ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2026 թվականի N 211-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26․1-ին հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2011-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1-ին, 25․2-րդ և 25․3-րդ կետերով.
«25․1․ Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրվում է գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր տեսագրություն պետք է ներառի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, հաշվառման համարանիշը և պարունակի գազաբալոնի պարբերական վկայագրման նկատմամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված պահանջների իրականացման գործընթացը:
25․2․ Տեսագրությունները գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպության արտադրական բազայում պահպանվում են առնվազն 6 ամիս ժամկետով:
25․3. Սահմանել, որ՝
1) առանց տեսագրման գազաբալոնների պարբերական վկայագրումն արգելվում է․
2) գազաբալոնների պարբերական վկայագրման տեսագրումն իրականացվում է ապաանձնավորված տարբերակով, բացառությամբ՝ վկայագրումն իրականացնող անձի՝ վերջինիս համաձայնությամբ.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջները կատարելու, գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրելու, տեսագրությունները պահպանելու, ինչպես նաև տեսագրող սարքավորումների անխափան և հուսալի աշխատանքային վիճակի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու պարտավորությունները կրում են գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնող կազմակերպությունները.
4) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) լիցենզավորման հանձնաժողովի կամ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջվող տեսագրությունները տրամադրում են տեսագրություններ ներկայացնելու ծանուցումը պատշաճ ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:».
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
26.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2026 թվական: