ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (04.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.05.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.05.2022
Дата вступления в силу
30.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիս 2022 թ.

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

բնակչության առողջության պահպանման ԵՎ բարելավման ծրագրերի շրջանակներում ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի մայիս «18»-ի N 30-Ն

հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

բնակչության առողջության պահպանման եվ բարելավման ծրագրերի շրջանակներում ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են հիվանդանոցային` վերականգնողական և վերակենդանացման բժշկական օգնության և սպասարկման տեսակների գործունեության իրականացման լիցենզիա ունեցող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ընդ որում պարտադիր է սույն կետում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացումը` բժշկական կազմակերպության նույն մասնաշենքում:

(2-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

3. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններից օգտվում են զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն նախկին զինծառայողները, ովքեր․

1) գտնվում են հետվնասվածքային կոմատոզ վիճակում (վեգետատիվ վիճակ), կամ

2) խիստ արտահայտված ֆունկցիոնալ խանգարումների հետևանքով ունեն՝ ինքնասպասարկման ապահովման (անմիզապահություն և (կամ) անկղապահություն), տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու անկարողություն, այլ անձանցից լիակատար կախվածություն և որոնց համար պահանջվում է մշտական անկողնային ռեժիմ:

(3-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

4. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններն ընդգրկում են.

1) մասնագիտացված համալիր բուժումը,

2) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (այդ թվում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների) իրականացումը,

3) նեղ մասնագիտական խորհրդատվությունների իրականացումը (բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներով առկա տեսակների կամ խորհրդատվական տեսակի լիցենզիայի շրջանակներում),

4) ամենօրյա ստացիոնար խնամքի ապահովումը,

5) դեղերով ապահովումը, այդ թվում 1 միավորի (ամպուլա, հաբ, ֆլակոն և այլն) արժեքը 15,000 դրամը գերազանցող դեղերով ապահովումը,

6) խնամքի պարագաներով ապահովումը,

7) հարբժշկական ծառայությունների տրամադրումը (կինեզիոլոգիական, էրգոթերապևտիկ, լոգոպեդիկ և այլն),

8) սննդով ապահովումը, այդ թվում պարէնտերալ,

9) արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումը:

(4-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

5. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները կազմակերպվում են.

1) պացիենտի` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզի համաձայն, կամ

2) պացիենտի` տնային պայմաններում գտնվելու դեպքում` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատության ուղեգրի համաձայն` նախապես համաձայնեցնելով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպության հետ:

(5-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

6. Հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություն պացիենտի առաջին անգամ ընդունվելու դեպքում իրականացվում են հետևյալ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

1) էլեկտրասրտագրություն,

2) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն

3) որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն,

4) արյան ընդհանուր քննություն,

5) արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշում,

6) վիրուսաբանական հետազոտություններ՝ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածին (HbsAg), հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ իմունոգլուբուլին Ջ (HCV-IgG), մարդու իմունադեֆիցիտային վիրուս (HIV 1/2 –Ab),

7) մեզի ընդհանուր քննություն,

8) մեզի մանրէաբանական հետազոտություն,

9) խորխի և վերքի (առկայության դեպքում) մանրէաբանական հետազոտություն,

10) արյան կենսաքիմիական հետազոտություններ` ալբումին, կրեատինին, միզանյութ, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ):

(6-րդ կետը լրաց. 18.08.22 N 51-Ն)

7. Մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման ընթացքում լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.

1) կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն` երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

2) արյան ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

3) մեզի ընդհանուր քննություն` ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ բժշկական ցուցման,

4) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.22 N 51-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 18.08.22 N 51-Ն)

6) լաբորատոր և գործիքային ախտորոշիչ այլ հետազոտություններ՝ ըստ բժշկական ցուցման:

(7-րդ կետը փոփ. 18.08.22 N 51-Ն)

8. Այն դեպքում, երբ հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում բացակայում են պացիենտի բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունների (լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություններ և այլն) իրականացման հնարավորություն(ներ)ը, բժշկական կազմակերպությունը դրանք կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում` պայմանագրային հիմունք(ներ)ով:

(8-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 18.08.22 N 51-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.2026, N 26-Ն 18.05.2022, N 30-Ն
18.08.2022, N 51-Ն 18.05.2022, N 30-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան