ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1992 թվականի N 260
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):
2. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամանակին և լրիվ գանձումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին իրավունք վերապահել գործատուներից գանձելու`
ա) ժամանակին չվճարված պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարը.
բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին պետական սոցիալական ապահովության մուծումները հաշվարկելիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների թաքցրած կամ նվազեցրած գումարը.
գ) պետական սոցիալական ապահովագրության մուծումների հասանելիք գումարը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովադիրի գրանցումից խուսափելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության բանկերից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին չհաշվեգրելու և չփոխանցելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` այդ մուծումների գումարի 1 տոկոսի չափով:
Նշված գումարները և տույժը գործատուներից և Հայաստանի Հանրապետության բանկերից գանձվում են անվիճելիորեն, իսկ քաղաքացիներից` դատական կարգով և հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բանկերին`
ա) ապահովել պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամենօրյա փոխանցումը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կենտրոնացված հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ներկայացրած անվիճելիորեն գանձման մասին հանձնարարականները կատարել առաջնահերթ կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում մշակել ու հաստատել Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին հաշվեգրելու կարգը:
5. Սահմանել, որ հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական հիմնարկությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, այդ թվում բանկերը, պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և նրա տեղական մարմինների պահանջով ներկայացնել ֆոնդի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ և ֆինանսական փաստաթղթեր:
6. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների ձևավորման և ծախսման կարգին վերաբերող օրենսդրական և այլ ակտերի նախագծերը համաձայնեցվում են ֆոնդի հետ:
7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման և այդ միջոցների ծախսման կարգի մասին հրահանգը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի Հանրապետական բաժանմունքը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին» N 605 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման, զբաղվածության պետական քաղաքականության ֆինանսավորումն իրականացնող պետական մարմին է:
2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը տնտհաշվարկի սկզբունքով գործող ինքնուրույն ֆինանսական համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ:
II. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նպատակները և խնդիրները
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի գլխավոր նպատակը հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովագրության և զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ֆինանսական ապահովումն է:
5. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի խնդիրներն են`
ա) ապահովել ֆոնդի պետական սոցիալական ապահովագրության սահմանված մուծումների գանձումը, հաշվառումը և կուտակումը.
բ) ապահովել սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, հանրապետության բնակչության զբաղվածության ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը.
գ) մասնակցել կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին, գործազուրկներին սոցիալական աջակցություն ցույց տալու հանրապետական և տարածքային ծրագրերի ֆինանսավորման գործին.
դ) սոցիալական ապահովագրության և զբաղվածության հարցերով, իր իրավասության սահմաններում, համագործակցել արտերկրյա համապատասխան մարմինների հետ:
6. Իր նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը`
ա) կազմակերպում է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը, վերարտադրությունը և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումը:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների հետ համատեղ իրականացնում է մուծումների ժամանակին և լրիվ մուտքը ֆոնդի հաշվին.
բ) ֆոնդը մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը և միջոցների ծախսումը կատարում է ֆոնդի նախագահության կողմից հաստատված հրահանգի համաձայն.
գ) իրականացնում է վերահսկողություն գործատուների, սոցիալական ապահովության ու զբաղվածության տարածքային մարմինների կողմից ֆոնդի միջոցների ճիշտ և նպատակային ծախսումների նկատմամբ.
դ) մասնակցում է սոցիալական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված հանրապետական ծրագրերի նախապատրաստման աշխատանքներին.
ե) մասնակցում է կենսարժողության դասիչի փոփոխման հետ կապված կենսաթոշակների բարձրացման կարգի և չափի մասին առաջարկությունների նախապատրաստմանը կամ մշակում է այդ առաջարկությունները.
զ) կազմակերպում և ապահովում է ֆոնդին տրված նվիրատվությունների, հանգանակությունների, այլ դրամական միջոցների հաշվառումը և ֆոնդի նախագահության որոշմամբ սահմանում դրանց օգտագործման ուղղությունները.
է) տալիս է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգի վերաբերյալ հրահանգչական ցուցումներ և պարզաբանումներ.
ը) ֆոնդի կողմից իրականացվող միջոցառումներին ներգրավում է այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց գործունեությունն առնչվում է կենսաթոշակառուների, հաշմանդամների, երեխաների և գործազուրկների շահերի պաշտպանությանը.
թ) սահմանված կարգով կազմում է ֆինանսահաշվապահական հաշվետվություններ և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար.
ժ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բանկային հիմնարկներից պահանջում է տեղեկություններ, որոնց հիման վրա կազմակերպում է գործատուների կողմից ապահովագրական մուծումների հատկացման, վճարման և նրանց հաշվից կատարված ծախսերի ֆինանսահաշվարկային փաստաթղթերի ստուգումներ:
III. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները
7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները գտնվում են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոոպերատիվների, համատեղ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, առանձին քաղաքացիների աշխատանքի վարձող անձանց, անկախ սեփականության ձևից և տնտեսավարման եղանակից, անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) վարձակալությամբ կամ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձանց սոցիալական ապահովագրության մուծումներից, ինչպես նաև քաղաքացիների պարտադիր ապահովագրական մուծումներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերին համապատասխան.
բ) հանրապետական և տեղական բյուջեներից կատարվող հատկացումներից.
գ) ռեգրեսիվ հայցերով ստացված միջոցներից.
դ) գործատուների լրացուցիչ հատկացումներից` «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 և 19 հոդվածներով նախատեսված դեպքերում.
ե) հանրապետության և այլ պետությունների գործատուների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.
զ) ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության շնորհիվ ձեռք բերված գումարներից և այլ մուծումներից:
8. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`
ա) օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման համար.
բ) երեխայի խնամքի և յուրաքանչյուր երեխայի համար ամենամսյա նպաստների վճարման, մայրության և մանկության պահպանության համար.
զ) ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության շնորհիվ ձեռքբերկի չափի բարձրացման համար.
դ) գործազրկության նպաստների վճարման, չզբաղված բնակչությանն օգնության ցուցաբերման, աշխատանքի տեղավորման գործում միջնորդության, մասնագիտական կողմնորոշման, գործազուրկների մասնագիտական պատրաստման, նրանց որակավորման բարձրացման և վերամասնագիտացման կազմակերպման համար.
ե) ֆոնդի ընթացիկ գործունեությունը ու ապարատի և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների պահպանումն ու զարգացումն ապահովելու համար.
զ) ֆոնդի նյութատեխնիկական բազայի ստեղծման, զարգացման և օրենսդրությամբ սահմանված այլ վճարումների համար.
է) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար.
ը) բնակչության շրջանում ֆոնդի խնդիրների վերաբերյալ բացատրական աշխատանքի և այլ միջոցառումների անցկացման համար.
թ) բնակչության առավել կարիքավոր խավերին սոցիալական աջակցություն ցույց տալու համար:
IV. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կառավարումը
9. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համակարգն ընդգրկում է ֆոնդի վարչատարածքային մարմինների ամբողջությունը:
10. Ֆոնդի կառավարման մարմինն է ֆոնդի վարչությունը, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ:
Ֆոնդի վարչության կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության բանկի ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության ղեկավարները կամ նրանց տեղակալները:
Ֆոնդի վարչության կազմում կարող են ընդգրկվել նաև պետական և հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:
11. Ֆոնդի նախագահին պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Ֆոնդի վարչությունը.
ա) ֆոնդի նախագահի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում ֆոնդի նախագահի տեղակալներին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
բ) մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների գոյացման կարգը.
գ) հաստատում է ֆոնդի բյուջեն և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև` դրանց կատարման մասին հաշվետվությունը.
դ) նախապատրաստում է առաջարկություններ սոցիալական ապահովության մուծումների չափի, ֆոնդի միջոցների գոյացման, դրանց գրանցման, հաշվառման ու կուտակման կարգի մասին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.
ե) հաստատում է ֆոնդի կառուցվածքը, հաստիքները և ծախսերի նախահաշիվը, համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգը, համակարգի տեղական մարմինների կանոնադրություններն ու հրահանգները.
զ) հաստատում է ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կանոնադրությունը.
է) ֆոնդը ներկայացնում է պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև` արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
ը) ընթացիկ հարցերի լուծման համար կազմում է ֆոնդի վարչության 7 անդամից բաղկացած նախագահություն:
13. Ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովը ստուգում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համակարգի ֆինանսատնտեսական գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կազմը հաստատում է ֆոնդի նախագահությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, ինչպես նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:
Հանձնաժողովն անդրանիկ նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ և տեղակալ:
V. Ֆոնդի կարգավիճակը
14. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
15. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահության գտնվելու վայրն է Երևան քաղաքը:
16. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը լուծարվում կամ վերակազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
17. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը` ներառյալ իր ֆինանսատնտեսական գործունեությունից ստացվող գումարները, օրենքով սահմանված կարգով ազատվում է հարկերի վճարումից:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.08.1998, N 493 | 01.05.1992, N 260 | |
| 22.03.1996, N 173 | 01.05.1992, N 260 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|