ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-375
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. հունիսի 6-ին Մինսկում` Կողմերի միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների բնագավառում համագործակցություն իրականացնելու նպատակով:

Սույն համաձայնագիրը սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության` ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը:

2. Համաձայնագիրը նպատակաուղղված է երկկողմ պայմանավորվածությունների հաստատմամբ և ծրագրերի իրագործմամբ նպաստելու սպառազինության, ռազմական արտադրանքի փոխմատակարարումների, ռազմական արդյունաբերության և այլ բնագավառներում համագործակցելու միջոցով երկու երկրների պաշտպանական ներուժերի ամրապնդմանը:

3. Սույն համաձայնագրով սահմանվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, արդիականացման, նորոգման ու մատակարարման իրականացման կարգը, համաձայնագրի դրույթների անմիջական իրագործման համար նշանակվող լիազորված մարմինները, կարգավորվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների պլանների մշակման, Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, արդիականացման և նորոգման համար անհրաժեշտ ապրանքների փոխադարձաբար մատակարարումների իրականացման հետ կապված և մի շարք այլ հարցեր:

4. Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում Կողմերը ղեկավարվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, մատակարարման, ստանդարտացման հարցերը կարգավորող` ինչպես գործող ներպետական, այնպես էլ միջազգային նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով:

5. Կողմերը պարտավորվում են չլիցենզավորել և չքվոտավորել ցանկերի համաձայն մատակարարվող արտադրանքը, միմյանց տարածքներում մաքսային վճարներ չգանձել այդ ապրանքներից, միմյանց տեխնիկական օգնություն ցուցաբերել սպառազինության և ռազմական տեխնիկայի վերականգնման և սպասարկման ուղղությամբ, ապահովել սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկության պահպանումը, ինչպես նաև պահպանել գաղտնիության համաձայնեցված աստիճանը:

6. Կողմերը նախատեսել են նաև դրույթներ համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի և դադարեցման, ինչպես նաև դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կարգի վերաբերյալ:

7. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին 2002 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-375

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան