ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1211-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.08.2026
Дата вступления в силу
12.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1211-Ն

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 29-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով ստացվող տվյալների մշակման ու փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 13-ի N 1211-Ն որոշման

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՈՒԹԱԲԱՐՁԻՉ ԵՎ ՀԱՆՈՒԹԱՓՈԽԱԴՐԻՉ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԸ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԱՆԽԱՓԱՆ ՄԻԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ, այսուհետ՝ ՋիՊիԷս (GPS)) համակարգով կահավորման, այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները։

2. Ընդերքօգտագործողները պարտավոր են օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնել բացառապես սերվերային համակարգին անխափան միացված՝ ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով։

3․ Սույն հավելվածի պահանջների իմաստով՝ սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, ինչպես նաև օգտակար հանածո տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները համարվում են ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված, եթե դրանց միջոցով իրականացվում է օգտակար հանածոյի արդյունահանում կամ փոխադրում և բացակայում է ՋիՊիԷս (GPS) համակարգը կամ ՋիՊիԷս (GPS) համակարգը խափանված է, անջատված է, բացակայում է ազդանշանը, խզված է կապը սերվերային ենթակառուցվածքի հետ կամ ապահովված չէ տվյալների իրական ժամանակում փոխանցումը։

4․ Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործողը պարտավոր է դադարեցնել տվյալ տեխնիկական կամ տրանսպորտային միջոցով իրականացվող օգտակար հանածոների արդյունահանման և փոխադրման աշխատանքները։ Նշված աշխատանքների վերսկսումը թույլատրվում է միայն համապատասխան հանգամանքի վերացումից և սույն հավելվածով սահմանված պահանջների ապահովումից հետո։

5․ Սույն հավելվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերում օգտակար հանածոների արդյունահանման կամ փոխադրման իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով և չափերով։

6․ Յուրաքանչյուր ՋիՊիԷս (GPS) համակարգ պետք է անխափան միացված լինի համապատասխան սերվերային ենթակառուցվածքին, որն ապահովում է.

1) տվյալների շուրջօրյա ընդունում և մշակում,

2) տվյալների մինչև մեկ տարվա վաղեմությամբ պահպանում,

3) լիազորված պետական մարմինների կողմից տվյալներին հասանելիություն կամ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում պահպանվող տվյալների տրամադրում՝ հարցման հիման վրա՝ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով։

7․ Սույն կարգի իմաստով ՋիՊիԷս (GPS) համակարգը համարվում է առկա և կիրառելի, եթե այն ապահովում է տվյալների ավտոմատ, անընդհատ և իրական ժամանակում արձանագրում ու պահպանում:

8․ Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջները հանդիսանում են ՋիՊիԷս (GPS) համակարգի առկայության և կիրառելիության անհրաժեշտ պայմաններ:

9․ Այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ՋիՊիԷս (GPS) համակարգի տեղադրումը, սպասարկումը և սերվերային ենթակառուցվածքի շահագործումը չի իրականացնում ինքնուրույն, պարտավոր է համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ կնքել պայմանագիր` օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածո տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու, նշված տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժն արձանագրող համապատասխան սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու, ինչպես նաև նշված տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի արձանագրման մասին մինչև մեկ տարվա վաղեմությամբ տեղեկատվությունը պահպանելու և հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշման N 2 հավելվածով սահմանված մարմիններին տրամադրելու ծառայության մասին։

10․ Այն դեպքում, երբ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը ՋիՊիԷս (GPS) համակարգի տեղադրումը, սպասարկումը, սերվերային ենթակառուցվածքի շահագործումը, ինչպես նաև տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի մասին տեղեկատվության պահպանումը, դրա տրամադրումը և սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության ապահովումն իրականացնում է ինքնուրույն՝ առանց համապատասխան ծառայություն մատուցող անձի ներգրավման, նշված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը։

11․ Ընդերքօգտագործողը պարտավոր է անձամբ կամ ծառայություն մատուցող անձի միջոցով վերահսկել և ապահովել սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածո տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի անխափան արձանագրման գործընթացը։ Անկախ պայմանագրային հարաբերությունների առկայությունից՝ սույն հավելվածով սահմանված պահանջների չկատարման համար պատասխանատվությունը կրում է ընդերքօգտագործողը։

12․ Սույն հավելվածի պահանջների պահպանման պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 13-ի N 1211-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՋիՊիԷս (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1․ ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեն հետևյալ պետական մարմինները՝

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

3) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը.

4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 13-ի N 1211-Ն որոշման

 

ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող, ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների կողմից ստացվող տվյալների հավաքագրման, մշակման, փոխանակման և պահպանման, տվյալների անվտանգության ապահովման, ՋիՊիԷս (GPS) համակարգից օգտվելու կարգը, ինչպես նաև համակարգի շահագործման կանոնները։

2. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալների մշակումը ներառում է դրանց հավաքագրումը, ավտոմատ գրանցումը, պահպանումը, համակարգումը և ներկայացումը՝ առանց տվյալների բովանդակության փոփոխման հնարավորության։

3. Տվյալների մշակումն իրականացվում է ընդերքօգտագործողի կամ ծառայություն մատուցող անձի միջոցով այնպես, որ ապահովվի.

1) տվյալների ամբողջականությունը և ճշգրտությունը.

2) տվյալների անընդհատ և հաջորդական գրանցումը.

3) տվյալների հետագծելիությունը ժամանակի և տեղանքի առումով.

4) տվյալների պաշտպանությունը։

4. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալները պահպանվում են համապատասխան սերվերային ենթակառուցվածքում առնվազն մեկ տարի ժամկետով։

5. ՋիՊիԷս (GPS) համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված մարմինները։

6. Շուրջօրյա հասանելիությունն ապահովելու նպատակով ընդերքօգտագործողը (կամ ծառայություն մատուցող անձը) պարտավոր է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված մարմիններին անհատույց տրամադրել սերվերային ենթակառուցվածքից օգտվելու համապատասխան մուտքային տվյալներ (օգտատիրոջ անուն, գաղտնաբառ) կամ ապահովել տվյալների ավտոմատ փոխանցումը նշված մարմինների տեղեկատվական համակարգերին։

7. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված մարմինները օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի վերաբերյալ պահպանվող տվյալների մասին տեղեկատվությունը կարող են ստանալ հարցման հիման վրա։

8. Հարցումը ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով և պետք է պարունակի՝

1) հարցում ներկայացնող մարմնի անվանումը.

2) հարցման նպատակը.

3) պահանջվող տվյալների շրջանակը (տեխնիկական կամ տրանսպորտային միջոցի նույնականացում, ժամանակահատված, տարածք).

4) պատասխանատու պաշտոնատար անձի տվյալները։

9. Հարցման հիման վրա տվյալների տրամադրումը պետք է իրականացվի հարցումը ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

10. Տվյալների փոխանակումն իրականացվում է տվյալների ամբողջականության, ճշգրտության և գաղտնիության ապահովմամբ։

11. Տվյալների փոխանցման ընթացքում պետք է պահպանվեն տեղեկատվական անվտանգության և պետական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների վերաբերյալ պահանջները։

12. ՋիՊիԷս (GPS) համակարգը և այն սպասարկող սերվերային ենթակառուցվածքը պետք է ապահովեն տվյալների տեղեկատվական, տեխնիկական և կազմակերպչական անվտանգության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է սույն հավելվածի 11-րդ և 13-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:

13. ՋիՊիԷս (GPS) համակարգը և սերվերային ենթակառուցվածքը պետք է համապատասխանեն սույն հավելվածով սահմանված տեղեկատվական անվտանգության պահանջներին և ապահովեն՝

1) չարտոնված մուտքի, ինչպես նաև ՋիՊիԷս (GPS) սարքերի և սերվերային ենթակառուցվածքի նկատմամբ չարտոնված ֆիզիկական կամ ծրագրային միջամտության բացառումը.

2) տվյալների կորստի կամ աղավաղման կանխումը.

3) տվյալների պահուստավորման և վերականգնման մեխանիզմների առկայությունը։

14. Համակարգի անվտանգության ապահովման նպատակով պարտադիր է՝

1) ապահովել տվյալների ամբողջականությունը, սերվերին անխափան միացումը և տվյալների փոփոխման անհնարինությունը առանց համապատասխան լիազորության.

2) կիրառել տվյալների պահպանման և փոխանցման ընթացքում գաղտնագրման և պաշտպանված կապուղիների մեխանիզմներ.

3) ապահովել տվյալների պահուստային կրկնօրինակման և վերականգնման գործիքակազմի առկայությունը.

4) սահմանել օգտվողների նույնականացման և մուտքի իրավասությունների տարանջատման հստակ կանոններ.

5) ապահովել սերվերային ենթակառուցվածքում օգտվողների մուտքերի և համակարգում կատարվող գործողությունների լոգավորումը։

15․ Սույն հավելվածով սահմանված պահանջներից որևէ մեկի խախտումը կամ չապահովումը հավասարեցվում է ՋիՊիԷս (GPS) համակարգի չկահավորված լինելուն կամ խափանմանը՝ հանգեցնելով սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված իրավական հետևանքներին։

16․ ՋիՊիԷս (GPS) համակարգի անվտանգության պահանջների ապահովման պատասխանատվությունը կրում է ընդերքօգտագործողը՝ անկախ պայմանագրային հարաբերությունների առկայությունից։

17. Հարցման հիման վրա ստացված տվյալները կարող են օգտագործվել միայն այն նպատակով, որի համար դրանք տրամադրվել են, և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց տվյալների տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

18. ՋիՊիԷս (GPS) համակարգը պետք է շահագործվի անընդհատ և անխափան՝ օգտակար հանածոների արդյունահանման և փոխադրման ամբողջ ժամանակահատվածում։

19. Արգելվում է՝

1) ՋիՊիԷս (GPS) սարքերի դիտավորությամբ անջատումը, ապամոնտաժումը կամ աշխատանքի խափանումը.

2) համակարգի տեխնիկական պարամետրերի կամ ծրագրային ապահովման փոփոխումը առանց համապատասխան իրավասության.

3) տվյալների ընտրովի գրանցումը, ջնջումը կամ խեղաթյուրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


14.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: