ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1276-Ա |
«07» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված քաղաքացի Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումի հիմքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող վարույթի շրջանակներում 2025 թվականի հունվարի 9-ին, ժամը 11.00-ին հրավիրվել և անցկացվել է լսումներ, որին մասնակցել է Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Կարեն Սարդարյանը:
2024 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի 2-րդ հասցեի դիմաց կայանված «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու փաստի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 09113324 քրեական վարույթը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2025 թվականի հունվարի 20-ի N 152-Ա որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է՝ մինչև քրեական դատավարության կարգով քննվող թիվ 09113324 քրեական վարույթով որոշում կայացնելը:
Երևանի քաղաքապետարան հասցեագրված` քաղաքացի Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանի 2025 թվականի մարտի 20-ի թիվ Դ-29608-25 դիմումի հիմքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումի հիման վրա հարուցված վարույթը համարվել է վերսկսված:
Ուսումնասիրելով 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 և 2025 թվականի մարտի 20-ի թիվ Դ-29608-25 դիմումները, դրանց կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի հունվարի 9-ին անցկացված լսման մասին արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի 2-րդ հասցեի դիմաց կայանված՝ Հրաչյա Ճենտերեճյանի սեփականությունը հանդիսացող «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկնել, որի արդյունքում ավտոմեքենան վնասվել է:
Հրաչյա Ճենտերեճյանի անունից ներկայացված՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումով պահանջվել է փոխհատուցել «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում ավտոմեքենան վնասվելու և անօգտագործելի դառնալու հետևանքով առաջացած վնասը, որը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին կազմված թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացության համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ գնահատվում է 5,500,000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ, իսկ մինչվնասվածքային միջին շուկայական արժեքը՝ 8,000,000 (ութ միլիոն) դրամ:
2023 թվականի նոյեմբերի 10-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB524369 վկայագրի համաձայն՝ «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը հանդիսանում է Հրաչյա Ճենտերեճյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Վահան Գևորգյանի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ թիվ 09113324 քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաբուսաբանական փորձաքննության արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի նոյեմբերի 4-ին տրվել է թիվ 24-2593 փորձագետի եզրակացությունը, որի «Հետևությունները» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված նմուշին համապատասխան օբյեկտի աճի գործակիցը կազմում է -0,44689, ինչը բնորոշ է չորացող ծառերին և հիմք է տալիս եզրակացնել, որ փորձաքննությանը ներկայացված թվով 1 (մեկ) հատ ծառը տապալման պահին եղել է չորացող ծառ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Վահան Գևորգյանի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ թիվ 09113324 քրեական վարույթի շրջանակներում նշանակված ապրանքագիտական փորձաքննության արդյունքում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տրվել է թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացությունը, որի «Հետևությունները» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերականգնումն ապրանքագիտական տեսանկյունից դիտվում է ոչ նպատակահարմար, իսկ ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական արժեքը, 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, գնահատվում է 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ: Նույն եզրակացության «Հետևությունները» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մինչվնասվածքային միջին շուկայական արժեքը, 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, գնահատվում է 8.000.000 (ութ միլիոն) դրամ:
2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացությամբ փորձագետը պարզել է, որ 2019 թվականի արտադրության «Hyundai Tucson 2.0» մակնիշի նման ապրանքային վիճակում գտնվող ավտոմեքենաների մինչվնասվածքային միջին շուկայական արժեքը գնահատվում է 8.000.000 (ութ միլիոն) դրամ, իսկ առկա ապրանքային վիճակում վնասվելուց հետո ավտոմեքենայի պիտանի պահեստամասերի և հանգույցների հաշվառմամբ, դրա շուկայական արժեքը /ոչ քանդված վիճակում/ գնահատվում է 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Վահան Գևորգյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատված որոշմամբ թիվ 09113324 քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել է, այն է՝ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը:
2025 թվականի հունվարի 9-ին անցկացված լսումների ընթացքում Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ Կարեն Սարդարյանը, անդրադառնալով 2024 թվականի հոկտեմբերի 11-ին կազմված թիվ 226-ԱՊ-24 կազմված փորձագետի եզրակացությանը, հստակեցրեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 դիմումով ներկայացված պահանջը կազմում է 8,000,000 (ութ միլիոն) դրամ, քանի որ նկարագրված պատահարի արդյունքում Հրաչյա Ճենտերեճյանի կրած վնասն իրենցից ներկայացնում է գույքի կորուստ, որը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ավտոմեքենան ամբողջությամբ շահագործման պիտանի չէ, իսկ ավտոմեքենայի ամբողջ արժեքը փորձագետը գնահատել է 8,000,000 (ութ միլիոն) դրամ: Միաժամանակ՝ Կարեն Սարդարյանը, պատասխանելով այն հարցին, թե «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ու՞մ տիրապետման ներքո է գտնվում և ի՞նչ վիճակում, հայտնել է, որ ավտոմեքենան գտնվում է սեփականատիրոջ տիրապետության տակ՝ նույն վիճակում:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ստացված ապացույցներով, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տրված թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացությամբ հիմնավորվում է Հրաչյա Ճենտերեճյանի սեփականությունը հանդիսացող «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած՝ 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ կազմող վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է պահանջված՝ 8.000.000 (ութ միլիոն) դրամի և փոխհատուցման ենթակա 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամի տարբերությունը կազմող 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի հատուցմանը, ապա այդ մասով պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենան կորսվել է կամ ամբողջությամբ դարձել է ոչ պիտանի:
Փոխարենը՝ վարույթում առկա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տրված թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացությամբ ապացուցված է համարվում այն փաստական հանգամանքը, որ գնահատված 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամն իրենից ներկայացնում է առկա ապրանքային վիճակում վնասվելուց հետո ավտոմեքենայի՝ պիտանի պահեստամասերի և հանգույցների հաշվառմամբ շուկայական արժեքը /ոչ քանդված վիճակում/: Ընդ որում՝ դիմումատուի ներկայացուցիչը վարույթի լսումների ընթացքում հայտնել է, որ ավտոմեքենան գտնվում է սեփականատիրոջ տիրապետության տակ՝ նույն վիճակում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Վահան Գևորգյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված և հսկող դատախազի կողմից թիվ 09113324 քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը, «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի նոյեմբերի 4-ին տրված թիվ 24-2593 փորձագետի եզրակացությունը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տրված թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 134-րդ հոդվածներով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Հրաչյա Ճենտերեճյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Դ-161774-24 և 2025 թվականի մարտի 20-ի թիվ Դ-29608-25 դիմումները բավարարել մասնակի՝ 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամի մասով, իսկ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի մասով պահանջը մերժել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տրված թիվ 226-ԱՊ-24 փորձագետի եզրակացության համաձայն՝ «Hyundai Tucson 2.0» մակնիշի «37 ZF 622» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը փոխհատուցել Հրաչյա Ճենտերեճյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |