ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (28.02.2012-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2011
Ստորագրման ամսաթիվ
29.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ «Կողմեր»),

ղեկավարվելով երկու պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,

հաստատելով, իրավահավասարության սկզբունքի հիման վրա, երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային, տարածքային և երիտասարդական այլ կազմակերպությունների միջև լայն համագործակցության միջոցով միջազգային համագործակցությունն ընդլայնելու և կատարելագործելու ցանկությունը,

համոզվածություն հայտնելով, որ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում փոխադարձ սերտ կապերի ստեղծումն ու համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորացմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում իրականացնել համագործակցություն` երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում։

Կողմերը համակողմանիորեն կօժանդակեն երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային և տարածքային երիտասարդական միավորումների միջև երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ակտիվորեն կաջակցեն երիտասարդական համագործակցության ակտիվացմանը, երիտասարդությանը մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված նրանց նախաձեռնություններին, կապահովեն նրա մասնակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում նախագծերի և ծրագրերի իրականացմանը։

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն և կօժանդակեն երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում, անմիջական պայմանագրերի կնքման հիման վրա, կապերի և համագործակցության զարգացմանը`

- Կողմերի միջև համատեղ աշխատանքի, կապերի և փոխադարձ փոխանակումների համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

- երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում աշխատանքային փորձի փոխանակման միջոցով,

- Կողմերի պետությունների տարածքներում ընդհանուր ծրագրերի ներդրմանը և երիտասարդական միջոցառումների (համագումարներ, սիմպոզիումներ, խորհրդաժողովներ, համաժողովներ, սեմինարներ, դասընթացներ, փառատոներ, ֆորումներ, բրիֆինգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, հանդիպումներ) անցկացմանն օժանդակելու միջոցով։

 

Հոդված 3

 

Կողմերը կօժանդակեն բոլոր մակարդակներում պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև անմիջական կապերի զարգացմանը` ներառյալ պատվիրակությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումներին, ինչպես նաև համատեղ մշակված ծրագրերով միջոցառումների անցկացմանը։

 

Հոդված 4

 

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման, արձակուրդների ընթացքում ուսանողական խմբերի փոխանակման համար։

Կողմերը կփոխանակեն տեղեկատվություն իրենց պետությունների երիտասարդության խնդիրներով զբաղվող համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքային փորձի վերաբերյալ։

 

Հոդված 5

 

Կողմերը կխրախուսեն երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառի ոսուցանող-դասավանդողների և այլ մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև կաջակցեն նրանց փորձի փոխանակմանը։

 

Հոդված 6

 

Կողմերը կապահովեն երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝

- իրենց պետություններում երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ,

- երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում քաղաքականության իրականացման իրավիճակի վերաբերյալ,

- ուղեցուցատեղեկատվական, մեթոդական և այլ նյութերի։

 

Հոդված 7

 

Կողմերը կնպաստեն աշխատանքային զբաղվածության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման բնագավառում փորձի փոխանակմանը:

Կողմերը կխրախուսեն երիտասարդական աշխատանքային և ուսանողական շինարարական ջոկատների փոխանակումները։

 

Հոդված 8

 

Երիտասարդական խմբերի փոխանակումների առնչությամբ կնքված անմիջական պայմանագրերի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի փոխադարձության սկզբունքների հիման վրա, մասնավորապես`

- ուղարկող Կողմը կհոգա իր պատվիրակությունների ճանապարհածախսը մինչև միջոցառման անցկացման վայր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև արտասահման մեկնելու համար իր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի ապահովագրական ծախսերը,

- ընդունող Կողմը կհոգա կեցության, սննդի, ներքին տրանսպորտի, ինչպես նաև այլ անհրաժեշտ օգնությունը` իր պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 9

 

Համաձայնագրով նախատեսվող գործունեության բոլոր տեսակները պետք է համապատասխանեն և իրականացվեն Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերի համաձայն և ֆինանսավորվեն Կողմերի պետությունների բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում, ինչպես նաև Կողմերի ազգային օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։

 

Հոդված 10

 

Կողմերից փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։ Դրանք համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի հոդված 13-ում սահմանված կարգով։

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մասնակցությամբ գործող միջազգային այլ պայմանագրերից բխող կողմերի իրավունքների ու պարտականությունների վրա։

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած վեճերը և տարաձայնությունները Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Համաձայնագիրը դադարում է գործել նման ծանուցումն ստանալուց 6 (վեց) ամիս հետո:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով համաձայնեցված այն նախագծերի և ծրագրերի կատարման վրա, որոնք չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին։

 

Կատարված է ք. Թբիլիսիում 2011թ. նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 28-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան