ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.02.2026-26.06.2026)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2026
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
10.02.2026
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
10.02.2026
Дата вступления в силу
18.02.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» փետրվարի 2026 թ.

N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը՝ համաձայն Հավելված 1-ի։

2. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող օրինակելի ձևաթղթերը՝

1) տնային պայմաններում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 2-ի.

2) ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 3-ի.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման համար՝ համաձայն Հավելված 4-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

2026-02-10

 

 

Ա. Թորոսյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ

 

I. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածի առաջին գլուխը կարգավորում է տնային պայմաններում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

2. Տնային պայմաններում խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է Միասնական սոցիալական ծառայության՝ խնամք հայցող անձի բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։

3. Դիմումը և պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Սոցիալական դեպքի վարման ընթացքում բացի համալիր գնահատումից, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն, իրականացվում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում` տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սույն հրամանի Հավելված 2-ի Ձև 2-ի համաձայն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն։ Տնայցի արդյունքում կազմված եզրակացությունը՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին, ներկայացվում է տարածքային կենտրոնի տնօրենին։

4. Տարածքային կենտրոնի տնօրենը, պահանջվող փաստաթղթերն ու սույն հավելվածի 3-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` խնամք հայցող անձին խնամք տրամադրելու մասին՝ Հավելված 2-ի Ձև 3-ի համաձայն, կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ Հավելված 2-ի Ձև 4-ի համաձայն՝ նշելով խնամքի համապատախան տեսակը, և այդ որոշումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն։

5. Տարածքային կենտրոնից ստացված որոշման և կից փաստաթղթերի հիման վրա Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է խնամք հայցող անձի հաշվառում և ազատ տեղերի առկայության դեպքում այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոնին՝ տվյալ անձին ուղեգրելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով խնամք տրամադրող համապատասխան կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

6. Տարածքային կենտրոնը, Միասնական սոցիալական ծառայությունից ստանալով սույն հավելվածի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձին տրամադրում է ուղեգիր՝ Հավելված 2-ի Ձև 5-ի համաձայն։

7. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ օրվա ընթացքում այն պետք է ներկայացնի համապատասխան կազմակերպություն, իսկ չներկայանալու դեպքում ուղեգիրը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում այն պետք է վերադարձնի տարածքային կենտրոն՝ գրավոր տեղեկացնելով չներկայանալու պատճառը։

8. Խնամք հայցող անձը տնային պայմաններում խնամք ստացող շահառուների ցուցակում ընդգրկվում է կազմակերպության ղեկավարի հրամանով՝ Հավելված 2-ի Ձև 6-ի համաձայն։

9. Սույն հրամանի 8-րդ կետով նախատեսված հրամանի ընդունումից հետո կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում՝ Հավելված 2-ի Ձև 7-ի համաձայն։

10. Տնային պայմաններում խնամք ստացող շահառուների (այսուհետ՝ շահառու) ցուցակում ընդգրկվելու հրամանից հետո կազմակերպության ղեկավարի և խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի միջև կնքվում է տնային պայմաններում խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 2-ի Ձև 8-ի համաձայն։

11. Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

12. Կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ)։

13. Տնային պայմաններում խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 2-ի Ձև 9-ի համաձայն։

14. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 2-ի Ձև 10-ի համաձայն։

15. Շահառուի կողմից ուղեգիրը կազմակերպություն ներկայացնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության բազմամասնագիտական խումբը՝ տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո իրականացնում է շահառուի սոցիալական կարիքների գնահատում՝ Հավելված 2-ի Ձև 11-ի համաձայն։

16. Սույն հավելվածի 15-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը՝ Հավելված 2-ի Ձև 12-ի համաձայն:

17. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 13-ի համաձայն:

18. Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով՝ Հավելված 2-ի Ձև 14-ի համաձայն:

19. Տնային պայմաններում խնամք ստացող շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 2-ի Ձև 15-ի համաձայն։

20. Ելնելով խնամքի տրամադրում հայցող անձի ցանկությունից և խնամքի տրամադրման հրատապությունից` անկողնային շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձանց համար, մինչև վերջիններիս շուրջօրյա խնամքի կենտրոն տեղավորելը, Միասնական սոցիալական ծառայության կողմից պարզեցված ընթացակարգով կարող է կազմակերպվել տնային խնամքի տրամադրում՝ ելնելով խնամք հայցող անձի ցանկությունից և խնամքի տրամադրման հրատապությունից՝ խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 16-ի համաձայն։

 

II. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

21. Սույն հավելվածի երկրորդ գլուխը կարգավորում է ցերեկային կենտրոններում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

22. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 3-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է տարածքային կենտրոն։

23. Դիմումը և պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Սոցիալական դեպքի վարման ընթացքում բացի համալիր գնահատումից, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն, իրականացվում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում` Հավելված 3-ի Ձև 2-ի համաձայն։ Տնայցի արդյունքում կազմված եզրակացությունը՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին, ներկայացվում է տարածքային կենտրոնի տնօրենին։

24. Տարածքային կենտրոնի տնօրենը պահանջվող փաստաթղթերն ու սույն հավելվածի 23-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` խնամք հայցող անձին խնամք տրամադրելու մասին՝ Հավելված 3-ի Ձև 3-ի համաձայն, կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ Հավելված 3-ի Ձև 4-ի համաձայն՝ նշելով խնամքի համապատախան տեսակը, և այդ որոշումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն։

25. Տարածքային կենտրոնից ստացված որոշման և կից փաստաթղթերի հիման վրա Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է խնամք հայցող անձի հաշվառում և ազատ տեղերի առկայության դեպքում այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոնին՝ տվյալ անձին ուղեգրելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով կազմակերպությանը։

26. Տարածքային կենտրոնը, Միասնական սոցիալական ծառայությունից ստանալով սույն հավելվածի 25-րդ կետում նշված տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձին տրամադրում է ուղեգիր՝ Հավելված 3-ի Ձև 5-ի համաձայն։

27. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ օրվա ընթացքում այն պետք է ներկայացնի համապատասխան ցերեկային կենտրոն, իսկ չներկայանալու դեպքում ուղեգիրը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում այն պետք է վերադարձնի տարածքային կենտրոն՝ գրավոր տեղեկացնելով չներկայանալու պատճառը։

28. Խնամք հայցող անձը ցերեկային կենտրոնում խնամք ստացող շահառուների ցուցակում ընդգրկվում է տվյալ կենտրոնի ղեկավարի հրամանով՝ Հավելված 3-ի Ձև 6-ի համաձայն։

29. Սույն հրամանի 28-րդ կետով նախատեսված հրամանի ընդունումից հետո ցերեկային կենտրոնի՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է ցերեկային կենտրոնի հաշվառման մատյանում՝ Հավելված 3-ի Ձև 7-ի համաձայն։

30.Ցերեկային կենտրոնում խնամք ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելու հրամանից հետո կենտրոնի ղեկավարի և խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի միջև կնքվում է ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 3-ի Ձև 8-ի համաձայն։

31. Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

32. Ցերեկային կենտրոնի՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է տեղեկատվական համակարգում։

33. Ցերեկային կենտրոնում խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար կենտրոնի սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 3-ի Ձև 9-ի համաձայն։

34. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 3-ի Ձև 10-ի համաձայն։

35. Շահառուի կողմից ուղեգիրը ցերեկային կենտրոն ներկայացնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ցերեկային կենտրոնի բազմամասնագիտական խումբը՝ տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո իրականացնում է շահառուի սոցիալական կարիքների գնահատում՝ Հավելված 3-ի Ձև 11-ի համաձայն։

36.Սույն հավելվածի 35-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը՝ Հավելված 3-ի Ձև 12-ի համաձայն։

37. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 3-ի Ձև 13-ի համաձայն։

38.Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է ցերեկային կենտրոնի ղեկավարի հրամանով՝ Հավելված 3-ի Ձև 14-ի համաձայն։

39.Ցերեկային կենտրոնում շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 3-ի Ձև 15-ի համաձայն։

 

III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

40.Սույն հավելվածի երրորդ գլուխը կարգավորում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) կամ համայնքային փոքր տներում (այսուհետ՝ փոքր տուն) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

41. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է տարածքային կենտրոն։

42. Դիմումը և պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Սոցիալական դեպքի վարման ընթացքում բացի համալիր գնահատումից, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն, ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում` Հավելված 4-ի Ձև 2-ի համաձայն։ Տնայցի արդյունքում կազմված եզրակացությունը՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին, ներկայացվում է տարածքային կենտրոնի տնօրենին։

43. Տարածքային կենտրոնի տնօրենը, պահանջվող փաստաթղթերն ու սույն հավելվածի 42-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` խնամք հայցող անձին խնամք տրամադրելու մասին՝ Հավելված 4-ի Ձև 3-ի համաձայն, կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ Հավելված 4-ի Ձև 4-ի համաձայն՝ նշելով խնամքի համապատախան տեսակը, և այդ որոշումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն։

44. Տարածքային կենտրոնից ստացված որոշման և կից փաստաթղթերի հիման վրա Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է խնամք հայցող անձի հաշվառում և ազատ տեղերի առկայության դեպքում այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոնին՝ տվյալ անձին ուղեգրելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով կազմակերպությանը։

45. Տարածքային կենտրոնը, Միասնական սոցիալական ծառայությունից ստանալով սույն հավելվածի 44-րդ կետում նշված տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձին տրամադրում է ուղեգիր՝ Հավելված 4-ի Ձև 5-ի համաձայն։

46. Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ օրվա ընթացքում այն պետք է ներկայացնի համապատասխան շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն, իսկ չներկայանալու դեպքում ուղեգիրը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում այն պետք է վերադարձնի տարածքային կենտրոն՝ գրավոր տեղեկացնելով չներկայանալու պատճառը։

47. Խնամք հայցող անձը շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան շահառուների ցուցակում ընդգրկվում է տվյալ շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի հրամանով՝ Հավելված 4-ի Ձև 6-ի համաձայն։

48. Սույն հրամանի 47-րդ կետով նախատեսված հրամանի ընդունումից հետո շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է հաշվառման մատյանում՝ Հավելված 4-ի Ձև 7-ի համաձայն։

49. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան շահառուների ցուցակում ընդգրկվելու հրամանից հետո շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի և խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի միջև կնքվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից ծառայությունների տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 4-ի Ձև 8-ի համաձայն, կամ համայնքային փոքր տան կողմից ծառայությունների տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 4-ի Ձև 9-ի համաձայն։

50.Այն դեպքում, երբ շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

51. Շահառուի՝ անգործունակ ճանաչված լինելու դեպքում, շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը կնքվում է նրա խնամակալի հետ։

52. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է տեղեկատվական համակարգում։

53. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 4-ի Ձև 10-ի համաձայն։

54. Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 4-ի Ձև 11-ի համաձայն։ Հավելված 4-ի Ձև 11-ի 5-8-րդ կետերը ենթակա են լրացման միայն փոքր տան շահառուների կողմից։

55. Նոր ընդունված շահառուի տեղավորումն իրականացվում է բազմամասնագիտական խմբի կողմից շահառուի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 12-ի համաձայն։

56.Սույն հավելվածի 55-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է շահառուի անհատական սոցիալական ծրագիրը ՝ Հավելված 4-ի Ձև 13-ի համաձայն։

57. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան յուրաքանչյուր շահառուի համար լրացվում է առողջական վիճակի մասին քարտ՝ Հավելված 4-ի Ձև 14-ի համաձայն։

58. Շուրջօրյա խնամքի կենտրոնից կամ փոքր տնից շահառուն կարող է կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով, ինչի վերաբերյալ իրականացվում են գրառումներ կարճաժամկետ բացակայության և ժամանակավոր դուրսգրման գրանցամատյանում՝ Հավելված 4-ի Ձև 15-ի համաձայն։

59. Ժամանակավոր դուրսգրման վերաբերյալ գրառումները ևս կատարվում են սույն հավելվածի 58-րդ կետում նշված գրանցամատյանում՝ Հավելված 4-ի Ձև 15-ի համաձայն։

60. Շահառուն կարող է ժամանակավորապես դուրս գրվել կամ բացակայել շուրջօրյա խնամքի կենտրոնից կամ փոքր տնից իր կամ իրեն հյուրընկալող անձի դիմումի հիման վրա՝ համապատասխանաբար Հավելված 4-ի Ձև 16-ի և Ձև 17-ի համաձայն։

61. Ժամանակավոր դուրսգրումը կամ բացակայությունը ձևակերպվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի հրամանով՝ Հավելված 4-ի Ձև 18-ի համաձայն։

62. Բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունը շահառուին, նրա ներկայացուցչին կամ խնամակալին տալիս է ժամանակավոր դուրսգրման տեղեկանք՝ նշելով ժամանակավոր գտնվելու վայրը և նաև հոգեբույժի նշանակած դեղերի անվանումները՝ Հավելված 4-ի Ձև 19-ի համաձայն։ Սույն կետում նշված տեղեկանքը շահառուն, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը ներկայացնում է շահառուի ժամանակավոր գտնվելու վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ համապատասխան դեղերը ստանալու համար։

63.Շահառուն կարող է տեղափոխվել այլ շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն՝ իր, իր ներկայացուցչի կամ խնամակալի պատճառաբանված դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 20-ի համաձայն։

64. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուին խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 21-ի համաձայն։

65.Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուին խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուին կացարանով ապահովելու ու խնամք տրամադրելու պատրաստակամություն հայտնած անձի դիմումի հիման վրա՝ Հավելված 4-ի Ձև 22-ի համաձայն, շահառուի գրավոր համաձայնության դեպքում։

66. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուի խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան ղեկավարի հրամանով՝ Հավելված 4-ի Ձև 23-ի համաձայն։

67. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը արձանագրվում են՝ Հավելված 4-ի Ձև 24-ի համաձայն։

68. Շահառուի մահվան մասին շուրջօրյա խնամքի կենտրոնը կամ փոքր տունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալ շահառուի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։

69. Հուղարկավորություն կատարելու պատրաստակամություն հայտնած անձը հաստատության կամ փոքր տան ղեկավարին ներկայացնում է դիմում՝ Հավելված 4-ի Ձև 25-ի համաձայն։

70. Եթե մահացած շահառուն չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չեն ներկայանում շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն, հուղարկավորությունը կատարում է տվյալ հաստատությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար։

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

 

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության 

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2026 թվականի

փետրվարի «10»-ի N 26-Ն հրամանի

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: