթի նյութեր, թերթեր 18-20։
2 Տե՛ս, վարույթի նյութեր, թերթեր 114-120։
3 Տե՛ս, վարույթի նյութեր, թերթեր 46-54:
4 Տե՛ս, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը, թիվ ՇԴ/0095/01/22 քրեական գործը:
5 Տե՛ս, մասնավորապես, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշոտ Առաքելյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15, Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19, Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 և Լևոն Աթաջանյանի գործով 2024 թվականի հունվարի 19-ի թիվ ԵԴ1/0204/06/23 որոշումները։
6 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։
8 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը։
9 «Օրենքով գող»-երի հանրային վտանգավորության վերաբերյալ տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ashlarba v. Georgia գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 45554/08, կետ 23։
10 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
11 Տե՛ս, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը, թիվ ՇԴ/0095/01/22 քրեական գործը:
12 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. Գրիգորյան Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: