«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2291-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ կամ պահման ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.01.26 N 28-Ն)
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.01.26 N 28-Ն)
1. Հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը:
(2-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի մարտի 1-ից:
|
|
Ա. Մարգարյան |
|
|
|
|
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ կամ պահման ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
(վերնագիրը լրաց. 08.01.26 N 28-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործընթացը:
(1-ին կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
2. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծեր (այսուհետ` նախագծեր):
(2-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
3. Թափոնների գոյացման նորմատիվը որոշում է միավոր արտադրանքի արտադրման ժամանակ առաջացած որոշակի տեսակի թափոնների սահմանված քանակները:
4. Թափոնների տեղադրման կամ պահման սահմանաքանակը սահմանում է որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որոշակի ժամկետով կարելի է տեղաբաշխել թափոնների տեղադրման կամ պահման օբյեկտներում` հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը:
(4-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
5. Թափոնների տեղադրումը կամ պահումը թույլատրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված սահմանաքանակների հիման վրա:
(5-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
6. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասի վտանգավոր թափոններ (համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի) ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մշակում են նախագծեր, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)՝ հաստատման:
(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
7. Նախագծերը մշակվում են հաշվի առնելով գոյացող թափոնների ֆիզիկաքիմիական կազմը, քանակը, տեսակը, վտանգավորության աստիճանը (դասը), տեղադրման կամ պահման օբյեկտը և դրա զբաղեցրած մակերեսը (ծավալը), ինչպես նաև շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության սահմանային թույլատրելի նորմատիվները:
(7-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
8. Նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների համար, որոնք տեղադրվելու են տվյալ կազմակերպության արդյունաբերական հրապարակներում կամ դրանց սահմաններից դուրս` կախված դրանց տեղադրման կամ պահման եղանակներից (պահում, թաղում):
(8-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
9. Կազմակերպության արդյունաբերական հրապարակներում թափոնների պահման եղանակներն են`
ա) տեխնոլոգիական փուլ ("Տ")` թափոնների պահում տվյալ կազմակերպությունում հետագա օգտագործման նպատակով` համաձայն թափոնների վերամշակման (օգտագործման) տեխնոլոգիական կանոնակարգի,
բ) կուտակում ("Կ")` թափոնների կուտակում այլ կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով թափոնները փոխանցելու նպատակով,
գ) թափոնների պահում մինչև մեկ տարի ժամկետով ("Պ")` թափոնների պահում տեխնոլոգիայի կամ պայմանագրի բացակայության դեպքում,
դ) թափոնների երկարատև պահում ("ԵՊ")` մեկ տարվանից ավելի ժամկետով թափոնների պահում:
10. Թափոնների դուրս բերումը կազմակերպության արդյունաբերական հրապարակից պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագիր), որոնց բացակայության դեպքում կազմակերպության արդյունաբերական հրապարակից դուրս բերված թափոնների քանակությունը դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում:
II. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ կամ պահման ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(վերնագիրը լրաց. 08.01.26 N 28-Ն)
11. Նախագծերի հաստատման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և լիազոր մարմին են ներկայացնում նախագիծը, կից ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում՝ նշելով իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը).
բ) վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,
գ) էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցված և հաստատված թափոնի անձնագիրը,
դ) (ենթակետն ուժը կորցրել է 08.01.26 N 28-Ն)
ե) տեղեկություններ թափոնների տեղադրման կամ պահման օբյեկտների մասին.
զ) այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և(կամ) թափոնների տեղադրման կամ պահման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը.
է) նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը.
ը) թափոնների տեղադրման կամ պահման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը.
թ) թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը.
ժ) բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը.
ժա) լիազորագիր՝ նախագիծը ներկայացնելու համար այլ անձի լիազորելու դեպքում:
(11-րդ կետը լրաց., փոփ. 08.01.26 N 28-Ն)
III. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ կամ պահման ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 08.01.26 N 28-Ն)
12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է դիմումատուին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:
(12-րդ կետը լրաց. 08.01.26 N 28-Ն)
13. Լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում նախագծերը հաստատելու, իսկ սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիակազմ չլինելու դեպքում` լրամշակման վերադարձնելու մասին:
14. Լրամշակված և կրկին ներկայացված նյութերը լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում են և ընդունվում է որոշում սույն կարգով հաստատված ընթացակարգով:
(14-րդ կետը փոփ. 08.01.26 N 28-Ն)
15. Նախագծերը հաստատվում են մեկ տարի ժամկետով:
16. Հաստատված նախագիծը դիմումատուին է տրամադրվում էլեկտրոնային հարթակի միջոցով:
(16-րդ կետը փոփ. 08.01.26 N 28-Ն)
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., փոփ. 08.01.26 N 28-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |