ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԵՐԿԿՈՂՄ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.19
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2009
Ստորագրման ամսաթիվ
24.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջԵՎ Դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր),

 

ցանկանալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը երկու պետությունների միջև,

 

ձգտելով դյուրացնել ուղևորության հետ կապված ընթացակարգերը դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

 

Յուրաքանչյուր Կողմ ազատում է մյուս Կողմի պետության` վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջից՝ այցելության նպատակով իր տարածք մուտք գործելու կամ մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով գտնվելու համար։

 

Հոդված 2

 
 

Պետություններից որևէ մեկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք ունեն վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր, թույլատրվում է առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք և գտնվել այնտեղ ծառայության ընթացքում։

 

Հոդված 3

 

 

Երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն 1-ին հոդվածում նշված անձնագիր, բացառությամբ 2-րդ հոդվածում նշված քաղաքացիների, որոնք մտադիր են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել իննսուն (90) օրից ավելի, պետք է, մյուս Կողմի պետության կանոնակարգերին համապատասխան, ստանան մուտքի արտոնագիր։

 

Հոդված 4

 

 

Դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող երկու պետությունների քաղաքացիների` մյուս պետության տարածք մուտք գործելը և այդ տարածքից հեռանալը պետք է իրականացվի միջազգային ուղևորափոխադրումների համար թույլատրված՝ երկու պետությունների սահմանային ցանկացած անցակետից։

 

Հոդված 5

 

 

Սույն Համաձայնագիրը դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց չի ազատում մյուս Կողմի տարածքում օրենքներն ու կանոնակարգերը պահպանելու պարտավորությունից։

 

Հոդված 6

 

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնելու վերը նշված դրույթների պահպանումը՝ ելնելով պետության անվտանգության ապահովման, հանրային կարգի, առողջապահության կամ այլ լուրջ նկատառումներից։

2. Այդպիսի դադարեցման մասին դիվանագիտական ուղիներով պետք է անհապաղ ծանուցվի մյուս Կողմը։

 

Հոդված 7

 

 

Երկու Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց վավերական` ծառայողական կամ հատուկ անձնագրերի երեք նմուշ դրանք գործողության մեջ դնելուց առնվազն տասնհինգ (15) օր առաջ։

 

Հոդված 8

 

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պահանջվող իրենց ներպետական իրավական ընթացակարգերը կատարվել են։

Սույն Համաձայնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին այն դադարեցնելուց վեց ամիս առաջ։

 

Կատարված է Կահիրեում 2009 թվականի փետրվարի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։

 

 Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 14-ին