ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 41675/12)
Վ Ճ Ի Ռ
|
Հոդված 10 ● դրական պարտավորություններ ● արտահայտվելու ազատություն ● մասնավոր քիմիական գործարանի ավագ հետազոտողի ազատումն աշխատանքից՝ առանց այդ մասին նրան ծանուցելու, այն բանից հետո, երբ լրագրողի հետ հարցազրույցի ընթացքում նա իր գործատուի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է բացահայտել ● ներպետական դատարանների կողմից համապատասխան և բավարար պատճառաբանություններ չներկայացնելը ● այդպիսի խիստ միջոցի համաչափության գնահատման հիմնական տարրերը չդիտարկելու հանգամանքը ● Դատարանի նախադեպային իրավունքի չափանիշների լույսի ներքո առկա մրցակցող շահերի միջև արդար հավասարակշռություն չպահպանելը
Կազմվել է Քարտուղարության կողմից: Դատարանի համար պարտադիր չէ։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 հոկտեմբերի 2024 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],
Աննա Լուիս Բորման [Anne Louise Bormann]` դատավորներ,
և Սիմեոն Պետրովսկի [Simeon Petrovski]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Իշխան Աղաջանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հունիսի 20-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 41675/12),
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի սեպտեմբերի 17-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի աշխատանքից ազատմանը մասնավոր գործարանից այն հիմքով, որ նա լրագրողի հետ անցկացվող հարցազրույցի ժամանակ իր գործատուի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է բացահայտել: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1951 թվականին և ապրում է Երևանում։ Նրան ներկայացրել են Երևանում գտնվող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպության իրավաբաններ տկն Հ. Հարությունյանը և տկն Մ. Ղազարյանը, ինչպես նաև ԻՊԱՍ-ի նախագահ և իրավաբան տկն Ա. Մելքոնյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
5. Սկսած 2003 թվականից՝ դիմումատուն աշխատել է որպես ավագ հետազոտող «Նաիրիտ» գործարանում (գործարան), որն արտադրում էր տարատեսակ քիմիական արտադրանք: Գործարանի նկատմամբ սեփականության իրավունքը բաժանված էր մասնավոր ընկերության (որին պատկանում էր բաժնեմասի 90%-ը) և Կառավարության (որին պատկանում էր 10%-ը) միջև:
6. Համաձայն 2007 թվականի հուլիսի 9-ին գործարանի կողմից տրված հրամանի՝ աշխատողների աշխատավարձի չափը համարվում էր էական առևտրային գաղտնիք: Յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային պայմանագրում պետք է ավելացվեր հատուկ կետ, որը վերաբերում էր աշխատավարձի չափի վերաբերյալ գաղտնիության պահպանման պարտականությանը:
7. 2008 թվականին դիմումատուն կնքել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր: Նրա պայմանագրի 2.1.11 կետով արգելվում էր գործարանին վերաբերող պետական, մասնագիտական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը։
8. 2008 թվականի հուլիսի 1-ին դիմումատուն և գործարանը ստորագրել են հայտարարություն՝ որպես աշխատանքային պայմանագրի մաս՝ կապված աշխատավարձի վերաբերյալ գաղտնիության պահպանման պարտավորության հետ: Հայտարարությունը հղում էր կատարում Աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (տե՛ս ստորև՝ 26-րդ պարբերությունը):
9. 2009 թվականի հունվարի 9-ին գործարանն իր առևտրային գաղտնիքների վերաբերյալ ներքին կանոնակարգեր է ընդունել: Կանոնակարգերի 2.1 դրույթը առևտրային գաղտնիքը սահմանում էր որպես առևտրային արժեք ունեցող տեղեկություն, որը հայտնի չէր երրորդ կողմերին, և որի տարածումը կարող էր բացասաբար ազդել գործարանի գործունեության վրա: Համաձայն կանոնակարգերի 2.3 դրույթի, ի թիվս այլնի, գործարանի արտադրական հնարավորությունների, գիտական աշխատանքի բնույթի, ընթացիկ փորձարկումների, հումքի պահեստավորման և տեխնոլոգիական գործընթացների (որոնք գտնվում էին մշակման և իրականացման փուլում) վերաբերյալ տեղեկությունները կարող էին համարվել առևտրային գաղտնիք:
10. 2006 և 2010 թվականների ընթացքում դիմումատուն բազմիցս զեկուցել է ղեկավար կազմին քիմիական թափոնների, այն է՝ գործարանի ձեռնարկություններում պահեստավորվող լաք էթինոլ լուծիչի (լաք) հետ պատշաճ վարվեցողության անհրաժեշտության մասին: 2006 թվականի հունիսի 14-ի զեկույցում դիմումատուն և նրա գործընկերը լաքի և քլորոպրենային կաուչուկի լատեքսի խառնուրդից ջրի դիսպերսիոն ներկ արտադրելու առաջարկ են ներկայացրել, որը կարող էր օգտագործվել գործարանի խողովակները և սարքավորումները ներկելու միջոցով դրանք կոռոզիայից պաշտպանելու համար: 2007 թվականին առաջարկը փորձարկվել է, սակայն ըստ փորձարկման վերաբերյալ արձանագրությունների՝ արդյունքները գոհացուցիչ չեն եղել: Դիմումատուն երկու անգամ ղեկավար կազմին բողոքել է, որ փորձարկումը պատշաճ կերպով չի իրականացվել, և այդ պատճառով արդյունքները ճշգրիտ չեն եղել: Նա առաջարկել է, որ աշխատանքները շարունակվեն ավելի պատասխանատու կերպով:
11. Պարզվում է, որ 2009 թվականի նոյեմբերին գործադիր տնօրեն Վ.Մ.-ն բավարարել է դիմումատուի խնդրանքը և նրան հրահանգել է իրականացնել լաքից 25-30 կգ ներկի արտադրության փորձը:
12. 2009 թվականի դեկտեմբերի 4-ին գործադիր տնօրենի տեղակալ և արտադրության բաժնի պետ Ռ.Ս.-ն դիմումատուին և գիտական բաժնի պետ Ե.Վ.-ին հրահանգել է արտադրել 10-15 կգ ներկ:
13. 2010 թվականի փետրվարի 5-ին դիմումատուն Վ.Մ.-ին զեկուցել է այն մասին, որ գործուղումից վերադառնալուց հետո Ե.Վ.-ն նրան ասել է, որ ձեռնպահ մնա փորձարկումը Վ.Մ.-ի հրահանգներին համապատասխան իրականացնելուց (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ կամ պաշտոնի իջեցմամբ: Դիմումատուն բողոքել է, որ Ռ.Ս.-ն, որը կողմ էր փորձարկմանը, ի վերջո դարձել էր Ե.Վ.-ի կողմնակիցը: Ավելին, նա երբևէ չէր ստացել Ռ.Ս.-ի հրահանգն իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը): Դիմումատուն Վ.Մ.-ի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լաքի հետ կապված խնդիրը պահանջում է համալիր մոտեցում:
14. 2010 թվականի փետրվարի 24-ին և 26-ին Ռ.Ս.-ի՝ 2009 թվականի դեկտեմբերի 4-ի հրահանգների հիման վրա փորձարկումներ են իրականացվել (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), ինչպես նաև առաջարկ է ներկայացվել շարունակել ներկի որակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
15. 2010 թվականի մարտի 26-ին դիմումատուն ևս մեկ անգամ զեկուցել է ղեկավար կազմին՝ նշելով քիմիական թափոնների հետ պատշաճ վարվեցողության բացակայության մասին և գործարանի ղեկավար կազմին մեղադրելով պատասխանատվության և ուշադրության պակասի համար:
16. 2010 թվականի ապրիլի 22-ին տեղական թերթում հրատարակվել է հոդված, որտեղ ներկայացված է եղել դիմումատուի հետ անցկացված հարցազրույցը, որտեղ նա քննարկել է գործարանի գործունեության հետ կապված որոշ թերություններ: Այն ունի հետևյալ բովանդակությունը.
«Հայտնի է, որ «Նաիրիտ» քիմիական նյութերի գործարանը չի գործում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած մեկ միլիարդ դրամի չափով պարտքի պատճառով: Խորհրդային ժամանակաշրջանում գործարանն արտադրում էր մոտ հարյուր հազար տոննա կաուչուկ, սակայն անցած հինգ տարիների ընթացքում այն արտադրել է ընդամենը հինգ հազար տոննա կաուչուկ: Դա է պատճառը, որ ընկերությունը շահույթ չի ստանում և չի կարողանում վճարել գազի կամ ջեռուցման համար: Ավելին, պարզվում է, որ Հայաստանում քիմիկատներ արտադրող հսկայական գործարանի տարածքում բառացիորեն ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Խնդիրն այն է, որ կաուչուկի մշակման ընթացքում արտադրվում է մեկ այլ քիմիական նյութ, մասնավորապես՝ [լաք], որը նախկինում արտահանվում էր դեպի Ռուսաստան:
Ներկայումս գնորդների բացակայության պատճառով [լաքը] մնում է պահեստավորված գործարանում: Հարկ է նշել, որ այդ կողմնակի արտադրանքը երկար ժամանակ չօգտագործելը կարող է դրա այրման պատճառ դառնալ՝ լուրջ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Գործարանում տիրող այդ իրավիճակն առաջացել է ղեկավար կազմի անտարբերության և պատասխանատվության բացակայության, ինչպես նաև [ղեկավարների և անձնակազմի միջև] ստեղծված անառողջ միջավայրի պատճառով: Սույն հարցը բարձրացվել է գործարանի՝ քիմիական գիտությունների թեկնածու հանդիսացող ավագ հետազոտողի [դիմումատուի] կողմից: Դեռևս 2006 թվականին նա գործարանին առաջարկել էր այնպիսի լուծում, որը կլուծեր վտանգավոր քիմիական թափոնների պահեստավորման խնդիրը: Հետազոտողն առաջարկել էր քիմիական թափոններն օգտագործելով արտադրել ներկ, որն այնուհետև կօգտագործվեր գործարանում և այլուր: Մեկ տարի անց ստացվել էր 600 կգ ներկ՝ փորձարկումներ իրականացնելու և հետագայում ներկի արտադրությունը կազմակերպելու համար: Ըստ [դիմումատուի]՝ փորձարկումը տեղի չէր ունեցել վերահսկողության բացակայության և անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Տարիներ անց՝ 2009 թվականին, երբ նոր գործադիր տնօրենն իմացել է այդ աշխատանքների մասին, նրան զեկույց են ներկայացրել այն մասին, թե իբր ներկն արտադրամասերում ենթարկվում էր փորձարկումների: Ըստ [դիմումատուի]՝ դա իրականությանը չի համապատասխանել: Որևէ փորձարկումներ չէին կատարվել, իսկ կարևոր աշխատանքները դադարեցվել էին:
Ըստ դիմումատուի՝ այդ կեղծ հաշվետվության մասին նա իմացել է պատահաբար, քանի որ նա գտնվում էր հարկադիր պարապուրդում: «Ես գտնվում էի պարապուրդում, քանի որ ամբոխից առանձնանում էի. առաջատար արհեստագործական քոլեջները, ակադեմիական կոչումը և հօգուտ գործարանի իրականացվող աշխատանքները որևէ արժեք չունեին: Այստեղ կրթությունը և բարձր կատարողականը որևէ նշանակություն չունեն: Կարևոր է ունենալ լավ կապեր»: Հետազոտողը գործարանի գործադիր տնօրենին ուղարկել է երկու հաշվետվություն՝ նշելով, որ գործարանում որևէ փորձարկում չի իրականացվել, սակայն հաշվետվություններն անպատասխան են մնացել: [Դիմումատուի] հարկադիր պարապուրդից վերադառնալուն պես գործարանի գործադիր տնօրենը նրան հրահանգել է կազմակերպել 25-30 կգ ներկի արտադրությունը [լաքի] հիմքով և իրականացնել նոր փորձարկումներ: «Տվյալ հրահանգն ստանալուց երկու օր անց գիտական բաժնի պետ Ե.Վ.-ն վերադարձել է գործուղումից և ինձ լրջորեն ասել, որ ձեռնպահ մնամ գործադիր տնօրենի հրահանգը կատարելուց, այլապես նրանք ինձ կազատեն աշխատանքից», այդ մասին մեզ պատմեց մեր զրուցակիցը: Երբ արտադրական բաժնի պետը փորձել է պարզել, թե աշխատանքն ինչու է հետաձգվել, պատասխանատու անձին պատժելու և խնդիրը լուծելու փոխարեն նա անցել է Ե.Վ.-ի կողմը և նրա հետ միասին, ընդ որում, [դիմումատուի] ներկայությամբ որոշել է գործադիր տնօրենին ասել, թե նրա հրահանգն անհնար էր իրականացնել: Միայն այն բանից հետո, երբ [դիմումատուն] սպառնացել է, որ նա այդ բողոքը կներկայացնի Հանրապետության նախագահին, նրանք հանձնվել են:
Այս տարի նույնպես արտադրական բաժնի պետը պաշտոնապես հրահանգել է արտադրել 10 կգ ներկ: Այնուամենայնիվ, մինչ օրս հետազոտողը չի ստացել անհրաժեշտ նյութերը: Եվ սա այն դեպքում, երբ գործարանում պահեստավորված 1 000 տոննա [լաքը] ցանկացած պահի կարող էր բռնկվել և առաջացնել լուրջ սպառնալիք, մինչդեռ հետազոտողի առաջարկն իրագործելու դեպքում հնարավոր էր ոչ միայն կանխել նման սպառնալիքը, այլև կարող էր առաջանալ եկամտի հավելյալ աղբյուր: ««Նաիրիտը» նման է կենդանաբանական այգու: Աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում: 1937 թվականի ուրվականը թափառում է գործարանում, երբ պարզ ճշմարտությունը խոսելը համարվում էր հերոսություն», ավելացնում է նա: Հույսն ամբողջությամբ կորցնելով՝ [դիմումատուն] այս տարվա փետրվարին իր սեփական միջոցներով ձեռք է բերել 12 կգ ներկի նոր նմուշներ, որը հանձնաժողովի կողմից փորձարկման է ենթարկվել մարտի 1-ին: «Հանձնաժողովի նախագահն իր ակնհայտորեն խոչընդոտող վերաբերմունքով կիրառում է հնարավոր բոլոր միջոցները, որ հանձնաժողովի մյուս անդամներին թույլ չտա դրական եզրակացություն արտահայտել, մինչդեռ արտադրվող ներկն ամենից առաջ օգտագործվելու էր գործարանի խողովակները և սարքավորումները ներկելու համար՝ դրանք կոռոզիայից պաշտպանելու նպատակով: Նրանք ստիպված են լինելու կատարել այդ աշխատանքը, որը նրանք հավելյալ բեռ էին համարում: Իրավիճակը դեռ անորոշ է, մինչդեռ հնարավորություն կա թեթևացնելու գործարանի խնդիրները», վրդովված ասում է ավագ հետազոտողը: Նա փորձարկման է ներկայացրել քլորոպրենային կաուչուկի արտադրման ևս մեկ գյուտ, սակայն արդեն մեկ տարի է որևէ պատասխան չի ստացել:
«Այդ առաջադրանքն իրականացնելու համար ես գործարանից որևէ նյութական աջակցություն չեմ ստացել: Ես ամեն ինչ մենակ եմ արել: Ես ստեղծել եմ լաբորատորիա այն դեպքում, երբ գործարանը բազմաթիվ լաբորատորիաներ ունի: Նրանք ոչինչ չեն անում և մասնագետներին զրկում են աշխատելու տարրական հնարավորություններից: Սրանք գործարանի անպատասխանատու աշխատանքի օրինակներից ընդամենը երկուսն են, երբ փաստացի կան անթիվ այլ օրինակներ...»։
Պրն Աղաջանյանը հիասթափված էր նաև այն փաստից, որ գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող փորձառու մասնագետը վաստակում էր ամսական ընդամենը 85 000 ՀՀ դրամ, մինչդեռ գործարանի տնօրենի տասներկու տեղակալները վաստակում էին 3-4 միլիոն ՀՀ դրամ:
Ըստ հետազոտողի՝ իր գյուտերի նկատմամբ անտարբերության պատճառն այն էր, որ գործարանի ղեկավար կազմն այնքան շատ անարդարություն էր սերմանել և այնքան շատ գաղտնիքներ ուներ, որ ինքնապահպանման նկատառումներից ելնելով՝ նրանք չէին ցանկանում, որ որևէ մեկը քիթը խոթեր [գործարանի] գործերին: «Կարծես մենք ապրում էինք ոչ թե պետությունում, այլ անկազմակերպ տարածքում, որտեղ գերիշխում էին բռնությունը և կամայականությունը: «Նաիրիտը» մեր երկրի, դրա հավակնությունների, կոռուպցիայի և անտարբերության արտացոլումն էր», նշում է գործարանի աշխատակիցը»:
17. 2010 թվականի մայիսի 19-ին գործարանի գործադիր տնօրենը դիմումատուին ազատել է աշխատանքից՝ առանց այդ մասին ծանուցելու: Իր որոշման մեջ տնօրենը նշել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին դիմումատուի անհիմն պնդումների հիման վրա թերթում գործարանի վերաբերյալ հոդված է հրատարակվել: Մասնավորապես դիմումատուն կեղծ տեղեկատվություն է տարածել գիտական աշխատանքների և փորձարկումների, ինչպես նաև գործարանի աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ՝ այդպիսով խախտելով Աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը (մեջբերված ստորև՝ 26-րդ պարբերության մեջ) և իր աշխատանքային պայմանագրի 2.1.11 կետը (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Տնօրենը եզրահանգել է, որ դա բավարար էր, որ գործարանը կորցներ վստահությունը դիմումատուի նկատմամբ՝ որպես աշխատողի, և այդ հիմքով Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով դադարացներ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը (մեջբերված ստորև՝ 26-րդ պարբերության մեջ):
18. Դիմումատուն աշխատանքից ազատումը վիճարկել է քաղաքացիական դատարաններում: Ի թիվս այլնի՝ նա պնդել է, որ աշխատանքից ազատման մասին հրամանն անօրինական է եղել, քանի որ այնտեղ նշված չի եղել, թե ինքն Աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի ո՞ր կետն է խախտել: Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրի 2.1.11 կետի ենթադրյալ խախտմանը, ապա նրան երբևէ չեն տեղեկացրել գործարանին առնչվող պետական, մասնագիտական կամ առևտրային գաղտնիքներ հասկացությունների սահմանումների մասին:
Գործարանի պատասխանն ստանալուց հետո, որտեղ այն վիճարկում էր, որ, ի թիվս այլնի, հարցազրույցի ընթացքում դիմումատուն բացահայտել էր առևտրային գաղտնիքներ՝ խախտելով գործարանի ներքին կանոնակարգերը և իր պայմանագրային պարտավորությունները, դիմումատուն լրացրել է իր քաղաքացիական հայցը: Նա վիճարկել է այն ենթադրությունը, որ իրեն երբևէ տեղյակ են պահել գործարանի առևտրային գաղտնիքներին առնչվող ներքին կանոնակարգերին (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը), որոնք, ինչպես պնդում էր գործարանը դատական վարույթի ընթացքում, հրապարակվել են վերջինիս առցանց հարթակում: Ճշմարտությունն այն է, որ դիմումատուն ծանոթացել էր կանոնակարգերի բովանդակությանը միայն խնդրո առարկա քաղաքացիական վարույթների ընթացքում, երբ գործարանը դրանք դատարան էր ներկայացրել: Ավելին, հարցազրույցի ընթացքում բացահայտված տեղեկությունը չէր կարող առևտրային գաղտնիք համարվել: Դա կապված էր այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք էին շրջակա միջավայրի պաշտպանությունը, մարդու առողջությանը հասցվող վնասը և աշխատավայրի անվտանգությունը: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկությանը, ապա դիմումատուն պնդել է, որ գործատուն չի կարող տվյալ տեղեկությունը համարել առևտրային գաղտնիք և ամեն դեպքում, ըստ աշխատանքից ազատման մասին հրամանի՝ նրա բացահայտած տեղեկությունը կեղծ և անհիմն էր: Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ աշխատանքից ազատելու համար գործարանը պետք է հիմնավորեր, որ նա կատարել է Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված գործողություններից որևէ մեկը (տե՛ս ստորև՝ 26-րդ պարբերությունը), սակայն նրա դեպքում դա տեղի չի ունեցել:
19. 2010 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը (Վարչական շրջանի դատարան) ընդունել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ նրա՝ աշխատանքից ազատման մասին հրամանը ճանաչելով անվավեր: Դատարանն ըստ էության հաստատել է դիմումատուի կողմից ներկայացված փաստարկները և գտել է, որ նրա՝ աշխատանքից ազատումն անօրինական է եղել: Վարչական շրջանի դատարանը նշել է, որ դիմումատուի կողմից տրված հարցազրույցի արդյունքում գործարանի կրած ենթադրյալ վնասի մասին որևէ տեղեկություն առկա չէ: Ինչ վերաբերում է գործարանի աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությանը, ապա Վարչական շրջանի դատարանը նշել է նաև, որ, ինչպես պնդել են գործարանի ներկայացուցիչները, տվյալ տեղեկությունը ճշգրիտ չէր և այդ պատճառով չէր կարող առևտրային գաղտնիք համարվել: Հետևաբար գործարանը դիմումատուին աշխատանքից ազատելու որևէ հիմք չուներ:
20. 2010 թվականի հոկտեմբերի 7-ին գործարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
21. 2011 թվականի փետրվարի 17-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը բեկանել է 2010 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռը՝ գործն ուղարկելով Վարչական շրջանի դատարան այն հիմքով, որ դիմումատուի հարցազրույցը պարունակել է այնպիսի տեղեկություն, որը գործարանի ներքին կարգավորումներով և կանոնակարգերով սահմանվում էր որպես «առևտրային գաղտնիք» (տե՛ս վերևում՝ 6-րդ և 9-րդ պարբերությունները): Ավելին, չնայած դիմումատուի՝ աշխատավարձերի մասով գաղտնիության պահպանման պարտավորությանը՝ վերջինս տեղեկություններ է տարածել գործարանի աշխատողների աշխատավարձերի չափի վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ ըստ գործարանի ներկայացուցիչների՝ վնաս է պատճառվել գործարանի գործարար համբավին, ինչի հետևանքով գործարանը կարող էր վնասներ կրել, այդ թվում՝ հաճախորդների կամ սպառողների շրջանում վստահության կորստի առումով: 2011 թվականի ապրիլի 13-ին Վճռաբեկ դատարանն անընդունելի է ճանաչել դիմումատուի կողմից տվյալ վճռի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը:
22. 2011 թվականի սեպտեմբերի 19-ին՝ դատավարության երկրորդ փուլում, Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Մասնավորապես Վարչական շրջանի դատարանը նշել է, որ համապատասխան կարգով և գործարանի ղեկավար կազմի կողմից ընդունված ներքին կանոնակարգերով (տե՛ս վերևում՝ 6-րդ և 9-րդ պարբերությունները), ի թիվս այլնի, գործարանի արտադրական հնարավորությունների, գիտական աշխատանքների, ընթացիկ փորձարկումների, հումքի պահեստավորման, ապրանքների տեսակների և մշակման և իրականացման փուլում գտնվող տեխնոլոգիական գործընթացների, ինչպես նաև աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությունները համարվել են առևտրային գաղտնիք: Դատարանն այնուհետև եկել է հետևյալ եզրահանգման.
«Սույն գործով [դիմումատուն], [գործարանում] աշխատելով որպես ավագ հետազոտող..., 2008 թվականի հուլիսի 1-ին ստորագրած լինելով [հայտարարություն իր աշխատավարձի գաղտնիության պահպանման պարտավորության վերաբերյալ], պարտավորվել է չհրապարակել [գործարանի] պաշտոնական կամ առևտրային գաղտնիքները, այնուամենայնիվ, լրատվամիջոցներին փոխանցելով տեղեկություններ՝ [գործարանի] արտադրական հնարավորությունների, հումքի, նյութերի և ապրանքների տեսակների պահեստավորման, ինչպես նաև աշխատողների աշխատավարձի չափի վերաբերյալ, նա չի կատարել իր պարտականությունները՝ [այդպիսով] խախտելով վերոնշյալ ներքին կանոնակարգերը և գաղտնիության պահպանման պարտավորության վերաբերյալ 2008 թվականի հուլիսի 1-ին ստորագրված հայտարարությունը: [Դիմումատուի] փաստարկներն այն մասին, որ խնդրո առարկա տեղեկությունները [առևտրային] գաղտնիք չեն, ինչպես նաև այն մասին, որ վերոնշյալ որոշումները սահմանափակել են իր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հիմնավորված չեն…»:
23. Ի թիվս այլնի՝ դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ հիմնվելով ազատորեն արտահայտվելու իր իրավունքի վրա: Նա վերահաստատել է իր այն փաստարկները, որոնք ներկայացրել էր Վարչական շրջանի դատարան (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այնուհետև նա հայտնել է, որ բազմիցս փորձել է իր վերադասների ուշադրությունը կենտրոնացնել հարցազրույցի ընթացքում ներկայացված խնդիրներին, սակայն իզուր: Դիմումատուն վերահաստատել է, որ հարցազրույցի ընթացքում իր բացահայտած տեղեկությունները վերաբերել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, աշխատավայրի անվտանգությունը, մարդկանց առողջությանը հասցվող վնասը: Հետևաբար ինքը ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր հանրայնացնել այդ տեղեկությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործատուն որևէ կանխարգելիչ միջոց չէր ձեռնարկել: Նա նաև պնդել է, որ դատարանը չի հստակեցրել, թե ինչ վնաս է կրել գործարանը թերթում հոդվածի հրատարակման արդյունքում: Այնքանով, որքանով հարցազրույցը վերաբերում էր աշխատավարձի չափին, գործարանի 2007 թվականի հուլիսի 9-ին ընդունված ներքին կանոնակարգի մասին (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը) ինքը տեղեկացել է միայն խնդրո առարկա քաղաքացիական վարույթի ընթացքում: Դիմումատուն հայտնել է նաև, որ ինքը երբևէ չի խախտել իր պայմանագրային պարտավորությունները, քանի որ չի հայտնել տեղեկություն իր աշխատավարձի վերաբերյալ, որն իրականում 100 050 ՀՀ դրամ էր, այլ ո՛չ թե 85 000 ՀՀ դրամ, ինչպես նշվել է հարցազրույցի ընթացքում: Անդրադառնալով գործարանի ավագ աշխատակցի հարցազրույցին, որն ընդհանուր պայմաններով ներկայացրել է գործարանի աշխատողների միջին աշխատավարձի չափը, դիմումատուն հայտնել է, որ ցանկացած պարագայում այդ տեղեկությունները եղել են հրապարակային և հասանելի են եղել գործարանի կայքում։ Ավելին, գործարանի կայքը պարունակել է տեղեկություններ՝ ապագա նախագծերի, ապրանքների տեսակների, արտադրական և փորձարարական հնարավորությունների վերաբերյալ: Հետևաբար նա չի բացահայտել այնպիսի տեղեկություն, որը կարող էր առևտրային գաղտնիք համարվել:
24. 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ այն անհիմն համարելով, և ստորին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Մասնավորապես վկայակոչելով գործարանի ղեկավար կազմի կողմից ընդունված ներքին կանոնակարգերի և կարգավորումների դրույթները, դիմումատուի աշխատանքային պայմանագրի 2.1.11 կետը և գաղտնիությունը պահպանելու պարտավորության վերաբերյալ հայտարարությունը (տե՛ս վերևում՝ 6-9-րդ պարբերությունները)՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է հետևյալ որոշումը.
«[Հոդվածն] ուսումնասիրելով պարզ է դառնում, որ [դիմումատուն] որոշ տեղեկություններ է տրամադրել [գործարանի] արտադրական հնարավորությունների, գիտական աշխատանքների բնույթի, ընթացիկ փորձարկումների, հումքի և նյութերի պահեստավորման, ինչպես նաև մշակման և իրականացման փուլում գտնվող տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ: [Հոդվածի] ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դիմումատուն տեղեկություններ է տրամադրել նաև աշխատակիցների աշխատավարձի չափի վերաբերյալ, ինչը տվյալ դեպքում համարվում է աշխատանքային պայմանագրի խախտում: Վերաքննիչ դատարանը նշում է, որ [դիմումատուն], չարաշահելով գործատուի վստահությունը, բացահայտել է վերջինիս գործունեության վերաբերյալ գաղտնի համարվող տեղեկատվությունը՝ այդպիսով խախտելով [գործարանի] ներքին իրավական փաստաթղթերով սահմանված դրույթները, ինչպես նաև իր պայմանագրային պարտավորությունները: Հետևաբար... [աշխատանքից ազատման մասին հրամանը] տրվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ... Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով վարչական շրջանի դատարանը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի [դրույթներին համապատասխան], պատշաճ կերպով քննել և գնահատել է սույն գործով բոլոր ապացույցները և ... արդարացիորեն [մերժել է] դիմումատուի քաղաքացիական հայցը ...»:
2012 թվականի փետրվարի 8-ին դիմումատուի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
25. Ըստ թերթում դիմումատուի կողմից ներկայացված հոդվածների՝ 2017 թվականի օգոստոսի 28-ին գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ այն շենքում, որտեղ պահեստվորված էր լաքը: Հոդվածներում առկա էր պնդում, որ նախկինում՝ 2006 թվականին, երկու անգամ տեղի էր ունեցել նման պայթյուն: Գործարանի նախկին գործադիր տնօրենը թղթակից լրագրողին ասել է, որ պայթյունն այնքան շատ վնաս չի պատճառել շրջակա միջավայրին և հավանաբար տեղի է ունեցել շոգ եղանակի պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
26. Տվյալ ժամանակահատվածում գործող Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը.
| Հոդված 113. | Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ |
«1. Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝
...
(7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
... »։
| Հոդված 121. | Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում |
«...
2. Գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:
...»։
| Հոդված 122. | Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով |
«1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
1) փչացրել, վնասել կամ կորցրել է գործատուի գույքը, ինչպես նաև աշխատանքի վայրում կատարել է հափշտակություն.
2) գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ.
3) անվտահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների կամ գործատուի գործընկերների մոտ, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել վնասներ»:
| Հոդված 221. | Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը |
«1. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որի հետևանքով կոպտորեն խախտվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:
2. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել՝
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողություններ կատարելը.
2) պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ հրապարակելը կամ դրանց մասին մրցակից կազմակերպությանը հայտնելը.
3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները խախտելը կամ սեռական հետապնդումները աշխատակիցների, ենթակաների կամ շահառուների նկատմամբ.
5) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելը.
6) անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը.
7) պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
27. Դիմումատուն բողոքել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին թերթի հոդվածում հրատարակված հարցազրույցի հետևանքով իր աշխատանքից ազատումը խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատորեն արտահայտվելու իր իրավունքը, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից ...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Ա. Ընդունելիությունը
28. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
29. Դիմումատուն բողոքել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին՝ թերթում հոդվածի հրատարակումից հետո, աշխատանքից իր ազատումը համարվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իր իրավունքին ապօրինի և ոչ անհրաժեշտ միջամտություն, որը որևէ օրինական շահ չի հետապնդել և ցանկացած պարագայում եղել է անհամաչափ: Ըստ աշխատանքից ազատման մասին հրամանի՝ նա կոպտորեն խախտել է Աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային կարգապահությունը, ինչի արդյունքում օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ գործատուն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը: Մինչդեռ սրանք աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու երկու տարբեր հիմքեր են, տվյալ դեպքում դրանցից որևէ մեկը հիմնավորված չի եղել: Ներպետական դատարանները նույնիսկ չեն նշել, թե նրա հարցազրույցի որ հատվածներն են առևտրային գաղտնիքներ բացահայտում, այլ փոխարենն ընդամենը վկայակոչել են ընկերության կանոնակարգերում առկա առևտրային գաղտնիքների սահմանումը և եկել են այն եզրահանգման, որ նրա հարցազրույցն այդպիսի տեղեկություններ էր պարունակում: Դիմումատուն, ըստ էության, վերահաստատել է իր փաստարկները, որոնք ամփոփվել են ներպետական դատարաններում նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներում (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները):
30. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ ինքը հանդես է եկել որպես «ազդարար», մինչդեռ ներպետական իրավունքը «ազդարարների» պաշտպանության համար բավարար երաշխիքներ չէր նախատեսում: Նա խնդիրը հանրայնացրել է միայն այն բանից հետո, երբ գործարանի տարածքում լաքի պահեստավորման հարցին ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրելու փորձերն ապարդյուն են եղել: Նրա գործունեությունը պայմանավորված է եղել ոչ թե իր անձնական դժգոհություններով, այլ նպատակ է ունեցել կարգավորելու բնապահպանական լուրջ խնդիրներ և անգամ առաջարկել է միջոցներ ձեռնարկել խնդրի դեմ պայքարելու նպատակով: Նա գործել է՝ ելնելով բարեխղճության սկզբունքներից: Հարցազրույցի ընթացքում նա մատնանշել է այն վտանգները, որոնք կարող էին սպառնալ գործարանում պահեստավորված լաքի բռնկման արդյունքում: Տեղեկությունները տրամադրվել են հանրային շահի նկատառումներով՝ հաշվի առնելով, որ հարցը վերաբերել է շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող հնարավոր վնասին: Դիմումատուն պնդել է, որ այդ տեղեկությունները ճշգրիտ էին. նա քիմիկ էր և տարիներ շարունակ գործարանում աշխատել էր որպես ավագ հետազոտող: Ըստ էության, գործարանի դեմ ուղղված հայտարարություններից որևէ մեկը չէր հերքվել գործարանի կողմից՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելին, 2017 թվականին գործարանում պայթյուն է եղել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել այն տարածքում, որտեղ լաքը պահեստավորված էր: Այդպիսի դեպք տեղի էր ունեցել նաև 2006 թվականին: Ինչ վերաբերում է խնդրո առարկա տեղեկությունների բացահայտման հետևանքով գործատուին պատճառված հնարավոր վնասին, ապա դիմումատուն պնդել է, որ ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ Կառավարությունը չեն հիմնավորել գործարանի կրած վնասը: Այդպիսի հանգամանքներում նրա աշխատանքից ազատման մասին որոշումը, որը ներպետական դատարաններն ուժի մեջ էին թողել, շատ խիստ և հետևաբար անհամաչափ միջոց է եղել: Ի վերջո, եթե նույնիսկ Դատարանը համարեր, որ նրա կողմից իր աշխատավարձի չափը բացահայտելու փաստը իր պայմանագրային պարտավորությունների խախտում էր, հակակշռող շահ առկա չէր շրջակա միջավայրին և մարդու առողջությանը հասցվող հնարավոր վնասի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պատճառաբանությամբ նրան աշխատանքից ազատելու համար:
բ) Կառավարությունը
31. Չվիճարկելով դիմումատուի ազատորեն արտահայտվելու իրավունքին միջամտությունը՝ Կառավարությունը պնդել է, որ նրա աշխատանքից ազատումը չի հակասել 10-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես դիմումատուն աշխատանքից ազատվել էր օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ հաշվի առնելով գործատուի կողմից նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը և նրա կողմից աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը, սույն գործով՝ առևտրային գաղտնիքի բացահայտումը: Այդ կապակցությամբ նրանք նշել են, որ Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողին ազատելու աշխատանքից աշխատանքային կարգապահության նույնիսկ մեկ կոպիտ խախտման դեպքում (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Ըստ Կառավարության պնդումների՝ դիմումատուն քաջատեղյակ է եղել գործարանի՝ 2009 թվականի հունվարի 9-ին ընդունած կանոնակարգերի մասին, որտեղ սահմանված էին գործարանի առևտրային գաղտնիքները. ավելին, նրա աշխատանքային պայմանագրի 2.1.11 կետով ակնհայտորեն արգելվում էր գործարանին վերաբերող առևտրային գաղտնիքների բացահայտումը (տե՛ս վերևում՝ 7-րդ և 9-րդ պարբերությունները): Ավելին, գործարանի աշխատողների աշխատավարձերի չափի վերաբերյալ տեղեկությունները համարվում էին հիմնարար առևտրային գաղտնիք, իսկ դիմումատուն իր աշխատավարձը չբացահայտելու վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել (տե՛ս վերևում՝ 6-րդ և 8-րդ պարբերությունները), մինչդեռ լրագրողին տրված հարցազրույցի ընթացքում նա չէր պահպանել իր պայմանագրային պարտավորություններից որևէ մեկը: Հաշվի առնելով դիմումատուի տված հարցազրույցի բովանդակությունը՝ որևէ կասկած չէր կարող լինել, որ նա բացահայտել էր այնպիսի տեղեկություններ, որոնք առևտրային գաղտնիք էին համարվում ինչպես գործարանի կանոնակարգերի, այնպես էլ նրա աշխատանքային պայմանագրի համաձայն, և այդ պատճառով գործարանը բավարար հիմքեր ուներ նրան աշխատանքից ազատելու համար: Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի արտահայտվելու ազատությանը միջամտությունը գործարանի համբավը և շահերը պաշտպանելու, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների բացահայտումը կանխելու իրավաչափ նպատակ է հետապնդել:
32. Նրանք պնդել են, որ դիմումատուի հարցազրույցը չէր կարող համարվել «ազդարարում», քանի որ դիմումատուին չի հաջողվել բացահայտված տեղեկությունները հիմնավորել որևէ ապացույցով, նա չի գործել բարեխղճորեն, և ամեն դեպքում աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտումն արդարացված չի եղել: Անդրադառնալով թերթի հոդվածի վերջին պարբերությանը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)՝ նրանք պնդել են, որ այդ հատվածում արված հայտարարությունները զրպարտիչ էին՝ գործարանին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ, քանի որ դիմումատուն ներկայացրել է զրպարտիչ մեղադրանքներ, որոնք, ավելին, նրան չէր հաջողվել ապացուցել, այդպիսով, աշխատանքից ազատելու պատժամիջոցը համաչափ է եղել:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
33. Դատարանի նախադեպային իրավունքում մշակված՝ արտահայտվելու ազատությանն առնչվող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Պալոմո Սանչեսը և այլք ընդդեմ Իսպանիայի [Palomo Sánchez and Others v. Spain] գործում ([GC], թիվ 28955/06 և 3 այլ, §§ 53-55, ՄԻԵԴ 2011):
34. Գործնական հարաբերությունների համատեքստում արտահայտվելու ազատության հետ կապված վեճերը քննելիս Դատարանը պարզել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը տարածվում է ընդհանուր առմամբ աշխատավայրի վրա: Դատարանը նաև նշել է, որ տվյալ հոդվածը պարտավորեցնող է գործատուի և աշխատողի միջև հարաբերություններում ոչ միայն այն դեպքում, երբ այդ հարաբերությունները կառավարվում են հանրային իրավունքով, այլ նաև կիրառելի է այն դեպքում, երբ դրանք կառավարվում են մասնավոր իրավունքով (տե՛ս Ֆուենտես Բոբոն ընդդեմ Իսպանիայի [Fuentes Bobo v. Spain] գործը, թիվ 39293/98, § 38, 2000 թվականի փետրվարի 29, և Հայնիշն ընդդեմ Գերմանիայի [Heinisch v. Germany], թիվ 28274/08, § 44, ՄԻԵԴ 2011): Իսկապես, արտահայտվելու ազատության իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ միայն պետության չմիջամտելու պարտավորությունից, այլ կարող է պաշտպանության դրական միջոցներ պահանջել նույնիսկ անհատների միջև փոխհարաբերությունների ոլորտում: Որոշ դեպքերում պետությունն արտահայտվելու ազատությունը նույնիսկ առանձին անհատների միջամտությունից պաշտպանելու դրական պարտավորություն ունի (տե՛ս Հալեթն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ] [Halet v. Luxembourg [GC]], թիվ 21884/18, § 111, 2023 թվականի փետրվարի 14, վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործը, § 59, և Հերբայն ընդդեմ Հունգարիայի [Herbai v. Hungary], թիվ 11608/15, § 37, 2019 թվականի նոյեմբերի 5):
35. Իշխանությունների պատասխանատվության հարցը կքննարկվեր այն դեպքում, երբ բողոքարկվող փաստերը բխեին նրանց կողմից Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված իրավունքից օգտվելու հնարավորությունը դիմումատուների համար չապահովելու փաստից: Թեև Կոնվենցիայի համաձայն պետության դրական և բացասական պարտավորությունների միջև սահմանը ենթակա չէ կոնկրետ բնորոշման, կիրառելի սկզբունքները, այնուամենայնիվ, նման են: Երկու համատեքստում էլ մասնավորապես պետք է հաշվի առնել անհատի և ընդհանուր համայնքի մրցակցող շահերի միջև արդար հավասարակշռությունը, որն ամեն դեպքում գտնվում է պետության հայեցողական լիազորությունների շրջանակներում (Պալոմո Սանչեսը և այլք, §§ 60 և 62, և Հերբայը], § 37, երկուսն էլ վերևում հիշատակված):
36. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ առաջին հերթին ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների պարտականությունն է մեկնաբանել և կիրառել ներպետական իրավունքն այնպես, որ այն ապահովի Կոնվենցիայի լիարժեք կիրարկումը: Այն ընդգծում է իր կողմից վերանայման երկրորդային բնույթը և նկատում է, որ ներպետական դատարանների ոչ բավարար հիմնավորումները կամ ներպետական դատարանների հիմնավորումներում առկա թերությունները պատճառ են դարձել 10-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու համար, քանի որ այդ թերությունները նրան թույլ չեն տվել արդյունավետ վերահսկողություն իրականացնել այն հարցի նկատմամբ՝ արդյոք ազգային իշխանություններին հաջողվել է ճշգրիտ կերպով կիրառել նախադեպային իրավունքին համապատասխան սահմանված չափորոշիչները (տե՛ս վերևում հիշատակված՝ Հալեթի գործը, §§ 159-162):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը
37. Սույն գործով թեև Կառավարությունը չի վիճարկել, որ միջամտություն է տեղի ունեցել դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը), դիմումատուին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումն ընդունվել է ոչ թե պետական իշխանության, այլ մասնավոր ընկերության կողմից: Ինչպես նշվել է վերևում, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է, երբ գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները, ինչպես սույն գործում, կառավարվում են մասնավոր իրավունքով, իսկ պետությունը դրական պարտավորություն ունի պաշտպանելու արտահայտվելու ազատությունը նույնիսկ անհատների միջև հարաբերությունների ոլորտում (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունում վկայակոչված նախադեպային իրավունքը): Այդպիսի հանգամանքներում Դատարանը նպատակահարմար է համարում սույն գործը քննել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված պետության դրական պարտավորությունների շրջանակներում (տե՛ս վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործը, §§ 60-62): Դատարանը, այդպիսով, կպարզի, թե արդյոք Հայաստանի դատական իշխանությունները, մերժելով դիմումատուի հայցը, պատշաճ կերպով ապահովել են նրա արտահայտվելու ազատության իրավունքը աշխատանքային հարաբերությունների համատեքստում:
38. Դատարանն ի սկզբանե պետք է պարզի՝ արդյոք ներպետական դատարանները կիրառել են Կոնվենցիայի սկզբունքները բավարար չափով, ինչպես մեկնաբանվում է իր նախադեպային իրավունքի լույսի ներքո: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ սույն գործով ներպետական վճիռները շատ քիչ պատճառաբանություն են պարունակում (տե՛ս վերևում՝ 22-րդ և 24-րդ պարբերությունները): Առաջին հերթին, թեև դիմումատուն մանրամասն փաստարկներ է ներկայացրել՝ վիճարկելով հարցազրույցի հետևանքով իրեն աշխատանքից ազատելու օրինականությունը, ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ առնչությամբ նրա ներկայացրած փաստարկներին: Մասնավորապես նրանք չեն կարողացել պարզել, թե արդյոք պահպանվել են Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով թվարկված պայմանները՝ գործատուի վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ դիմումատուին աշխատանքից ազատելու փաստը օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան հիմնավորելու նպատակով: Փոխարենը, բանավոր վկայակոչելով գործարանի՝ առևտրային գաղտնիքը սահմանող համապատասխան ներքին փաստաթղթերը, նրանք պարզել են, որ դիմումատուի՝ աշխատանքից ազատումը գործատուի կողմից նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ հիմնավոր է, քանի որ նա բացահայտել էր որպես առևտրային գաղտնիք բնութագրվող տեղեկություններ՝ այդպիսով խախտելով իր պայմանագրային պարտավորությունները: Ինչ վերաբերում է Կառավարության հղմանը Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածին՝ որպես հիմք դիմումատուին աշխատանքից ազատելու համար (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը), ապա նշված հոդվածը նույնիսկ չի ներառվել դիմումատուի աշխատանքից ազատման հրամանում:
39. Ավելին, թեև համաձայն աշխատանքից ազատման հրամանի և դատարանների կողմից կայացված վճիռների՝ դիմումատուն խախտել է Աշխատանքային օրենսգիրքը և աշխատանքային կարգապահական կանոնները՝ բացահայտելով առևտրային գաղտնիքներ, աշխատանքից ազատելու մասին հրամանն ինքնին հստակորեն նշել է, որ դիմումատուն բացահայտել է «անհիմն» և «կեղծ» տեղեկություններ (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Դատարանը գտնում է, որ դիմումատուի հայտարարությունները որպես «առևտրային գաղտնիք» որակելու ներպետական դատարանների մոտեցումն այն դեպքում, երբ աշխատանքից ազատման հրամանում այդ տեղեկությունները ներկայացվել են որպես «կեղծ և ոչ հիմնավոր», հակասական է (համեմատի՛ր Գորյաինովան ընդդեմ Ուկրաինայի [Goryaynova v. Ukraine] գործի հետ, թիվ 41752/09, § 59, 2020 թվականի հոկտեմբերի 8): Այնուամենայնիվ, ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ Կառավարությունը չեն անդրադարձել այդ հակասությանը, թեև դիմումատուն դա ընդգծել է ինչպես ազգային իշխանությունների առջև, այնպես էլ Դատարանին ուղղված իր գանգատում (տե՛ս վերևում՝ 18-րդ և 29-րդ պարբերությունները):
40. Եվ որ ավելի կարևոր է, ներպետական դատարանները գործը չեն գնահատել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն իրենց նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքների լույսի ներքո։ Իրականում դիմումատուի՝ աշխատանքից ազատման հրամանում կամ ներպետական դատարանների վճիռներում նշված չէ, թե դիմումատուի՝ թերթում հրատարակված պնդումներից որոնք են ոչ ճշգրիտ կամ զրպարտող, ինչպես, ըստ էության, փաստարկում էր Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Նրանք ընդհանրապես չեն վերլուծել դիմումատուի փաստարկները՝ իր վերադասների մոտ նրա մտահոգությունները բարձրաձայնելու կրկնվող փորձերի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 10-րդ, 13-րդ, 15-րդ և 23-րդ պարբերությունները): Դատարանները նաև չեն ստուգել դիմումատուի շարժառիթը և չնայած Կառավարության կողմից ներկայացված փաստարկներին՝ ներպետական վճիռներում որևէ նշում չկա այն մասին, որ դիմումատուն վարվել է անբարեխղճորեն (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը):
41. Դատարանը վերահաստատում է գործատուների նկատմամբ աշխատողների՝ հավատարմություն և շրջահայացություն դրսևորելու պարտականությունը, ինչը պահանջում է, որ նույնիսկ ճշգրիտ տեղեկության տարածումն իրականացվի չափավոր և պատշաճ կերպով: Այնուամենայնիվ, նշված պարտականության նկատմամբ գերակայում է այն շահը, որը հանրությունը կարող է ունենալ որոշակի տեղեկության առնչությամբ (տե՛ս, mutatis mutandis, (համապատասխան փոփոխություններով) վերևում հիշատակված՝ Գորյաինովայի գործը, § 61): Իր տված հարցազրույցում դիմումատուն հանրային շահ ներկայացնող շատ զգայուն և կարևոր հարցեր է բարձրացրել (տե՛ս վերևում՝ 16-րդ և 25-րդ պարբերությունները), որոնք, ինչպես ներկայացված է վիճարկվող վարույթում, վերաբերում էին շրջակա միջավայրի պաշտպանությանը, մարդու առողջությանը հասցվող վնասին և աշխատավայրի անվտանգությանը (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դիմումատուի հավատարմության մասով պարտականության և շրջակա միջավայրի խնդիրների և Հայաստանի քիմիկատներ արտադրող հսկայական գործարանում ենթադրյալ խախտումների մասին տեղեկացված լինելու հանրային շահի միջև կապը ներպետական դատարանների կողմից ընդհանրապես չի քննարկվել:
42. Ավելին, ներպետական վճիռները, որոնք անփոփոխ էին թողել դիմումատուի աշխատանքից ազատումը, որևէ նշում չէին պարունակում այն վնասի մասին, որը գործարանը կրել էր դիմումատուի տված հարցազրույցի հետևանքով (ի հակադրություն վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործի, §§ 65-66):
43. Ի վերջո, ինչ վերաբերում է դիմումատուի նկատմամբ կիրառված միջոցի խստությանը, ապա Դատարանը նշում է, որ կիրառվել էր հնարավոր ամենածանր միջոցը՝ առանց ավելի թեթև միջոցի նպատակահարմարության գնահատման (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հերբայի գործը, § 49):
44. Դատարանը գտնում է, որ այնպիսի խիստ միջոցի համաչափությունը գնահատելիս, ինչպիսին է ազատումն առանց ծանուցման, ներպետական դատարանները պետք հաշվի առնեին և համապարփակ եղանակով վերլուծեին գործի այն հիմնական տարրերը, ինչպիսիք էին դիմումատուի պնդումների բնույթը և արժանահավատությունը, հարցազրույց տալու նրա շարժառիթները և վերադասներին իր տեսակետն արդյունավետորեն ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև դիմումատուի հարցազրույցի հետևանքով գործարանին հասցված վնասը (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Գորյաինովայի գործի հետ, § 65): Այնումենայնիվ, ինչպես երևում է նախորդ պարբերություններում Դատարանի կողմից արված վերլուծություններից, ներպետական դատարաններն այդ խնդիրներից որևէ մեկին չեն անդրադարձել:
45. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում ներպետական դատարանները նախադեպային իրավունքին համապատասխան սահմանված չափանիշների լույսի ներքո առկա մրցակցող շահերի միջև չեն պահպանել արդար հավասարակշռություն և իրենց որոշումների համար «համապատասխան և բավարար» հիմքեր չեն ներկայացրել:
46. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
48. Դիմումատուն պահանջել է 15 970 եվրո նյութական վնասի համար, որը կազմում էր նրա աշխատավարձը՝ սկսած աշխատանքից ազատվելու ամսաթվից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը՝ կենսաթոշակային տարիքը լրանալը, և 10 000 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:
49. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
50. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար մերժում է նշված պահանջը (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Հերբայի գործի հետ, §§ 50-51 և 56)։ Միևնույն ժամանակ իր գնահատումն իրականացնելով արդարության սկզբունքի հիման վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
Բ. Ծախսերը և ծախքերը
51. Դիմումատուն նաև պահանջել է 2 080 եվրո՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Նա խնդրել է, որ գումարը փոխանցվի «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը):
52. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջներն այն հիմքով, որ սույն գործն այնքան բարդ չէ, որ անհրաժեշտ լիներ երեք ներկայացուցիչների ներգրավվածությունը:
53. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս Մագյար Քեթֆարքու Քությա Փարթն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary [GC]], թիվ 201/17, § 125, 2020 թվականի հունվարի 20): Հիմնվելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի և վերոնշյալ չափորոշիչների վրա՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 600 եվրո գումար՝ Դատարանում գտնվող վարույթների հետ կապված ծախսերի համար, որը ենթակա է փոխանցման «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո), գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է վճարման դիմումատուին,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր եվրո), գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է փոխանցման «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝ |
Սիմեոն Պետրովսկի՝ |
|
Նախագահ |
Քարտուղարի տեղակալ |