ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«02» նոյեմբեր 2026 թ. |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի ««Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 139-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը։
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի նոյեմբեր «02»-ի N 76-Ն հրամանի |
««ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ, ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Կազմակերպություններում բժշկական և ոչ բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը, բարձր մակարդակի ախտահանմանը, մանրէազերծմանը և ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման որակի հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանի |
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ, ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կազմակերպություններում բժշկական և ոչ բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը, բարձր մակարդակի ախտահանմանը, մանրէազերծմանը և ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման որակի հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Բժշկական կազմակերպություն), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի S (ԷՍ) բաժնի 96.02 դասի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի S (ԷՍ) բաժնի 96.09.0 դասի մարմնի դաջման (դաջվածք) և դակման (պիրսինգ) ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ Ոչ բժշկական կազմակերպություն) համար:
2. Նորմատիվը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 98-րդ ենթակետով սահմանված ոչ բուժական բնույթի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար:
3. Նորմատիվը սահմանում է Բժշկական և Ոչ բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) բժշկական և ոչ բժշկական արտադրատեսակների (այսուհետ՝ Արտադրատեսակ) մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման (այսուհետ` Մշակում) իրականացմանը, Մշակման և Կազմակերպությունների մաքրման, ախտահանման և մանրէազերծման որակի գործընթացի հսկողության պատասխանատուի պարտականություններին, Արտադրատեսակների դասակարգմանը և ըստ վարակի փոխանցման ռիսկի՝ դրանց Մշակման մեթոդին, փաթեթավորմանը, մանրէազերծման արդյունավետության մշտադիտարկմանը և որակի գնահատմանը, Կազմակերպություններում ախտահանման և մանրէազերծման որակի հսկողությանը ներկայացվող պահանջները:
4. Բժշկական կազմակերպությունում Արտադրատեսակների Մշակման, ախտահանման և մանրէազերծման որակի հսկողությունն իրականացվում է Բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու անձի՝ համաճարակաբանի կամ վարակի հսկողության պատասխանատուի (այսուհետ՝ պատասխանատու) կողմից կամ պայմանագրային հիմունքներով, իսկ Ոչ բժշկական կազմակերպությունում Արտադրատեսակների Մշակման, ախտահանման և մանրէազերծման որակի հսկողության պատասխանատուն ղեկավարն է կամ իրականացվում է պայմանագրային հիմունքներով:
5. Արտադրատեսակների Մշակումն իրականացվում է Կազմակերպության կողմից կամ պայմանագրային հիմունքներով:
6. Կազմակերպությունում կիրառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ (այսուհետ՝ Միջոց):
7. Միջոցի աշխատանքային լուծույթը պատրաստվում է այդ նպատակի համար Կազմակերպություններում նախատեսված բնական կամ արհեստական ներհոս-արտաձիգ օդափոխությամբ հատուկ սենքում:
8. Միջոցի աշխատանքային լուծույթի պատրաստման համար օգտագործվում են մաքուր, չոր, կափարիչով ամուր փակվող, առանց վնասվածքի տարաներ:
9. Միջոցի աշխատանքային լուծույթի համար նախատեսված տարաները մակնշվում են Միջոցի անվանման, խտության, նշանակության, պատրաստման ամսաթվի (օր, ամիս, տարի) և պիտանիության ժամկետի վերաբերյալ:
10. Միջոցի աշխատանքային լուծույթի համար նախատեսված տարայի և Միջոցի աշխատանքային լուծույթի ծավալն ապահովում են Արտադրատեսակների ամբողջական ընկղմումը Միջոցի աշխատանքային լուծույթի մեջ` պահպանելով Արտադրատեսակներից վեր՝ Միջոցի աշխատանքային լուծույթի շերտի առնվազն 1 սմ հաստություն: Արտադրատեսակներն ընկղմվում են քանդված և առանձնացված վիճակում, իսկ փակվող մասերն ընկղմվում են բաց վիճակում:
11. Արտադրատեսակների Մշակման գործընթացում բազմակի կիրառվող պարագաները Միջոցի աշխատանքային լուծույթի մեջ չեն պահվում, դրանք ախտահանելուց հետո պահվում են չոր վիճակում՝ մակնշված տարայի մեջ:
12. Արտադրատեսակների Մշակումն իրականացնող անձնակազմն աշխատանքի ընթացքում կրում է անհատական պաշտպանության միջոցներ` ձեռնոց, դիմակ, բժշկական գլխարկ, ակնոց և խալաթ:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Բժշկական կազմակերպությունում պատասխանատուն.
1) Բժշկական կազմակերպության ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Արտադրատեսակների Մշակման ընթացակարգերը նկարագրող փաստաթուղթը, Արտադրատեսակների Մշակման գործընթացում ներգրավված անձնակազմի անվանացանկը, Արտադրատեսակների դասակարգումը և դրանց մշակման մեթոդը` ըստ վարակի փոխանցման ռիսկի,
2) Արտադրատեսակների Մշակման գործընթացում ներգրավված անձնակազմին ուսուցանելու նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնում է դասընթաց Արտադրատեսակների Մշակման և բժշկական կազմակերպությունում ախտահանման և մանրէազերծման որակի հսկողության վերաբերյալ, որն արձանագրվում է, դասընթացի մասնակիցները ստորագրում են՝ փաստելով իրենց մասնակցության մասին, իսկ նոր ընդունվող աշխատողին հրահանգավորում է դրա վերաբերյալ, հրահանգավորման գործընթացն արձանագրվում է, աշխատողը ստորագրում է արձանագրությունը` փաստելով իրազեկման մասին,
3) նոր ընդունվող բուժաշխատողին հրահանգավորում է ստորև ներկայացվածի վերաբերյալ (հրահանգավորման գործընթացն արձանագրվում է, աշխատողը ստորագրում է արձանագրությունը` փաստելով իրազեկման մասին).
ա. անհատական պաշտպանության միջոցների կիրառման,
բ. քիմիական կամ կենսաբանական ազդակի ազդեցության դեպքը գրանցելու և հայտնելու կարգի,
գ. աշխատանքային անվտանգությանը ներկայացվող պահանջների,
դ. մաշկի ամբողջականության խախտման դեպքում միջամտություն իրականացնելու վտանգների և այդ դեպքում միջամտություն չկատարելու պահանջի,
ե. բոլոր այն կենսաբանական և քիմիական ազդակների վերաբերյալ, որոնց ազդեցությանն աշխատողը կարող է ենթարկվել միջամտություն իրականացնելիս:
14. Ոչ բժշկական կազմակերպությունում պատասխանատուն պայմանագրային հիմունքներով կազմակերպում է Արտադրատեսակների Մշակմանն առնչվող նոր ընդունվող աշխատողի հրահանգավորում և հետագայում տարին մեկ անգամ ուսուցում ստորև ներկայացվածի վերաբերյալ (հրահանգավորման և ուսուցման գործընթացն արձանագրվում է, աշխատողը ստորագրում է արձանագրությունը).
1) Արտադրատեսակների Մշակման, ախտահանման և մանրէազերծման որակի հսկողության վերաբերյալ իրավական ակտերի,
2) անհատական պաշտպանության միջոցների կիրառման,
3) աշխատանքային անվտանգությանը ներկայացվող պահանջների,
4) մաշկի ամբողջականության խախտման դեպքում միջամտություն իրականացնելու վտանգների և այդ դեպքում միջամտություն չկատարելու պահանջի,
5) բոլոր այն կենսաբանական և քիմիական ազդակների վերաբերյալ, որոնց ազդեցությանն աշխատողը կարող է ենթարկվել աշխատանքի ընթացքում:
ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ՝ ԸՍՏ ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ
15. Ըստ Սպոլդինգի դասակարգման, կախված վարակի փոխանցման ռիսկից, Արտադրատեսակները դասակարգվում են.
1) ցածր վտանգավորության` շփվում են միայն չվնասված մաշկի հետ, չեն խախտում մաշկի ամբողջականությունը, չեն շփվում լորձաթաղանթների հետ,
2) վտանգավոր` շփվում են լորձաթաղանթների և մաշկի հետ` չխախտելով դրանց ամբողջականությունը,
3) խիստ վտանգավոր` ներթափանցում են հյուսվածքներ, օրգաններ, անոթային համակարգ կամ շփվում են կենսահեղուկների հետ:
16. Ըստ վարակի փոխանցման ռիսկի՝ Արտադրատեսակների Մշակման մեթոդներն են.
1) ցածր վտանգավորության Արտադրատեսակներն ախտահանվում են,
2) վտանգավոր Արտադրատեսակները ենթարկվում են բարձր մակարդակի ախտահանման:
3) խիստ վտանգավոր Արտադրատեսակները մանրէազերծվում են:
ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ, ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԸ
17. Արտադրատեսակներն օգտագործումից անմիջապես հետո՝ տեղում, ենթարկվում են մաքրման: Արտադրատեսակների մաքրմանը հաջորդում է Արտադրատեսակների ախտահանումը և նախամանրէազերծումը, որոնք իրականացվում են տեղում կամ մանրէազերծման սենյակի ապաբաղարկման գոտում: Ախտահանումը և նախամանրէազերծումը կարող են համատեղվել մեկ գործընթացում:
18. Արտադրատեսակների նախամանրէազերծման որակի հսկողության վերաբերյալ կատարվում են գրանցումներ Նորմատիվի Ձև 1-ով սահմանված գրանցամատյանում:
19. Արտադրատեսակների ախտահանման և նախամանրէազերծման որակի մշտադիտարկումն իրականացվում է ստուգիչ փորձով՝ ստուգվում են միաժամանակ մշակված Արտադրատեսակների 10%-ը, բայց 3-ից ոչ պակաս:
20. Արտադրատեսակների ախտահանման և նախամանրէազերծման որակի մշտադիտարկման ստուգիչ փորձն իրականացվում է ցուցիչների (ինդիկատորներ) միջոցով՝ Արտադրատեսակների վրա արյան հետքերի և մաքրման գործընթացում օգտագործված Միջոցի առկայության որոշման նպատակով: Արտադրատեսակների մաքրման գործընթացում օգտագործված Միջոցի առկայությունը որոշվում է այն դեպքում, երբ Միջոցի աշխատանքային լուծույթի ջրածնային ցուցիչը՝ рН–ը 8,5-ից բարձր է:
21. Արտադրատեսակների վրա արյան հետքերի հայտնաբերման դեպքում՝ մշակման ենթարկված Արտադրատեսակների ողջ խմբաքանակը կրկնակի մշակվում է` սկսած մաքրման գործընթացից մինչև արյան հետքերի ամբողջական բացակայությունը:
22. Արտադրատեսակների մաքրման գործընթացում օգտագործված Միջոցի հետքերի հայտնաբերման դեպքում մշակման ենթարկված Արտադրատեսակների ողջ խմբաքանակը լվացվում է հոսող ջրով` մինչև Միջոցի հետքերի ամբողջական բացակայությունը:
ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԸ
23. Կազմակերպությունում մանրէազերծումն իրականացվում է Կազմակերպության մանրէազերծման սենյակի մանրէազերծման գոտում: Մանրէազերծման սենյակը բաժանվում է 3 գոտու` ապաբաղարկման (Արտադրատեսակների մաքրման, ախտահանման և նախամանրէազերծման գործընթացներ), փաթեթավորման և մանրէազերծման: Ապաբաղարկման գոտին մյուս գոտիներից տարանջատվում է ախտահանման ենթարկվող նյութից շարժական կամ ստացիոնար ֆիզիկական պատնեշով (միջնապատով):
24. Կազմակերպության մանրէազերծման սենյակի մանրէազերծման գոտու օդը վարակազերծվում է մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան: Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքերի աշխատանքի հսկման վերաբերյալ կատարվում են գրանցումներ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրամանի Ձև 2-ով սահմանված գրանցամատյանում, բացառությամբ այն սարքերի, որոնց աշխատաժամանակը գրանցվում է սարքի էկրանի (ցուցատախտակի) վրա:
25. Կազմակերպության մանրէազերծման սենյակն ապահովվում է բնական օդափոխությամբ կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով:
26. Կազմակերպության մանրէազերծման սենյակի պատերը, առաստաղն ու հատակը, գույքն ունենում են հարթ և ամբողջական, ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ՝ առանց քիվերի և հարդարումների:
27. Կազմակերպության մանրէազերծման սենյակի ապաբաղարկման գոտին ապահովվում է Արտադրատեսակների և ձեռքերի լվացման համար նախատեսված առանձին լվացարաններով կամ երկտեղանի լվացարաններով։
28. Կազմակերպությունում մանրէազերծման սենյակի բացակայության դեպքում Արտադրատեսակների Մշակումն իրականացվում է տեղում՝ ապահովելով Նորմատիվի 23-ից 27-րդ կետերի պահանջները:
29. Արտադրատեսակների ֆիզիկական (գոլորշային, չոր օդով) կամ քիմիական (Միջոցով, էթիլեն օքսիդով, օզոնային, գլասպերլենային, պլազմային) մեթոդներով մանրէազերծման նպատակով օգտագործվում են ստուգաչափված սարքեր և սարքավորումներ, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
30. Նախքան մանրէազերծումը սկսելը՝ Արտադրատեսակները չորացվում են մինչև տեսանելի խոնավության վերանալը:
31. Արտադրատեսակների գոլորշային մանրէազերծման պահանջներն են.
1) մանրէազերծող սարքի շահագործումն իրականացվում է գոլորշային մանրէազերծող սարքի հետ աշխատանքի թույլտվություն ունեցող աշխատակցի կողմից,
2) Արտադրատեսակների գոլորշային մանրէազերծումն իրականացվում է.
ա. մանրէազերծման տուփերի (բիքս) մեջ՝ առանց փաթեթավորման,
բ. մանրէազերծման տուփերի մեջ՝ փաթեթավորված,
գ. առանց մանրէազերծման տուփերի՝ փաթեթավորված,
3) Արտադրատեսակների փաթեթավորման նպատակով կիրառվում են թուղթ, կտոր-գործվածք և ցելյուլոզա պարունակող նյութեր, մանրէազերծման համար նախատեսված երկշերտ թուղթ, կտոր՝ սինթետիկ հիմքի վրա, թղթե և պլաստիկե համակցված նյութ,
4) նախքան մանրէազերծումը՝ մանրէազերծման տուփը գոտևորող մետաղական գոտին բացվում է,
5) մանրէազերծման տուփերը գոլորշային մանրէազերծող սարքում դասավորվում են այնպես, որ դրանց անցքերը դասավորված լինեն գոլորշու շարժման ուղղությանը փոխուղղահայաց,
6) փափուկ վիրակապական նյութով բեռնված մանրէազերծման տուփերը տեղադրվում են գոլորշու մղման ծորակից հեռու,
7) մանրէազերծման ավարտից հետո մանրէազերծման տուփը գոտևորող մետաղական գոտին փակվում է, նշվում է ամսաթիվը, ժամը, բաժանմունքը և մանրէազերծումը կատարող աշխատողի ստորագրությունը:
32. Գոլորշային, չոր օդի մեթոդով մանրէազերծման գործընթացի վերաբերյալ գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյանում` համաձայն Նորմատիվի Ձև 2-ի:
33. Քիմիական մեթոդով մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման պահանջներն են.
1) Միջոցով մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման պահանջներն են.
ա. մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման համար օգտագործվող Միջոցի աշխատանքային լուծույթի նոսրացումից խուսափելու նպատակով, Արտադրատեսակները մանրէազերծման են ենթարկվում չոր վիճակում` պահպանելով Միջոցին կից հրահանգով պահանջվող մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման ռեժիմը,
բ. Արտադրատեսակների բոլոր խոռոչներն ու խողովակները լցվում են Միջոցի աշխատանքային լուծույթով և մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման ողջ ընթացքում Արտադրատեսակի վրա ապահովվում է Միջոցի աշխատանքային լուծույթի շերտի 1 սմ-ից ոչ պակաս հաստություն,
գ. քիմիական մեթոդով (Միջոցով) մանրէազերծում կատարելիս՝ Միջոցի աշխատանքային լուծույթի մնացորդները Արտադրատեսակների վրայից լվացվում են առատ մանրէազերծ ջրով, չորացվում են, դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա կամ տեղադրվում մանրէազերծ տուփերում՝ մանրէազերծ սավանով կամ թանզիֆե անձեռոցիկով փաթաթված,
դ. բազմակի օգտագործման համար նախատեսված Միջոցի աշխատանքային լուծույթներ կիրառելիս, յուրաքանչյուր օգտագործումից առաջ, թեստ-զոլի օգնությամբ որոշվում է Միջոցի աշխատանքային լուծույթի պիտանելիությունը` ազդող նյութի արդյունավետ նվազագույն խտության որոշմամբ: Եթե թեստ-զոլը չի փոխում իր գույնը, Միջոցի աշխատանքային լուծույթի օգտագործումը դադարեցվում է և պատրաստվում է Միջոցի աշխատանքային նոր լուծույթ,
2) էթիլեն օքսիդով մանրէազերծման պահանջներն են.
ա. մանրէազերծման են ենթարկվում ջերմազգայուն, խոնավության նկատմամբ զգայուն Արտադրատեսակները, որոնք ենթակա չեն ինչպես չոր օդի մեթոդով, այնպես էլ գոլորշային մեթոդով մանրէազերծման,
բ. էթիլեն օքսիդի մեթոդով մանրէազերծումն իրականացվում է հատուկ այդ մեթոդի համար նախատեսված փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են փակ վիճակում` տուփերով կամ գործվածքից պարկերով,
3) օզոնային մանրէազերծումն իրականացվում է հատուկ օզոնային մանրէազերծող սարքերում: Դրանցից յուրաքանչյուրում Արտադրատեսակների մանրէազերծման ռեժիմը և փաթեթավորման պահանջները տարբեր են և կատարվում են սարքն արտադրողի հրահանգներին համապատասխան,
4) գլասպերլենային մանրէազերծման պահանջներն են.
ա. գլասպերլենային մեթոդով մանրէազերծման համար Արտադրատեսակները տեղադրվում են շիկացած ապակյա գնդիկներով լցված խցիկի մեջ` առնվազն 15 մմ խորությամբ,
բ. գլասպերլենային մեթոդով մանրէազերծման տևողությունն ընտրվում է՝ համաձայն գլասպերլենային մանրէազերծող սարքի կիրառման հրահանգների,
5) ջրածնի գերօքսիդի հիմքի վրա պլազմային մանրէազերծումն իրականացվում է միայն փաթեթավորված,
6) քիմիական մեթոդով մանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման ռեժիմի հսկողության արդյունքները գրանցվում են գրանցամատյանում` համաձայն Նորմատիվի Ձև 3-ի:
34. Էնդոսկոպները յուրաքանչյուր օգտագործումից հետո ենթարկվում են ամբողջական մշակման: Այն էնդոսկոպները, որոնք ներթափանցում են օրգանիզմի մանրէազերծ խոռոչ կամ ներթափանցելիս վնասում են մաշկը և լորձաթաղանթները, այսինքն՝ խիստ վտանգավոր Արտադրատեսակներ են (օրինակ՝ կոշտ էնդոսկոպ՝ արթրոսկոպ, լապարասկոպ, ցիստասկոպ, ճկուն էնդոսկոպ՝ նեֆրոսկոպ, անգիոսկոպ, խոլեդոխոսկոպ) ենթարկվում են մանրէազերծման, իսկ այն էնդոսկոպները, որոնք շփվում են լորձաթաղանթների և մաշկի հետ` չխախտելով դրանց ամբողջականությունը, այսինքն՝ վտանգավոր Արտադրատեսակներ են (օրինակ՝ կոշտ՝ բրոնխոսկոպ, ճկուն՝ բրոնխոսկոպ, գաստրոսկոպ, կոլոնոսկոպ) ենթակա են բարձր մակարդակի ախտահանման:
ԳԼՈՒԽ 6. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
35. Արտադրատեսակների փաթեթավորմանը ներկայացվող պահանջներն են.
1) յուրաքանչյուր փաթեթի վրա նշվում է մանրէազերծման ամսաթիվը և ժամը,
2) մանրէազերծ Արտադրատեսակների փաթեթավորման տեսակները, մանրէազերծումից հետո պահպանման ժամկետները ներկայացված են Նորմատիվի Աղյուսակ 1-ում, մանրէազերծված Արտադրատեսակների փաթեթավորման ժամկետները սահմանվում են արտադրողների կողմից առաջարկվող հրահանգներին համապատասխան,
3) գոլորշային մեթոդով մանրէազերծված Արտադրատեսակների պահպանման ժամկետները պայմանավորված են մանրէազերծման տուփի և փաթեթավորման տեսակով.
ա. ցանկացած տեսակի մանրէազերծման տուփում առանց փաթեթավորման մանրէազերծված և նույնիսկ մեկ անգամ բացված տուփով մանրէազերծ Արտադրատեսակները պահվում են մինչև 24 ժամ,
բ. չբացված` առանց ֆիլտրի մանրէազերծման տուփում պահվում են մինչև 72 ժամ,
գ. չբացված` ֆիլտր ունեցող մանրէազերծման տուփում պահվում են մինչև 21 օր,
4) մանրէազերծ սեղանը պատրաստվում է անմիջապես բժշկական միջամտությունից առաջ, առանց փաթեթավորման մանրէազերծված Արտադրատեսակները տեղադրվում են մանրէազերծ սեղանի վրա: Մանրէազերծ սեղանը պատրաստելուց հետո նշվում է պատրաստման ամսաթիվը, ժամը: Մանրէազերծ սեղանը պիտանի է օգտագործման առավելագույնը 6 ժամ, իսկ 6 ժամից հետո չօգտագործված Արտադրատեսակները ենթակա են մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման կամ մանրէազերծման։ Վերջնաժամկետը լրացած, սակայն չօգտագործած Արտադրատեսակները կրկին ենթարկվում են ախտահանման, նախամանրէազերծման, բարձր մակարդակի ախտահանման կամ մանրէազերծման, իսկ պիտանիության ժամկետը չլրացած, սակայն վնասված, խոնավացած, պատռված, ծակված փաթեթների Արտադրատեսակները (մանրէազերծման տուփերում, փաթեթներում) ենթակա են միայն մանրէազերծման,
5) ցանկացած տեսակի չփաթեթավորված Արտադրատեսակներով մանրէազերծման տուփի վրա բացելուց հետո նշվում է բացման ամսաթիվը, ժամը:
36. Օգտագործելուց առաջ ստուգվում է մանրէազերծ Արտադրատեսակների փաթեթի ամբողջականությունը:
37. Մանրէազերծումից հետո փաթեթավորված Արտադրատեսակները տեղափոխվում են օգտագործման սենք՝ ախտահանման ենթակա նյութից պատրաստված փակ բեռնարկղով։ Եթե մանրէազերծումը կատարվել է տուփով (բիքս) և օգտագործման սենքը գտնվում է այլ մասնաշենքում՝ տեղափոխման ժամանակ ծածկվում է սավանով։
ԳԼՈՒԽ 7. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
38. Կազմակերպությունում ապահովվում է Արտադրատեսակների մանրէազերծման արդյունավետությունը, և մանրէազերծման յուրաքանչյուր գործընթացը մշտադիտարկվում է՝ մանրէազերծում իրականացնող աշխատողի կողմից: Մանրէազերծման արդյունավետության մշտադիտարկումն իրականացվում է մանրէազերծող սարքերի աշխատանքային ռեժիմների հսկողության հետևյալ մեթոդներով.
1) ֆիզիկական՝ չափիչ սարքերի (ջերմաչափ, մանոմետր) միջոցով մանրէազերծող սարքի աշխատանքի ցուցանիշների (ջերմաստիճանի, ճնշման) օպերատիվ հսկողություն,
2) քիմիական ցուցիչների միջոցով, որոնք պարտադիր կիրառվում են ըստ նշանակության՝ դրանց ուղեկցող հրահանգներին համապատասխան և կախված տեղակայումից՝ լինում են ներքին և արտաքին,
ա. արտաքին ցուցիչ՝ առկա է փաթեթի վրա, իսկ որոնք չունեն ցուցիչ՝ փակցվում են Արտադրատեսակների փաթեթների վրա: Արտաքին ցուցիչները գնահատվում են անմիջապես մանրէազերծման ավարտից հետո,
բ. ներքին ցուցիչները տեղադրվում են մանրէազերծ տուփերում և գնահատվում են տուփը բացելուց հետո,
գ. մանրէազերծող սարքի աշխատանքային ռեժիմի քիմիական ցուցիչներով մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր շրջափուլի (բեռնման) ժամանակ։
3) Բժշկական կազմակերպություններում նաև կենսաբանական ցուցիչների միջոցով, որոնք կիրառվում են ըստ նշանակության՝ դրանց ուղեկցող հրահանգներին համապատասխան, կիսամյակը մեկ անգամ հաճախականությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր սարքի վերանորոգումից կամ տեղադրումից հետո:
39. Արտադրատեսակների մանրէազերծման որակը գնահատվում է լաբորատոր հսկողությամբ՝ մանրէազերծված Արտադրատեսակների մանրէաբանական հետազոտության (ցանքս) միջոցով։
40. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում Արտադրատեսակների մանրէազերծման որակի գնահատման լաբորատոր հսկողությունն իրականացվում է ամիսը մեկ անգամ, իսկ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում և Ոչ բժշկական կազմակերպությունում՝ երեք ամիսը մեկ անգամ:
41. Արտադրատեսակների մանրէազերծման որակի գնահատման լաբորատոր հետազոտություններն իրականացվում են Կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ պայմանագրային հիմունքներով:
42. Արտադրատեսակների մանրէազերծման որակի գնահատման նպատակով Կազմակերպությունում Արտադրատեսակների մանրէազերծման որակի հսկողության են ենթարկվում միաժամանակ մանրէազերծված Արտադրատեսակների 10%-ը, սակայն 3-ից ոչ պակաս: Արտադրատեսակների մանրէազերծման որակի հսկողության արդյունքում ոչ մանրէազերծ Արտադրատեսակներ չպետք է լինեն:
ԳԼՈՒԽ 8․ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
43. Բժշկական կազմակերպությունում շրջակա միջավայրի ախտահանման գործընթացի արդյունավետությունը գնահատվում է լաբորատոր հսկողությամբ՝ մանրէաբանական հետազոտության (ցանքսի) միջոցով։
44. Բժշկական կազմակերպությունում մանրէաբանական հետազոտությունները կազմակերպվում են պլանային՝ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, ինչպես նաև արտահերթ` համաճարակաբանական ցուցումներով և ախտահանման ու մանրէազերծման գործընթացներում թերություններ հայտնաբերելիս։
45. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում ախտահանման (շրջակա միջավայրի առարկաներ, մակերեսներ) և վարակազերծման (օդային միջավայր) որակի հսկողության մանրէաբանական հետազոտություններն իրականացվում են Բժշկական կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ պայմանագրային հիմունքներով:
46. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում շրջակա միջավայրի առարկաների, մակերեսների ախտահանման որակի արդյունավետության գնահատման համար նմուշառումն իրականացվում է 2 մահճակալին` 1 լվացուկից ոչ պակաս հաշվարկով:
47. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում մանրէաբանական հսկողություն իրականացվում է վիրահատարանում, վիրակապարանում, միջամտությունների կաբինետում, մանրէազերծման սենյակում, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նորածնային ինտենսիվ թերապիայի պալատում:
48. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում ախտահանման որակի պլանային հսկողության նպատակով լվացուկների նմուշառում կատարվում է միայն սանիտարացուցադրական մանրէների, իսկ համաճարակաբանական ցուցումով` նաև ախտածին և պայմանական ախտածին մանրէների հայտնաբերման նպատակով: Պատճառագիտական գործոնի (ախտածնի) հայտնի լինելու դեպքում շրջակա միջավայրի հետազոտությունները կարող են իրականացվել միայն վերջինիս վերաբերյալ: Սանիտարացուցադրական մանրէների նկատմամբ հետազոտությունները ներառում են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ (ներառյալ՝ Կլեբսիելա ցեղի մանրէների բոլոր տեսակները), որը էնտերոբակտերիացեա ընտանիքի հիմնական սանիտարացուցադրական խումբն է), ոսկեգույն ստաֆիլակոկի (Ստաֆիլակոկուս աուրեուս՝ S. aureus) և կապտաթարախածին ցուպիկի (Պսևդամոնաս աէրագինոզա՝ P. aeruginosa) հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները:
49. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վիրահատարանում, նախավիրահատարանում և մանրէազերծման սենյակում ախտահանման որակի հսկողության լաբորատոր հետազոտությունների արդյունքում սույն հրամանի 48-րդ կետում նշված մանրէներ չպետք է հայտնաբերվեն:
50. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վիրակապարանում, միջամտությունների կաբինետում, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նորածնային ինտենսիվ թերապիայի պալատում ախտահանման որակի լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումները չպետք է գերազանցեն 10%-ը:
51. Բժշկական կազմակերպությունների վիրահատարանում, մանրէազերծման սենյակում, վիրակապարանում, վիրաբուժական ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակներում պահպանվում են օդային միջավայրի աղտոտվածության հետևյալ թույլատրելի մակարդակները՝ մանրէների ընդհանուր քանակը 1մ3 օդում (ԳԱՄ/մ3)՝ ոչ ավելի 500՝ մինչև աշխատանքների սկիզբը, ոչ ավելի 750՝ աշխատանքի ընթացքում, ոսկեգույն ստաֆիլակոկի, խմորասնկերի և բորբոսասնկերի քանակը 1 մ3 օդում՝ 0 (ԳԱՄ/մ3):
52. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում և Ոչ բժշկական կազմակերպությունում շրջակա միջավայրի առարկաների, մակերեսների ախտահանման որակի արդյունավետության գնահատման համար լաբորատոր հետազոտությունն իրականացվում է Կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ պայմանագրային հիմունքներով՝ յուրաքանչյուր աշխատանքային սենյակից (բացառությամբ վարչական աշխատանքային սենյակներից), մանրէազերծման սենյակից՝ 3 լվացուկի հաշվարկով, բայց ընդհանուր 10 լվացուկից ոչ պակաս (եթե առկա է մինչև 3 աշխատասենյակ): Շրջակա միջավայրի առարկաների, մակերեսների ախտահանման որակի լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումները չպետք է գերազանցեն 10%-ը:
53. Բժշկական կազմակերպության օդային միջավայրի նմուշների թիվը կարող է կազմել ախտահանման որակի հսկողության ենթարկվող նմուշների 5-10%-ը:
Աղյուսակ 1
ՄԱՆՐԷԱԶԵՐԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
հ/հ |
Փաթեթավորման տեսակ |
Պահպանման ժամկետ |
|
1. |
Թուղթ, կտոր-գործվածք և ցելյուլոզա պարունակող նյութեր |
3 օր |
|
2. |
Մանրէազերծման համար նախատեսված երկշերտ թուղթ, կտոր՝ սինթետիկ հիմքի վրա |
2 ամիս |
|
3. |
Թղթե և պլաստիկե համակցված նյութ ապարատով ջերմության միջոցով փակած |
6 ամիս |
|
4. |
Թղթե և պլաստիկե համակցված նյութ զգայորոշիչ փաթեթավորման ժապավենով փակած |
3 ամիս |
Ձև 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
Բաժանմունք (սենյակ) ____________________
|
Գրանցման սկիզբը _______________ |
Ավարտված է ___________ |
|
Ամսաթիվ |
Լրակազմ/ Արտադրատեսակ |
Նախամանրէազերծման որակի հսկողության ենթարկված Արտադրատեսակների քանակ |
Նախամանրէազերծման որակի հսկողության արդյունք |
Կատարողի ստորագրություն | ||
|
անվանում |
քանակ |
Արյան հետքերի առկայություն |
Միջոցի առկա-յություն | |||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
Ձև 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԳՈԼՈՐՇԱՅԻՆ, ՉՈՐ ՕԴԻ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ
Բաժանմունք (սենյակ) ____________________
Մանրէազերծող սարքի մակնիշը ____________________
|
Գրանցման սկիզբը _______________ |
Ավարտված է ___________ |
|
Ամսաթիվ |
Լրակազմ/ Արտադրատեսակ |
Մանրէազերծող սարքի միացման ժամ |
Մանրէազերծման ռեժիմ |
Մանրէազերծող սարքի աշխատանքի հսկողություն (քիմիական զգայորոշիչ) |
Կատարողի ստորագրություն | ||||
|
անվանում |
քանակ |
Սկիզբ ժամ |
Վերջ ժամ |
Ճնշում |
Ջերմաստիճան | ||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ձև 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
Բաժանմունք (սենյակ) ____________________
Մանրէազերծող սարքի մակնիշը ____________________
|
Գրանցման սկիզբը _______________ |
Ավարտված է ___________ |
|
»: | |||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|