ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.01.1994-23.09.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունվարի 1994 թվականի N 1

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերում ստեղծել վիզային ծառայություններ:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերի ցանկը:

4. Հաստատել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման հյուպատոսական գանձումների սակագինը (կցվում է):

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում և Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերում ստեղծված վիզային ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման դիմաց տարադրամով գանձվող գումարները մուտքագրվում են  հանրապետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետական բյուջե մուտքագրվող Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման դիմաց տարադրամով գանձվող գումարներից հաջորդ տարվա հանրապետական բյուջեում նախատեսել մասհանումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` «Զվարթնոց» օդանավակայանում ստուգման-բացթողման կետին կից առանձնացնել շենքային տարածք` Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի ժամանած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր գտնվելու համար, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն այս կամ այն պատճառով արգելված է:

Նկատի ունենալ, որ նշված անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն նրանց հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 3-ի N 1 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. Սահմանել, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը կարող են հատել անձը հաստատող փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների առկայության դեպքում:

2. Առանց մուտքի վիզաների Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել`

ա) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը այդ մասին կնքել է համապատասխան համաձայնագրեր.

բ) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից իրենց պետություններ մուտք գործելու համար մուտքի վիզաներ չեն պահանջում.

գ) Հայաստանի Հանրապետությունից մեկնած և օտարերկրյա պետություններում մշտական բնակություն հաստատած, սակայն նախկին ԽՍՀՄ քաղաքացիությունը պահպանած քաղաքացիները:

3. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ տրվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ներկայացուցչությունների, իսկ դրանց բացակայության դեպքում` Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից, մինչև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների բացվելը:

4. Պաշտոնեական գործուղման նպատակով Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի վիզաների տրման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ցուցումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հաշվառված պաշտոնական հրավերները:

5. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ են տրվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների կողմից ձևակերպված անհատական հրավերների հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա է տրվում նաև հրավերի բացակայության դեպքում, եթե օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն այցելում է Հայաստանի Հանրապետություն որպես զբոսաշրջիկ: Այս դեպքում օտարերկրյա պետություններում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, կամ` դրանց բացակայության դեպքում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններն օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ են տալիս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության թույլտվության հիման վրա:

7. Օտարերկրյա այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք չունեն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ և մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մուտքի վիզաներ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերում` նախապես հարցը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ:

8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ անվճար տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով այցի եկող պաշտոնական անձանց կամ պատվիրակությունների անդամներին.

բ) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին.

գ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.

դ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին.

ե) մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.

զ) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.

է) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է մուտքի վիզաների փոխադարձ անվճար տրման համաձայնագիր.

ը) մինչև 15 տարեկան երեխաներին:

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ անվճար կարող են տրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 3-ի N 1 որոշմամբ

 

Ս Ա Կ Ա Գ Ի Ն


ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ

 

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար գանձվում է.

1. Մեկ անգամվա մուտքի վիզա`

ա) հրավեր ներկայացնելու դեպքում գանձվում է տվյալ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկության կողմից համապատասխան վիզայի տրման դիմաց գանձվող գումարի 150 տոկոսի չափով, իսկ այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկություններ չկան` Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հիմնարկությունների կողմից սահմանված գումարի 50 տոկոսի չափով.

բ) առանց հրավերի ներկայացման զբոսաշրջիկային վիզա 21 օր ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար:

2. Բազմակի մուտքի վիզա`

մինչև 6 ամիս ժամկետով` 100 ԱՄՆ-ի դոլար.

մինչև 1 տարի ժամկետով` 200 ԱՄՆ-ի դոլար:

3. Տարանցիկ վիզա` 15 ԱՄՆ-ի դոլար:

4. Տուգանք ժամկետանց վիզայի համար` օրական 3 ԱՄՆ-ի դոլար:

5. Վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար`

մինչև 15 օր` օրական 2 ԱՄՆ-ի դոլար

15-30 օր` օրական 3 ԱՄՆ-ի դոլար.

30 օրից ավելի` օրական 5 ԱՄՆ-ի դոլար: