ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1423-Ն
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՈՒԵՖԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒԵՖԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 05.11.26 N 1616-Ն)
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 46.1-ին հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163 Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվելիք՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման՝
1) աշխատանքների իրականացման նպատակով որպես պատասխանատու ստորաբաժանում հանդես կգա միջգերատեսչական մասնագիտական խումբը.
2) աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի.
3) աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացը կազմակերպվում է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով: Աշխատանքների իրականացման գլխավոր կապալի պայմանագիրը (այսուհետ նաև՝ պայմանագիր) կնքվում է «ՎենյուԷրա Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ՝ վերջինիս սահմանելով գլխավոր կապալառու՝ պայմանով, որ շինարարական աշխատանքները կատարող ընկերությունները և վերջիններիս ներկայացվող պահանջները նախապես գրավոր համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ.
4) պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և «ՎենյուԷրա Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև:
(1-ին կետը փոփ., լրաց. 05.11.26 N 1616-Ն)
2. Տալ նախնական համաձայնություն` մարզադաշտերի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության, աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման գործընթացների հրավերներում գնման գործընթացները հանրային շահի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին տեղեկություն ներառելուն:
(2-րդ կետը փոփ. 05.11.26 N 1616-Ն)
3. Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ կարգ)՝ հաշվի առնելով սույն ենթակետով սահմանված առանձնահատկությունները: Աշխատանքների գնման հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝
1) պայմանագրի գինը հավասար է շինարարական աշխատանքների գնի և հաջողության վճարի հանրագումարին: Պայմանագրի սկզբնական գինը սահմանվում է մասնակցի գնային առաջարկի հիման վրա (այսուհետ՝ պայմանագրի սկզբնական գին): Պայմանագրի իրական գինը սահմանվում է սահմանված կարգով փորձաքննված և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված արժեքի (այսուհետ՝ նախահաշվային արժեք) և հաջողության վճարի հանրագումարի չափով, որը չի կարող գերազանցել պայմանագրի սկզբնական գինը.
2) պայմանագրի և որակավորման ապահովման չափերը հաշվարկվում են պայմանագրի սկզբնական գնի նկատմամբ և հավասար են համապատասխանաբար գնի հինգ տոկոսին.
3) պայմանագիրը կնքվում է գործոնային գնով.
4) ընկերությանը կարող է հատկացվել կանխավճար՝ առավելագույնը ընդամենը 8,949,533.0 եվրոյի չափով, որից շինարարական աշխատանքների գնից՝ 6,562,991.0 եվրո, իսկ հաջողության վճարից՝ 2,386,542.0 եվրո: Շինարարական աշխատանքների գնից հատկացված կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի (համաձայնագրի) ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ.
5) մինչև մարզադաշտերի պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումը (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի)՝ պատվիրատուն չի վճարում պայմանագրի իրական գնի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսից: Ընդ որում՝ այդ հինգ տոկոսը ընկերությանը վճարվում է երկու փուլով՝ պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունը ստորագրվելուց և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումից (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի) հետո վճարվում է այդ գումարի կեսը (կատարված աշխատանքների ընդհանուր գումարի երկուսուկես տոկոսը), իսկ մյուս կեսը վճարվում է երաշխիքային սպասարկման ժամկետով (պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունը ստորագրվելուց և ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան հավաստագրումից (4-րդ կատեգորիայի շնորհում՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի) հետո հինգ տարի) կատարված աշխատանքների ընդհանուր գումարի երկուսուկես տոկոսի չափով համապատասխան բանկային երաշխիքի ներկայացման դիմաց.
6) պայմանագրով, ներառյալ շինարարական աշխատանքների հետ կապված ծագող վեճերով իրավունքների պաշտպանությունը, իրականացվում է բացառապես վնասի հատուցման եղանակով.
7) պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը: Պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների ու պարտականությունների կատարման պայման է հանդիսանում սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ապահովումների՝ բանկային երաշխիքների բնօրինակների ներկայացումը, որի համար վերջնաժամկետ է սահմանվում 2026 թվականի նոյեմբերի 30-ը: Սույն ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:
(3-րդ կետը փոփ., լրաց. 05.11.26 N 1616-Ն)
4. Հաջողության վճարը չի կարող գերազանցել 7,159,626.0 եվրոն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
(4-րդ կետը խմբ. 05.11.26 N 1616-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպման պայմանագիրը՝ հաշվի առնելով սույն որոշմամբ սահմանված կարգավորումները և առանձնահատկությունները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 2 հավելվածի 13.2-րդ կետը «Մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտերի կառուցման» բառերով։
7. Մարզադաշտերի վերակառուցման/կառուցման համար անհրաժեշտ նախահաշվային փաստաթղթերում շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների կողմնորոշիչ գների հիմքում դիտարկվում է լիազորված մարմնի կողմից յուրաքանչյուր ամիս հրապարակվող շինարարական նյութերի/ ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ տվյալների բացակայության դեպքում՝ մարզադաշտերը նախագծող ընկերության կողմից առաջադրված արտադրողների կամ պաշտոնական ներկայացուցիչների ցուցակից պատվիրատուի կողմից ընտրված արտադրողի կամ պաշտոնական ներկայացուցչի գնային առաջարկը: Ընդ որում՝ արտադրողների կամ պաշտոնական ներկայացուցիչների ցուցակում կարող են ներառվել միայն այն արտադրողները կամ պաշտոնական ներկայացուցիչները, որոնց կողմից առաջարկվող նյութերի/ապրանքատեսակների օգտագործումն ամբողջությամբ կհամապատասխանի ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտերի ստանդարտներով շինարարական աշխատանքների իրականացմանը՝ համաձայն 2025 թվականի խմբագրության ՈՒԵՖԱ մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի:
(7-րդ կետը լրաց. 05.11.26 N 1616-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.11.2026, N 1616-Ն | 01.10.2026, N 1423-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|