ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1224-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.08.2026
Дата вступления в силу
15.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1224-Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել գործունեության մասին ծանուցած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան։

2․ Հաստատել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 13-ի N 1224-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) տվյալների շտեմարան՝ գործունեության մասին ծանուցած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների համակարգված ամբողջություն.

2) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք.

3) օրենք՝ «Հանրային տեղեկությունների մասին» օրենք։

2. Սույն հավելվածը նախատեսում է դրույթներ տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, թարմացման, վերակազմավորման, դադարեցման և պաշտպանության, այլ պետական մարմինների կամ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքվող տվյալների կազմի, հավաքման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման վերաբերյալ:

3. Տվյալների հավաքումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն «մեկ հարցման» սկզբունքի հիման վրա՝ համաձայն Oրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

4. Տվյալների շտեմարանն ապահովում է միաժամանակ առնվազն 500 (հինգ հարյուր) օգտատիրոջ սպասարկման հնարավորություն։ Այն պետք է ապահովի նաև ինքնաշխատ մասշտաբավորման (autoscaling) հնարավորություն, որպեսզի կարողանա կարճաժամկետ ծանրաբեռնվածության ժամանակ միաժամանակ սպասարկել մինչև 2000 (երկու հազար) օգտատիրոջ։

5. Տվյալների շտեմարանում ներառված տվյալները համապատասխանում են «Զբոսաշրջության մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, չափորոշիչներին և կանոններին։

 

2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

6. Տվյալների շտեմարանը կառավարվում և շահագործվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից։ Կոմիտեն իրականացնում է տվյալների շտեմարանի օգտագործման, պահպանման, անվտանգության, թարմացման, վերակազմավորման և դադարեցման գործընթացները, ինչպես նաև ապահովում է այլ պետական մարմինների կամ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձանց կողմից տվյալների մշակման գործընթացի համակարգումը և վերահսկումը՝ սույն հավելվածով սահմանված կարգով։ Տվյալների շտեմարանում առկա մշակված հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե դրանում պարունակվող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով: Տվյալների շտեմարանում առկա անձնական տվյալները հրապարակման ենթակա են միայն այն մասով, որով դրանց հրապարակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով կամ դրանք օրենքի ուժով համարվում են հանրամատչելի, իսկ մնացած անձնական տվյալների հասանելիությունը սահմանափակվում է սույն հավելվածով սահմանված մարմինների և անձանց համար՝ իրենց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ծավալով։

7. Տվյալների շտեմարանում առկա տեղեկությունները կարող են օգտագործվել նաև հետևյալ մարմինների կողմից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն.

3) Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին.

4) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են հետևյալ տվյալները՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը.

3) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց ծանուցման հաշվառման համարը, օրը, ամիսը, տարին.

4) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց ծանուցման կասեցման կամ դադարեցման օրը, ամիսը, տարին.

5) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի դեպքում հաշվառման հասցեն կամ ծանուցում ստանալու համար նախընտրելի հասցեն.

6) գործունեության իրականացման վայր հանդիսացող հասցեի կադաստրային նույնականացուցիչ տվյալը, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում։

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը տրամադրվում են հետևյալ տվյալները՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման համաձայն՝ զբոսավարի որակավորման մասին տվյալ, այդ թվում՝ որակավորման վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարին, գործողության ավարտի օրը, ամիսը, տարին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման համաձայն՝ ուղեկցորդի որակավորման մասին տվյալ, այդ թվում՝ որակավորման վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարին, գործողության ավարտի օրը, ամիսը, տարին։

10. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրվում են հետևյալ տվյալները՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը.

3) գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի դեպքում հաշվառման հասցեն կամ ծանուցում ստանալու համար նախընտրելի հասցեն.

4) գործունեության իրականացման վայր հանդիսացող հասցեի կադաստրային նույնականացուցիչ տվյալը, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում.

5) ծանուցման ենթակա գործունեության տեսակը, ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող սոցիալական կամ այլ հարթակներով ներկայացվող անվանումները, ապրանքային նշանների ամբողջական անվանումներն ու դրանց համարժեքները՝ առնվազն ռուսերեն և անգլերեն.

6) հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտի տեսակը։

11.Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվում են հետևյալ տվյալները՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) ծանուցման ենթակա գործունեության տեսակը.

3) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները և արտագնա, ներգնա և ներքին զբոսաշրջային ծառայությունների մատուցման հնարավորությունները.

4) հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտի տեսակը, հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտում առկա համարների և ննջատեղերի (այդ թվում՝ լրացուցիչ ննջատեղերի) քանակը, զբաղվածությունը, մատուցվող ծառայությունների տեսակները։

12. Տվյալների շտեմարանում առկա տվյալները կարող են օգտագործվել վիճակագրական և վերլուծական նպատակով։

13. Տվյալների շտեմարանում առկա զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ հրապարակման ենթակա բաց տվյալները, սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված մարմինների կողմից մշակվում են՝ փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար:

14. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կոմիտեն տվյալների շտեմարանի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքները կարող է լիազորել իրավաբանական անձի։

 

3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՀԱՎԱՔՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՔՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

15. Տվյալների շտեմարանում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանցից հավաքվում են հետևյալ տվյալները՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը.

2) ծանուցման ենթակա գործունեության տեսակը.

3) ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող սոցիալական կամ այլ հարթակներով ներկայացվող անվանումները, ապրանքային նշանների ամբողջական անվանումներն ու դրանց համարժեքները՝ առնվազն ռուսերեն և անգլերեն.

4) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները՝ նշելով արտագնա, ներգնա և ներքին զբոսաշրջային ծառայությունների մատուցման հնարավորությունները.

5) արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորի, ինչպես նաև արտագնա զբոսաշրջային գործակալների՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, «Զբոսաշրջության մասին» օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի պահանջների պահպանմամբ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ստացված երաշխիքի առկայությունը հավաստող տվյալը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 76-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կանոնների մասին զբոսաշրջային գործունեության սուբյեկտի տեղեկացված լինելու մասին հայտարարություն.

7) հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտի տեսակը, հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտում առկա համարների և ննջատեղերի (այդ թվում՝ լրացուցիչ ննջատեղերի) քանակը, զբաղվածությունը, մատուցվող ծառայությունների տեսակները.

8) առկայության դեպքում՝ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների կողմից տրված թույլտվության, լիցենզիայի, ինչպես նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց համար միջազգային հավաստագրերի և համապատասխանության ստանդարտների վերաբերյալ տվյալ՝ ներառյալ տրման (շնորհման) օրը, ամիսը, տարեթիվը, երկիրը, համապատասխան մարմնի կամ կազմակերպության ինտերնետային կայքի հղումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման համաձայն՝ զբոսավարի որակավորման մասին տվյալ, այդ թվում՝ որակավորման վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարին, գործողության ավարտի օրը, ամիսը, տարին, որակավորման վկայականի տրման օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման համաձայն՝ ուղեկցորդի որակավորման մասին տվյալ, այդ թվում՝ որակավորման վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարին, գործողության ավարտի օրը, ամիսը, տարին, որակավորման վկայականի տրման օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում.

11) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի համարը, տրման ամսաթիվը, վավերականության ժամկետը, եթե ծանուցողը օտարերկրյա քաղաքացի է:

16. Տվյալների շտեմարանում փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով այլ շտեմարաններից ստացվում են հետևյալ տվյալները՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից` զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը, իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման կամ հաշվառման ամսաթիվը, լուծարման առկայությունը.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրից՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, մահվան օրը, ամիսը, տարին.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատողների քանակը՝ բացի իրավաբանական անձի գործադիր մարմնից.

4) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգից՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված տեսակի գործունեությամբ զբաղվելու դեպքում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության վայրը որպես գոյություն ունեցող հասցե վավերացնելու համար վերաբերելի հասցեի ընտրության հնարավորություն։

17. Տվյալների շտեմարանում տվյալների փոխանակման շերտով ստացվող տվյալներն օգտագործվում են միայն տվյալ գործողության կատարման կամ ստուգման նպատակով, իսկ տվյալների շտեմարանում պահպանվում է միայն տվյալ գործողության վերաբերյալ լոգային տեղեկությունը։

18. Տվյալների շտեմարան մուտք գործելու յուրաքանչյուր դեպք ենթակա է պարտադիր էլեկտրոնային հաշվառման։

19. Լոգերում հաշվառվում են առնվազն գործողությունը կատարած օգտատերը կամ համակարգային սուբյեկտը, գործողության տեսակը, նպատակը, ժամանակը, տվյալների շրջանակը, մուտքի անհաջող փորձերը, ստացող կամ փոխանցող համակարգը, ինչպես նաև փոփոխության պատճառը։

20. Լոգերի պահպանման ժամկետը 5 (հինգ) տարի է։

21. Տվյալների պատճենահանումը կամ փոխանցումը օրենքով չնախատեսված եղանակով արգելվում է։

 

4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԹԱՐՄԱՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

22. Տվյալների շտեմարանում պահպանվում են սույն հավելվածի 15-16-րդ կետերով սահմանված տվյալները։

23. Տվյալների շտեմարանում տվյալները պահպանվում են անժամկետ մինչև տվյալների շտեմարանի աշխատանքի դադարեցումը կամ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի՝ ծանուցման ենթակա գործունեության դադարեցումը կամ տվյալների մշակման նպատակի վերացումը և տվյալների արխիվացումը։

24. Տվյալների շտեմարանի աշխատանքը կարող է վերակազմավորվել և դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

25. Տվյալների շտեմարանում պահվում են միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման, իրականացման և ոլորտում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման նպատակով։

26. Սույն հավելվածով չնախատեսված որևէ տվյալ տվյալների շտեմարանում չի կարող պահվել։

27. Տվյալների շտեմարանում կարող են պահպանվել նաև սույն հավելվածի 15-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր, քանի դեռ նշված տեղեկությունները գոյություն չունեն որևէ համակարգում թվային եղանակով։

28. Տվյալների շտեմարանում առկա սույն հավելվածի 15-րդ կետի 3-5-րդ և 7-11-րդ ենթակետերով սահմանված տվյալները թարմացվում են կոմիտեի կողմից, եթե զբոսաշրջային ծառայություն մատուցող անձն իրականացնում է իր տվյալների փոփոխություն, բացառությամբ, երբ նման փոփոխությունների արդյունքում տեղի է ունենում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի փոփոխություն կամ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության կասեցում կամ դադարեցում։

29. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 15-16-րդ կետերով նախատեսված տվյալների վերաբերյալ առկա են փոփոխություններ, ինչի արդյունքում տեղի է ունենում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կամ ծանուցման ենթակա գործունեության տեսակի փոփոխություն, վերջինս պարտավոր է սույն հավելվածով և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել նոր ծանուցում, ինչին զուգահեռ դադարեցվում է մինչ փոփոխությունը ծանուցում ներկայացրած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեությունը։

30. Սույն հավելվածի 28-29-րդ կետերով սահմանված թարմացման տվյալների մասին տվյալների շտեմարանում կոմիտեի կողմից գրառում է կատարվում համապատասխան փոփոխությունների հասցեատեր զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի օգտահաշվում։

31. Տվյալների շտեմարանում սույն հավելվածի 15-16-րդ կետերով սահմանված տվյալները թարմացվում են սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։

32. Փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով ստացված տվյալները թարմացվում են ինքնաշխատ կերպով։

33. Տվյալների շտեմարանում պահպանվում են բոլոր փոփոխությունները՝ նշելով օգտատիրոջը, ժամանակը (timestamp) և փոփոխության պատճառը։

34. Տվյալների շտեմարանում որևէ տվյալ չի ջնջվում։

35. Տվյալների շտեմարանի կամ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության դադարեցման դեպքում տվյալների շտեմարանում առկա տվյալներն ամբողջությամբ արխիվացվում են կոմիտեի նախագահի կողմից հաստատված կարգով։

 

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Տվյալների շտեմարանում տվյալների պաշտպանությունն ապահովվում է տեխնիկական և կազմակերպչական միջոցներով՝ հաշվի առնելով տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության անհրաժեշտությունը։

37. Տվյալների շտեմարանում ներառված անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։

38. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը տվյալների շտեմարան մուտք է գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացման եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ծառայություն մատուցող օտարերկրյա անձինք, որոնք չեն կարող նույնականացվել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, կարող են մուտք գործել հարթակ՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար օգտագործվող անձնագրի տվյալները մուտքագրելով և հետևելով հարթակի ցուցումներին։

39. Տվյալների շտեմարանում կոմիտեի կողմից կառավարվում է դերային հասանելիության և օգտատերերի նույնականացման և լիազորման գործառույթը։

40. Տվյալների շտեմարան մուտքերը և կատարված գործողությունները հաշվառվում (լոգավորվում) են:

41. Կոմիտեն ապահովում է տվյալների շտեմարանի պարբերական աուդիտների իրականացումը։

42. Կոմիտեն ապահովում է շտեմարանի ստեղծման, ներդրման, փոփոխությունների, լրացումների, վերակազմավորման կամ դադարեցման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի պատրաստումը, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Ինքնավար մարմնից եզրակացության ստացումը և տվյալների շտեմարանի գրանցումը պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում։

43. Տվյալների շտեմարանում պահպանվում են տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ ապահովելով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի տվյալների պաշտպանությունը:

44. Կոմիտեի կամ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավաբանական անձի կողմից իրականացվում են տվյալների փոխանակման կոդավորում, մուտքի վերահսկում և անվտանգության կանոնավոր աուդիտներ՝ պաշտպանելու տվյալները չարտոնված մուտքից, խախտումներից կամ չարաշահումներից:

45. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավաբանական անձը, տվյալների շտեմարանի տեխնիկական սպասարկումն իրականացնելիս, պարտավոր է կոմիտեի հետ կնքված պայմանագրին համապատասխան՝

1) ապահովել իրեն վերապահված տեխնիկական անվտանգության միջոցների, տվյալների պահուստավորման և վերականգնման միջոցառումների, խոցելիությունների բացահայտման և կառավարման միջոցառումների, տեղեկատվական անվտանգության միջադեպերի արձագանքման միջոցառումների իրականացումը.

2) պահպանել տվյալների գաղտնիությունը և տվյալները չօգտագործել սույն հավելվածով և պայմանագրով չնախատեսված նպատակներով.

3) ապահովել տվյալների փոխանցման և պահպանման ընթացքում կիրառվող գաղտնագրման միջոցների օգտագործումը։

46. Տվյալների շտեմարանից անձնական տվյալների արտահոսքի կամ անվտանգության միջադեպի դեպքում կոմիտեն դիմում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին և տեղեկացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

47. Տվյալների շտեմարանից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկությունը պահպանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի իրադարձությունների մատյաններում՝ հաշվի առնելով օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: