ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՒԳԱՉԱՓԱՅԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
10.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ստուգաչափային և չափագիտական վկայագրման նպատակով նորմատիվ փաստաթղթերի, չափանմուշների, չափման միջոցների և ստանդարտ նմուշների փոխադրման համար հատուկ թույլտվություն տալու և մաքսային տուրքերից ու հարկերից ազատելու մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով 1992 թվականի մարտի 13-ի՝ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» Համաձայնագրի վրա,

հաշվի առնելով Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ստեղծված չափագիտական հիմքը և չափման միջոցներ ու ստանդարտ նմուշներ արտադրող, ստուգաչափում և չափագիտական վկայագրում իրականացնող ձեռնարկությունների մասնագիտացումը,

գիտակցելով չափումների միասնականության ապահովման համաձայնեցված մեթոդաբանության և չափանմուշների, ստանդարտ նմուշների, հաստատված տեսակի չափման միջոցների և գործող նորմատիվ փաստաթղթերի մասին գիտատեխնիկական տեղեկատվության պատրաստման և փոխանակման տեխնոլոգիայի պահպանման, ինչպես նաև Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՄՕԶՄ) և Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) շրջանակներում համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի օբյեկտ են հանդիսանում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համակարգում կիրառվող նորմատիվ փաստաթղթերը, չափանմուշները, չափման միջոցները և ստանդարտ նմուշները, այսուհետ՝ ապրանքներ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ստուգաչափային և չափագիտական վկայագրման նպատակով փոխադրվող ապրանքները ազատվում են մաքսային տուրքերի, հարկերի վճարումից և հատուկ թույլտվություն ստանալուց:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Փոխադրման ենթակա ապրանքների ցանկը (անվանացանկը) սահմանում են ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինները:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը և տարաձայնությունները շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների (բանակցությունների) միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները լիովին ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար՝ ավանդապահին՝ Բելառուսի Հանրապետության կառավարությանը, միանալու վերաբերյալ փաստաթղթերը հանձնելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անսահմանափակ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից՝ իր որոշման մասին ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ գրավոր ծանուցելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ած  7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում պետությունների կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Կատարված է Ալմաթի քաղաքում 1995 թվականի փետրվարի 10-ին՝ մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 31-ից: