ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Принят
Ներքին գործերի նախարար
Дата принятия
20.05.2026
Подписан
Ներքին գործերի նախարար
Дата подписания
20.05.2026
Дата вступления в силу
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» մայիսի 2026 թ․

ԹԻՎ 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85․21-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 

«20» մայիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 3-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն (այսուհետ՝ ծառայողական քննություն) իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2․ Ծառայողական քննություն իրականացվում է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության պայմաններում՝

1) ենթադրյալ խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ և չի առնչվում փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ․

2) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը գրավոր հաստատմամբ ընդունում է իր մեղքը․

3) նախատեսվում է կիրառել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը․

4) կարգապահական տույժը կիրառելու է փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողը։

3. Ծառայողական քննությունը նախաձեռնվում է փրկարարական բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի որոշմամբ, եթե վերջինիս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով պատվիրակված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու լիազորությունը։

4․ Ծառայողական քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն գործառույթ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողի կողմից՝ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի հանձնարարությամբ։

5․ Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողի ներգրավումն իրականացվում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձի կողմից ընդունված գրավոր հանձնարարությամբ, որի համար հիմք կարող է հանդիսանալ նաև իրավասու ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը։

6․ Հանձնարարությամբ պարտադիր սահմանվում է՝

1) ծառայողին վերապահվող գործողությունների շրջանակը․

2) նրա իրավունքներն ու պարտականությունները․

3) ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը։

7․ Եթե իրավասու ստորաբաժանման կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվում է ծառայողական քննություն անցկացնելու նպատակահարմարությունը, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը կարող է ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել սույն կարգի 3-րդ կետով ներկայացված պաշտոնատար անձանց․

8․ Ծառայողական քննություն նշանակելու և այն իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողին հանձնարարելու վերաբերյալ իրավական ակտերը կայացման պահից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում են իրավասու ստորաբաժանմանը։

9․ Ծառայողական քննություն իրականացնող անձը՝

1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն.

2) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի և ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.

3) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը և զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.

4) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր, փաստաթղթեր և ուսումնասիրում է դրանք.

5) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից և ծառայողական քննությանն առնչվող անձանցից վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն․

6) կատարում է զննություն և դրա վերաբերյալ կազմում արձանագրություն.

7) օրենքով և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 2-Ն հրամանով սահմանված դեպքերում և կարգով դադարեցնում է ծառայողական քննությունը.

8) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության ընթացքում հայտնաբերված մեկ այլ խախտման փաստի մասին.

9) ստացված փաստաթղթերը և նյութերը կցում է գործին.

10) ծառայողական քննությունն ավարտելուց հետո ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն.

11) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ եզրակացությանը.

12) իր իրավասության սահմաններում լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությունները.

13) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով։ Այս դեպքում ինքնաբացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

10․ Ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է՝

1) գործել անաչառ․

2) ապահովել խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի լսված լինելու իրավունքը․

3) իրականացնել բացառապես հանձնարարությամբ սահմանված գործողություններ․

4) պահպանել քննության գաղտնիությունը․

5) ապահովել օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանումն ամբողջ քննության ընթացքում․

6) ապահովել խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի իրավունքների պաշտպանությունը՝ առանց քննության շահերին վնաս պատճառելու։

11․ Սույն կարգի 9-րդ կետով սահմանված գործողություններ կատարելիս ծառայողական քննություն իրականացնող անձը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 2-Ն հրամանով։

12․ Այն դեպքում, երբ ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում հայտնաբերում է մեկ այլ խախտման հատկանիշներ և այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարին, վերջինս ձեռնարկում է օրենքով սահմանված համապատասխան միջոցներ՝ տվյալ փաստի առթիվ քննություն նշանակելու ուղղությամբ։

13․ Ծառայողական քննության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 15 աշխատանքային օրը։

 

ԳԼՈՒԽ 2

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

14․ Ծառայողական քննության փուլերն են՝ փաստերի հավաքման փուլը, վերլուծական փուլը, եզրահանգման փուլը և ծառայողական քննության եզրակացություն կազմելու փուլը։

15․ Փաստերի հավաքման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է՝

1) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից և ծառայողական քննությանն առնչվող անձից վերցնել բացատրություններ.

2) իրականացնել իրավախախտման վայրի ուսումնասիրություն.

3) կատարել խախտման տարածքի դիտարկում․

4) իրականացնել փաստաթղթերի զննություն․

6) հավաքել ծառայողական քննությանն առնչվող փաստաթղթեր, հրամաններ, գրառումներ, հաշվետվություններ, արձանագրություններ, ֆիզիկական անձանց դիմումներ, տեղեկանքներ, հաղորդումներ և տեղեկատվության այլ աղբյուրներ, տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալներ (տեսագրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ), այլ նյութեր, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն։

16․ Վերլուծական փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը իրականացնում է՝

1) փաստական հանգամանքների բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրություն․

2) ապացույցների համադրված գնահատում՝ դրանց հավաստիության, բավարարության և նշանակության տեսանկյունից․

3) առերևույթ խախտման նախնական իրավական որակում՝ կիրառելի նորմերի շրջանակի որոշման միջոցով․

4) փաստական հանգամանքների գնահատում օրինականության, արդյունավետության, համաչափության և արդարացիության սկզբունքների հաշվառմամբ։

17. Եզրահանգման փուլի ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը վերլուծական փուլի արդյունքների հիման վրա կազմում է ծառայողական քննության եզրակացությունը՝ ամփոփելով քննության ընթացքում պարզված փաստական հանգամանքները, դրանց իրավական գնահատումը և ծառայողական քննության արդյունքներով կայացվելիք որոշման հիմքերը։

18․ Եզրահանգման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը՝

1) արձանագրում է քննության ընթացքում պարզված հանգամանքները և ստուգված փաստերը․

2) ներկայացնում է դրանց նկատմամբ իր ներքին համոզմունքով ձևավորված իրավական գնահատականը․

3) հիմնավորում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ իր եզրահանգումը․

4) առաջարկում է կիրառել «նախազգուշացում» կամ «նկատողություն» տույժ կամ նշում է դրա չկիրառման անհրաժեշտությունը։

19․ Ծառայողական քննությունը եզրափակվում է համապատասխան գրավոր եզրակացությամբ, որը պետք է պարունակի՝

1) ծառայողական քննության նշանակման իրավական հիմքը,

2) հաստատված հանգամանքների նկարագրությունը,

3) ծառայողի մեղքի ընդունումը,

4) կիրառելի կարգապահական տույժի առաջարկությունը։

20․ Ծառայողական քննության արդյունքում կազմված եզրակացությունը և կից նյութերը ծառայողական քննությունն իրականացրած փրկարարական ծառայողը այն կազմելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։

 

ԳԼՈՒԽ 3

 

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ, ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

21․ Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը և կից նյութերը ստանալու պահից՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող անձը կայացնում է որոշում՝

1) «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ․

2) կարգապահական տույժ չկիրառելու վերաբերյալ։

22. Կարգապահական տույժ կիրառելու մասին փրկարարական բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կայացրած որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է փրկարարական ծառայողին։

23․ Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։

24․ Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության և կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի, ինչպես նաև՝ լրացված վիճակագրական քարտի պատճենները ծառայողական քննություն իրականացնող անձը սահմանված կարգով 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է իրավասու ստորաբաժանում։

25․ Ծառայողական քննության արդյունքում կիրառված տույժի հետ անհամաձայնության դեպքում փրկարարական ծառայողը կարող է որոշումը ստանալու պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։

26․ Բողոքի ստացման պահից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը կայացնում է ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ որոշում, որի կատարումն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 2-Ն հրամանով սահմանված կարգով։

27․ Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված ծառայողական քննության արդյունքներով կազմվում է եզրակացություն, որի մեջ պետք է դիրքորոշումներ ներկայացված լինեն նաև բողոքի հիմնավորվածության, ծառայողական քննության իրավաչափության և կիրառված պատասխանատվության միջոցի համաչափության վերաբերյալ։

28․ Կազմված եզրակացությունը, այն կազմելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը և 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում բողոք ներկայացրած անձին՝ ծանոթացման համար։

29․ Բողոք ներկայացրած անձը իրավունք ունի իր միջնորդությունները ներկայացնել եզրակացությանը ծանոթանալու պահից՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոնք կցվում են ծառայողական քննության նյութերին։

30․ Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված ծառայողական քննության նյութերն ու սույն կարգի 27-րդ կետով նախատեսված եզրակացությունն իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից եզրակացությունը հաստատելու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։

31․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը նյութերը ստանալու պահից՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչել,

2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը թողնելով անփոփոխ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: