ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 24
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է (28.06.2013-11.04.2014)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

20 հունիսի 2013 թվականի N 24

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունիսի 20-ի նիստի N 24

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր

 

Պետական սեփականություն հանդիսացող` շուրջօրյա գործող անալոգային հեռարձակման ցանցը, որի սպասարկումն իրականացնում է համազգային ծածկույթ ապահովող օպերատոր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, իրենից ներկայացնում է հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների և վերգետնյա ու արբանյակային կապուղիներով հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման և բաշխման տարածված ու ճյուղավորված համակարգ: Բնակչության ընդգրկվածությունն է. 1 և ավելի ծրագիր` 99.8%, 2 և ավելի` 99.8%, 3 և ավելի` 97.5%, 4 և ավելի` 95.5%, 5 և ավելի` 93.5%:

Անալոգային հեռուստատեսային հեռարձակման նպատակով օգտագործվում են Ստոկհոլմ-1961-ով հատկացված թվով 12 մետրային և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռեեստրում գրանցված թվով 43 դեցիմետրային հաճախականությունները:

Մետրային և դեցիմետրային տիրույթի հեռուստատեսային հաղորդակների ընդհանուր քանակը կազմում է 755, FM հաղորդակներինը` 106, որից համապատասխանաբար 470-ը և 80-ը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի (ՀՀՌՑ) սեփականությունն է:

Հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման վերգետնյա կապուղիների` ռադիոռելեային գծերի (ՌՌԳ) ձգվածությունը կազմում է 1560 կմ, որից Երևան-Մեղրի 300 կմ հատվածը 2008թ. թվայնացվել է:

Հանրային` միջազգային հեռուստածրագրի հեռահաղորդումն իրականացվում է Երևանի արբանյակային հաղորդիչ կայանից, DVB-S ստանդարտով:

Հեռավոր, հիմնականում սահմանամերձ սակավաբնակ և թույլ ենթակառուցվածքներով տարածքներում Հ1 ալիքը հասցվում է արբանյակի միջոցով:

Հեռուստառադիոհեռարձակման անալոգային ցանցի շահագործումն իրականացվում է համաձայն հեռուստահեռարձակման միջոցների տեխնիկական շահագործման կանոնների (ՏՇԿ-95):

Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքը` հեռուստաաշտարակներ, շենք-շինություններ, էլեկտրամատակարարման համակարգեր, պասիվ վերահաղորդման կետեր, տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչը զգալի չափով կնվազեցնի կապիտալ ներդրումները:

Մինչև թվայնացումը, հաշվի առնելով ցանցի ենթակառուցվածքի, մասնավորապես մետաղական անտենային կառույցների, պասիվ վերահաղորդիչների և էլեկտրամատակարարման համակարգերի մաշվածությունը, որոնք ներկա վիճակով չեն բավարարում թվային տեխնոլոգիաների բարձր պահանջներին, դրանց ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով պահանջվում է իրականացնել լայնածավալ հետազոտական, վերականգնման և արդիականացման աշխատանքներ: Թվային համակարգերի ներդրման ժամանակ անհրաժեշտ կլինի առաջին հերթին փոխարինել ռեսուրսը սպառած անալոգային հզոր հաղորդակները:

Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի գործող անալոգային հեռարձակման ցուցանիշները:

Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի բնակչության ոչ պակաս քան 95%-ի մոտ թվային ընդունիչների կամ կցուրդների առկայության դեպքում: Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակման դադարեցման ժամկետը 2015թ. հունիսի 1-ն է:

 

2. Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրումը

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) բոլոր անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված անալոգային հեռուստատեսային հեռարձակումից թվայինի անցման (Geneva RRC 2006-GE06) եզրափակիչ ակտերի համաձայն 174-230 ՄՀց և 470-862 ՄՀց հաճախականային շերտերում սահմանվում է DVB (Թվային հեռուստատեսային հեռարձակման եվրոպական ստանդարտների խումբ) վերգետնյա հեռուստատեսային թվային հեռարձակման միասնական ստանդարտ:

Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման համար ՀՄՄ-ի կողմից PKP-06 պլանով հատկացվել է թվով 45 կապուղի, որոնք, ըստ նախնական պլանավորման, բավարարում են հանրապետության տարածքում թվային հեռարձակում իրականացնելու համար:

Համաձայն 2010թ. հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» թիվ ՀՕ-100-Ն ՀՀ օրենքի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 16-ին անցկացված մրցույթներում թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման իրավունք է ստացել 28 հեռուստաընկերություն, այդ թվում՝

● հանրապետական սփռում՝ 8 (երկու հանրային հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության և հոգևոր-մշակութային, հինգ մասնավոր հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության, մեկ վերահեռարձակվող հեռուստաալիք)

● մայրաքաղաքային սփռում՝ 10 (մեկական ժամանցային, երիտասարդական, երաժշտական, մեկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, մեկ միջազգային և տեղական լրատվական-վերլուծական, մեկ միջպետական, մեկ ընդհանուր և երեք վերահեռարձակվող հեռուստաալիք)

● մարզային սփռում՝ 10 (ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական հեռուստաալիք յուրաքանչյուր մարզում):

Բացի նշված հեռուստաընկերություններից, մինչև 2015 թվականը մարզերում անալոգային հեռարձակումը կշարունակեն նաև թվով 18 գործող տեղական ընկերություններ:

Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգը բաղկացած կլինի հետևյալ համակցված օղակներից՝

● գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն Երևանում, 10 մուլտիպլեքսավորման հանգույցներ մարզերում

● թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանց

● հեռահաղորդման թվային ռադիոռելեային գծերի ցանց

● DVB-S2 արբանյակային կապի ցանց

 

2.1. Մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման գլխամասային կենտրոն Երևանում և 10 մուլտիպլեքս հանգույցներ մարզերում

 

Ընդհանուր դրույթներ

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնը նախատեսված է ծրագրերի փաթեթների և տրանսպորտային հոսքերի կազմավորման, վերահսկման, կենտրոնացված կառավարման, համակարգերի ու ծայրամասային հանգույցների աշխատանքի մոնիտորինգի համար: Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցներն իրականացնում են մարզային հեռարձակողներից ծրագրերի ընդունում, ազդանշանների խտացում, մուտքագրում Mux1, դեմուլտիպլեքսացիա և հաղորդում դեպի թվային միկրոալիքային ռադիոգծերի ցանց: Մուլտիպլեքսավորման կենտրոնի բլոկ-սխեման բերված է ստորև.

 

Ներմուծեք նկարագրությունը_2353

 

Տեխնիկական պահանջները

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնում (Կենտրոն) նախատեսել հետևյալ մուլտիպլեքսների ձևավորումը.

● mux1` հանրապետական սփռում, առանց կոդավորման (FTA), կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

● muսx1` արբանյակային սփռում, BISS կոդավորմամբ, կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

● mux2-4` մայրաքաղաքային սփռում, առանց կոդավորման (FTA), յուրաքանչյուրի կազմը` 6-ական հեռուստատեսային և 4-ական ռադիոալիք,

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISO/IEC 14496-10, HD-ի հնարավորությամբ, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3

Հեռուստաընկերություններից և ռադիոընկերություններից դեպի Կենտրոն հաղորդվող ազդանշանների ֆորմատը` համապատասխանաբար SDI` ներդրված ձայնով, և AES: Կենտրոնի պահուստավորումը` համաձայն բլոկ-սխեմայի:

Կենտրոնում պետք է նախատեսել`

● հիմնական և պահուստային 32x32 SDI, AES և ASI փոխանջատիչներ,

● ծառայողական PSI/SI աղյուսակների ձևավորման հնարավորություն,

● EPG (ծրագրերի էլեկտրոնային ուղեցույց) սերվեր իր ինտեգրացիայով: Համակարգը պետք է ներդնի առնվազն 7 օրվա EPG տվյալներ:

● տրանսպորտային հոսքերի բոլոր ծառայությունների համար հաստատուն բիթային արագություն (CBR)` արդիականացման ժամանակ փոփոխական բիթային արագության անցման հնարավորությամբ (VBR):

● անխափան սնուցման աղբյուրներ (UPS):

● IP արձանագրությամբ վերահսկման և կառավարման համակարգ` Կենտրոնի և մարզային հանգույցների, թվային ռադիոռելեային գծերի ցանցի, արբանյակային հաղորդիչ կայանի, թվային հաղորդակների աշխատանքի վերահսկման և կառավարման հնարավորությամբ:

Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցների (Հանգույց) տեղադրումը պետք է նախատեսել հետևյալ բնակավայրերում.

Արարատի մարզ` ք. Արտաշատ

Արմավիրի մարզ` ք. Էջմիածին

Արագածոտնի մարզ` ք. Երևան

Կոտայքի մարզ` ք. Աբովյան

Լոռու մարզ` ք. Վանաձոր

Շիրակի մարզ` ք. Գյումրի

Տավուշի մարզ` ք. Իջևան

Գեղարքունիքի մարզ` ք. Գավառ

Վայոց Ձորի մարզ` ք. Եղեգնաձոր

Սյունիքի մարզ` ք. Կապան

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք է նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISՕ/IEC 14496-10, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3: Մարզային հեռուստաընկերություններից դեպի հանգույցներ հաղորդվող ազդանշանների ֆորմատը` SDI` ներդրված ձայնով: Տրանսպորտային հոսքերի համար պետք է նախատեսել հաստատուն բիթային արագություն (CBR): Հանգույցներում պետք է նախատեսել անխափան սնուցման աղբյուրներ (UPS):

 

Աշխատանքների ցանկ

Կենտրոնի և 10 Հանգույցների աշխատանքային նախագծի մշակում:

Կենտրոնի և 2 մարզային Հանգույցի ամբողջական մոնտաժում, ինստալյացիա և համալրում:

Մարզային մյուս Հանգույցներում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ, մոնտաժային ու համալարման աշխատանքները իրականացնել ենթակապալային եղանակով` ներգրավելով տեղական մարդկային ռեսուրսները:

Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

ՀՀՌՑ-ի մասնագետների ուսուցումը պետք է կազմակերպվի Հայաստանի տարածքում` Կենտրոնի և Հանգույցների ներդրմանը զուգընթաց:

 

Սարքավորումներին և աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները

Էնկոդերները նախատեսել EI9001, Vibe EM100, SEL-FR3-AC-RR-IP-R կամ համարժեք տիպի, մուլտիպլեքսորները` MX8400, SEL-MDX2-EEC կամ համարժեք տիպի:

 

2.2. Ռադիոհաղորդիչ հեռուստատեսային կայաններ և վերահաղորդակներ

 

Թվային եթերային հեռուստատեսային հեռարձակման համար ընդունված է DVB-T2 ստանդարտը, օգտագործելով COFDM (Coded Օrtogonal Division Multiplexsing) մոդուլյացիայի ձևը՝ օրթոգոնալ կոդավորված հաճախականային մուլտիպլեքսավորման մեթոդը:

Հաստատուն ընդունման գոտիների հաշվարկի, հաղորդակի ճառագայթման հզորությունը, հաղորդիչ անտենաների տիպը և տեղակայման բարձրությունն ընտրելիս օգտագործել գործող հաղորդիչ ցանցի համար մշակված հաճախականա-տարածքային պլանը և անտենային հենարանների վերաբերյալ տվյալները:

Հաշվի առնելով Երևանի հեռուստառադիոհաղորդիչ կենտրոնի (ԵրՀՌՀԿ) հատուկ նշանակությունը, որն ապահովում է մայրաքաղաքի և հարակից՝ Արարատյան դաշտավայրի բնակավայրերի ծածկույթը (հանրապետության բնակչության գրեթե 60%), ապահովել հետևյալ տեխնիկական պահանջները

● 3 մուլտիպլեքսի (mux2, mux3, mux4) համար օգտագործել պլանավորված UHF ռադիոհաճախականությունները՝ համապատասխանաբար 23, 28, 35 կապուղիների համար

● հաղորդակների ելքային հզորության ընտրությունը (նախնական 2500-3000Վտ) հիմնավորել տեխնիկա-տնտեսական հաշվարկով, կայանի սպասարկման գոտու համար կազմելով ընգրկման քարտեզը (կայանի կոորդինատները. երկ.՝ 440 32'10", լայն. 400 10' 15.2", հողի նիշը՝ 1180մ ծովի մակերեևույթից)

● 3 հաղորդակի համար նախատեսել մեկ անտենա-ֆիդերային համակարգ՝ կոմբայների միջոցով, իր միացուցիչներով

● լրացուցիչ նախատեսել պահուստային հաղորդակ ԲՀ ֆիդերով՝ 3 հաղորդակներից ցանկացած համար (սառը պահուստ)

● բոլոր հաղորդակների հովացման համար նախատեսել օդորակում՝ կազմակերպելով օգտագործված օդի արտամղումը տարածքից

● 96 պանելներով (12x8) անտենային համակարգը տեղակայել Երևանի հեռուստատեսային աշտարակի վրա (փողի տրամագիծը՝ 1720 մմ), 273.3+285.8մ հատվածում

● նախատեսել 3 հզոր (30կՎտ) UPS-ներ:

Մնացած 207 կայանի համար նախատեսել հաղորդակ անտենա-ֆիդերային համակարգով: Հեռուստատեսային հաղորդակների գրգռիչները պետք է համապատասխանեն ETSI EN ստանդարտների պահանջներին: 100 Վտ և ավելի հզորությամբ հաղորդակների համար նախատեսել հեռահսկողություն և հեռակառավարում: Նախատեսել պահուստային տարաշերտ մոդուլյատորներ՝ 10 հատ ՍHF և 3 հատ VHF հաղորդակների համար:

ԵրՀՌՀԿ-ի և թվով 7 մարզային ցանցերի համար նախատեսել չափիչ սարքերի լրակազմ (սպեկտրի անալիզատոր, հզորության և հաճախականության չափիչ սարքեր, աղմուկի գեներատոր և չափիչ դեմոդուլյատոր DVB-T2 և այլն): Նույն քանակությամբ նախատեսել նաև գործիքների լրակազմ:

Նախատեսել մեկական հաղորդակի ամբողջական մոնտաժ և համալարում Երևանում և Գյումրիում: Մնացած կայաններում մոնտաժային և համալարման աշխատանքները կատարել ենթակապալի պայմաններով, ներգրավելով տեղական մարդկային ռեսուրսները՝ հսկողությունը և վերջնական արդյունքի պատասխանատվությունը վերապահելով գլխավոր կապալառուին: Ներկայացնել հաստատուն ընդունման գոտիների հաշվարկը ըստ ՀՀՌՑ-ի հետ համաձայնեցված կայանների ցանկի:

 

2.3. Հեռահաղորդման թվային ռադիոռելեային գծերի ցանց

Ընդհանուր դրույթներ

Հեռահաղորդման թվային ռադիոռելեային գծերի (ԹՌՌԳ) ցանցը նախատեսված է հանրապետության տարածքում Mux-1-ի հեռահաղորդման համար: Թվայնացման և տեխնիկական վերազինման ենթակա է ռադիոգծերի 60 միջակայք` 1260 կմ ընդհանուր ձգվածությամբ:

Տեխնիկական պահանջները

ԹՌՌԳ ցանցի մայրուղային ուղղություններում նախատեսել 155 Մբիթ/վրկ (STM-1), ճյուղավորումներում` 34 Մբիթ/վրկ տվյալների փոխանցման արագություն: STM-1 և E3 ինտերֆեյսների էլեկտրական պարամետրերը պետք է համապատասխանեն ITU-T REC.G.703 և ITU-T REC.G.825 պահանջներին: Մայրուղային ուղղություններում ազդանշանի ձևաչափը` Ethernet over SDH:

ԹՌՌԳ ցանցում պահպանել գործող հաճախականային պլանը (4, 6, 8 ԳՀց): ԹՌՌԳ ցանցը պետք է ապահովի մարզային ալիքի տարածումը տվյալ մարզի տարածքում:

Անտենաների և գերբարձր հաճախականային (ԳԲՀ) հաղորդիչ/ընդունիչ բլոկների ընտրությունը հիմնավորել ԹՌՌԳ յուրաքանչյուր միջակայքի և կապուղիների որակական ցուցանիշների ու էներգետիկայի հաշվարկով:

Նախատեսել արտաքին (Օutdoor) ԳԲՀ հաղորդիչ/ընդունիչ բլոկներ: Բլոկները սնուցող միջանկյալ հաճախականության մալուխը նախատեսել կրկնակի էկրանացումով: Անտենաների ցածր կախվածքի դեպքում (մինչև 20մ) մալուխն անցկացնել հողանցված պողպատե խողովակով:

ԹՌՌԳ պասիվ վերահաղորդիչներով միջակայքերում պահպանել գործող երկանտենային պասիվ վերահաղորդիչները: Հայելային և արգելք□ տիպի պասիվ վերահաղորդիչները փոխարինել երկանտենային համակարգերով` վերջիններիս պարամետրերը և տեղի ընտրությունը հիմնավորելով միջակայքի էներգետիկայի և որակական ցուցանիշերի հաշվարկով:

Հաշվի առնելով ցանցի օղակաձև կառուցվածը` ԹՌՌԳ-ն նախատեսել պահուստավորման 1+0 սխեմայով: Գլխավոր կայանում նախատեսել ԹՌՌԳ ցանցի վերահսկման և կառավարման համակարգ: ԹՌՌԳ մայրուղային ուղղություններում նախատեսել երկկողմանի (դուպլեքս) կապ, ճյուղավորումներում` միակողմանի (սիմպլեքս) կապ: ԹՌՌԳ բոլոր կայանները պետք է ապահովվեն - 48Վ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրներով, 10կՎ դիզել-գեներատորներով, անխափան սնուցման սարքերով (UPS) և օդորակիչներով:

Աշխատանքների ցանկ

ԹՌՌԳ ցանցի նախագիծ, ներառյալ միջակայքերի որակական ցուցանիշների և էներգետիկայի հաշվարկ: Հաշվարկի և պարամետրերի հիման վրա սարքավորումների ու նյութերի ընտրություն և համալրում: ԹՌՌԳ ցանցի գլխավոր կայանի ամբողջական մոնտաժ, ինստալյացիա և Software-ի ներդրում:

ԹՌՌԳ մայրուղային Երևան-Արեգ-Լանջիկ-Գյումրի հատվածում և Հրազդան-Ծաղկաձոր, Գավառ-Ճամբարակ ճյուղավորումներում հաղորդակի ամբողջական մոնտաժ և համալարում աշխատանքների իրականացում:

ԹՌՌԳ ցանցի մնացած միջակայքերում, կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ, մոնտաժային ու համալարման աշխատանքները իրականացնել ՀՀՌՑ-ի մասնագետների և/կամ ենթակապալային եղանակով:

Ըստ երաշխիքային պայմանների սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

ՀՀՌՑ-ի մասնագետների ուսուցումը պետք է կազմակերպվի Հայաստանի տարածքում` ԹՌՌԳ ցանցի ներդրմանը զուգընթաց:

Սարքավորումներին և աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները

ԹՌՌԳ ցանցի որակական ցուցանիշների և էներգետիկայի հաշվարկները պետք է համապատասխանեն ITU-R P.530-14 պահանջներին:

 

2.4.DVB-S2 արբանյակային կապի ցանցի կառուցում

Ընդհանուր դրույթներ

DVB-S2 արբանյակային ցանցը նախատեսված է թվային ռադիոռելեային գծերի (ԹՌՌԳ) ցանցին անհասանելի, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում տեղադրվող հաղորդակներին Mux1-ի ազդանշանը հասցնելու համար:

Աշխատանքները ներառում են Երևանի գործող 4.6մ (Andrew) անտենայով DVB-S արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացում և թվով 200 ընդունիչ համակարգերի տեղադրում տարածաշրջաններում: Ցանցը կծառայի նաև որպես պահուստ` ԹՌՌԳ-ի հնարավոր խափանումների դեպքում:

 

Տեխնիկական պահանջները

Հեռարձակման ստանդարտը` DVB-S2:

Արբանյակային հաղորդիչ կայանի մուտքին տրվող ազդանշանի ֆորմատը` DVB ASI:

Էքսայտերի (մոդուլյատոր, Up կոնվերտոր) պարամետրերը. մոդուլյացիայի տեսակը` QPSK կամ 8PSK, ազդանշանի հաղորդումը` Kս տիրույթում (13.75-14.5 ԳՀց): Թվային հոսքի արագությունը մոդուլյատորի ելքում ապահովել մինչև 30 Մս/վրկ

Ուժեղարարի հզորությունը` 400Վտ:

Արբանյակային հաղորդիչ կայանի պահուստավորումը` 1+1, բացառությամբ անտենայի: Հիմնական և պահուստային լրակազմերի միջև անցումը նախատեսել ալիքատարային փոխանջատիչով:

Հաղորդիչ կայանում նախատեսել 7 կՎտ հզորությամբ անխափան սնուցման աղբյուր (UPS):

Թվով 200 արբանյակային ընդունիչ կայաններում նախատեսել 1.8մ տրամագծով (ենթակա է ճշգրտման արբանյակի ընտրության ժամանակ) ընդունիչ ալեհավաք, կոնվերտոր և BISS ապակոդավորմամբ DVB-S2/MPEG-4 թվային ընդունիչներ:

 

Աշխատանքների ցանկ

Մոնտաժային և թեսթավորման աշխատանքները կիրականացվեն ՀՀՌՑ-ի կողմից` կապալառուի հսկողությամբ: Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

 

3. Ֆինանսական գնահատականներ

Ոլորտում գործող շվեդական, ամերիկյան, իտալական, մերձբալթյան հայտնի ցանցային ինտեգրատորների և արտադրողների սարքավորումների ու ծառայությունների կատարված ուսումնասիրության արդյունքում, նախնական ֆինանսական գնահատումներով ծրագրի միջինացված գինը, ներառյալ հարկերը, կկազմի 15.6 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում.

 

Տեխնոլոգիա (սարքավորումներ, ինստալյացիա, չափիչ- հսկիչ սարքեր)

10.5 մլն. ԱՄՆ դոլար

Օժանդակ սարքավորումներ և նյութեր

1.7 մլն. ԱՄՆ դոլար

Անալոգային ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում և նախապատրաստում թվային տեխնոլոգիաների ներդրմանը

 0.9 մլն. ԱՄՆ դոլար

Բնակչությանն անվճար 100000 թվային կցուրդի տրամադրում

2.5 մլն. ԱՄՆ դոլար

 

Ծրագիրը ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` 2013-2015թթ. ժամանակահատվածում: Մինչև բյուջետային միջոցների հատկացումը, ծրագրի ներդրումն ապահովելու նպատակով, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն իրավասու է, ըստ անհրաժեշտության` ՀՀ կառավարության երաշխավորությամբ, ներգրավել վարկային միջոցներ, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն համապատասխան առաջարկներ:

 

 4. Ժամանակացույց

 

Թվային համակարգի ներդրում

01.06.2015թ.

Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակում

01.01.2015թ.- 01.06.2015թ.

Անալոգային հեռարձակման անջատում

01.06.2015թ.

 

5. Թվային ցանցի ներդրման գործընթացը

Թվային ցանցի ներդրման գործընթացը նախատեսվում է կազմակերպել հիմք ընդունելով հետևյալ հիմնական մոտեցումները`

 - համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպումը կիրականացնի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն: Ընդ որում գնման ընթացակարգերի կազմակերպումը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն կարող է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա` նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով:

- հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպման նպատակով իր միջոցների հաշվին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն` նույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով կներգրավի հրավիրված անձ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2015, N 43 ---------
03.04.2014, N 13 20.06.2013, N 24
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան