ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-256
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

29 սեպտեմբերի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկ քաղաքում` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման և միասնական տնտեսական գոտու ձևավորման նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է հետևյալ պարտավորությունները,

- չկիրառել մաքսատուրքեր, ինչպես նաև տուրքերին համարժեք ներգործություն ունեցող հարկեր և գանձումներ, քանակային սահմանափակումներ` ներմուծվող և արտահանվող այն ապրանքների վրա, որոնք ծագել են մեկ Կողմի պետությունում և նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար,

- ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ չմտցնել որևէ հատուկ սահմանափակումներ կամ պահանջներ, որոնք նույնանման իրադրությունում չեն կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած ապրանքների նկատմամբ,

- մյուս Կողմի տարածքում ծագած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների նկատմամբ չկիրառել այլ կանոններ, քան կիրառվում են համանման դեպքերում սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ,

- ձեռնպահ մնալ փոխադարձ առևտրում ապրանքների արտահանումը և ներմուծումը սահմանափակող միջոցառումների կիրառումից,

- առանց համաձայնեցնելու թույլ չտալ այն ապրանքների վերարտահանում, որոնց արտահանման նկատմամբ Կողմը, որի պետության ծագում ունեն այդ ապրանքները, կիրառում է քվոտավորման և լիցենզավորման միջոցներ,

- թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել ազատ տնտեսական մրցակցությունը,

- ապահովել մյուս Կողմի պետության և երրորդ տարածքից իր երկրի տարածքով մյուս Կողմի պետության կամ ցանկացած երրորդ պետության համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը:

Համաձայնագրի նպատակների իրականացման համար Կողմերը համաձայնեցին հիմնել հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողով:

Համաձայնագրով սահմանվում է նաև դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


29 սեպտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ-256