ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 904-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (14.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.07.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2025
Дата вступления в силу
14.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2025 թվականի N 904-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը և 2.1-ին հոդվածը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) սահմանափակման ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 3-ի N 904-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սահմանափակման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից (բացառությամբ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ծագում ունեցող և ներմուծվող) սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման հետ կապված հարաբերությունները։

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) պատմական գնորդներին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով վերջին երեք տարվա ընթացքում պատմական գնորդների կողմից տվյալ ապրանքի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից (բացառությամբ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ծագում ունեցող և ներմուծվող) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված միջին ծավալից.

2) ապրանք` այն ապրանքները, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են ներմուծման սահմանափակումներ.

3) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք օրացուցային տարին.

4) որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ.

5) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որն իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար.

6) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա սահմանափակման ենթակա ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

7) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման մասով լիազոր նշանակված պետական կառավարման մարմին.

8) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

9) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

10) ոչ պատմական գնորդներ` սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետում չներառված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։

 

3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

3. Սահմանափակման ենթակա ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝

1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.

2) ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

 

4. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

4. Պատմական և ոչ պատմական գնորդների (այսուհետ` հայտատու) միջև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև որոշմամբ հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:

5. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

Vi  = Vid  x D,, որտեղ`

Vi i -րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,

Vid -ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,

D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:

D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝ կլորացնելով դեպի մեծությունը.

D = Vipt /Vt, որտեղ`

Vipt -ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,

Vt -ն բոլոր պատմական գնորդների կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:

6. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է կարգի 5-րդ կետով սահմանված հաշվարկին և 8-րդ կետի պահանջներին համապատասխան, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:

7. Ոչ պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հավասարաչափ՝ 8-րդ կետի պահանջներին համապատասխան, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը և պատմական գնորդներին բաշխված միջին ծավալը:

8․ Այն պատմական կամ ոչ պատմական գնորդների դեպքում, որոնց համար հաշվարկված ծավալը գերազանցում է 25 տոննան, հաշվարկված ծավալը դիտարկվում է 25 տոննա ամբողջական բազմապատիկներով, իսկ հաշվարկից դուրս մնացած մնացորդային մասը նվազեցվում է համապատասխան գնորդների հաշվարկված ծավալներից։

Սույն կետի 1-ին պարբերության համաձայն ձևավորված մնացորդային ծավալները բաշխվում են այն գնորդների միջև, որոնց հաշվարկված միջին ծավալը կազմում է 25 տոննայից պակաս՝ ապահովելով, որ նրանցից յուրաքանչյուրին հատկացվի ոչ պակաս, քան 25 տոննա։

Եթե ոչ պատմական գնորդներին սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հասանելիք ծավալը չի բավարարում բոլոր ոչ պատմական գնորդներին սույն կետի 1-ին և 2-րդ պարբերություններին համապատասխան բաշխելու համար, ապա բաշխումն իրականացվում է ըստ հայտերի ներկայացման ժամանակագրական սկզբունքի հերթականությամբ։

Եթե սույն կետի 1-ին և 2-րդ պարբերությունների կիրառման արդյունքում ձևավորված մնացորդային ծավալը հնարավոր չէ բաշխել 25 տոննա ամբողջական ծավալով, այդ ծավալը համարվում է մնացորդ և ներառվում է հաջորդ բաշխման ընթացքում բաշխման ենթակա պատմական գնորդների համար նախատեսված ընդհանուր ծավալի մեջ։

9. Եթե հայտատուները հայտը ներկայացնելու տարվանը նախորդող տարում ստացել են սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար լիցենզիա և հաշվետու ժամանակահատվածում չեն ներմուծել լիցենզիայով նախատեսված քանակը, բացառությամբ այդ դեպքերի, երբ հայտատուն սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներին համապատասխան հրաժարվել է իրենց հատկացված ծավալից, ապա սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան վերջիններիս հասանելիք ծավալը պակասեցվում է նախորդ տարում չբերված քանակին համաչափ։

10․ Մեկ տարի ներմուծման թույլատրելի ժամկետ ունեցող ապրանքների դեպքում՝

1) հայտատուները մինչև հաշվետու տարվա հուլիսի 15-ն իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է իրեն հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից մասնակի, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նոր լիցենզիա, որտեղ նշվում է իրեն հատկացված ներմուծման նոր թույլատրելի ծավալը։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ.

2) լիազոր մարմինը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված հայտատուների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը։

11․ Մեկ տարուց պակաս ներմուծման ժամկետ ունեցող ապրանքների դեպքում կամ այն դեպքում, երբ ապրանքները հնարավոր չէ բաշխել սույն կարգով՝ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը կարող է սահմանվել որոշումներով։

12. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` կարգի 6-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) ոչ պատմական գնորդների միջև` կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։

13․ Լիազոր մարմինը որոշումն ուժի մեջ մտնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դիմում է մաքսային ոլորտի լիազոր մարմին՝ հաշվարկված ժամանակահատվածում ապրանքի Հայաստանի Հանրապետության ներմուծման վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին:

14. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը՝ լիազոր մարմնի գրությունն ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տեղեկություն հաշվարկված ժամանակահատվածում (ըստ տարիների) ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված բնաիրային ծավալների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։

15. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար լիցենզիա ստացած հայտատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված սահմանափակման ենթակա ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։

16. Լիազոր մարմինը հաշվետու տարվա հուլիսի առաջին տասնօրյակում ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում սահմանափակման ենթակա ապրանքներ ներկրող հայտատուներին՝ հաշվետու տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված սահմանափակման ենթակա ապրանքների փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով լիազոր մարմնին հիմնավորված տեղեկություն ներկայացնելու վերաբերյալ։

 

5. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

17. Սահմանափակման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար հայտատուների կողմից լիազոր մարմին փաստաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն, մինչ սույն կետով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է իր կողմից ներկայացված հայտը ենթարկել փոփոխության։

18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկություն։

19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։

20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար փոստային առաքմամբ կամ առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

21. Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

22. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 18-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում, լիազոր մարմինը դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:

23. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո պետք է վերացնի առկա թերությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում և կարգով սահմանված եղանակով ներկայացնի լիազոր մարմին։

24. Սույն կարգի 23-րդ կետի պահանջը չկատարելու դեպում՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ժամկետում հայտը մերժվում է, որի մասին ծանուցվում է հայտատուին։

25․ Լիազոր մարմինը՝ ներկայացված փաստաթղթերում թերություններ առկա չլինելու դեպքում կամ այդպիսիք առկա լինելու դեպքում դրանք սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով վերացնելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստանալու նպատակով գրությամբ հարցում է ներկայացնում՝

1) Պետական եկամուտների կոմիտե՝ ոչ պատմական գնորդների կողմից ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող տարում գործունեություն իրականացնելու մասին և այդ ժամանակահատվածում առարկա հանդիսացող ապրանքի շրջանառության ծավալի մասին՝ բացառությամբ ոչ պատմական գնորդ հանդիսացող մսամթերք արտադրողների․

2) մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում ներառված կազմակերպությունների մասին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով անբողոքարկելի դարձած որոշման համաձայն ենթարկվել են պատասխանատվության՝ ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու պահից հաշված՝ նախորդ տարվա ընթացքում.

3) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով հայտը ներկայացնելու տարվանը նախորդող տարում վարչական վարույթի արդյունքներով հայտատուների գործունեության կասեցման մասին։

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում պահանջվող տեղեկությունը։

27. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝

1) կազմակերպությունները (սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետում նշված) ճանաչվել են փոխկապակցված ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գործող որևէ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով.

2) կազմակերպությունները (սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետում նշված) ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող տարվա ընթացքում չեն իրականացրել գործունեություն ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում․

3) կազմակերպությունը ճանաչվել է ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների մեջ արձանագրված ընկերություն.

4) գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով գործունեությունը կասեցված է։

28. Սույն կարգի 27-րդ կետի հիմքով 2 աշխատանքային օրվա ժամկետում հայտը մերժվում է՝ սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, որի մասին ծանուցվում է հայտատուին։

29. Կարգի 25-րդ կետում նշված մարմինների կողմից պահանջվող տեղեկությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում` ներմուծման թույլատրելի ծավալը բաշխում է հայտատուների միջև և 2 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրվում է հայտատուին:

30. Ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո առաջացած նոր բաշխման թույլատրելի ծավալի մասին լիազոր մարմնի սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից 3 աշխատանքային օր անց իր պաշտոնական կայքում տեղադրում է հայտարարություն՝ նշելով հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

31․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ լիազոր մարմնի կողմից ստանալու համար հայտատուն մինչ սույն կարգի 30-րդ կետով տրված հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետի ավարտը լիազոր մարմին է ներկայացնում հայտ։

32. Լիազոր մարմինը չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալը բաշխում է սույն կարգի պահանջներին համապատասխան։

33․ Եթե ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից առաջացած ծավալի երեք անգամ բաշխելուց հետո առաջացել է նոր չբաշխված ծավալ, ապա այդ ծավալի բաշխումն իրականացվում է հայտ ներկայացրած պատմական և ոչ պատմական գնորդների միջև հավասարաչափ։

34․ Հայտատուն մաքսային ոլորտի լիազոր մարմին է ներկայացնում լիազոր մարմնից ստացված լիցենզիայի բնօրինակի, ինչպես նաև արտոնության տրամադրման պայմանների պահպանումը հավաստող փաստաթուղթ, եթե նման պայման նախատեսված է որոշմամբ։

35. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում որոշումներով նախատեսված ժամանակահատվածի ավարտը:

36. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

37․ Իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում, հայտատուն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ժամկետում, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

 

6. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

38. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝

1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.

2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու.

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման.

4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.

5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:

39. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան.

3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.

4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

5) լիցենզիայի ժամկետը լրանալու:

40. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։

41․ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը դրա գործողության ժամկետի երկարաձգման համար հիմք չէ։

42. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

43. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ

N առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Արտահանող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9.Պայմանագրով նախատեսված

տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկություն

17. Լիցենզիա տալու հիմքը

18. Հայտատուի լիազորած անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Ստորագրությունը և կնիքը

 

____ ___________202 թ.

(հավելվածը խմբ. 09.04.26 N 449-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 3-ի N 904-Ն որոշման

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1.Մեկանգամյա լիցենզիա

N

2. Գործողության ժամկետը

3.Մեկանգամյա

լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Հաշիվ-ապրանքագիր

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9.Պայմանագրով նախատեսված

տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Ստորագրությունը և կնիքը

____ __________ 202 թ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 3-ի N 904-Ն որոշման

 

ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Գլխավոր լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ

N            առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով

նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Պաշտոնը

 

Ստորագրությունը և կնիքը

 

______ ______________ 202 թ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.04.2026, N 449-Ն 03.07.2025, N 904-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան