ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Քաղ. Երևան |
22 ապրիլի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարությանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2001 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման և զարգացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մարությանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 31-ին` Մինսկում:
Համաձայնագիրն ստորագրելիս` Կողմերը նպատակ են ունեցել համաձայնեցնել տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործմանն ու զարգացմանն ուղղված իրենց գործողությունները:
Ստորագրելով համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
ա) աջակցել զորքերի, զորախմբերի, առանձին զինծառայողների, ինչպես նաև ռազմական բեռների տեղափոխությանը մի կետից մյուսը, անկախ փոխադրման ծավալից, բովանդակությունից, նպատակներից և նշանակությունից, ինչպես նաև տրանսպորտի տեսակից.
բ) աջակցել բեռների և մարդկանց փոխադրումներին, որոնք ուղղված են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը, դրանց հետևանքով տուժած մարդկանց կյանքը փրկելուն և առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրին պատճառված վնասների և նյութական կորուստների չափերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակի տարածքի սահմանազատմանը, դրան բնութագրող վտանգավոր գործոնների գործունեության դադարեցմանը, ինչպես նաև էվակուացիոն միջոցառումների իրականացմանը.
գ) անցկացնել հատուկ միջոցառումներ` ուղղված ՀՀ տարածքում տրանսպորտային հաղորդակցության ցանցի աշխատանքային վիճակի պահպանմանը, վերանորոգմանը, զարգացմանը, ինչպես նաև խաղաղ և պատերազմական ժամանակ ավերված հաղորդակցության ուղիների և տրանսպորտային օբյեկտների տեխնիկական արգելափակմանն ու արագ վերականգնմանը` դրանց ներկայացվող ռազմատեխնիկական պահանջներին համապատասխան.
դ) հոգալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման հետ կապված բոլոր ծախսերը:
Համաձայնագիրը չի շոշափում Հայաստանի Հանրապետության կողմից նախկինում ստորագրված, այդ թվում նաև սույն համաձայնագրի Կողմ հանդիսացող պետությունների հետ կնքված պայմանագրերից և համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, և չի խոչընդոտում տվյալ համաձայնագրի կատարմանը չհակասող այլ միջազգային պայմանագրերի կնքմանը:
Համաձայնագրում սահմանված են վերջինիս ուժի մեջ մտնելու, կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրին միանալու և դրանից դուրս գալու կարգը, ինչպես նաև գործողության ժամկետները:
Համաձայնագրի կարգավորման խնդիրը` մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման և զարգացման համար փոխադարձ համաձայնեցված պայմանների ստեղծումն է, որը համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին և կոչված է ավելի դյուրին դարձնելու այդ ոլորտում պետության սահմանադրական պարտավորությունների կատարումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման և զարգացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|