ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1998/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 հունիսի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունները ստեղծելու են ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ` 1 միլիոն 800.000 գերմանական մարկ գումարով, որի շրջանակներում ֆինանսավորվելու են մասնագետների գործուղումները, նրանց կողմից իրականացվող ուսումնասիրությունները, մատուցվող խորհրդատվական ծառայությունները, ընդ որում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուղել մասնագետներ, ֆինանսավորել ծրագրերը և իրականացվող միջոցառումները, իսկ ՀՀ կառավարությունը` օժանդակել գործուղված մասնագետներին, ապահովելով նրանց անձնական և գույքային անվտանգությունը:

Գործուղված մասնագետների աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը, ըստ համաձայնագրի, ազատվում է հարկերից և տուրքերից: Նույնպիսի հարկային արտոնություններ են նախատեսվում նաև մասնագետների և նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման գույքի և համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում առաքվող ապրանքների նկատմամբ:

Համաձայնագրով նախատեսված են դրույթներ` կապված համաձայնագրի գործադրման, ընթացիկ հարցերի լուծման հետ, 10 հոդվածով նախատեսված է նաև համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորություն` ստորագրման պահից, մինչև ուժի մեջ մտնելը: Սակայն, ինչպես պարզվեց գործի քննության ընթացքում, ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի դրույթների անխախտելիությունն ապահովելու շարժառիթներից ելնելով, համաձայնագիրն ստորագրման պահից չի կիրառվել:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով, որ համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ 1995 թվականի մայիսի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


9 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ-109