ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (11.11.2010-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.27
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրման ամսաթիվ
26.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջԵՎ դիվանագիտական ԵՎ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,

 

հաշվի առնելով երկու երկրների շահագրգռվածությունը՝ խորացնել իրենց բարեկամական հարաբերությունները,

 

ցանկանալով դյուրացնել Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության` դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների այցելությունները միմյանց երկրներ,

 

համաձայնեցին հետևյալի մասին:

 

Հոդված 1

 

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործված հետևյալ հասկացությունները նշանակում են.

«Դիվանագիտական անձնագրեր» - Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր և Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագիտական անձնագրեր,

«Պաշտոնական անձնագրեր» - Հայաստանի Հանրապետության ծառայողական անձնագրեր և հատուկ անձնագրեր և Սիրիայի Արաբական Հանրապետության ծառայողական անձնագրեր և հատուկ անձնագրեր:

2. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր, թույլատրվում է համապատասխան միջազգային կետերով մուտք գործել, դուրս գալ և տեղաշարժվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի:

3. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի վերոնշյալ անձնագիրը, թույլատրվում է գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում առավելագույնը 90 (իննսուն) օր ժամկետով՝ պաշտոնական առաքելությամբ: Այս ժամկետը կարող է երկարացվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների կողմից՝ վերոնշյալ ժամկետով:

 

Հոդված 2

 

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացուց, որը հանդիսանում է դիվանագիտական կամ հյուպատոսական անձնակազմի անդամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և ունի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր, չի պահանջվում ձեռք բերել մուտքի արտոնագիր մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու համար, և նրան այնտեղ գտնվելու ընթացքում տրվում է կացության բացառիկ կարգավիճակ:

2. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը հանդիսանում է իր պետության ներկայացուցիչը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունում և ունի դիվանագիտական կամ պաշտոնական անձնագիր, օգտվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներից:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքներից օգտվում են նաև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության անդամի ամուսինը և նրանց խնամքի տակ գտնվող երեխաները՝ պայմանով, որ վերջիններս ունեն դիվանագիտական կամ պաշտոնական անձնագիր, կամ երեխաների անունները նշված են իրենց հոր կամ մոր անձնագրերում:

 

Հոդված 3

 

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահված մերժելու մուտքը իր երկրի տարածք կամ կրճատելու կացության ժամկետը մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացու, ում նրանք համարում են անցանկալի անձ:

2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին կորցնում է իր անձնագիրը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, նա պետք է այդ մասին տեղյակ պահի հյուրընկալ երկրի պատասխանատու մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունն իր քաղաքացուն պետք է տրամադրի նոր անձնագիր կամ ճանապարհորդական փաստաթուղթ՝ այդ մասին տեղյակ պահելով հյուրընկալ պետության Կառավարության համապատասխան մարմիններին:

 

Հոդված 4

 

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր, պետք է հետևեն մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին վերջինիս սահմանն անցնելու և նրա տարածքում գտնվելու ողջ ընթացքում:

 

Հոդված 5

 

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ Պայմանավորվող կողմերը Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ դիվանագիտական ուղիներով պետք է փոխանակեն իրենց համապատասխան գործող անձնագրերի նմուշ-օրինակները, ներառյալ այդ փաստաթղթերի մանրամասն նկարագրությունը:

2. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց պետք է փոխանցեն նաև իրենց նոր կամ փոփոխված անձնագրերի նմուշ-օրինակները, դրանք զուգակցելով նշված փաստաթղթերի մանրամասն նկարագրություններով, սույն Համաձայնագրի գործողության մեջ մտնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ:

 

Հոդված 6

 

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հասարակության առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից, իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես լիովին կամ մասամբ կասեցնելու սույն Համաձայնագրի կատարումը՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին 30 (երեսուն) օր առաջ տեղեկացնելով:

 

Հոդված 7

 

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

 

Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն Պայմանավորվող կողմերի միջև պետք է լուծվի խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ երրորդ կողմի կամ միջազգային դատարանի միջամտության:

 

Հոդված 9

 

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Ի վկայություն որի՝ ներքոստորագրողները, լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Դամասկոսում 2009 թվականի փետրվարի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 11-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան