Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1998/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 հունվարի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,

հրավիրվածներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Ա. Թավադյանի, տրանսպորտի նախարարի տեղակալ Ռ. Քրմոյանի, ավտոմայրուղիների ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Ն. Էլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թվականի հուլիսի 17-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկային համաձայնագրի (մայրուղիների ծրագիր) փոփոխությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Հ. Նազարյանի և Ա. Գյուլումյանի հաղորդումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի բացատրությունները, ինչպես նաև սահմանադրական դատարանի նիստին հրավիրվածներ` Մ. Ալեքսանյանի, Ա. Դարբինյանի, Ա. Թավադյանի, Ն. Էլարյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը, ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության, ՀՀ դատախազության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տրանսպորտի նախարարության տեղեկանքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման վարկային համաձայնագրի (մայրուղիների ծրագիր) փոփոխությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 17-ին` Վաշինգտոնում, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է SDR 11 միլիոն տարբեր տարադրամային միավորների համարժեք վարկ` ավտոմայրուղիների ծրագրի իրականացման նպատակով:

1995 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը և Միջազգային զարգացման ընկերությունը կնքել են ավտոմայրուղիների ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիր, որը 1995 թ. դեկտեմբերի 13-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այդ ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված էր նաև 15 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք միջոցներ ներգրավել Քուվեյթի հիմնադրամի վարկային ռեսուրսներից: Հետագայում նման միջոցների ներգրավումն անհնարին դառնալու պատճառով Միջազգային զարգացման ընկերությունը համաձայնել է ՀՀ կառավարության առաջարկությանը` իր վրա վերցնել այդ ֆինանսավորումը, որը և առաջ է բերել նախորդ համաձայնագրի փոփոխման անհրաժեշտություն:

Այս փոփոխությամբ վարկը Հայաստանին տրամադրվում է ավելի նպաստավոր պայմաններով: Նախատեսված է նաև, որ եթե փոփոխությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում ստորագրման օրվանից 90 օր հետո, ապա այդ համաձայնագրի գործողությունը և Կողմերի բոլոր պարտավորությունները հետագայում դադարում են, եթե Միջազգային զարգացման ընկերությունը չի հաստատում նոր ժամկետ: Գործում առկա տեղեկանքի համաձայն նոր ժամկետ է հաստատված 1998 թ. փետրվարի 15-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի հիման վրա վերլուծելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերության միջև 1995 թ. հոկտեմբերի 2-ին ստորագրված` Զարգացման վարկի (ավտոմայրուղիների ծրագիր) մասին համաձայնագրի գործադրման ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.

1. Վարկային ծրագրի իրականացման փուլում տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք, մասնավորապես, փաստվել են նաև սահմանադրական դատարան ներկայացված տեղեկանքներում: Դրանք են.

- ծրագրի իրականացման մրցույթների կազմակերպումը և արդյունքների ամփոփումը կատարվել են սահմանված կարգի խախտումներով,

- պայմանագրերն ստորագրվել են ոչ իրավասու մարմնի կողմից և դրանց ներկայացվող պահանջների խախտումներով: Գործնականում, պայմանագրերի կնքումը, միջոցների տնօրինումը, աշխատանքների կազմակերպումն ու վերահսկումը դրվել է նույն կազմակերպության` ծրագրերի իրականացման գրասենյակի վրա, որի պայմաններում չի ապահովվում վերահսկողության անհրաժեշտ արդյունավետություն,

- չի գործել միջանկյալ հաշվետվության և անընդհատ վերահսկողության ու հետադարձ կապի հստակ համակարգ, իսկ գործող համակարգը թերի է ու ոչ լիարժեք,

- ապահովված չէ վարկային միջոցների օգտագործման անհրաժեշտ ու բավարար հրապարակայնություն, վարկառուի կողմից չի անցկացվել անկախ հաշվեքննություն,

- իրավասու պետական մարմինները թերացել են ժամանակին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վարկային միջոցների օգտագործման նկատմամբ իրենց վերահսկողական լիազորությունները պահանջվող հետևողականությամբ ու մակարդակով կատարելու համար:

2. Անարդյունավետ ու թերացումներով է գործել ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան օգնության կոորդինացման կենտրոնը, որը տարբեր վարկային միջոցներից մեծ գումարներ ծախսելով աշխատավարձի ու տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով, չի ապահովել վարկային ռեսուրսների պահանջվող արդյունավետությամբ օգտագործման համար անհրաժեշտ նախադրյալներ` ոչ մրցույթների կազմակերպման, ոչ պայմանագրերի կնքման, ոչ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու վճարումների կատարման և ոչ էլ հաշվետվությունների ներկայացման փուլերում:

ՀՀ դատախազության տեղեկանքի համաձայն 1995 թ. փետրվարի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՀՀ վարչապետին զեկուցագիր է ներկայացրել` ծրագրերի իրականացման գրասենյակ ստեղծելու համար համաձայնություն ստանալու խնդրանքով: 1995թ. փետրվարի 17-ին համաձայնությունն ստացվել է, սակայն էկոնոմիկայի նախարարությունը, այն շրջանցելով, ստեղծել է բոլորովին այլ կարգավիճակ ունեցող կենտրոն, որի աշխատակիցների համար սահմանել է ընդհուպ մինչև 930 ԱՄՆ-ի դոլարին համարժեք աշխատավարձ, որը 1997 թ. սեպտեմբերի 19-ից հետո իջեցվել է մինչև 204 դոլարին համարժեք գումարի:

Միաժամանակ, ըստ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկանքի, այդ կենտրոնի կանոնադրությունը պարունակում է ՀՀ օրենսդրությանը հակասող նորմեր:

Ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պարզաբանումների ներկայումս վերանայվում են այդ կենտրոնի կարգավիճակն ու գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը թերացել է ՀՀ կառավարության 1994 թ. դեկտեմբերի 15-ի N 577 որոշմամբ հաստատված` վարկային միջոցների օգտագործման կարգի 18-րդ կետով նախատեսված իր պարտականությունների կատարման հարցում:

4. Վարկային համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավարար հետևողականությամբ չի վերահսկել դրա կատարման ընթացքը:

ՀՀ կառավարության 15.12.1994 թ. N 577 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կարգով նախատեսվել է, «Սույն կարգի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը»: Գործնականում, այդ նպատակով ձևավորված խորհուրդը լիարժեք չի կատարել իր վրա դրված պարտականությունները` նաև սույն համաձայնագրի առնչությամբ: Ավելին, խորհրդի անդամների մեծ մասի այլ աշխատանքի անցնելու ու կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով այն շուրջ երկու տարի է, ինչ հայտնվել է ոչ իրավազոր կարգավիճակում` շարունակելով որոշումներ կայացնել:

Գործի քննությամբ պարզվեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկել միջազգային պայմանագրերի հիման վրա ձեռք բերված վարկային և փոխառնված միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու ուղղությամբ` նպատակ ունենալով մշակել և ներդնել վարկային պայմանագրերի կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած բացերի ու թերությունների հաղթահարման առավել հուսալի համակարգ:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77 հոդվածով սահմանված է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոփոխությունների և վարկերի օգտագործման նկատմամբ: ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգում սահմանադրական այդ իրավասության գործադրման մեխանիզմը նախատեսված է 145 հոդվածով, ըստ որի պատգամավորները կարող են օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել այս առնչությամբ կառավարության հաշվետվությունն ընդգրկել օրակարգ:

«Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ)» կետով նախատեսված է, որ վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք է ներկայացնում նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման մասին: Բացի դրանից, նույն օրենքի 5 հոդվածի «դ)» կետով վերահսկիչ պալատին իրավունք է վերապահված հաշվեքննություն իրականացնել այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման և մարման նկատմամբ:

Ազգային ժողովի վերահսկիչ պալատը 1997 թ. ընթացքում ավտոմայրուղիների ծրագրի իրականացման համար հատկացված վարկային միջոցների օգտագործման հարցը քննության առարկա չի դարձրել, և, բնականաբար, պատգամավորներին համապատասխան տեղեկանքներ չեն տրամադրվել: Գործնականում, սույն համաձայնագրի առնչությամբ, դեռևս ապահովված չէ ՀՀ Սահմանադրության 77 հոդվածով նախատեսված վերահսկողության պատշաճ ու անընդհատ իրականացումը:

Գործի քննության ընթացքում միջազգային սույն համաձայնագրի իրականացման իրավակիրառական պրակտիկայի գնահատման առնչությամբ բացահայտված իրավախախտումների մասին սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի հիման վրա, կտեղեկացնի ՀՀ կառավարությանը և ՀՀ դատախազությանը` իրենց իրավասության շրջանակներում համապատասխան ընթացք տալու համար:

Ինչ վերաբերում է 1997 թվականի 17-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրին, ապա, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերության միջև 1997 թվականի հուլիսի 17-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկային համաձայնագրի (մայրուղիների ծրագիր) փոփոխությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ-76