ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«01» օգոստոս 2024 թ. |
N 4196-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ/ՆԵՐԱՌՅԱԼ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄ/) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-XX-000064 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԱՌՅԱԼ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի 2024 թվականի մարտի 29-ի թիվ 45/8-41-24 գրությունն և ի լրումն 2024 թվականի հունիսի 18-ի թիվ 03//11234-2024 գրությունն այն մասին, որ ք. Գյումրի, Գ. Նժդեհի հրապարակ շենք 4բ հասարակական սպասարկման օբյեկտ հասցեում գործունեություն իրականացնող ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) նկատմամբ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հարուցվել է քրեական վարույթ, որի ժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատնից բաց են թողնվել առանց ՀՀ կառավարության 09.11.2017թ. թիվ 1402-Ն որոշման N2 հավելվածով հաստատված պահանջների` առանց դեղատոմսերի, ապօրինի, իրացնելու նպատակով, չպարզված հանգամանքներում, չպարզված անձից ապօրինի ձեռք բերված` թվով ութ դեղապատիճով խոշոր չափերով` 2.3475 գրամ ընդհանուր քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ, որից մեկ դեղապատիճով մանր չափերի` 0.255 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը 2020 թ. փետրվարի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ դեղատանը վաճառելու եղանակով ապօրինի իրացվել է քաղաքացիների կողմից և մեկ դեղապատիճով մանր չափերի 0.2925 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը 2020 թ. փետրվարի 1-ին` ժամը 18:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում և 0.3 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա հաստատվել է, որ անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանը դեղատնային գործունեության լիցենզիայի հիման վրա իրականացնելով նշված գործունեությունը, դրան զուգահեռ ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և իրացրել է հոգեմետ նյութ պարունակող դեղահաբեր: Ավելին, նշված հանցավոր գործունեությունը Ժանետա Գևորգյանի կողմից փաստացի քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ իրացման նպատակով ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղագործական գործունեության համար նախատեսված հասցեում գտնվող դեղատանը:
Այսպիսով, Ժանետա Գևորգյանի գործողությունների հետևանքով ոչ միայն կոպիտ կերպով խախտվել են լիցենզավորման ենթակա գործունեության կարգը, տրամադրված լիցենզիայի պայմանները, այլև դեղատնային գործունեությամբ քողարկելով իրացման նպատակով հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կատարվել է ծանր հանցագործություն:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 30-ի դատավճռով Ժանետա Ասքանազի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Ժանետա Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, համաձայն որի` «PGN 300» գրառմամբ 23 դեղապատիճներն իրենց բաղադրության մեջ պարունակում են ընդհանուր 6,9 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ դատախազի, մեղադրյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ժանետա Գևորգյանի պաշտպանի կողմից:
2024 թվականի հունիսի 03-ին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ մեղադրյալ Ժանետա Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Միաժամանակ, հաշվի առնելով «Ժանետա Գևորգյան» ԱՁ-ի կողմից, «Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իր գործունեության իրականացման ընթացքում լիցենզիայի շրջանակներում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողնման թույլտվության փաստը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա հաստատվել է, որ անհատ ձեռնարկատեր Ժանետա Գևորգյանը դեղատնային գործունեության լիցենզիայի հիման վրա իրականացնելով նշված գործունեությունը, դրան զուգահեռ ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և իրացրել է հոգեմետ նյութ պարունակող դեղահաբեր: Ավելին, նշված հանցավոր գործունեությունը Ժանետա Գևորգյանի կողմից փաստացի քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ իրացման նպատակով ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղագործական գործունեության համար նախատեսված հասցեում գտնվող դեղատանը` խախտելով «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետի և Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով, որ պրեգաբալին նյութը ընդգրկված է Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում» (Ցուցակ 3) և այդ ազդող նյութը պարունակող և վերոնշյալ դեղը դեղատներից բաց են թողնվում Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ հաստատված «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգի» համաձայն, ըստ որի, տվյալ դեղը դուրս է գրվում N 2 դեղատոմսային ձևաթղթի վրա (հոգեմետ դեղերի համար)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել` անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (ք.Գյումրի, Գ. Նժդեհի հրապարակ, շենք 4բ) Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի մարտի 31-ին տրված N Ա-XX-000064 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ/ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և բացթողում/) իրականացնելու լիցենզիայով նախատեսված ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և բացթողնման գործառույթը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ԺԱՆԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. Ավանեսյան |