ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» մայիսի 2026 թ. |
N 14-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի Հավելված 1-ի՝
1) 12-րդ կետում «ուսումնական հաստատությանը՝ իր մասով, իսկ լիազորված մարմիններին՝ ըստ ենթակայության» բառերը փոխարինել «իսկ ուսումնական հաստատությանը և լիազոր մարմնին՝ յուրաքանչյուրին՝ իր մասով» բառերով:
2) 12-րդ կետը լրացնել նոր՝ 12.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.1. 2026 թվականի սեպտեմբերի մեկից՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի ենթակայության, իսկ 2027 թվականի սեպտեմբերի մեկից՝ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների լիազոր մարմինը համարվելու է Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)»:
3) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«15. Էլեկտրոնային ավարտական փաստաթղթում սխալ հայտնաբերելիս կամ դրա ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) անունով, 2026 թվականի սեպտեմբերի մեկից՝ պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի կողմից՝ բացառությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, որոնց դեպքում գրություն-միջնորդագրերը ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից գրություն-միջնորդագրերը ներկայացվում են տնօրենի կողմից 2027 թվականի սեպտեմբերի մեկից սկսած, ակտ՝ խոտանման վերաբերյալ և խոտանված ատեստատի կամ վկայականի բնօրինակ) առկայության դեպքում, իսկ անձնական տվյալների փոփոխության դեպքում տրվում է տեղեկանք համապատասխան մարմինների կողմից` առկայության դեպքում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում խոտանված փաստաթղթի համար կատարվում է նշում՝ «անվավեր», և ձևավորվում է նոր փաստաթուղթ՝ սույն կարգին համապատասխան։»:
4) 19-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) բառերով:
5) 19-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը» բառերը:
6) 20-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարան, Երևանի քաղաքապետարան)» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի մեկից:
|
5/15/2026 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2026 թվական: