ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.08.2007-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2007
Ստորագրման ամսաթիվ
20.08.2007

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական դաստիարակության կազմակերպության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական դաստիարակության կազմակերպությունը (այսուհետ՝ Կողմեր),

ձգտելով զարգացնել համագործակցությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում, որպես երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր և անհրաժեշտ տարր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը համաձայնում են` սույն Փոխըմռնման Հուշագրին և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն իրականացնել ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում:

 

Հոդված 2

 

Կողմերը միմյանց կտրամադրեն անհրաժեշտ միջոցներ տեղեկատվության, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակման համար:

 

Հոդված 3

 

Կողմերը կխրախուսեն մասնագետների, բժիշկների և սպորտային մասնագետների մասնակցությունը գիտական սեմինարներին և ֆիզիկական դաստիարակությանն առնչվող, սպորտը բոլորի համար և սպորտային բժշկության թեմաներով խորհրդաժողովներին:

 

Հոդված 4

 

Կողմերը կանցկացնեն համատեղ քննարկումներ համագործակցության ընդլայնման, սպորտային նվաճումների արդյունքների հարցերի շուրջ, ինչպես նաև կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

 

Հոդված 5

 

Կողմերը կաջակցեն միմյանց կապ հաստատելու մարզական լրատվության, ռադիոյի, հեռուստատեսության և մարզական հրապարակումների միջոցով` իրենց երկրներում ֆիզիկական դաստիարակության և սպորտի զարգացման նվաճումներին հասարակությանը ծանոթացնելու նպատակով:

 

Հոդված 6

 

Կողմերը կխրախուսեն թիմերի, մարզիկների, մասնագետների, մրցավարների փոխանակումները: Այդ փոխանակումները կիրականացվեն դրանց վերաբերյալ Կողմերի պետությունների ազգային ֆեդերացիաների, միությունների, ընկերությունների, ակումբների և այլ սպորտային հաստատությունների միջև հաստատված ծրագրերին համապատասխան, որոնցում կսահմանվեն փոխանակումների կարգը, ժամկետներն ու ֆինանսական ապահովման պայմանները:

 

Հոդված 7

 

Գործուղող Կողմը իր սպորտային կազմակերպությունների և ազգային ֆեդերացիաների միջոցով կհոգա պատվիրակության մեկնման և վերադարձի տոմսերի ծախսերը մինչև ընդունող Կողմի պետության մայրաքաղաք կամ նախօրոք համաձայնեցված որևէ այլ քաղաք: Հյուրընկալող Կողմը կհոգա տեղավորման, սննդի և ներքին տրանսպորտի ծախսերը: Մնացած հարցերը կկարգավորվեն փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 8

 

Սույն Փոխըմբռնման Հուշագրի կիրառման կամ մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Փոխըմբռնման Հուշագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ: Նշված արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Փոխըմբռնման Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանա սույն Փոխըմբռնման Հուշագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 10

 

Սույն Փոխըմբռնման Հուշագրիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից և կգործի 5 տարի ժամկետով:

Փոխըմբռնման Հուշագրի ժամկետը կարող է երկարաձգվել հաջորդ հինգ (5) տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին սույն Փոխըմբռնման Հուշագրի ավարտից 6 ամիս առաջ:

 

Հոդված 11

 

Սույն Փոխըմբռնման Հուշագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամանակ սկսված ծրագրերի և նախագծերի կատարման ընթացքի վրա, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2007 թվականի օգոստոսի 20-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման Հուշագրի կատարման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: