ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (19.12.2013-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.26/70(1010).1 Հոդ.1174.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 դեկտեմբերի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 12.12.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում` Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգ սահմանելու նպատակով:

 

2. Համաձայնագրով սահմանված են գազի գնի ձևավորման բանաձևերը, Համաձայնագրի կատարման համակարգումն իրականացնող մարմինների շրջանակը, Համաձայնագրից բխող վեճերի լուծման կարգը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը բանակցությունների միջոցով վեց ամսվա ընթացքում չլուծվելու դեպքում կրել ստեղծվող միջնորդ դատարանում իր նշանակած անդամի գործունեության և այդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը,

● միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված, ինչպես նաև այլ ծախսերը կրել մյուս կողմի հետ հավասար մասնաբաժնով,

● պարտադիր համարել միջնորդ դատարանի այն որոշումը, որով կորոշվի, որ Հայաստանի Հանրապետությունը կրելու է վերոնշյալ ծախսերի մեծ մասնաբաժինը:

 

4. Համաձայնագիրը սահմանում է նաև այն ուժի մեջ մտնելու և դադարելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգն ու պայմանները:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ «առանձին արձանագրությունները» պետք է ուժի մեջ մտնեն այն նույն ընթացակարգով, ինչ որ նախատեսված է սույն Համաձայնագրի համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

19 դեկտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1132