ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱԺՆԻ ԵՎ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ԵՎ Եվրոպայում անվտանգության ԵՎ համագործակցության կազմակերպության միջԵՎ «ՀՀ ոստիկանության ԵրԵՎան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ԵՎ Արաբկիրի համայնքի ազգաբնակչության միջԵՎ գործընկերության հաստատում» ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Սույն Համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) կնքվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Իրականացնող գործընկեր) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (այսուհետ` ԵԱՀԿ) միջև, որոնք միասին կոչվում են Կողմեր:

Նկատի ունենալով, որ Իրականացնող գործընկերը ողջունում է «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի համայնքի ազգաբնակչության միջև գործընկերության հաստատում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացումը և համաձայնել է, ըստ անհրաժեշտության, համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարական այլ մարմինների, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ` Ծրագրի արդյունքներին հասնելու նպատակով, և հաստատում է, որ այդ արդյունքներին հասնելը պայմանավորված է իր կողմից նման ակտիվ համագործակցությամբ,

նկատի ունենալով, որ ԵԱՀԿ մասնակից Պետությունների կողմից վստահվել է Ծրագրի իրականացման ֆինանսական և վարչական մոնիտորինգը,

նկատի ունենալով, որ ձեռք է բերվել համաձայնություն, որ Կողմերը համատեղ իրականացնում են Ծրագիրը, որի համար ԵԱՀԿ-ն ստացել է արտաբյուջետային միջոցներ ԵԱՀԿ մասնակից Պետությունների կողմից,

ՈՒՍՏԻ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ, հաշվի առնելով և հիմնվելով սույն Համաձայնագրում սահմանված` Կողմերի ներկայացուցչությունների, երաշխիքների և փոխադարձ համաձայնության վրա, Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Ծրագիրը

 

Սույն Համաձայնագրի առարկա հանդիսացող Ծրագիրը նկարագրված է 1-ին Հավելվածում (Ծրագրի փաստաթուղթ) և 2-րդ Հավելվածում (Գործունեության պլան), որոնք կազմում են Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 2. Ծրագրի տևողությունը

 

Ծրագրի տևողությունը կազմում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից հետո տասներկու (12) օրացուցային ամիս: Ծրագրի իրականացումն սկսվում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից երեք (3) օրացուցային օր հետո:

 

Հոդված 3. Իրականացնող գործընկերոջ պարտականությունները

 

1. Իրականացնող գործընկերը պետք է ստանձնի սույն Համաձայնագրում և նրա Հավելվածներում նկարագրված խնդիրները` այնտեղ սահմանված ժամկետներում և եղանակով:

2. Իրականացնող գործընկերը պետք է մասնակցի 1-ին և 2-րդ Հավելվածներում նշված` Ծրագրի Գործադիր ղեկավար կոմիտեի հանդիպումներին ոստիկանության պետի մակարդակով:

3. Իրականացնող գործընկերը պետք է պատասխանատու և հաշվետու լինի ԵԱՀԿ-ին` երաշխավորելու համար, որ ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված բոլոր սարքավորումները և ապրանքները կօգտագործվեն բացառապես սույն Համաձայնագրում և նրա Հավելվածներում նկարագրված նպատակներով: Իրականացնող գործընկերոջ սույն պարտավորությունը պետք է ուժի մեջ մնա սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց կամ դրա դադարելուց անկախ:

4. Իրականացնող գործընկերը Ծրագրով իր պարտականությունների կատարման համար պետք է աշխատանքի ընդունի անհրաժեշտ անձնակազմ և անհրաժեշտության դեպքում պետք է ուղղակիորեն պայմանագրային հարաբերությունների մեջ մտնի նրանց հետ` որպես գործատու: Նման անձնակազմը պետք է աշխատի Իրականացնող գործընկերոջ վերահսկողության և պատասխանատվության ներքո: ԵԱՀԿ-ն ոչ մի դեպքում չպետք է պատասխանատու լինի Իրականացնող գործընկերոջ կողմից Ծրագրով ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքի ընդունված անձնակազմի համար:

5. Հնարավորության սահմաններում Իրականացնող գործընկերը պետք է երաշխավորի, որ սույն Ծրագրով իրականացվող ուսումնական ծրագրերի մասնակիցները կշարունակեն իրենց համապատասխան գործառույթները Իրականացնող գործընկերոջ կառույցներում ուսումնական դասընթաց(ներ)ը անցնելուց առնվազն տասներկու (12) օրացուցային ամիս հետո, և որ Արաբկիրի ոստիկանության պետը պետք է շարունակի իր գործառույթների կատարումը առնվազն մինչև Ծրագրի իրականացման ավարտը:

6. Ծրագրի իրականացման, նրա մոնիտորինգի և Ծրագրի ազդեցության հետագա գնահատման նպատակներով Իրականացնող գործընկերը պետք է թույլատրի ԵԱՀԿ-ին, նրա պաշտոնյաներին և փորձագետներին անսահմանափակ մատչելիություն բոլոր հնարավոր գրագրության, տեղեկատվության և վայրերի նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ նման մատչելիությունը սահմանափակվում է կանոնակարգերով և ազգային օրենսդրությամբ` ելնելով հանրային և/կամ ազգային անվտանգության նկատառումներից:

7. Իրականացնող գործընկերը ԵԱՀԿ պաշտոնյաներին և փորձագետներին, որոնք ընդգրկված են Ծրագրի իրականացման մեջ, պետք է անվճար ապահովի համապատասխան գրասենյակային տարածքով Արաբկիրի ոստիկանության բաժնում:

8. Իրականացնող գործընկերը պետք է ապահովի բոլոր հարմարությունները և մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ԵԱՀԿ-ին Ծրագրի իրականացման մոնիտորինգն իրականացնելու համար:

 

Հոդված 4. ԵԱՀԿ պարտավորությունները

 

ԵԱՀԿ-ն պետք է.

1. իրականացնի սույն Համաձայնագրի Հավելվածներում սահմանված խնդիրները.

2. գնի Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները և այլ ապրանքները, ինչպես նշված է սույն Համաձայնագրի Հավելվածներում, ԵԱՀԿ գնումների կանոնների համաձայն.

3. համակարգի և մոնիտորինգ իրականացնի Ծրագրի իրականացման և հատկացված միջոցների պատշաճ կառավարման նկատմամբ:

 

Հոդված 5. Բյուջեն և վճարումները

 

1. Ծրագրի բյուջեն պետք է սահմանվի սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում: ԵԱՀԿ-ն ոչ մի դեպքում չպետք է կրի Ծրագրի իրականացման համար 1-ին Հավելվածում սահմանված գումար(ներ)ը գերազանցող ծախսերը:

2. Ծրագրի հաստատումը և դրա իրականացման մեկնարկը չպետք է պարտավորություն հանդիսանան ԵԱՀԿ-ի համար` իրականացնել Ծրագիրը կամ դրա որևէ մասը:

3. Ծրագրի գործողությունների համար միջոցների օգտագործումը պետք է ենթակա լինի ներքին և արտաքին աուդիտի, ինչպես կարող է պահանջվել ԵԱՀԿ ֆինանսական կանոններով:

 

Հոդված 6. Հաշվետվության կարգը

 

1. Ի լրումն սույն Համաձայնագրի 1-ին և 3-րդ Հավելվածներում սահմանված հաշվետվության պահանջների` Իրականացնող գործընկերը, ըստ պահանջի, պետք է ներկայացնի հաշվետվություններ, որոնք կներառեն.

ա) ձեռնարկված գործողությունների հակիրճ նկարագիրը.

բ) տեղեկատվություն նպատակներին հասնելու վերաբերյալ.

գ) գործողություններով ստեղծված ազդեցության գնահատումը, ներառյալ տեղ գտած որևէ խնդիրը կամ հաջողությունը:

2. Պատմողական հաշվետվությունները պետք է ներկայացվեն երկու օրինակից. մեկը` հայերեն, մեկը` անգլերեն:

3. Ծրագրի իրականացումն ավարտելուց հետո` երեսուն (30) օրվա ընթացքում, Կողմերը պետք է պատրաստեն վերջնական ֆինանսական հաշվետվություն, որը պետք է պարունակի Ծրագրի ֆինանսական վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն, ներառյալ եկամուտը, ծախսերը և չծախսված հաշվեկշիռը: Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի նաև լրացուցիչ տեղեկատվություն` կապված ԵԱՀԿ կողմից Ծրագրի իրականացման նպատակով սարքավորումները և/կամ ապրանքները Իրականացնող գործընկերոջը որպես սեփականություն փոխանցելու հետ:

4. Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է կազմվի անգլերեն, երկու (2) օրինակից, յուրաքանչյուր Կողմի համար` մեկական:

 

Հոդված 7. Սարքավորումները և այլ ապրանքները

 

1. Բոլոր սարքավորումները և այլ ապրանքները, որոնք գնվում են ԵԱՀԿ կողմից, համաձայն վերը նշված 4-րդ հոդվածի 2-րդ կետի, ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, գանձումներից, հարկերից և այլ վճարներից:

2. Ծրագրի շրջանակում ԵԱՀԿ կողմից, համաձայն վերը նշված 4-րդ հոդվածի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ի կետի, գնված սարքավորումները և/կամ ապրանքները Իրականացնող գործընկերոջ կողմից նշված վայր առաքվելուց երեսուն (30) օրվա ընթացքում ԵԱՀԿ-ն պետք է մատչելի դարձնի նշված սարքավորումները և ապրանքները Իրականացնող գործընկերոջ համար, իսկ Իրականացնող գործընկերը պետք է տիրապետի սարքավորումները և ապրանքները:

3. ԵԱՀԿ կողմից սույն Համաձայնագրով գնված սարքավորումները և ապրանքները տիրապետելիս Իրականացնող գործընկերը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը` զերծ պահելով ԵԱՀԿ-ին որևէ պահանջից, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում է սարքավորումների և ապրանքների կամ դրանց հետ կապված շահագործումից և պահպանությունից, վարելով ճշգրիտ գույքագրման հսկողության տվյալներ, որոնք վերաբերում են սարքավորումներին և ապրանքներին: Նշված տվյալները, ըստ պահանջի, պետք է մատչելի լինեն ԵԱՀԿ-ին:

4. Ծրագրի իրականացումն ավարտելուց հետո Ծրագրի իրականացման նպատակներով սույն Համաձայնագրով ԵԱՀԿ կողմից գնված սարքավորումների և/կամ ապրանքների հանդեպ սեփականության իրավունքը ԵԱՀԿ կողմից պետք է փոխանցվի Իրականացնող գործընկերոջը: Վերջնական ֆինանսական հաշվետվությունը պետք է պարունակի այդ փոխանցման բոլոր մանրամասները:

 

Հոդված 8. Պարտավորությունը

 

1. Իրականացնող գործընկերը պետք է ԵԱՀԿ-ին զերծ պահի որևէ հայցից, կորստից և վնասից, որոնք ԵԱՀԿ-ն կարող է կրել որպես ուղղակի կամ անուղղակի հետևանք Ծրագրում իր մասնակցությունից կամ դրանից բխող հանգամանքների արդյունքում:

2. Իրականացնող գործընկերը և նրա վերահսկողության տակ գտնվող անձնակազմը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ ԵԱՀԿ հեղինակության և կարգավիճակի վրա:

3. Իրականացնող գործընկերը պետք է ապահովի և պահպանի համապատասխան ապահովագրություն երրորդ կողմի պարտավորության նկատմամբ:

 

Հոդված 9. Հրապարակայնությունը

 

ԵԱՀԿ կողմից Ծրագրի գործունեության ֆինանսավորումը պետք է լուսաբանվի Ծրագրի հետ կապված ցանկացած տպագիր նյութում: Իրականացնող գործընկերն իր տպագիր նյութերում, ելույթներում ու մամուլի հրապարակումներում կամ լրատվության այլ համանման միջոցներով պետք է հիշատակի ԵԱՀԿ մասնակցության վերաբերյալ:

 

Հոդված 10. Հաղորդակցությունը

 

Ծրագրի իրականացման հետ կապված հաղորդակցությունը պետք է հասցեագրվի հետևյալ կերպով.

 

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության համար`
Գեներալ-մայոր Էդուարդ Ղազարյան
Երևան, 375025, Նալբանդյան փողոց, 135

Հեռախոս`   +374 1 58 71 25

Ֆաքս`        +374 1 58 71 25, 54 81 37

Էլ. փոստ`    staffmia@arminco.com

ԵԱՀԿ-ի համար`
Կարել Հոֆստրա
Երևան, 375009, Տերյան փողոց, 89

Հեռախոս`   +374 1 54 10 62, ներքին` 115

Ֆաքս`        +374 1 54 10 61

Էլ. փոստ`     Carel.Hofstra@osce.org

 

Հոդված 11. Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանումից, իրականացումից և/կամ կիրառումից ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները պետք է Կողմերի միջև լուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Այն դեպքում, եթե Կողմերին չի հաջողվում վեճը լուծել բանակցային ճանապարհով, այն լուծվում է արբիտրաժային դատարանի միջոցով: Արբիտրաժային դատարանը ղեկավարվում է UNCITRAL արբիտրաժային կանոններով։

Նշանակող մարմին պետք է լինի Հաագայի արբիտրաժային դատարանը: Արբիտրների քանակը պետք է լինի մեկ (1): Դատավարության վայր պետք է հանդիսանա Վիեննան. Ավստրիա: Դատավարության ժամանակ օգտագործվող լեզուն պետք է լինի անգլերենը: Արբիտրի որոշումը պետք է վերջնական և պարտադիր լինի Կողմերի համար:

 

Հոդված 12. Արտոնությունները և անձեռնմխելիությունը

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող դիտվել որպես ԵԱՀԿ-ի և նրա աշխատակազմի համար սահմանված արտոնությունները և անձեռնմխելիությունը սահմանափակող։

 

Հոդված 13. Ուժի մեջ մտնելը, դադարեցումը և փոփոխումը

 

1. Սույն Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և պետք է ուժի մեջ մնա մինչև սույն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը, եթե Կողմերից մեկը չի դադարեցնում վաղաժամկետ` այդ մասին ոչ պակաս, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ գրավոր ծանուցում տալու միջոցով, կամ անմիջապես ԵԱՀԿ կողմից` Իրականացնող գործընկերոջ կողմից սույն Համաձայնագրով պարտավորությունները լրիվ կամ մասնակիորեն չկատարվելու դեպքում: Դադարեցման դեպքում ԵԱՀԿ` Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր պարտավորությունները պետք է անմիջապես դադարեն:

2. Ծրագրի իրագործելիությունը կասկածի տակ դնող կամ Ծրագրում էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Իրականացնող գործընկերը, նախքան Ծրագրի իրականացումը շարունակելը կամ նախքան նման փոփոխություններ մտցնելը, պետք է ստանա ԵԱՀԿ գրավոր համաձայնությունը։ Սույն Համաձայնագրի բոլոր փոփոխությունները պետք է ենթակա լինեն երկու Կողմերի համաձայնությանը և ամրագրվեն սույն Համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունում, որը կկազմի նրա անբաժանելի մասը: Ցանկացած նման արձանագրություն պետք է ուժի մեջ մտնի սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված ընթացակարգի համաձայն:

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Երևան քաղաքում, 2007 թ. մարտի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն: Երկու տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ անհամաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 29-ին: