ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ն. Բաղդասարյան
|
ԵԴ1/1132/06/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Ա. Բեկթաշյան |
|
|
| |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
|
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | ||
|
|
|
4 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության առաջին բաժնի ավագ քննիչ Գ.Մարտիրոսյանի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով երկու դրվագով մեղադրվող Արսեն Արշալույսի Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին։
2․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը բավարարել է և մեղադրյալ Արսեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ սահմանափակելով մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ մինչև կիրառված կալանքի ժամկետը լրանալը։
3․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Տ․Աթանեսյանի կողմից բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի և դրա հիման վրա ստացված վարույթի նյութերի ուսումնասիրման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Տ․Աթանեսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի, մասնավորապես՝ անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով իր պաշտպանությունը կազմակերպելու և դատական ակտը բողոքարկելու իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Արսեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ մեղադրյալի պաշտպանությունն իրականացվել է այլ փաստաբանների կողմից։ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով Արսեն Մովսիսյանին հանձնվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Արսեն Մովսիսյանը հրաժարվել է իր պաշտպաններից և որպես պաշտպան ներգրավվել է Տ․Աթանեսյանը, որի կողմից էլ օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ վերոնշյալ հանգամանքների շարադրմամբ։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց ստուգելու վերոնշյալ փաստական հանգամանքները, ունենալով հնարավորություն պարզելու բողոքաբերի՝ մեղադրյալ Ա․Մովսիսյանի պաշտպանը հանդիսանալու հանգամանքը՝ այդ մասին վարույթն իրականացնող մարմնից տեղեկություն ստանալու միջոցով, առանց քննության է թողել իր կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:
Ըստ բողոքաբերի, ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում որևէ կարգ առ այն, որ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանին տրամադրվում է որևէ փաստաթուղթ՝ անձի պաշտպան հանդիսանալու մասին, իսկ մեղադրյալի՝ կալանքի տակ գտնվելու դեպքում՝ պաշտպան հանդիսանալու հանգամանքը արձանագրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից և այդ մասին տեղեկացվում է միայն համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Որևէ այլ մարմնի իրազեկման կառուցակարգ, այդ թվում՝ տվյալ դեպքի համար, օրենսդրորեն սահմանված չէ։
Բողոքաբերը նշել է, որ վերոնշյալի արդյունքում մեղադրյալ Ա․Մովսիսյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի՝ դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը։
6. Միաժամանակ, բողոքաբերը, անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, նշել է, որ այն անօրինական է և անհիմն՝ այն պատճառաբանությամբ, որ նախաքննության մարմնի միջնորդության մեջ առկա չէ որևէ փաստական տվյալ առ այն, որ Արսեն Մովսիսյանը որևէ առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ գաղտնի քննչական գործողությունների զննության արձանագրությունները և վկայի ցուցմունքը այդպիսի տվյալներ չեն պարունակում։
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ առանց քննության թողնելով փաստաբան Տ.Աթանեսյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի պաշտպանները հանդիսացել են փաստաբաններ Հ․Բայանդուրյանը, Ս․Սարգսյանը և Ա․Կոչուբաևը։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ սույն վարույթի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդիսացել կամ հանդիսանում է Արսեն Արշալույսի Մովսիսյանի պաշտպանը։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իրավունք չունի բողոքարկել Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը, որպիսի պայմաններում նրա կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության:
Հատուկ վերանայման բողոքը վերը նշված հիմքով առանց քննության թողնելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադառնում հատուկ վերանայման բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջների պահպանված լինելու հարցերին։ (...)»1։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.
4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.
5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.
6) բողոքին կցվող նյութերի ցանկը.
7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին»։
11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:
12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:
13. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում8:
14․ Վճռաբեկ դատարանը Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ գործով, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ9 արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող10]:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը` 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ փաստաբան Տ․Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը բերվել է բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ վարույթի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ բողոք բերած անձը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հանդիսացել կամ հանդիսանում է մեղադրյալ Արսեն Մովսիսյանի պաշտպանը11։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վարույթի նյութերում անձի կարգավիճակը հաստատող բավարար տեղեկատվության բացակայության և դրա վերաբերյալ ողջամիտ կասկածներ ունենալու դեպքում, Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն վերադարձներ վերաքննիչ բողոքը՝ հնարավորություն ընձեռելով բողոք բերած անձին ներկայացնելու իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթեր։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստաբան Տ․Աթանեսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:
17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը պետք է բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար12:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարձվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս, նյութեր, հատոր 4, թերթեր 90-92:
2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
3 Տե՛ս նույն տեղում:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
8 Տե՛ս mutatis mutandis` Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 11-12․1․-րդ կետերը, Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:
9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-րդ կետը:
10 Տե՛ս, մեջբերված որոշման 15-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
|
Լ. Թադևոսյան | |
|
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: