ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-981
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (28.06.2011-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.978
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հունիսի 2011 թ. 


2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

 համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.05.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:

2. Արձանագրությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոդվածներում, խմբագրվում են որոշ դրույթներ:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● փոփոխել Պայմանագրի որոշ հոդվածներ,

● ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անհապաղ գործի դնել համատեղ խորհրդակցության մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, ինչպես նաև մշակել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար` սպառնալիքի վտանգի վերացման նպատակով,

● ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու պարագայում դա համարել որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ,

● ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության դեմ ագրեսիա իրականացվելու դեպքում, տվյալ պետության խնդրանքով, տրամադրել անհապաղ անհրաժեշտ օգնություն, ներառյալ` ռազմական, ինչպես նաև իր տրամադրության ներքո գտնվող բոլոր միջոցներով աջակցել հավաքական անվտանգության իրավունքի իրականացմանը` ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, և ձեռնարկված միջոցների մասին անհապաղ տեղյակ պահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,

● հավաքական անվտանգության համակարգի ուժի և միջոցների կիրառումն անդամ պետությունների տարածքից դուրս իրականացնել ելնելով բացառապես միջազգային անվտանգության շահերից` ՄԱԿ-ի Կանոնադրության և Պայմանագրի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Արձանագրությամբ սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

28 հունիսի 2011 թ.
ՍԴՈ-981