ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
|
7 հոկտեմբերի 2020 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1354-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.10-րդ կետով ամրագրված դրույթները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ««Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը հաստատելու մասին» N 1354-Ն հրամանը:
2. Հաստատել`
1) «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման կարգը` համաձայն Հավելվածի։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Նախարար |
Ա. Հարությունյան |
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանի |
ԿԱՐԳ
«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 05.09.24 N 67-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույնները» մրցույթի (այսուհետ` մրցույթ) անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Մրցույթի նպատակն է.
1) Խրախուսել մասնագիտական (կրթական, առարկայական) խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող մանկավարժներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացմանը.
2) խրախուսել ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը.
3) խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժական աշխատողներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:
3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):
1. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
4. Մրցույթին կարող են մասնակցել.
1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.
2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.
3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.
4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն».
բ. «Հայրենագիտություն».
գ. «Օտար լեզուներ».
դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».
զ. «Արվեստ և արհեստ».
է. «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն».
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.
7) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնական նախագծի լավագույն ղեկավար.
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).
11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության), նախադպրոցական կամ հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.
12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.
13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության), նախադպրոցական կամ հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հատուկ մանկավարժ:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված անվանակարգերում դիտարկվում են ամսվա լավագույն փորձը ներկայացնող հայտերը: Սույն կարգի 5-րդ կետով սահմանված անվանակարգերում ամսվա լավագույն փորձը ներկայացնող հայտերն ընտրվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր-մայիս ամիսներին:
7. Մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը Նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է հայտերի ընդունման մասին հայտարարություն՝ ամսվա լավագույններին ընտրելու համար, որը ներառում է նաև հայտի ներկայացման ձևաչափը:
8. Մասնակիցը հայտը ներկայացնում է յուրաքանչյուր ամսվա 10-ը ներառյալ` սույն կարգի 5-րդ կետի 1-10-րդ անվանակարգերում` Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ), իսկ 11-13-րդ անվանակարգերում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն (այսուհետ՝ ՀՄԿ):
9. ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից մշակվում են հայտերի գնահատման չափանիշներ, որոնք հաստատվում են Նախարարի հրամանով և հրապարակվում Նախարարության պաշտոնական կայքում:
10. ԿԶՆԱԿ-ը (ըստ յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի) և ՀՄԿ-ն տվյալ ամսվա համար ներկայացված հայտերից ընտրում են յուրաքանչյուր անվանակարգում, իսկ սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ յուրաքանչյուր բնագավառում ամսվա լավագույն փորձը ներկայացնող հայտը (ԲՏՃՄ բնագավառի համար՝ 2 հայտ, որոնցից մեկը՝ բնագիտական, մյուսը՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուղղությամբ), և ամբողջական ցանկը՝ ըստ գնահատման արդյունքների, մինչև տվյալ ամսվա նախավերջին աշխատանքային օրը պաշտոնական գրությամբ տրամադրում են Նախարարությանը: Հավասար առավելագույն միավորներ ստանալու դեպքում տվյալ անվանակարգում կամ բնագավառում ամսվա լավագույն փորձ են ճանաչվում հավասար առավելագույն միավորներ ստացած բոլոր հայտերը։
11. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը Նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է տվյալ ամսվա հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը:
12. ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից գնահատված և հաղթող չճանաչված հայտերը չեն կարող կրկին ներկայացվել:
13. Հաղթող չճանաչված հայտի հեղինակը գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող է գրավոր դիմել Նախարարություն (դիմում՝ նախարարի անունով)՝ Նախարարության պաշտոնական կայքում տվյալ ամսվա մրցույթի արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախարարություն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրվում է հայտի գնահատականն ըստ չափանիշների: Սույն կետով սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվում։
14. Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 20-ը ԿԶՆԱԿ-ը և ՀՄԿ-ն յուրաքանչյուր անվանակարգում, իսկ սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ յուրաքանչյուր բնագավառում ամսվա լավագույն փորձը ներկայացնող հայտերից ընտրում են առավելագույնը երկու հայտ (ԲՏՃՄ բնագավառի համար՝ 4 հայտ, որոնցից երկուսը՝ բնագիտական, երկուսը՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուղղությամբ) և ներկայացնում Նախարարությանը:
15. Նախարարի հրամանով մինչև հուլիսի 10-ը կազմավորվում է 9 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողով (երեք ներկայացուցիչ Նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժի որակավորում շնորհող բուհերից, մեկական ներկայացուցիչ ԿԶՆԱԿ-ից, ՀՄԿ-ից, ուսուցչական կազմակերպություններից և Նախարարին կից աշակերտական խորհրդից) (այսուհետ՝ հանձնաժողով)` սույն կարգի 23-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի ուսումնասիրման, գնահատման և մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով:
16. Հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրվում է հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամների պարզ քվեարկությամբ հաստատվում է հայտերի գնահատման վերջնաժամկետը:
17. Մրցույթի արդյունքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված անվանակարգերում «Տարվա լավագույնները» ճանաչված մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հոկտեմբեր ամսին:
3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
18. Մրցույթի մասնակիցը պետք է ունենա հայտով ներկայացված աշխատանքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
19. Նախորդ տարիներին անցկացված մրցույթների արդյունքում պարգևատրված հայտը նոր մրցույթին չի կարող ներկայացվել:
20. Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական հայտ առանձին մասնակցի կողմից, այնպես էլ նույն անվանակարգում համատեղ հայտ մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առնվազն 2 անդամից:
21. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Խմբային հայտի դեպքում սույն կարգի 4-րդ, 5-րդ, 22-րդ, 23-րդ կետերի պահանջները գործում են խմբի բոլոր անդամների համար։
22. Մրցույթի մասնակիցը կամ մասնակիցների խումբը ներկայացնում է հայտ՝ ուղղված`
1) դասավանդման, ուսուցման և գնահատման այլընտրանքային ձևերի, մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակներում, այդ թվում՝ շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը և այլն,
2) ուսուցման կազմակերպման տարբեր եղանակների, հեռավար ուսուցման ձևերի, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության՝ էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը և այլն,
3) բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը և այլն,
4) Նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար ընտրված խորագրին,
5) նախագծեր ներկայացնելու դեպքում՝ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գիտահեն, հետազոտահեն և ապացուցահեն նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը, որոնց հիմքում դրված են հավաստի տվյալներ, հետազոտությունների կամ ուսումնասիրությունների արդյունքներ և ոլորտային վերլուծություններ, և որոնք ներառում են հիմնախնդրի և հետազոտական հարցերի հստակ նկարագրություն, կիրառվող մեթոդաբանության հիմնավորում, արդյունքների չափման ցուցանիշներ ու գնահատման մեխանիզմներ,
6) ներկայացվող աշխատանքի կամ փորձի նկարագրությունը ներառում է դրա նպատակն ու լուծվող խնդիրը, կիրառված մոտեցումները կամ գործողությունները, ստացված արդյունքները, արդյունքները հիմնավորող համապատասխան ապացույցները, ինչպես նաև աշխատանքի կամ փորձի կիրառելիությունն ու տարածելիությունը։
23. Մրցույթին ներկայացվող հայտը ներառում է՝
1) դիմում՝ ուղղված Նախարարին (նշելով մրցույթի անվանակարգը).
2) անձը հաստատող փաստաթուղթ.
3) տեղեկանք ներկայացված աշխատանքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ.
4) մրցույթին մասնակցության համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքի կամ մասնագիտական փորձի նկարագիր՝ մինչև 5 էջ, pdf ձևաչափով, որը ներկայացվում է սույն կարգի 22-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված կառուցվածքին համապատասխան և ներառում է՝
ա. խնդրի նկարագրությունը և հիմնավորումը,
բ. կիրառված լուծումը, մեթոդը, գործիքը կամ մոտեցումը,
գ. ընտրված լուծման, մեթոդի, գործիքի կամ մոտեցման հիմնավորումը,
դ. աշխատանքի կամ փորձի արդյունքները և ազդեցությունը,
ե. արդյունքները հիմնավորող համապատասխան ապացույցները,
զ. փորձի կիրառելիությունը և տարածելիությունը։
5) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ, կամ 10 րոպե տևողությամբ տեսանյութ (5-րդ կետի 1, 2, 6, 8, 9, 11, 12, 13 ենթակետերով սահմանված անվանակարգերում).
6) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան 10 րոպե տևողությամբ տեսանյութ (5-րդ կետի 3, 4, 5, 7, 10 ենթակետերով սահմանված անվանակարգերում):
24. Մրցույթին ներկայացվող հայտի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի դիտարկվում:
4. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
25. Հայտերի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով ներկայացված աշխատանքի կամ փորձի արդիականությունը, հիմնավորվածությունը, նորարարությունը, արդյունքները և ազդեցությունը, ինչպես նաև դրա կիրառելիությունն ու տարածելիությունը՝ նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների տրամաբանությամբ։
26. Հայտը գնահատվում է հարյուրմիավորային համակարգով։ Գնահատման չափանիշները և յուրաքանչյուր չափանիշին տրվող միավորի չափը սահմանվում են Նախարարի հրամանով։
27. Յուրաքանչյուր հայտ գնահատվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից։ Հայտի ստացած ընդհանուր միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների միջին թվաբանականով։
28. Մրցույթի արդյունքում պարգևատրվում է յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն միավորներ ստացած մասնակիցը՝ ելնելով տվյալ մրցույթի համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալից: Մրցույթի անցողիկ նվազագույն շեմը սահմանվում է 80 միավոր։
5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
29. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։
30. Միևնույն անձը տվյալ տարում չի կարող պարգևատրվել տարբեր անվանակարգերում:
31. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է արդյունքներն ամփոփվելուց հետո՝ Նախարարության պաշտոնական կայքում՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
(հավելվածը խմբ. 05.09.24 N 67-Ն, 10.11.26 N 111-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2020 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.11.2026, N 111-Ն | 07.10.2020, N 37-Ն | |
| 05.09.2024, N 67-Ն | 07.10.2020, N 37-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|