ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 354-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (07.03.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2023
Дата вступления в силу
21.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 354-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) էլեկտրոնային հսկողություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.11.23 N 2055-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ իրականացնելու իրավունք ունեցող ԱՆՁԱՆՑ
(վերնագիրը փոփ. 23.11.23 N 2055-Ն)

 

1. Էլեկտրոնային հսկողություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք են՝

1) Քրեակատարողական ծառայության պետը.

2) Քրեակատարողական ծառայության պետի տեղակալները.

3) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետը.

4) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների պետերը.

5) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնական կայանում (ՕԿԿԿ) ծառայության նշանակված աշխատակիցները.

6) քրեակատարողական հիմնարկի պետը.

7) քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը.

8) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը.

9) քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայության նշանակված աշխատակիցները.

10) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը․

11) քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը։

(1-ին կետը փոփ., լրաց. 05.03.26 N 254-Ն)

2. Անհրաժեշտության դեպքում, սույն ցանկի 1-ին կետում նշված պաշտոնատար անձանց փոխարինում են նրանց ժամանակավոր պաշտոնակատարները:

(հավելվածը փոփ., խմբ. 23.11.23 N 2055-Ն, փոփ., լրաց. 05.03.26 N 254-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 354-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկում և դրա հարակից տարածքներում:

2. Հաշվի առնելով, որ դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու, խափանելու կամ բացահայտելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողություն՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, հետևաբար էլեկտրոնային հսկողության արդյունքները կարող են օգտագործվել միայն սույն կետով նախատեսված նպատակներին համապատասխան։

3. Էլեկտրոնային հսկողության արդյունքների ստացման և պահպանման համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ապահովվում է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և պայմաններով՝ պահպանման համար ունենալով համապատասխան ծավալով հիշողությամբ կրիչներ և տեսահսկման սարքավորումածրագրային համակարգ (այսուհետ՝ համակարգ):

4. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումը ենթակա է վերստուգման էլեկտրոնային հսկողություն իրականացնելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշումն ստանալուց անմիջապես հետո:

5. Համակարգը նախատեսում է քրեակատարողական հիմնարկում տարածքների ամբողջական տեսահսկում, բացառությամբ երկարատև տեսակցությունների համար հատկացված սենյակների, կացարանների և խցերի, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տեսանյութի պահպանում, անալիտիկ վերլուծություն և սահմանված ժամկետի լրացման դեպքում՝ ավտոմատացված ոչնչացում:

6. Համակարգն ապահովում է հեռահար եղանակով տեսանյութի հավաքագրումը, պահպանումը և մշակումը` առանձնացված և պաշտպանված կապուղիներով, առանց համացանցից անմիջական հասանելիության՝ տեղեկությունների հոսակորուստը բացառելու նպատակով:

7. Համակարգն օժտված է մի շարք անալիտիկ (վերլուծական) և ազդարարման գործառույթներով: Քրեակատարողական հիմնարկներում կահավորված օպերատիվ կառավարման կենտրոնները պետք է հնարավոր լինի վերահսկել (կառավարել) նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում օպերատիվ կառավարման կենտրոնական կայանից (ՕԿԿԿ)։

8. Տեսահսկման համակարգի միջոցով ստացված տվյալներն օգտագործվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը:

9. Էլեկտրոնային հսկողության համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Քրեակատարողական ծառայության պետին և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:

10. Տեսահսկման համակարգը պետք է աշխատի 24-ժամյա ռեժիմով և ունենա առնվազն մեկ ամիս տեսանյութի պահպանման և վերլուծության հնարավորություն: Մեկ ամիս տեսանյութի պահպանումն ապահովվում է ավտոմատացված ռեժիմով:

11. Մեկ ամսից ավելի տեսաձայնագրված տեղեկության պահպանման անհրաժեշտության դեպքում այն ծրագրային ապահովման միջոցով առանձնացվում և պահվում է երկու կրիչների վրա: Կրիչների վրա առկա տեղեկությունը կիրառվում է օրենքով նախատեսված նպատակների համար: Կրիչների վրա տեսաձայնագրված տեղեկության պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան:

12. Էլեկտրոնային հսկողությամբ ստացված տվյալների պահպանման համար կրիչները պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո և պահպանվեն չհրկիզվող պահարանում:

13. Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված առանձնացված տեղեկությունը պահպանվում է այնքան ժամանակ մինչև վերանում է դրա պահպանման անհրաժեշտությունը, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետով:

14. Եթե սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված տեղեկությունը փոխանցվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններին, ապա դրա տնօրինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

15. Ավտոմատ ռեժիմով ոչնչացված տեղեկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվում, իսկ սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունը ոչնչացնելու դեպքում կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է քրեակատարողական հիմնարկի պետը և էլեկտրոնային հսկողություն իրականացնող պատասխանատու ծառայողը:

(հավելվածը խմբ. 23.11.23 N 2055-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ

 

1. Բացի սույն որոշման N 1 հավելվածում նշված անձանցից էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեն՝

1) քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը.

2) քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի պետը և աշխատակիցները՝ ուսումնասիրության կամ ծառայողական քննության շրջանակներում.

3) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկում գործող օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում.

4) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը.

4.1) Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի հրամանի հիման վրա ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն իրականացնող աշխատակիցները՝ ուսումնասիրության կամ ծառայողական քննության շրջանակներում.

4.2) քրեակատարողական հիմնարկի իրավաբանը՝ ուսումնասիրության, ծառայողական քննության կամ վարչական իրավախախտման դեպքերով վարույթ իրականացնելու շրջանակներում.

5) քննիչը.

6) դատախազը.

7) դատարանը.

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, քրեակատարողական ոլորտը համակարգող տեղակալը, վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները.

9) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը համակարգող տեղակալը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողները.

10) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը համակարգող տեղակալը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ազգային անվտանգության ծառայողները.

11) Մարդու իրավունքների պաշտպանը:

(1-ին կետը լրաց., խմբ. 23.11.23 N 2055-Ն)

2. Սույն հավելվածի 1-ին կետի 5-10-րդ ենթակետով նախատեսված անձինք էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու և ստանալու իրավունք ձեռք են բերում իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(հավելվածը լրաց., խմբ. 23.11.23 N 2055-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության համակարգն առնվազն պետք է ներառի՝

1) տեսանյութի թվային տեսագրման և պահպանման սարքավորումներ.

2) ծրագրային վերլուծական և տեսանյութերի մշակման փաթեթ.

3) ակտիվ և պասիվ ցանցային սարքեր.

4) ցանցային տեսախցիկներ և/կամ ջերմային տեսախցիկներ (կախված տեխնիկական պահանջներից).

5) օպերատորների աշխատանքային կայաններ և/կամ մոնիթորներ.

6) այլ աքսեսուարներ և սարքավորումներ (ադապտորներ, կանեկտորներ, կախիչներ և այլն)

(հավելվածը խմբ. 23.11.23 N 2055-Ն, 05.03.26 N 254-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 354-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված՝ էլեկտրոնային հսկողության ընթացքում կիրառվող տեսանկարահանող, լուսանկարահանող և տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Տեխնիկական միջոցները կիրառելիս պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։

3. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի օրինական նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):

4. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):

5. Տեսաձայնագրող սարքերը պետք է կահավորվեն այնպես, որ դրանցով իրականացվող տեսահսկումը (տեսահսկման դաշտը) համապատասխանի անձնական տվյալների մշակման համաչափության՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):

6. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը, առողջությունը, իրավունքներն ու ազատությունները (անվտանգության սկզբունք): Տեխնիկական միջոցներ կիրառողն էլեկտրոնային հսկողություն իրականացնելիս պետք է ապահովի հարակից տարածքում պետական այլ մարմնի տարածքի էլեկտրոնային հսկողության տեսադաշտում չհայտնվելը, իսկ դրա անհնարինության դեպքում, պետք է տվյալ պետական մարմնի հետ նախապես համաձայնեցնի տեխնիկական միջոցի տեղադրման հարցը:

7. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն էլեկտրոնային հսկողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:

8. Տեխնիկական միջոցների կիրառման անընդհատությունն ապահովվում է քրեակատարողական հիմնարկի և Քրեակատարողական ծառայության կողմից:

(հավելվածը խմբ. 23.11.23 N 2055-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2026, N 254-Ն 16.03.2023, N 354-Ն
23.11.2023, N 2055-Ն 16.03.2023, N 354-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան