ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-145-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.04.2026
Дата вступления в силу
15.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ուսումնական կենտրոն)» բառերով, իսկ «հավաստագիր» բառից հետո՝ «(այսուհետ՝ պատրաստման հավաստագիր)» բառերով,

բ. 2-րդ կետի «անհրաժեշտ վերապատրաստում» բառերը փոխարինել «՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, ուսումնական կենտրոնի կողմից ստացել են պատրաստման հավաստագիր կամ» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հարկային ծառայողներ են և սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ունեն ծառայողական առաջխաղացման իրավունք։»․

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները զբաղեցվում են պատրաստման հավաստագիր ունեցող՝ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ հարկային ծառայողներից կամ ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով:»․

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 «5. Հարկային մարմնում, ըստ պաշտոնների խմբերի, սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

ա. հարկային մարմնի վարչության պետ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

ա. հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

բ. հարկային մարմնի բաժնի պետ,

գ. հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ,

դ. հարկային մարմնի գլխավոր մասնագետ,

ե. հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

զ. հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր․

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

ա. հարկային մարմնի առաջատար մասնագետ,

բ. հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

գ. հարկային մարմնի ավագ օպերլիազոր․

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

ա. հարկային մարմնի առաջին կարգի մասնագետ,

բ. հարկային մարմնի հարկային տեսուչ,

գ. հարկային մարմնի օպերլիազոր:»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:»․

2) «պաշտոնը» բառից հետո լրացնել «, որի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 17.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում

 

1. Հարկային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը հարկային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:

2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպմանը և անցկացմանը հարկային մարմնի կողմից ուսումնական կենտրոնին օժանդակելու հետ կապված հարաբերությունները:

3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տարիքային ցենզի, բարձրագույն կրթության, հայերենին տիրապետելու և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում նա սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով ստացել է բացասական գնահատական:

4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները.

1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.

2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը:

5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:

6. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:

7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք:

8. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:

9. Հարցազրույցի կազմակերպման համար սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային մարմնի կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքով մասնակիցն ստանում է դրական կամ բացասական գնահատական:

10. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:

11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով, և որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքով պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչև պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:

12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:

13. Ծառայողական առաջխաղացման հիմքով հարկային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս հարկային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքով զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային մարմնի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով պատրաստման հավաստագիր ստացած անձն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:

15. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 17.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Հարկային ծառայողի պատրաստման հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ հարկային ծառայողների) ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 17.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը հիմք են անձին ցուցակից հանելու համար:»:

 

Հոդված 6. Օրենքի 17.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողներից, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային ծառայողներից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով՝ ըստ համապատասխան պաշտոնների ցանկի:»․

2) 2-րդ մասում՝

ա. 1-ին կետը «ծառայողների» բառից հետո լրացնել «՝ համապատասխան պաշտոնների» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պաշտոնին համապատասխան գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող և տվյալ պաշտոնին նշանակվելու համար դիմում ներկայացրած հարկային ծառայողները։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային մարմնի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պաշտոնի նշանակված հարկային ծառայողը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով ծառայողն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Դրական գնահատական ստանալու դեպքում հարկային ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:»․

5) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանում Է հարկային մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 7. Օրենքի 19.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «, իսկ հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով» բառերով․

2) 2-րդ մասից հանել «երեք» բառը․

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

4) 4-6-րդ մասերի «և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով․

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով․

«7.1. Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված՝ հարկային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաև հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքով հարկային մարմնի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի գնահատման արդյունքով երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային ծառայողին ծառայությունից ազատելու համար:»:

 

Հոդված 8. Օրենքի 25.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով.

«2.1) սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը.

2.2) գործող պատրաստման հավաստագիր չունենալը.

2.3) հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը.»․

2) 1-ին մասի 3-րդ կետը «հարկային» բառից առաջ լրացնել «հաստիքների կրճատումը կամ» բառերով․

3) 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 2.2-րդ, 3-րդ և 2-րդ մասի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի, մինչև երեք տարեկան երեխա խնամող հարկային ծառայողները և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողները:»:

 

Հոդված 10. Օրենքի 26.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)» բառերը փոխարինել «Ուսումնական կենտրոնի» բառերով․

2) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետից հանել «մասնագիտական» և «(այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը)» բառերը,

բ. 4-րդ կետի «հատուկ միջոցների և հրազենի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված հատուկ և այլ միջոցների» բառերով:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 2.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու օրացուցային տարի հետո:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացած պատրաստման և վերապատրաստման հավաստագրերը Օրենքով սահմանված գործողության ժամանակահատվածում ունեն սույն օրենքով սահմանված պատրաստման հավաստագրերին համարժեք իրավաբանական ուժ:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-145-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական: