ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ M2 ԵՎ M3 ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1387-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (26.09.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.2026
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.09.2026
Дата вступления в силу
26.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2026 թվականի N 1387-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ M2 ԵՎ M3 ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշման 3.2.7-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ արտադրման օրվանից ոչ ավելի, քան երեք տարի անցած M2 և M3 կատեգորիաների անվավոր տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դնելը, եթե տվյալ տրանսպորտային միջոցի համապատասխանությունը հավաստվում է՝

1) «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 018/2011) նախատեսված՝ մինչև սույն որոշման համաձայն տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ դնելն առկա համապատասխանության գնահատման փաստաթղթով, կամ

2) Եվրոպական միության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ԵՄ տրանսպորտային միջոցի ամբողջական տիպի հաստատման վկայականով (EU Whole-Vehicle Type-Approval Certificate) և տվյալ տրանսպորտային միջոցի՝ հաստատված տիպին համապատասխանությունը հավաստող արտադրողի կողմից տրված համապատասխանության հավաստագրով (Certificate of Conformity, CoC)։

2. Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների ներմուծումը և շրջանառության մեջ դնելն իրականացվում են առանց այդ տրանսպորտային միջոցներն արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգերով (սարքվածքներով) համալրելուն ներկայացվող պահանջների կիրառման։

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դնելիս դրա նկատմամբ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթեր չեն ձևակերպվում։

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների շրջանառությունը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

5. Սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթղթերը տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ժամանակ ընդունվում են որպես սույն որոշմամբ նախատեսված համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր։ Պետական հաշվառման համար օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը ներկայացվում և մյուս պահանջները կատարվում են ընդհանուր կարգով։

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցի պետական հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում ամրագրել սույն որոշման համաձայն տվյալ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված լինելու և դրա նկատմամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը։

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ ապահովել սույն որոշման 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցի նույնականացումը ապահովելու նպատակով։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

24.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2026 թվական: