ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (04.05.2007-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Ընդունման ամսաթիվ
15.09.2004
Ստորագրման ամսաթիվ
15.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի ապահովման համար ռեսուրսների պահուստների ստեղծման եվ դրանց արդյունավետ օգտագործման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի մեծ նշանակությունը տնտեսության զարգացման, բնակչության սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման համար,

ընդունելով վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործման, այդ հիմքի վրա էլեկտրական էներգիայի սեփական պահանջների բավարարման անհրաժեշտությունը,

շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում էներգապաշարների օգտագործման տնտեսական արդյունավետության աճի ապահովման, ջրային տնտեսության և վառելիքային-էներգետիկ համալիրների գործելու և կայուն զարգացման նպատակով,

ելնելով մասնագիտացման, կոոպերացիայի և տեխնոլոգիապես փոխկապակցված արտադրությունների երկարաժամկետ հիմքով պահպանման և զարգացման նպատակահարմարության սկզբունքից,

ձգտելով բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը,

հաշվի առնելով 1991 թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի և 1994 թ. դեկտեմբերի 17-ի Էներգետիկ խարտիայի Պայմանագրի, 1998 թ. նոյեմբերի 25-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին Պայմանագրի դրույթները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ ձևակերպումները.

վառելիքային-էներգետիկ ռեսուրսներ - այնպիսի վառելանյութերի աղբյուրներ, որոնք այրվելիս անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, որն օգտագործվում է տեխնոլոգիական գործընթացներում կամ փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների,

նյութատեխնիկական ռեսուրսներ - հումք, նյութեր, հանգույցներ, դետալներ, պահեստամասեր, պատրաստուքներ, լրակազմող և ճյուղային ու միջճյուղային նշանակության այլ արտադրանք,

ռեսուրսների պահուստներ - վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների նախապես ստեղծված պաշարներ,

իրավասու մարմին - մարմին, որը նշանակվում է յուրաքանչյուր Կողմի կողմից սույն Համաձայնագրի դրույթների և նպատակների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգման համար,

տնտեսվարող սուբյեկտ - իրավաբանական անձ, որն զբաղվում է վառելիքային-էներգետիկ ռեսուրսների արտադրությամբ, փոխանցմամբ, բաշխմամբ և իրացմամբ` Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան,

վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների միջպետական մատակարարում - հաշվետու ժամանակահատվածի ընթացքում (ամիս, եռամսյակ) փոխանցվող և մաքսային առումով Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև արտաքին առևտրային պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան ձևակերպված վառելիքային-էներգետիկ ռեսուրսների մեծություններ (ծավալներ, քվոտաներ),

վառելիքային-էներգետիկ ռեսուրսների ներմուծվող մատակարարումներ - վառելիքային-էներգետիկ ռեսուրսներ, որոնք գնվել և ներմուծվել են արտասահմանից` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության ներքին շուկայում իրացվելու համար,

Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք - սույն Համաձայնագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգետիկ համակարգերի միևնույն հաճախականությամբ համատեղ աշխատանք,

տրանսպորտային էներգետիկ համակարգեր - նավթի, գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի փոխանցումն ու փոխադրումն իրականացնող համակարգեր:

 

Հոդված 2

 

Կողմերն իրականացնում են փոխշահավետ տնտեսական համագործակցություն վառելիքի ապահովման ոլորտում վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների փոխհամաձայնեցված` երկկողմ և բազմակողմ հաշվեկշիռների հիման վրա:

 

Հոդված 3

 

Վառելիքային-էներգետիկ և ջրային ռեսուրսների միջպետական մատակարարումների ծավալները սահմանվում են Կողմերի կողմից` փոխշահավետության և հավասարակշռվածության հիմունքով առանձին կնքված` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 4

 

Կողմերն ստեղծում են իրենց վառելիքային-էներգետիկ և նյութատեխնիկական ռեսուրսների պահուստները` աշուն-ձմեռ ժամանակահատվածում առավելագույն ծանրաբեռնվածությունը կայուն ձևով հաղթահարելու, ինչպես նաև խոշոր համակարգային վթարների դեպքում և ֆորսմաժորային պայմաններում էներգահամակարգի հուսալիությունն ապահովելու համար:

 

Հոդված 5

 

ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհուրդը Կողմերի հետ համաձայնեցնելուց հետո սահմանված կարգով մշակում և հաստատում է ռեսուրսների պահուստների օգտագործման մասին տիպային պայմանագրի ձևը:

 

Հոդված 6

 

Կողմերն օժանդակում են նոր հանքավայրերի համատեղ յուրացման, համալիր նշանակության արտադրական հզորությունների, տրանսպորտային էներգետիկ համակարգերի կառուցման, դրանց շահագործման, վերակառուցման և արդիականացման ուղղությամբ համաձայնեցված ծրագրերի մշակմանը:

 

Հոդված 7

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն վառելիքային-էներգետիկ ռեսուրսների միջպետական շուկայի ձևավորման պայմաններում հետագա ինտեգրման, անդրազգային տրանսպորտային համակարգերի, մասնավորապես` գազամուղների, նավթամուղների, նավթամթերքների խողովակաշարերի հուսալի գործունեությունն ապահովելու համար պայմանների ստեղծման ուղղությամբ` նպաստելով էներգառեսուրսների անխափան և պլանաչափ մատակարարումների խախտումների բացառմանը:

 

Հոդված 8

 

Կողմերն օժանդակում են էներգառեսուրսներ խնայող սարքավորումների արտադրությանը, էներգիա խնայող տեխնոլոգիաների մշակմանը, էներգիա խնայող սարքավորումների լայն տարածման, արդյունավետ ներդրման և օգտագործման համար տնտեսական և իրավական պայմանների ստեղծմանը:

 

Հոդված 9

 

Կողմերն օժանդակում են համատեղ միջոցառումների անցկացմանը, որոնք ուղղված են` ստեղծելու.

էներգիա սպառող արտադրանքի (ներառյալ դրանց էներգաարդյունավետության ցուցանիշները) համար չափանիշների միասնականացված միջպետական համակարգեր,

վառելիքային-էներգետիկ ռեսուրսների տեղափոխման, բաշխման և պահպանման ժամանակ դրանց կորուստների նորմերի և նորմատիվների մշակման ուղղությամբ միջպետական ծրագրեր,

էներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունավետության նկատմամբ չափագիտական հսկողության և վերահսկողության իրականացման միասնական մոտեցումներ,

տրանսպորտային էներգետիկ համակարգերով վառելիքային-էներգետիկ ռեսուրսների տարանցիկ տեղափոխման ծառայությունների համար հաշվարկների միասնական մեթոդներ:

 

Հոդված 10

 

ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհուրդը Կողմերի իրավասու մարմինների հետ համատեղ կստեղծի աշխատանքային խումբ Կողմերի էլեկտրաէներգետիկ հզորության պահուստների տեղաբաշխման օպտիմալացման սխեմայի մշակման համար:

 

Հոդված 11

 

Կողմերը պահում են հզորությունների համաձայնեցված պահուստ, որն օգտագործվում է էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի խաթարումները կանխելու համար:

Հզորության պահուստի տրամադրման կարգը կանոնակարգվում է Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև` պայմանագրերով:

 

Հոդված 12

 

Կողմերի իրավասու մարմինները հետազոտություններ են կատարում և մշակում առաջարկություններ հիդրոօդերևութաբանական պայմանների չհամընկնելու ազդեցությունն օպտիմալ օգտագործելու և միացյալ համակարգերում զուգահեռ ռեժիմով աշխատող հիդրոէլեկտրակայանների էներգատվության ծավալները մեծացնելու վերաբերյալ:

 

Հոդված 13

 

Կողմերը մշակում են համաձայնեցված միջոցառումներ ազգային օրենսդրության այն նորմատիվ իրավական ակտերի միասնականացման ուղղությամբ, որոնք կարգավորում են Կողմերի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, սահմանում են իրավունքները, պատասխանատվությունը և պարտավորությունները ռեսուրսների պահուստների արդյունավետ օգտագործման, էլեկտրական

էներգիայի փոխանցման և բաշխման ոլորտում:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Կողմերը տեղեկացնում են ԱՊՀ Գործադիր կոմիտեին իրենց իրավասու մարմինների նշանակման մասին:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերի կարգավորման անհնարինության դեպքում Կողմերը դիմում են միջազգային դատական ատյաններին:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարում` ներպետական ընթացակարգը կատարելու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու օրվանից: Այդպիսի ընթացակարգի անցկացման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուն պես Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` նոր հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների, ինչպես նաև դրա դրույթներն ու սկզբունքներն ընդունող երրորդ պետությունների միանալու համար` միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու ճանապարհով:

Երրորդ պետությունների միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկը երեք ամսվա ընթացքում դեմ չի հանդես գա այդ միանալուն ավանդապահին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով:

 

Հոդված 20

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժան մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 21

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց առնվազն մեկ տարի առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին, կատարելով սույն Համաձայնագրից բխող ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Կատարված է Աստանա քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր պետության, որն ստորագրել է սույն Համաձայնագիրը, կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 15.09.2004, Ռուսաստանի Դաշնության համար` 26.11.2004, Տաջիկստանի Հանրապետության համար` 22.11.2005, Ղրղզստանի Հանրապետության համար` 03.03.2006, Հայաստանի Հանրապետության համար` 04.05.2007:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան