ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐԱԿԻ/ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-Ն
Տիպ
Հրաման
Тип
Официальная Инкорпорация (04.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.26
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.11.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.11.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 75-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐԱԿԻ/ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.01.24 N 48-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.

(նախաբանը խմբ. 30.01.24 N 48-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի բժշկական օգնության և սպասարկման (կանխարգելման, ախտորոշման, բուժման) կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 30.01.24 N 48-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 22-ի

N 75-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ շրջանակՆԵՐում ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, բուժման) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 30.01.24 N 48-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) բժշկական օգնության և սպասարկման (կանխարգելման, ախտորոշման, բուժման) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ըստ բժշկական ցուցումների, կազմակերպվում և իրականացվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշում, ՄԻԱՎ վարակով պացիենտի դիսպանսերային (շարունակական) հսկողություն, հակառետրովիրուսային (այսուհետ` ՀՌՎ) դեղերով բուժում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում, ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում, ՄԻԱՎ վարակով պացիենտի հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում, ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային դիտարկում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիթորինգ և գնահատում, առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում:

(2-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

3. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունը, լաբորատոր ախտորոշումը կազմակերպվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 2412–Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույց»-ի:

4. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունը, լաբորատոր ախտորոշումը ներառում են՝

1) իմունաֆերմենտային քննության մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

2) արագ թեստավորման մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

3) իմունաբլոտի միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ ռեֆերենս հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն, համաճարակաբանական դիտարկում,

4) կենսանյութի հետազոտություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ,

5) պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ՄԻԱՎ-ի վերաբերյալ որակական հետազոտություն:

5. Քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` ՔԿՀ) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733-Ն որոշման 1-ին կետով սահմանված կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման կարգի:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ԻՀԱԿ) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություններին տրամադրում է մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների կազմակերպման, իրականացման և դրանց որակի ապահովման հարցերով:

7. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող բժշկական կազմակերպությունները կազմակերպում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը կամ հավաքագրված արյան պահպանումն ու տեղափոխումը ԻՀԱԿ:

 

3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

8. ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային (շարունակական) հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3904-Ա հրամանով հաստատված «ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

9. Դիսպանսերային հսկողության շրջանակում ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվում են`

1) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ` իմունային կարգավիճակի և վիրուսային ծանրաբեռնվածության որոշում, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն, ըստ անհրաժեշտության արյան մակարդելիության և իոնային փոխանակության վերաբերյալ հետազոտություններ, արյան շճաբանական հետազոտություններ, ՊՇՌ հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություններ, կրծքավանդակի ռենտգենաբանական քննություն, տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտություններ, ըստ անհրաժեշտության ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների որոշման հետազոտություններ,

2) ՀՌՎ բուժում և բուժման լաբորատոր մոնիթորինգ,

3) օպորտունիստական վարակների ախտորոշում, կանխարգելում և բուժում,

4) ֆթիզիատրի խորհրդատվություն և տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում,

5) համակցված վարակների կառավարում,

6) իմունականխարգելում,

7) սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն,

8) իրավական հարցերով խորհրդատվություն,

9) բժշկական խորհրդատվություն բժշկական կազմակերպություններում և տնային այցերի ժամանակ:

10. ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողությունն իրականացվում է ԻՀԱԿ-ում:

11. ԻՀԱԿ-ում դիսպանսերային (շարունակական) հսկողության մեջ գտնվող պացիենտներն անհրաժեշտության դեպքում կարող են արտապլանային կարգով դիմել իրենց բնակության վայրի կամ այլ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության բժիշկ-վարակաբանին կամ նրան փոխարինող բժշկին, որը կիրականացնի ընդհանուր կլինիկական հետազոտություն, նաև անհրաժեշտության դեպքում կկազմակերպի լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ուղեկցող հիվանդությունների ախտորոշման դեպքում կնշանակի համապատասխան բուժում, իսկ ՀՌՎ դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման դեպքում` համապատասխան կարգավորող միջոցառումներ:

12. ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման և խնամքի հարցերով (ՀՌՎ բուժում, օպորտունիստական վարակների և ուղեկցող հիվանդությունների ախտորոշում և վարում) ԻՀԱԿ-ի մասնագետները բժշկական խորհրդատվություն են տրամադրում Երևանի, ՀՀ մարզերի բժշկական կազմակերպությունների բժիշկներին` պլանային կարգով և ըստ անհրաժեշտության:

13. ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ հիվանդության փուլի որոշման, ուղեկցող և օպորտունիստական հիվանդությունների հայտնաբերման, օպորտունիստական վարակների առաջնային կանխարգելման, ՀՌՎ բուժման տրամադրման, բուժման մոնիթորինգի և ՀՌՎ դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով կատարվում են կլինիկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 3904-Ա հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած վարակի հակառետրովիրուսային բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

14. ՄԻԱՎ/տուբերկուլոզ համակցված վարակի դեպքում ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 1421-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուս/տուբերկուլոզ համակցված վարակով պացիենտների վարման կլինիկական ուղեցույց»-ի:

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

15. ՄԻԱՎ վարակով պացիենտների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է`

1) ՄԻԱՎ-ին զուգորդող վարակիչ հիվանդություններով անձանց համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքում.

2) ՄԻԱՎ վարակով պացիենտների հիվանդանոցային պայմաններում հետազոտություն(ներ)ը՝ ախտորոշման նպատակով:

16. ՄԻԱՎ վարակով պացիենտները հոսպիտալացվում են ԻՀԱԿ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում՝ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ:

(16-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

17. ՄԻԱՎ վարակով չպայմանավորված ախտաբանական վիճակների և հիվանդությունների հետ կապված, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով պայմանավորված ինտենսիվ և նեղ մասնագիտական հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքներում:

 

5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՐԻՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՄԻԱՎ-Ի ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

18. Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման շրջանակում ՄԻԱՎ վարակով հղիներից ծնված նորածիններին ԻՀԱԿ-ի կողմից տրամադրվում են`

1) մանկական սնունդ մինչև երեխայի 9 ամսական տարիքը (մանկական կաթնախառնուրդ և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ),

2) հակառետրովիրուսային դեղեր,

3) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

19. Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելումն իրականացվում է ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կլինիկական ուղեցույցի համաձայն:

 

6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԵՏԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

20. ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումը տրամադրվում է մասնագիտական վարակման վտանգի ենթարկված և ՄԻԱՎ վարակով պացիենտի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց (ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա): ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման ծառայությունը ներառում է խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում: Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԻՀԱԿ-ում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5467-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսի հետկոնտակտային կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

 

7. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

21. ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելումը տրամադրվում է ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր վտանգ ունեցող անձանց: ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելման ծառայությունը ներառում է խորհրդատվություն, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում: Նախակոնտակտային կանխարգելումն իրականացվում է ԻՀԱԿ-ում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5466-Լ հրամանով հաստատված «Մարդու իմունային անբավարարության վիրուսի նախակոնտակտային կանխարգելման կլինիկական ուղեցույց»-ի:

 

8. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

22. Առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, տղամարդու հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տրանսգենդեր անձիք, աշխատանքային միգրանտներ) իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 375-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2022-2026թթ միջոցառումների ծրագրի:

 

 9. ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

23. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է ընթացիկ հսկողության և պարբերաբար անցկացվող ընտրանքային կենսաբանական և վարքագծային հետազոտությունների միջոցով: Նշված հետազոտություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 15-ի թիվ 673-Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողության ուղեցույց»-ի համաձայն:

 

10. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

24. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի ընթացիկ մոնիթորինգը և գնահատումն իրականացնում է ԻՀԱԿ-ը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 375-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2022-2026 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցուցանիշների և թիրախների:

 

11. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 01.04.26 N 26-Ն)

 

(հավելվածը փոփ., խմբ. 27.05.15 N 23-Ն, խմբ. 30.01.24 N 48-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)