ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0176 Ն. 30.06.2026
|
30 հունիսի 2026 թվականի |
թիվ 176-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ կարող են թողարկել, սպասարկել և իրացնել (տարածել) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` բանկեր),
նպատակ ունենալով հստակեցնել վճարային քարտի թողարկմանը, սպասարկմանը և տարածմանը վերաբերող բանկերի կողմից բարձրացված հարցադրումները և վճարային քարտերով կատարված գործարքների ավտոմատ հավաստագրումից բխող ռիսկերի կառավարման մեխանիզմները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին «իդ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգը` համաձայն Հավելվածի:»։
3) Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին» կարգի (այսուհետ` Կարգ) ամբողջ տեքստում բոլոր «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով։
4) Կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի գրավոր պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որը կնքվում է`
ա. կողմերի ստորագրությամբ (այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությամբ) մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, կամ
բ. բանկի կողմից հրապարակված` վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկին միանալու վերաբերյալ հաճախորդի գրավոր դիմումը բանկի աշխատակցի կողմից հաստատելու և հաստատված դիմումի բնօրինակը հաճախորդին հանձնելու միջոցով, կամ
գ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով:
Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված պայմանագիրը կամ գրավոր դիմումը հաճախորդին հանձնելը հավաստվում է բանկի օրինակի վրա այդ մասին հաճախորդի կողմից ձեռագիր գրառում կատարելու միջոցով: Էլեկտրոնային եղանակով ստորագրված պայմանագիրը կամ գրավոր դիմումը հաճախորդին հանձնելը հավաստվում է էլեկտրոնային հավաստման համարժեք տարբերակով:»։
5) Կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ՝ ՖԳԻԱՍ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված իմաստով,»:
6) Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ՊՈՍ տերմինալ` էլեկտրոնային սարք, որը նախատեսված է առևտրի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման դիմաց, այդ թվում՝ վիրտուալ միջավայրում վճարային քարտով անկանխիկ գործառնություն կատարելու կամ բանկի կամ վերջինիս տարածքային ստորաբաժանման տարածքում վճարային քարտով կանխիկացման, կամ անկանխիկ գործառնություն կատարելու համար,»։
7) Կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սպասարկող (merchant)` առևտրի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման կետ, այդ թվում՝ վիրտուալ միջավայրում, որը վճարային քարտի սպասարկում իրականացնող բանկի հետ կնքել է պայմանագիր` իր կողմից վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների դիմաց վճարային քարտը որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ,»։
8) Կարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) անվանագրում` վճարային քարտի տպագրություն՝ էմբոսացման, հարթ տպագրության կամ լազերային փորագրման տարբերակով, որը քարտի վրա, մագնիսական ժապավենի վրա կամ միկրոպրոցեսորային հիշողության մեջ տեղեկատվության գրառման ընթացակարգն է` համաձայն քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների։
9) Կարգը 3-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետով․
«8․1) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոն՝ հայաստանյան կամ արտասահմանյան քարտային վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որով սահմանվում են քարտային համակարգում մասնակցության, այլ քարտային վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցության (առկայության դեպքում) պայմանների, ինչպես նաև քլիրինգի, պրոցեսինգի իրականացման, վերջնահաշվարկի կատարման և ռիսկերի կառավարման հետ կապված ընդհանուր կանոններն ու ընթացակարգերը և դրանք ապահովող տեխնիկա-ծրագրային միջոցների կիրառման կարգ ու պայմաններ,»։
10) Կարգի 3-րդ կետի 10-րդ ենթակետում «ԱԳՄ» բառը փոխարինել «ՖԳԻԱՍ» բառով:
11) Կարգի 3-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
12) «11) անհատական նույնականացման համար (ՊԻՆ-կոդ)` քարտապանին նույնականացնող ծածկագիր, որը կիրառվում է քարտապանի կողմից վճարային քարտով գործարքներ իրականացնելու ժամանակ՝ քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված դեպքերում,»:
13) Կարգը 3-րդ կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետով․
«12․1) պահուստային հավաստագրման համակարգ` հայաստանյան կամ արտասահմանյան քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով սահմանված ընթացակարգ, համաձայն որի թողարկողի կամ համակարգի օպերատորի կամ թողարկողի կողմից լիազորված անձի (պրոցեսինգային կենտրոնի) ժամանակավոր անհասանելիության դեպքում վճարային քարտով գործառնությունների կատարումն իրականացվում է առանց թողարկողից թույլտվության ստացման (հավաստագրման)՝ տվյալ համակարգի կանոններով սահմանված սահմանաչափերի ներքո,»։
14) Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Թողարկողները թողարկում են վճարային քարտ, որը թույլ է տալիս քարտապանին թողարկողի հետ կնքված համապատասխան Պայմանագրի հիման վրա կատարել կանխիկ կամ անկանխիկ գործառնություններ:»։
15) Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
16) Կարգի 9-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը։
17) Կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
18) Կարգի 14-րդ կետում «համաձայն» բառից հետո լրացնել «,բացառությամբ սույն կարգի 20․1 կետով սահմանված դեպքի» բառերը։
19) Կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) վճարային քարտի և ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի (ծածկագրերի) տրամադրման, անվտանգ օգտագործման և գաղտնի պահպանման կանոնները,»։
20) Կարգը 15-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին ենթակետով․
«1․1) տեղեկատվություն վճարային քարտը ստանալուց հետո քարտապանի ըստ հերթականության կատարվող գործողությունների վերաբերյալ՝ քարտի ակտիվացման և հետագա օգտագործման համար,»։
21) Կարգը 15-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով․
«2․1) վճարային քարտի դիմերեսին կամ դարձերեսին քարտապանի անվան, ազգանվան (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր քարտապանի դեպքում` իրավասու (լիազորված) անձի անվան, ազգանվան) բացակայությամբ թողարկված քարտի օգտագործման համար սահմանված ցանկացած սահմանափակման (գումարի, գործողության ժամկետի, կանխիկացման, Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս կիրառելու հետ կապված), ինչպես նաև օգտագործման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն,»:
22) Կարգի 15-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9) վճարային քարտի կորստի կամ գողանալու դեպքում քարտապանի գործողությունները և բանկի կողմից կիրառվող ընթացակարգերը և դրանց կիրառման կարգը, պայմանները և ժամկետները,»:
23) Կարգի 15-րդ կետի 10-րդ ենթակետում «ժամկետները» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ կորցնելու կամ գողացված լինելու դեպքում» բառերը։
24) Կարգի 15-րդ կետի 12-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ․ քարտի տեսակով պայմանավորված համապատասխան դրամական պարտավորությունների վերադարձման (մարման), պարտադիր վճարման ենթակա գումարների գանձման կարգն ու պայմանները, ժամկետները՝ այդ թվում մարման արտոնյալ ժամանակ սահմանված լինելու դեպքում,»։
25) Կարգը 15-րդ կետի 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ ենթակետերով․
«14.1) վճարային քարտով գործառնություն իրականացնելու ընթացքում քարտն առգրավելու դեպքում վճարային քարտը քարտապանին վերադարձնելու կարգն ու պայմանները, ժամկետները,»,
«14․2) վճարային քարտով հեռահար կատարվող գործառնությունների ընթացքում քարտապանի նույնականացման ընթացակարգերը և քարտապանի գործողությունները, այդ թվում՝ բանկային գաղտնաբառի, անձնական բնույթի այլ տվյալների կիրառման հետ կապված,»։
26) Կարգի 20-րդ կետում «բանկոմատի» բառը փոխարինել «ՖԳԻԱՍ-ի» բառով:
27) Կարգը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-րդ կետով․
«20․1․ Թողարկողը պարտավոր է ունենալ ռիսկերի գնահատման սեփական մեթոդաբանություն, որի հիման վրա` կախված հայաստանյան կամ արտասահմանյան քարտային վճարահաշվարկային համակարգի պահուստային հավաստագրման համակարգերից, պարտավոր է սահմանել իր կողմից թողարկված քարտերով յուրաքանչյուր պահուստային հավաստագրման համակարգով կատարվող գործարքների սահմանաչափեր, որոնք կարող են տարբերվել հայաստանյան կամ արտասահմանյան քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով սահմանված սահմանաչափերից։»։
28) Կարգի 21-րդ կետի.
ա. ամբողջ տեքստում «կարճ հաղորդագրության (էս էմ էս)» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու» բառերը։
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Մասնավորապես, թողարկողը քարտապանին պետք է տրամադրի վերոնշյալ եղանակներից որևէ մեկից անվճար օգտվելու և ընտրված հաղորդակցման եղանակը փոփոխելու հնարավորություն՝ թողարկողի ընթացակարգերին համապատասխան:»։
29) Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետում «ավտոմատ գանձման մեքենայով (այսուհետ՝ ԱԳՄ-ով)» բառերը փոխարինել «ՖԳԻԱՍ-ով» բառով։
30) Կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սպասարկողի մոտ տեղադրված ՊՈՍ տերմինալով անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,»:
31) Կարգի 32-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և (կամ) իմպրինտերով» բառերը։
32) Կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետում «առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում» բառերը փոխարինել «սպասարկողի մոտ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-07-01 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2026 թվական: