ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.07.26/16(24)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2012
Ստորագրման ամսաթիվ
26.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լիբանանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմերը,

 

ղեկավարվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ընդհանուր ցանկությամբ,

 

Կողմերի ինքնիշխանության, հավասարության, ընդհանուր շահերի, փոխադարձության նկատմամբ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան,

 

ցանկանալով դյուրացնել դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց ճամփորդության ընթացակարգերը Լիբանանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերից որևէ մեկի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագրեր, ազատվում են վիզայի պահանջներից մյուս Կողմի տարածք մուտք գործելու, այդ տարածքից դուրս գալու և այդ տարածքով անցնելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք կարող են առանց վիզայի գտնվել մյուս Կողմի տարածքում մուտք գործելու ամսաթվից հարյուր ութսուն (180) օրը մեկ տարվա ընթացքում չգերազանցող ժամանակահատվածով: Գտնվելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից՝ ուղարկող Կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերից որևէ մեկի պետության այն քաղաքացիները, ովքեր նշանակված են մյուս Կողմի պետության տարածքում՝ տվյալ Կողմի դիվանագիտական առաքելությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում ազատվում են վիզայի պահանջներից:

2. Վիզայի պահանջներից ազատումը կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց ուղեկցող ամուսնու, ծնողների և երեխաների նկատմամբ՝ պայմանով, որ նրանք կունենան ուղարկող Կողմի դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Այն անձինք, ում նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, պետք է հարգեն ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և պահպանեն օտարերկրյա քաղաքացիների՝ մուտքի, ելքի, գտնվելու և տարանցման ընթացակարգերը կարգավորող գործող օրենսդրությունը՝ առանց ազդելու «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն տրված արտոնությունների ու անձեռնմխելիության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող ցանկացած այն անձի մուտքը իր տարածք կամ դադարեցնելու իր տարածքում նրա գտնվելու թույլտվությունը, ում կարող է անցանկալի համարել: Նման մերժման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

2. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում սահմանելու ժամանակավոր սահմանափակման միջոցներ կամ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով հանրային կարգի, անվտանգության կամ առողջության պահպանման նկատառումներից: Նշված սահմանափակումների կամ կասեցումների կամ դրանք վերացնելու մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագրերի նմուշները նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագրերում ցանկացած փոփոխության մասին դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ցանկացած անհամաձայնություն կամ վեճ, որն առաջանում է սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրարկումից, կարգավորվում է Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգերով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցում են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պահանջվող համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու ամսաթվից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Կողմի ստանալու ամսաթվից իննսուն (90) օր հետո:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` արաբերեն, հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 21-ին: