ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿՐՏՍԵՐ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (26.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» նոյեմբեր 2026 թ.

N 98-Ն

 

«ԿՐՏՍԵՐ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Կրտսեր առաջին խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:

 

Նախարար՝

 

11/5/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

 

 Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2026 թվականի նոյեմբերի 5-ի

N 98-Ն հրամանի

 

ԿՐՏՍԵՐ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ

 

I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին։ Ծրագրի նպատակն է աջակցել 2-3 տարեկան սաների՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված կարողունակությունների ձևավորման, առօրյայի կազմակերպման, ընդհանուր զարգացման, դաստիարակության խնդիրների իրականացման, զարգացնող, ներառական միջավայրի ստեղծման, սանի գործունեության տարբեր ձևերի կազմակերպման աշխատանքներին:

2. Կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկանների) կրթական հիմնական ծրագիրը կազմված է չափորոշչի պահանջների հիման վրա՝ սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

4. Ծրագրի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության մասին տարրական պատկերացումների ձևավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում․

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում[2]։

5. Ֆիզիկական, մտավոր, բարոյական, աշխատանքային, էկոլոգիական, սեռային, գեղարվեստագեղագիտական դաստիարակության խնդիրները բխում են հասարակության զարգացման պահանջներից: Դրանք համակցված իրագործվում են ծրագրային առանձին բաղադրիչներում և միտված են չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը:

6. Ծրագրային բովանդակությունն ապահովում է 2-3 տարեկան սաների գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ։

7. Հաշվի է առնվել երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջը։

8. Ծրագիրը նպատակաուղղված է սանի`

1) ֆիզիկական ակտիվության և առողջության պահպանմանը միտված վարքագծի ապահովմանը.

2) հաղորդակցական, համագործակցային հմտությունների ձևավորմանը.

3) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության գործոնի.

4) ընդունակությունների զարգացմանը.

5) ստեղծագործական երևակայության, քննադատական մտածողության, հույզերի զարգացմանը [2]։

9. Ծրագիրը սահմանում է կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները, զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները ։

10. Ծրագրում ներկայացված են թեմաներ միայն «Ինձ շրջապատող աշխարհը» բաղադրիչից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ ապահովելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգային պատկերացումների ձևավորումը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ապահովումը։

11. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը չափորոշչին,

2) կրթության աշխարհիկ բնույթը,

3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,

4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը,

5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. Ծրագրում ներկայացված են դաստիարակության և ուսուցման նպատակները, խնդիրներն ըստ ծրագրային բաղադրիչների, սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները, վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

13. Ծրագրի նպատակներն են՝

1) 2-3 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան հոգեկան ու ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,

2) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում, արժեհամակարգ) ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին աջակցումը։

14. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական (Հապավումը՝ Շ).

2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).

3) իմացական (Հապավումը՝ Ի).

4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).

5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ)։

15. Կրտսեր առաջին խմբի կրթական հիմնական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`

1) խաղային գործունեություն.

2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում։

16. Չափորոշչով սահմանված ինը կարողունակությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կրտսեր առաջին խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 5 բաղադրիչում՝

1) Խոսքի զարգացում

2) Ինձ շրջապատող աշխարհը

3) Ֆիզկուլտուրա

4) Երաժշտություն

5) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք [2]։

17. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչներով միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:

18. Ծրագրային բոլոր բաղադրիչներն ուղղված են ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը, որոնք էլ միտված են առանցքային կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը նախադպրոցական տարիքի ավարտին:

19. Նախադպրոցական տարիքի ավարտին սանից ակնկալվող կարողունակություններն են՝

1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.

2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

5) թվային և մեդիա կարողունակություն.

6) մշակութային կարողունակություն.

7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.

8) տնտեսական կարողունակություն.

9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն[2]։

 

III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

20. Շարժողական ոլորտում սանը՝

1) ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է կատարել պարզ մարմնամարզական, աթլետիկական վարժություններ` փոփոխելով շարժման ուղղությունը, ելման դիրքը,

2) կարողանում է կատարել ընդհանուր զարգացնող և հավասարակշռության պարզ վարժություններ,

3) խաղում է շարժախաղեր՝ դրսևորելով հիմնական շարժումները (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում),

4) կարողանում է նստել, կանգնել, քայլել ջրի մեջ,

5) մեծահասակի ուղղորդմամբ պահպանում է հիգիենայի և օրվա կանոնակարգի հիմնական պահանջները,

6) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, ընկերասիրություն.

7) կատարում է պարային պարզ շարժումներ՝ նվագակցությամբ.

8) փորձում է աշխատել մատիտով, վրձնով, ծեփանյութով․

21. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝

1) խոսքային և ոչ խոսքային միջոցներով արտահայտում է իր մտքերը, կարծիքը, զգացողություններն ու պահանջները,

2) կազմում է նախադասություններ՝ հետևելով քերականական պարզ կանոններին,

3) պատասխանում է իրեն ուղղված պարզ հարցերին, միևնույն ժամանակ կազմում հարցեր «ո՞վ», «ի՞նչ» բառերով,

4) ընկալում է առարկաների խմբերն ընդհանրացնող բառերի իմաստը և դրանք կիրառում իր խոսքում.

22. Իմացական ոլորտում սանը՝

1) դասակարգում է առարկաներն ըստ կոնկրետ որևէ հատկանիշի,

2) ուսումնասիրում է շրջապատող միջավայրը, փորձում է հարցերի միջոցով բավարարել իր հետաքրքրությունները,

3) ունի առարկաների չափի, ձևի և քանակի մասին տարրական պատկերացումներ, ճանաչում է երկրաչափական պարզ պատկերները,

4) ճանաչում է հիմնական գույները,

5) մեկ առարկան փոխարինում է այլ առարկաներով, հասկանում դրանց նշանակությունը,

6) ունի տարրական պատկերացումներ իր և իր ընտանիքի մասին,

7) առանձնացնում է իրեն մյուսներից, դրսևորում է համառություն ցանկություններում և գործողություններում.

23. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝

1) ճանաչում է հիմնական հույզերը, համարժեք արձագանքում է դիմացինի հուզական դրսևորումներին,

2) դրսևորում է իրավիճակին համապատասխան սոցիալական հույզեր՝ զարմանք, ուրախություն, տխրություն, ամաչկոտություն,

3) շփվում է ծանոթ մեծահասակների հետ, նրանց խոսքին արձագանքում է հույզերով և պարզ խոսքային արտաբերումներով,

4) մեծահասակների հետ համատեղ գործունեության ընթացքում փորձում է կառավարել իր հույզերը և կատարել սոցիալական վարքի պարզ պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները՝ մեծահասակների խնդրանքով կամ միջամտությամբ,

5) հասակակիցների հետ շփվելիս դրսևորում է հուզական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,

6) գիտի ծնողների և ընտանիքի անդամների անունները, ճանաչում է իրեն պատկանող իրերն ու խաղալիքները.

24. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝

1) դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,

2) մեծահասակի հսկողությամբ պահպանում է հիգիենայի կանոնները,

3) մեծահասակի ուղղորդմամբ սկսում է հետևել անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,

4) մեծահասակների ուղղորդմամբ զգուշավորություն է ցուցաբերում՝ խուսափելով վտանգներից տարբեր իրադրություններում և վայրերում:

 

IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Կանոնակարգն օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ խաղ-պարապմունքների, ուսումնադաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։

26. Կանոնակարգի ճիշտ կառուցվածքի հիմնական սկզբունքը դրա համապատասխանությունն է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին՝ չբացառելով անհատական մոտեցման սկզբունքը (քնի տևողություն, գործունեության տեմպ, նախասիրություններ, և այլն)։

27. Ներկայացվում է օրվա կանոնակարգի օրինակելի տարբերակ` հնգօրյա աշխատանքային շաբաթով, 9 ժամյա տևողությամբ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար: Առաջնորդվելով դրանով` յուրաքանչյուր հաստատություն պետք է կազմի իր պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ:

28. Կրտսեր առաջին տարիքային խմբի (2-3 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում։

 

Աղյուսակ 1․

 

N

Կանոնակարգային պահեր

Հիմնական կանոնակարգ

 Ամառային կանոնակարգ

1.

Սաների ընդունելություն, խաղեր, ինքնուրույն գործունեություն, առավոտյան մարմնամարզություն

8.30 -9․30

8.30 - 9․30

 2.

Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ

9․30- 10․00

9․30- 10․00

 3.

Խաղ-պարապմունքի նախապատրաստում

10.00- 10.15

10.00- 10.15

Խաղ-պարապմունքներ՝ ենթախմբերով
Խաղ-պարապմունք առաջին

10․15 - 10․30
10․30- 10․45

10.15 -10.30
10.30- 10.45

Խաղ- պարապմունք երկրորդ

10․45 -11․00
11․00 -11․15

 4.

Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք, ինքնուրույն գործունեություն)

11․15-11.55

10․45- 11․55

(կոփիչ միջոցառումներ բակում)

 5.

Ճաշի նախապատրաստում, ճաշ

11․55- 12․25

11․55 - 12․25

 6.

Ազատ գործունեություն

12.25-12.55

12.25-12.55

 7.

Ցերեկային քնի նախապատրաստում, քուն

12․55-14․55

12․55 -14․55

 8.

Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո

14․55-15․30

14․55-15․30

 9.

Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ

15․30-16․00

15․30-16․00

 10.

Խաղեր,ինքնուրույն գործունեություն

16․00-16․30

16․00-16․30

 11.

Զբոսանքի նախապատրաստում զբոսանք․ տուն ճանապարհել

16․30 -17․30

16․30 -17․30

29. Կրտսեր առաջին տարիքային խմբի շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացվում է աղյուսակ 2-ում՝

 

 Աղյուսակ 2․

 

N

Պարապմունքների տեսակները

Պարապմունքների քանակը

1․

Խոսքի զարգացում

2 պարապմունք

2.

Ինձ շրջապատող աշխարհը

1 պարապմունք

3․

Նկարչություն

1 պարապմունք

4.

Ապլիկացիա/ կառուցողական աշխատանք

0,5պարապմունք
0,5 պարապմունք

5.

Ծեփակերտում

1 պարապմունք

6.

Ֆիզկուլտուրա

2 պարապմունք

7.

Երաժշտություն

2 պարապմունք

8.

Շաբաթական ընդամենը

10 պարապմունք

30. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին [1]։ Խաղ-պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ` 10-15 րոպե տևողությամբ: Խաղ-պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 15 րոպե է։

31. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:

32. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ: Ամռան ամիսներին անցկացվում են ուսուցանված նյութի կրկնությանն ու ամրապնդմանն ուղղված խաղ-պարապմունքներ: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:

33. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:

34. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:

 

V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

35. Այս տարիքային փուլը խոսքի զարգացման ակտիվ շրջան է: Սաները դրսևորում են բարձր զգայունակություն խոսքի հնչյունային և իմաստային կողմերի նկատմամբ։ Որոշակիորեն քերականացվում է նրանց խոսքը, կարողանում են կազմել պարզ նախադասություններ, զարգանում է երկխոսելու կարողությունը: Երեք տարեկանում սաներն արդեն ընկալում են իրենց ծանոթ առարկաների նշանակությունը, որակներն ու հատկանիշներն արտահայտող բառերը: Նրանք սկսում են ներկայացնել փոքրիկ պատմություններ, կիրառել առարկաների և երևույթների հատկանիշներ ցույց տվող բառեր:

36.Աստիճանաբար սաները սկսում են նկատել կրկնվող երևույթների պատճառահետևանքային կապերը: Հետզհետե յուրացնելով բառի ընդհանրացված իմաստը՝ սանն աստիճանաբար սովորում է խմբավորել առարկաները, որոնք կարելի է անվանել նույն բառով, օրինակ՝ խաղալիք, կենդանի, միրգ և այլն: Ընկալելով մեծահասակի խոսքը՝ սանն ունենում է որոշակի պատկերացումներ շրջապատող միջավայրի վերաբերյալ ոչ միայն անմիջական, զննական ճանապարհով, այլև՝ բացատրությունների, հանձնարարությունների միջոցով: Այս տարիքում սաները հետաքրքրությամբ են ունկնդրում պատմվածքները, հեքիաթները, կարողանում են կիրառել խոսքի տարբեր մասեր, ինչպես՝ գոյականները, այնպես էլ բայերը՝ փորձելով ճիշտ ներկայացնել ժամանակը: Խաղ-պարապմունքների ընթացքում և առօրյայում սանը կարողանում է սեփական մտքերն արտահայտելիս ընտրել համապատասխան բառեր: Կարևոր է սաներին սովորեցնել հուզական և խոսքային հաղորդակցման մեջ մտնել հասակակիցների և մեծահասակների հետ:

37. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի (Հապավում՝ ԽԶ) նպատակներն են՝

1) Զարգացնել խոսքային լսողությունը, ճիշտ հնչարտաբերումը:

2) Ձևավորել և հարստացնել բառապաշարը ՝ տարիքին համապատասխան։

3) Ձևավորել մեծահասակների և հասակակիցների հետ խոսքային հաղորդակցման պահանջմունք:

4) Նպաստել դաստիարակի և հասակակիցների հետ անկաշկանդ շփմանը, խոսքային և ոչ խոսքային միջոցներով ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը։

38. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի հիմնական խնդիրներն են՝

1) Նպաստել սանի բառապաշարի ձևավորմանն ու հարստացմանը: Բառապաշարի ձևավորումն ու հարստացումը բառերի քանակական կուտակման և դրանց սոցիալական կիրառելիության երկարատև գործընթաց է: Բառն ապահովում է շփման բովանդակությունը, իսկ բանավոր խոսքը հիմնվում է բառապաշարի տիրապետման վրա: Շրջակա միջավայրում սաների կողմնորոշման ունակության զարգացման հիման վրա անհրաժեշտ է ակտիվացնել բառապաշարը և նպաստել խոսքի ընկալմանը: Տարիքային այս խմբում սանի ակտիվ բառապաշարը կազմում է 1000-1200 բառ։

2) Նպաստել սանի խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակմանը՝ ուղղված մայրենի լեզվի հնչյունների յուրացմանը, որն իրականանում է մի քանի ուղղություններով՝

ա․ խոսքային լսողության զարգացում,

բ․ ճիշտ հնչարտաբերում,

գ․ խոսքի արտահայտչականության ձևավորում:

3) Նպաստել խոսքի քերականական կողմի ձևավորմանը՝ ուղղված խոսքում գոյականների ակտիվ կիրառմանը, պարզ, ընդարձակ նախադասություններ կազմելու կարողության ձևավորմանը, ինչպես նաև՝ հարցական բառերի օգտագործմանը։

4) Նպաստել սանի կապակցված խոսքի զարգացմանը, որի հիմքում ընկած են հասակակիցների և մեծահասակների հետ խոսքային հաղորդակցման պահանջմունքի ձևավորումը և երկխոսության զարգացումը։

5) Ծանոթացնել գեղարվեստական գրականությանը:

6) Գեղարվեստական գրականության նմուշներին ծանոթացումը նպաստում է սաների աշխարհաճանաչմանը: Լսելով, արտասանելով, պատմելով՝ սանը ծանոթանում է ստեղծագործության հերոսներին, փորձում զգալ դրա տրամադրությունը, տարբերակել լավն ու վատը: Ձևավորվում են բարոյակամային մի շարք որակներ: Գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով անհրաժեշտ է սաների մեջ առաջացնել պատմությունը մինչև վերջ լսելու ցանկություն, հետաքրքրություն և խնամքով վերաբերմունք գրքի հանդեպ:

39. Առաջարկվում է գեղարվեստական ստեղծագործությունների հետևյալ ցանկը: Այն ուղեցույց է դաստիարակի համար և ենթակա է լրացման՝ ելնելով սաների զարգացման մակարդակից և իրականացվող միջոցառումների բովանդակությունից:

1) Սաներին պատմելու և ընթերցելու համար՝ Հովհ. Թումանյան- «Ուլիկը», Շ. Թաթիկյան- «Թևավոր բարեկամների համար», ռուսական ժողովրդական հեքիաթ -«Շաղգամը», Կ. Դ. Ուշինսկի- «Համբերություն ունեցիր», Կ. Դ. Ուշինսկի -«Գայլն ու այծիկները», Հոբոս Ապեր- «Ծիածան» , Լ. Ն. Տոլստոյ -«Երեք արջի հեքիաթը», Վ. Սուտեև - «Ո՞վ ասաց մյաու», Ս. Մարշակ -«Հեքիաթ հիմար մկնիկի մասին», Կ. Դ. Ուշինսկի- «Սագեր»,Դ. Բիսեթ - «Ղա- ղա - ղա» հեքիաթը, Գ. Մովսիսյան-«Մարթա փիսիկն ու անձեռոցիկները», ռուսական ժողովրդական հեքիաթ -«Արջն ու Մաշան»` Մ. Բուլատովի մշակմամբ, ռուսական ժողովրդական հեքիաթ- «Գնդիկ բոքոնիկը», Գ. Մովսիսյան- «Ո՞վ է մեզնից գեղեցիկ», Ա.Դարբնի- «Սագը և ագռավը»։

2) Ոտանավորի ընթերցանություն/ունկնդրում՝ Ս. Կապուտիկյան -«Պարտեզ», Մ. Թարյան- «Հասմիկն ի՞նչ ունի», Ա. Բարտո -«Խաղալիքները», Պ. Խաչատրյան-«Ջրում», Ռ․Ղարիբյան-«Լուսիկի կատուն», Հ. Հովնաթան- «Ձնծաղիկ»։

3) Ոտանավորի ունկնդրում,արտահայտիչ արտասանություն՝ Ղ. Աղայան - «Ծիտը», Ս. Մկրտչյան -«Ճուտիկ», Գ. Գեղունի - «Ծիտիկը», Խնկո Ապեր «Փիսիկ», Հովհ. Թումանյան - «Շունը», Հ. Բաբաջանյան - «Արան ու շնիկը», Ս. Կապուտիկյան - «Մաշան ճաշում է», Գ. Գեղունի - «Ծափ, ծափ արա», Հ. Հայրապետյան - «Տոնածառ», Հ. Վարդանյան - «Օդաչու» ,Ս. Կապուտիկյան - «Արդեն մեծ եմ» , Հ. Բաբաջանյան - «Գարուն», Ղ․ Աղայան - «Աղունակ», «Կաչաղակ», Հ. Հայրապետյան -«Աշնան շուկա»։

40. Զարգացնող խոսքային միջավայր.

1) Խոսքի ակտիվացմանը նպաստում է մանկավարժական պահանջներին համապատասխան զարգացնող խոսքային միջավայրը՝ հաղորդակցական իրադրությունների ստեղծմամբ, ինչն ապահովում է շփումը հասակակիցների և մեծահասակների հետ: Այն օժանդակում է սաների խոսքի՝ որպես հաղորդակցման միջոցի կատարելագործմանը: Անհրաժեշտ է մատչելի և հուզականորեն պատմել առարկաների, երևույթների ինչպես նաև՝ հետաքրքիր իրադարձությունների, իրավիճակների մասին: Կարևորվում է դիդակտիկ պարագաների առկայությունը՝ խաղալիքներ, նկարներ, նկարազարդ գրքեր և այլն:

41. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) ընկալի իրեն ուղղված բանավոր խոսքը և պատասխանի դրան,

2) օգտագործի ածական, դերանուն,

3) ճիշտ կիրառի գոյականի թիվը, բայի ներկա ժամանկաձևը,

4) ձևակերպի հարցական նախադասություններ «ո՞վ», «ի՞նչ» բառերով,

5) կիրառի նոր բառեր

6) ընկալի և կիրառի ընդհանրացնող բառեր,

7) օգտագործի պարզ նախադասություններ,

8) հաղորդակցվի ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ՝ արտահայտելով միտքը, զգացողություններն ու պահանջմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,

9) դրսևորի հետաքրքրություն գրքի, գրենական պիտույքների նկատմամբ,

10) հասկանա գրքի նշանակությունը,

11) մտապահի և վերարտադրի հատվածներ մանկական բանաստեղծություններից,

12) ընկալի խոսքի հուզականությունը,

13) հետևի խմբի կանոններին,

14) մասնակցի 10-15 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,

15) մասնակցի գործունեության նոր ձևերին ( խաղեր, խաղային իրավիճակներ)

16) ներկայացնի իր հետ տեղի ունեցած որոշ դեպքեր,

17) մասնակցի մեծահասակի կազմակերպած խմբային խաղերին,

18) հետևի խաղի կանոններին,

19) ցուցաբերի հետաքրքրություն այլ երեխաների խաղի նկատմամբ:

42. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, քառյակներ, բանաստեղծություններ։

43. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, խաղ-պարապմունքների (դիդակտիկ խաղեր, հնչարտաբերման դիդակտիկ վարժություններ, հեքիաթի ունկնդրում), էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, խաղ-բեմականացումների, թատրոնների, ինքնուրույն գործունեության և աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի ընթացքում։

44. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ը), ԽՀ՝ (ա) (բ), (գ), (դ), Ի՝ (բ), (դ), (ե) (զ), (է), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե) (զ), ԻԱԱԱ՝ (ա) (բ), (գ), (դ):

 

 VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ

 

45. Ծրագրի «Ինձ շրջապատող աշխարհը» (Հապավում՝ ԻՇԱ) բաղադրիչը նպատակուղղված է 2- 3 տարեկան սաների՝

1) հոգեկան գործընթացների, ճանաչողական հետաքրքությունների զարգացմանը,

2) սեփական անձի, շրջակա միջավայրի մասին տարրական պատկերացումների ձևավորմանը։

46. Ծրագրային այս բաղադրիչի խնդիրներն են՝

1) ձևավորել պատկերացումներ սեփական անձի մասին, սովորեցնել անվանել ընտանիքի անդամներին և ամենամոտ հարազատներին,

2) դաստիարակել սեր և հոգատարություն ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների նկատմամբ,

3) ձևավորել պատկերացումներ անձնական հիգիենայի մասին,

4) ձևավորել ինքնասպասարկման կարողություններ,

5) ծանոթացնել հիմնական հույզերին, սովորեցնել արտահայտել վերաբերմունքը հույզերի միջոցով,

6) պատկերացում ձևավորել շրջակա միջավայրի մասին՝ ծանոթացնել նախադպրոցական ուսումնական հաստատության խմբասենյակի և բակի տարածքին, սովորեցնել ճիշտ կողմնորոշվել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում,

7) հաղորդել տեղեկություններ սաներին շրջապատող իրերի՝ խաղալիքների, կահույքի, սպասքի, հագուստի լուսակրի և դրա գույների, փոխադրամիջոցների մասին,

8) ձևավորել հիմնական գույները տարբերելու կարողություն,

9) ձևավորել շրջապատող առարկաները խմբավորելու և համեմատելու կարողություն՝ ըստ որևէ մեկ հատկանիշի՝ ձևի, գույնի և չափի,

10) ձևավորել որոշ ժամանակային և տարածական հասկացություններ կիրառելու կարողություն,

11) ձևավորել պատկերացումներ երկրաչափական պարզ մարմինների և պատկերների՝ (գունդ, խորանարդ, շրջան) մասին,

12) ձևավորել պատկերացումներ մեկ և շատ հասկացությունների վերաբերյալ,

13) ձևավորել տարրական պատկերացումներ կենդանական և բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների, անկենդան բնության տարրերի մասին,

14) սովորեցնել սաներին ըստ արտաքին տեսքի, համի տարբերել մրգերը և բանջարեղենը,

15) դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ,

16) ձևավորել պատկերացումներ բնության մեջ տեղի ունեցող եղանակային փոփոխությունների մասին,

17) ձևավորել համապատասխան վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ,

18) հաղորդել պարզագույն գիտելիքներ որոշ տոների մասին, մասնակից դարձնել դրանց,

19) ձևավորել առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված վարքագիծ:

47. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) իմանա իր անունը, սեռը,

2) ճանաչի և անվանի ընտանիքի անդամներին և ամենամոտ հարազատներին, տարբերի նրանց սեռը,

3) անվանի մարմնի որոշ մասեր,

4) ճանաչի որոշ հիգիենիկ պարագաներ,

5) կիրառի հիգիենիկ պարագաներ մեծահասակի օգնությամբ,

6) կողմնորոշվի նախադպրոցական ուսումնական հաստատության խմբասենյակում, բակում,

7) դրսևորի ճանաչողական հետաքրքրություն շրջապատող իրերի (խաղալիք, սպասք, կահույք, հագուստ և այլն),

8) ճանաչի իրեն պատկանող իրերը,

9) ճանաչի հիմնական հույզերը,

10) արտահայտի իր վերաբերմունքը հույզերի միջոցով,

11) ճանաչի և անվանի հագուստի որոշ տեսակներ,

12) հանվի և հագնվի մեծահասակի օգնությամբ,

13) ճանաչի սպասքը,

14) օգտվի սպասքի որոշ տեսակներից,

15) ճանաչի կահույքի որոշ տեսակներ,

16) ճանաչի և անվանի որոշ ընտանի կենդանիների,

17) ճանաչի և անվանի որոշ վայրի կենդանիների,

18) տարբերակի առանձին կենդանիների բնութագրիչ հատկանիշները,

19) ճանաչի որոշ ընտանի և վայրի թռչունների,

20) ճանաչի և անվանի որոշ միջատների,

21) ճանաչի և տարբերակի որոշ ծաղիկներ,

22) ճանաչի և տարբերակի որոշ ծառեր,

23) տարբերակի և անվանի մի քանի մրգեր,

24) տարբերակի և անվանի մի քանի բանջարեղեն,

25) ցուցաբերի հոգատար վերաբերմունք կենդանիների, բույսերի նկատմամբ,

26) ճանաչի և անվանի հիմնական գույները,

27) ճանաչի և տարբերակի փոխադրամիջոցի որոշ տեսակներ,

28) ճանաչի և տարբերի լուսակրի գույներն ու նշանակությունը,

29) հետևի անվտանգության կանոններին,

30) մասնակցի տոներին,

31) ընկալի տարվա եղանակներին տեղի ունեցող բնության փոփոխությունները,

32) օգտագործի ժամանակային մի քանի հասկացություններ՝ գիշեր, ցերեկ

33) խմբավորի առարկաները, ըստ կոնկրետ որևէ հատկանիշի,

34) համեմատի առարկաները ըստ մեկ հատկանիշի` ձև, չափ, գույն

35) ճանաչի երկրաչափական պարզ մարմիններ և պատկերներ՝ գունդ, խորանարդ, շրջան,

36) տարբերակի մեկ և շատ հասկացությունները,

37) օգտագործի տարածական մի քանի հասկացություններ,

38) հետևի խաղի պարզ կանոններին,

39) մասնակցի 10-15ր տևողությամբ տարբեր աշխատանքներին,

40) ցուցաբերի ինքնուրույնություն,

41) հետևի առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված հրահանգներին:

48. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝

1) «Ես և իմ ընտանիքը»,

2) «Իմ մարմինը»,

3) «Անձնական հիգիենա»,

4) «Մանկապարտեզում»,

5) «Խաղալիքների աշխարհում»,

6) «Ուրախ, տխուր և բարկացած մարդուկներ»,

7) «Հագուստ»,

8) «Սպասք»,

9) «Կահույք»,

10) «Կենդանիներ՝ վայրի, ընտանի»,

11) «Թռչուններ»,

12) «Միջատներ»,

13) «Ծաղիկներ»,

14) «Ծառեր»,

15) «Մրգեր»,

16) «Բանջարեղեն»,

17) «Գույների աշխարհում»,

18) «Փողոց, լուսակիր, փոխադրամիջոց»,

19) «Տոներ»,

20) «Բնության երևույթներ»։

49. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, խաղ-պարապմունքների, զբոսանքների, խաղ-բեմականացումների, թատրոնների, ինքնուրույն գործունեության և աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի ընթացքում։

50. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ե), ԽՀ՝ (ա),(գ), (դ), Ի՝ (ա), (բ),(գ),(դ),(ե),(զ),(է), ՀՍԱ՝ (ա),(բ),(գ),(դ),(ե), (զ), ԻԱԱԱ՝ (ա),(բ),(գ),(դ):

 

VII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ

 

51. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։

52. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։

53. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`

1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,

2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում/ ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,

3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության, կոորդինացիայի/ մշակում,

4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,

5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,

6) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրունության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:

54. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծումը պայմանավորված է սանի օրգանիզմի վրա տարբեր միջոցների միասնական ներգործությամբ, որոնց զուգակցումը կախված է նախադպրոցական ուսումնական հաստատության սաների առողջական վիճակից, ընտանեկան-կենցաղային պայմաններից, էկոլոգիայի, սեռի, անհատական և տարիքային առանձնահատկություններից:

55. Ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծման գործում էական նշանակություն ունեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունում հիգիենիկ բարենպաստ պայմանների ստեղծումը, բավարար չափով բաց օդում լինելը և, ամենակարևորը, երեխաների նկատմամբ դրսևորվող բարեխիղճ վերաբերումքը, հոգատարությունն ու խնամքը:

56. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի, կուլտուր-հիգիենիկ ունակությունների ու հմտությունների, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցությամբ։

57. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։

58. Օրվա ընթացքում դաստիարակը կազմակերպում է խաղեր և վարժություններ տարբեր առարկաներով:

59. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:

60. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:

61. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար հաստատությունում ստեղծված պայմանները։

62. Նախատեսվում է ամեն օր, մինչև նախաճաշն անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:

63.Ցերեկային քնից հետո սաների արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ` երեխաների ծանոթ խաղ վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):

64. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը: Սանն ինքնահաստատման հնարավորություն է ձեռք բերում: Դառնալով իրերի, գործողությունների, հարաբերությունների տեր, նա ինքնաճանաչողության որակ է ձեռք բերում, մշակվում են հասակակիցների հետ համագործակցելու ունակություններ:

65. Սաների ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ: Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ օգտվելով բնական արգելքներից:

66. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։

67. Ծրագրային նյութը բարդանում է տարիքային մի խմբից մյուսին անցնելիս: Ընդ որում, կարևորվում է նոր շարժումների տեխնիկայի յուրացումը և մանկական օրգանիզմի ֆիզիկական բեռնվածության աստիճանական բարձրացումը։ Յուրացված կարողությունների ամրապնդման ու կատարելագործման, մարզական ընդունակությունների և աշխատունակության բարձրացման համար նախատեսվում է սպորտային վարժությունների և խաղերի, խաղային վարժությունների պարբերական կրկնություն՝ տարիքային բոլոր հաջորդող խմբերում, որակական նոր բարձրությամբ:

68. Ծրագիրն իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները․

1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը։

2) Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բացօթյա։

3) Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։

4) Արձակուրդի ընթացքում անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։

5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։

69. Կրտսեր առաջին խմբում «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝

1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, հոգեֆիզիկական զարգացմանը, օրգանիզմի կոփմանը։

2) Խթանել սաների շարժողական ակտիվությունը։

3) Ձևավորել մարմնական կայուն դիրքը և ճիշտ կեցվածքը պահպանելու հմտություն։

4) Նպաստել զգայական-շարժողական և մանր շարժողական կոորդինացիայի զարգացմանը։

5) Նպաստել կենսականորեն անհրաժեշտ հիմնական շարժումների (քայլք, վազք, ցատկ և այլն) զարգացմանը։

6) Սովորեցնել քայլել և վազել միմյանց չհրելով, ձեռքերի, ոտքերի համաձայնեցված ու ազատ շարժումներով։

7) Սովորեցնել շարժվել խմբով, շարժման ժամանակ պահպանել որոշակի ուղղություն, ազդանշանով փոխել շարժման ուղղությունը և քայլքի բնույթը։

8) Դաստիարակել ինքնուրույն գործելու, գործողություն կատարելու, տարածության մեջ կողմնորոշվելու հմտություններ։

9) Սովորեցնել սողալ, մագլցել, սողանցել ձգված պարանի տակով։

10) Սովորեցնել՝ երկու ոտքով ցատկել տեղում և, առաջ շարժվելով տեղից, հեռացատկել, երկու ոտքով հրվել։

11) Սովորեցնել գնդակը գլորել, նետել, բռնել, տեղափոխել, վարել։

12) Զարգացնել մատների մկանները։

13) Խթանել շարժախաղեր խաղալու ցանկությունը, սեփական շարժումները համաձայնեցնել մյուս սաների շարժումներին։

14) Սաների մեջ առաջացնել ձգտում և դրական վերաբերմունք ֆիզկուլտուրայի պարապմունքների նկատմամբ:

70. Ֆիզիկական դաստիարակության այս խնդիրներն իրականացվում են ֆիզիկական պարապմունքների, ամենօրյա ֆիզկուլտ-առողջարարական միջոցառումների, տարբեր ֆիզիկական վարժությունների և խաղերի կազմակերպման միջոցով:

77. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր։

71. Ֆիզիկական զարգացման տարիքային բնութագրիչներ- Տարիքային այս փուլում շարունակվում է սաների օրգանիզմի աճն ու զարգացումը, կատարվում են կառուցվածքային փոփոխություններ։ Այն զարգացման կարևոր շրջան է. սաները կարողանում են ինքնուրույն նստած դիրքից կանգնել, քայլել, քայլել ուղիղ, սողանցել, մագլցել, նետել առարկաներ և այլն։ Նրանց բնորոշ է ակտիվ, տարբերակված շարժումների կատարումը՝ առանց օգնության բարձրանալ և իջնել աստիճաններով, տեղաշարժման ժամանակ դրսևորել կոորդինացիա և այլն։

72. Սակայն այս տարիքի սանը դեռևս չի կարող ինքնուրույն կարգավորել շարժման տատանումները, արագությունը, ուժը։ Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ կազմակերպելիս հարկավոր է հաշվի առնել այդ հանգամանքը և օգտագործել շարժողական գործունեության տարբեր ձևեր։

73. Այս տարիքում ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիր է դառնում նպաստել սաների ճիշտ կեցվածք պահպանելու, քայլելու, ցատկելու, մագլցելու, տարածության մեջ տեղաշարժվելու ունակությունների ձևավորմանը, ձեռքերի և ոտքերի (ներբանի) ամրապնդմանը։ Կարևոր է նաև սանին մղել ակտիվ, ինքնուրույն գործողությունների։

74. Հիմնական շարժումներով վարժություններն են՝

1) Շարում և շարափոխում՝ շրջանի կազմում ենթախմբերով և ամբողջ խմբով՝ դաստիարակի օգնությամբ։ Շարում զույգերով։ Միասյուն շարք՝ միմյանց հետևից։

2) Քայլք՝ դաստիարակի հետևից՝ հանձնարարված ուղղությամբ, փոխելով ուղղությունը, շրջանցելով առարկաները, զույգերով, շրջանով, միմյանց ձեռք բռնած։ Կից քայլ առաջ և կողմ։ Քայլքից անցնել վազքի և հակառակը։

3) Վազք՝ վազել դաստիարակի հետևից տարբեր ուղղություններով՝ առանց միմյանց հրելու։ Վազել երկու գծերի միջով՝ առանց գծերը տրորելու (գծերի միջև տարածությունը 25-30սմ)։ Դանդաղ վազք 30-40 վրկ։ Դանդաղ վազք 80 մ։

4) Ցատկ՝ ցատկել զույգ ոտքով տեղում և առաջ շարժվելով։ Ցատկել հատակին դրված պարանի վրայով։ Հեռացատկ տեղից զույգ ոտքի հրումով։ Ցատկեր 10-15 սմ բարձրությամբ առարկաների վրայով։

5) Նետում՝ գնդակների գլորում մեկ և երկու ձեռքով՝ կամարի տակով դաստիարակին։ Գնդակի նետում առաջ զույգ ձեռքով՝ ցածից, կրծքի վրայից։ Դաստիարակի նետած գնդակի (հեռավորությունը 0,5 մ) որսում 1-1,5 մ հեռավորությունից, գնդակի նետում երեխաների կրծքի բարձրությամբ ձգված ժապավենի վրայով։ Առարկաների (գնդակ, ավազով պարկ, կոն, խորանարդիկներ և այլն) հավաքում և տեղափոխում, դասավորում որոշակի տեղում։

6) Սողանցում և մագլցում՝ սողանցում չորեքթաթ՝ 3-4 մ։ Սողանցում 30-40 սմ բարձրությամբ արգելքի տակով։ Մագլցելով անցնել գետնին դրված գերանի վրայով։

7) Հավասարակշռություն՝ քայլել 20 սմ լայնությամբ և 2-3 մ երկարությամբ «ուղիղ ճանապարհով», «զիգզագ ճանապարհով», շրջանում, տախտակի վրայով, մի ծայրը հատակից 15-20 սմ բարձրությամբ տեղադրված մարզանստարանի վրայով։ Քայլեցնել 10-15 սմ բարձրությամբ արգելքի վրայով։ Առանց ձեռքերի օգնության բարձրանալ նստարանին, կանգնել և իջնել։ Դանդաղ պտտվել տեղում։

75. Ընդհանուր զարգացնող վարժություններն են՝

1) Ձեռքերի և ուսագոտու համար՝ ձեռքերը բարձրացնել առաջ, վեր, կողմ, ծալել և տարածել, ձեռքերը կրծքի առջև խաչաձևել և տարածել կողմ, տանել մեջքի հետև։ Ծափ առջևում և գլխավերևում։

2) Ոտքերի համար՝ քայլել տեղում, առաջ, կողմ և հետ։ Ոտքը բարձրացնել վեր, իջեցնել։ Կքանստել՝ բռնելով հենարանից։

3) Իրանի համար՝ թեքվել աջ և ձախ՝ ձեռքերի ազատ թափահարումներով, առարկան փոխանցելով կողքի կանգնածին, նստածին։ Թեքվել առաջ և կողմ։ Մեջքին պառկած՝ միաժամանակ շարժել ոտքերը և ձեռքերը։

76. Շարժախաղերն են՝

1) Քայքով և վազքով՝ «Տիկնիկին հյուր գնալ», «Արահետով», «Ով ավելի կամաց», «Անցնել փայտի վրայով», «Հասեք ինձ», «Ճնճղուկները և ավտոմեքենան», «Գնացք», «Ինքնաթիռ», «Փուչիկ», «Արև և անձրև», «Բեր առարկան», «Թռչունները թռչում են»։

2) Սողանցումով՝ «Սողա մինչև չխկչխկանը», «Դարպասիկներ», «Գիծը չտրորել», «Եղիր զգույշ», «Կապիկները»։

3) Նետելով և բռնելով՝ «Գնդակը շրջանում», «Բռնիր գնդակը», «Հարվածիր դարպասին», «Ճիշտ նշան բռնիր»։

4) Ցատկով՝ «Իմ ուրախ, հնչուն գնդակ», «Նստած է ճերմակ նապաստակը», «Թռչունները թռչում են», «Առվակի վրայով»։

5) Տարածության մեջ կողմնորոշվելով՝ «Որտեղ է զնգում», «Գտիր դրոշակը», «Ով սուլեց»։

6) Զանազան շարժումներով և երգելով՝ «Գնացք», «Փոքրիկ նապաստակ», «Դրոշակը»։

77. Մինչև 3 տարեկան երեխան կարողանում է կատարել մարմնամարզական աթլետիկական վարժություններ՝ փոխելով շարժման ուղղությունը և ելման դիրքը։ Կարողանում է կատարել ընդհանուր զարգացնող վարժություններ, խաղալ շարժախաղեր, դրսևորում է անհրաժեշտ շարժողական ընդունակություններ, պահպանել հավասարակշռությունը, պահպանում է մաքրություն օրվա ռեժիմի պայմանները, նստել, կանգնել, քայլել ջրի մեջ։ Դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, ընկերասիրություն։

78. Այս տարիքային շրջանում օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։ Կոփման միջոցներից է արևային լոգանքների ընդունելը։ Այդ արարողության օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:

79. Ջրային արարողությունները կոփման լավագույն միջոցների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը: Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34 °C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 °C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 °C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի:

78. Ջրային կոփման վերաբերյալ ցուցումները տրված են աղյուսակ 3-ում.

 

Աղյուսակ 3.

 

N

Կոփման օրը

Ջրի սկզբնական ջերմաստիճանը

1.

1-3

37-34 °C

2.

4-7

33-32 °C

3.

8-11

31-30 °C

4.

12-15

29-28 °C

5.

16-20

27-26 °C

6.

21-25

25-24 °C

7.

26-30

23-22 °C

80. Կրտսեր առաջին տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 4-ում․

 

 Աղյուսակ 4․

 

N

Գույքի անվանումը

1.

Մոմլար, ուղի (200 . 35 սմ)

2.

Սայլակներ,կառքեր

3.

Ճոճանակներ–սանդուղքներ

4.

Զամբյուղներ՝ առարկաների նետման համար

5.

Զամբյուղ՝ գնդակների պահպանման համար

6.

Կարճ ժապավեններ տարբեր գույնի (երկարությունը՝ 50 -60 սմ)՝

7.

Ավազով լցված պարկեր (քաշը՝ 400 գ)

8.

Ավազով լցված պարկեր (քաշը 150 — 200 գ)

9.

Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ)

10.

Ռետինե գնդակներ ( տրամագիծը՝ 20 — 25 սմ )

11.

Հողմաղացներ- պտուտաններ

12.

Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 — 80 սմ)

13.

Օղակներ (տրամագիծը՝ 55 — 65 սմ)

14.

Օղակներ (տրամագիծը 40 սմ)

15.

Դրոշակներ

16.

Կարճ հյուսված քուղ (երկ.՝ 75 սմ)

17.

Քուղ (երկարությունը 15-20սմ)

81. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) կատարի մարմնամարզական վարժություններ,

2) փոխի դիրքը, ելման դրությունը,

3) կատարի զարգացնող վարժություններ,

4) կատարի հավասարակշռության վարժություններ,

5) շարվի միաշարք, կազմի շարք,

6) քայլի զույգով,

7) վազի դանդաղ 30 վրկ.

8) ցատկի զույգ ոտքով տեղում,

9) ցատկի 5-10 սմ բարձրության առարկաների վրայով.

10) հեռացատկի տեղից՝ զույց ոտքերի հրումով,

11) գլորի գնդակը երկու ձեռքով, նետի առաջ

12) նետի առարկաներ /գնդակ, ավազե պարկ. կոն և այլն/ հորիզոնական նպատակակետին՝ 1մ հեռավորությունից,

13) սողանցի 3-4 մետր,

14) մագլցի մարզասանդուղքով վեր և վար.

15) քայլի տեղում, առաջ և կողմ, կատարի ռիթմիկ ծափեր, դոփի աջ և ձախ ոտքով, պտտվի տեղում՝ երաժշտության նվագակցությամբ

16) մասնակցի շարժախաղերին,

17) խաղային գործունեության ընթացքում և առօրյայում կիրառի հիմնական շարժումներ (քայլք, վազք, ցատկ, մագլցում, սողանցում, նետում),

18) հաճույքով կատարի ջրընտելացման վարժություններ,

19) պահպանի մաքրություն՝ հետևելով մեծահասակի հրահանգին,

20) պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները,

21) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորի ինքնուրույնություն,

22) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորի կարգապահություն։

82. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա),(բ), (գ), (դ),( (ե),(զ), ԽՀ՝ (ա),(բ),(գ), Ի՝ (ա), (դ), (է), ՀՍԱ՝ (ա),(բ),(գ),(դ),(ե), ԻԱԱԱ՝ (բ), (գ):

 

VIII. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

83. Երաժշտությունն առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների երաժշտագեղագիտական դաստիարակության գործում։ Այն սաների հուզական ոլորտը ձևավորելու արդյունավետ միջոցներից մեկն է։ Երաժշտական դաստիարակությունը սանի անձի զարգացումն է, երաժշտական արվեստի նպատակաուղղված և կազմակերպված ներգործության միջոցով, ինչպես նաև երաժշտության նկատմամբ սանի հետաքրքրությունների, պահանջմունքների ձևավորումը: Հաղորդակցումը երաժշտության հետ գեղագիտական դաստիարակության ամենակարևոր մասն է, քանզի երաժշտությունը ազդում է սանի զգացմունքների և շրջակա աշխարհի նկատմամբ նրա վերաբերմունքի վրա:

84. Համակարգված և նպատակաուղղված աշխատանքի արդյունքում սաները կարողանում են ունկնդրել երաժշտություն, հիշել և ճանաչել այն, կատարել դրան համապատասխան երաժշտառիթմական շարժումներ, պարել, խաղալ, ուրախանել, զմայլվել նրանով: Երաժշտական պարապմունքների ընթացքում սաների մոտ ձևավորվում և զարգանում է հետաքրքրություն երաժշտության նկատմամբ, որը հետագայում վերածվում է երաժշտության հետ հաղորդակցվելու կայուն պահանջմունքի:

85. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավում՝ Ե) նպատակն է՝

1) սերմանել սաների մեջ հետաքրքություն երաժշտության նկատմամբ,

2) ձևավորել երաժշտական գործունեության վերաբերյալ տարրական նախագիտելքիներ,

3) բացահայտել և զարգացնել նրանց երաժշտական ընդունակությունները,

4) ընդլայնել սաների երաժշտական տպավորությունների ծավալը և մտահորիզոնը,

86. Երաժշտական ստեղծագործությունների հուզական ընկալման շնորհիվ սանը բացահայտում է իրեն շրջապատող աշխարհը, տարբերում է չարն ու բարին, տեսնում գեղեցիկը: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:

87. Գործունեության ձևերի խնդիրները՝

1) Ունկնդրում՝

ա. ձևավորել տարբեր բնույթի երգեր՝ ուրախ, աշխույժ, պարային, քայլերգային, և նվագարանային ստեղծագործություններ ուշադիր ունկնդրելու կարողություն,

բ. ձևավորել երաժշտությունը հուզականորեն ընկալելու կարողություն,

գ. ձևավորել երաժշտական հնչյունները ըստ բարձրության տարբերակելու կարողություն,

դ. ձևավորել երաժշտության բնույթը ռիթմը, տեմպը, հնչերանգը ընկալելու կարողություն,

ե. ձևավորել ունկնդրած կամ սովորած ստեղծագործությունը հիշելու և ճանաչելու կարողություն,

զ. ձևավորել երաժշտության ունկնդրման հանդեպ հետաքրքրություն և սեր:

2) Ձայնավարժություն, երգեցողություն՝

ա. ծանոթացնել երգեցողության տարրական կանոներին՝ ճիշտ կեցվածք, շնչառություն, երգչային առոգանություն, խմբային և անհատական, նվագակցությամբ և առանց նվագակցության երգեցողություն,

բ. ձևավորել երաժշտության բովանդակությունը հասկանալու և հուզականորեն արձագանքելու կարողություն,

գ. ձևավորել և զարգացնել մեծահասակի հետ միասին երգելու կարողություն:

3) Երաժշտաշարժական վարժություններ՝

ա. ձևավորել շարժումը երաժշտության հետ սկսելու և ավարտելու կարողություն,

բ. ձևավորել շարժման միջոցով երաժշտությունը հուզականորեն ընկալելու կարողություն,

գ. բարելավել քայլքի տեսակները կատարելու կարողություն

4) Պար՝

ա. ձևավորել ցուցադրած պարային շարժումները ընկալելու և վերարտադրելու կարողություն,

բ. ձևավորել պարային պարզագույն շարժումներ (ծափ տալ, դոփել, ձեռքերով պտույտներ կատարել, քայլել շրջանագծով, ձեռքերը բռնած կազմել շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով այն, ազատ քայլել), կատարելու կարողություն,

գ. ձևավորել երաժշտության բնույթին համապատասխան շարժումները փոփոխելու կարողություն։

5) Խաղ՝

ա. ձևավորել կենդանիներին, հեքիաթի հերոսներին բնորոշ շարժումներ անելու, նրանց ձայնը նմանակելու կարողություն։

6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝

ա. ձևավորել բնական, մանկական նվագարանները ճանաչելու, անվանելու և նրանց հնչերանգները տարբերակելու ունակություն։

7) Հորինում (իմպրովիզացիա)՝

ա. ձևավորել սաների երևակայությունը և ինքնուրույն ստեղծագործելու կարողությունը։

8) Մատների մարզանք՝

ա. երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, նկարելու, պարելու և այլ կարողությունների զարգացմանը։

9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմական զգացողության զարգացում)՝

ա. ձևավորել երաժշտության ունկնդրման ընթացքում, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմական շարժումների միջոցով երեխաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։

10) Երաժշտական թերապիա՝

ա. նպաստել երաժշտության ներքո երեխաների առողջական համակարգի խթանմանը, լարվածության թուլացմանը։

88. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝

1) Ունկնդրում և երգեցողություն՝

ա․ Ժողովրդական երգեր՝ («Լորիկ», մշակումը՝ Կոմիտասի, «Վախկոտ կատուն», «Արև արև»,«Հոյ նար»),

բ․ Կոմպոզիտորական` («Կարուսել» խոսք.՝ Ն. Միքայելյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Գնացք» խոսք՝ Ն. Միքայելյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Շնիկը» խոսք՝ Ա. Շահինյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Բզեզ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Կակաչ», խոսք՝ ժող., երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Էծիկ» խոսք.՝ Հ. Աղաբաբի, երաժշտ.՝ Դ. Ղազարյանի, «Ուրախ» պար երաժշտ՝. Ա.Մանուկյանի, «Թիթեռ», խոսք.՝ Է. Փահլևանյանի, երաժշտ.՝ Ա. Աստվածատրյանի, «Լուսիկի հավիկը», երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Հավիկ», խոսք՝ Ճուղուրյանի, երաժշտ. Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Անուշ տատիկ» խոսք և երաժշտ՝. Անահիտ Մովսիսյանի, «Բոլորը քնեցին» խոսք և երաժշտութ՝. Անահիտ Մովսիսյանի, «Արջի վիշտը» խոսք.՝ժող. երաժշտ.՝Ռոմանոս Մելիքյանի, «Արջուկ» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Նապաստակի երգը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Գարուն է եկել» խոսք՝ Երվանդ Պետրոսյանի, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Ծիտիկը» խոսք և երաժշտ.՝ Սվետլանա Սարուխանյանի, «Սիրուն աշուն» խոսք և երաժշտ՝. Հռիփսիմե Խրիմյանի, «Ձմեռ պապի» խոսք՝ Խնկո Ապոր, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Ձմեռ» խոսք՝ Մ. Միրզախանյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Սկյուռիկ» խոսք՝. Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Նապաստակ» խոսք՝. Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Ուրախ ձկնիկ» խոսք և երաժշտ.՝ Անահիտ Մովսիսյանի, «Արջերը պարում են» երաժշտ՝. Է. Փաշինյանի

89. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) ընկալի և հուզականորեն արձագանքի ունկնդրվող երաժշտությանը,

2) որոշի երաժշտության բնույթը,

3) ընկալի երաժշտության ռիթմը, տեմպը, նվագարանի հնչերանգը,

4) ճանաչի ունկնդրած կամ սովորած ստեղծագործությունները,

5) երգի կամ ձայնակցի բնական ձայնով՝ ձայնը համապատասխանեցնելով երաժշտությանը,

6) ընկալի երաժշտության բովանդակությունը և հուզականորեն արձագանքի,

7) երգի մեծահասակի հետ միասին,

8) շարժվի երաժշտությանը համապատասխան՝ սկիզբն ու ավարտը զգալով,

9) քայլի, վազի երաժշտության ներքո, շարժման միջոցով հուզականորեն ընկալի երաժշտությունը,

10) ընկալի և վերարտադրի ցուցադրած շարժումները,

11) կատարի պարային պարզագույն շարժումներ, ծափ տա, ոտքերով դոփի, դաստակներով պտույտներ կատարի,

12) քայլի շրջանագծով, ձեռքերը բռնած կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով այն, քայլի ազատ,

13) փոխի շարժումները երաժշտության բնույթին համապատասխան,

14) նմանակի կենդանիներին, թռչուններին, հեքիաթի հերոսներին բնորոշ շարժումները և ձայները,

15) ճանաչի և անվանի բնական, մանկական նվագարանները,

16) տարբերակի բնական, մանկական նվագարանների հնչերանգները,

17) հորինի բնական նվագարաններով ռիթմական նվագակցություն և պարային շարժումներ,

18) լսի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:

90. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալը՝

1) ունկնդրում՝ ուրախ, տխուր, պարային ինտոնացիաներ, հակադիր բնույթի երաժշտություն, երաժշտական հնչյուններ, ռիթմ, ռեգիստր, տեմպ, ուժգնություն, հնչերանգ, մեղեդի:

2) Երգեցողություն՝ ճիշտ շնչառություն, կեցվածք, բնական ձայն, երգի բառերի հստակ արտասանություն, մեղեդու ճիշտ վերարտադրում, կենդանիների ձայների նմանակում:

3) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեության կարողություններ, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ քայլք, վազք:

4) Պար՝ քայլքի տեսակներ, ցրված քայլք, շրջանի կազմում, քայլք շրջանով՝ մեծացնելով և փոքրացնելով այն, պարային պարզ շարժումներ՝ պարագաներով և առանց պարագաների, թռիչքներ, պտույտներ՝ մենակ, զույգերով, խմբով, դաստակների պտույտներ, ծափեր, դոփյուններ:

5) Խաղ՝ երաժշտադիդակտիկ խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների շարժումների, ձայնարկումների նմանակում երաժշտության ներքո:

6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները:

7) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմական պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:

8) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան։

9) Ռիթմիկ զգացողության զարգացում՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով:

10) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության վերացում:

91. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք:

92. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ե), (է), ԽՀ՝ (ա), (գ), Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (դ):

 

IX. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

93. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը նպատակաուղղված է կրտսեր առաջին խմբում ձևավորելու սաների առաջին զգայական ընալումները գեղեցիկի նկատմամբ, զարգացնելու լսելու, տեսնելու և դիտելու ունակությունները, հետաքրքրություն առաջացնելու կերպարվեստի տեսակների՝ նկարչության, ծեփի, ապլիկացիայի և կառուցողական աշխատանքի նկատմամբ:

94. Ծրագրային այս բաղադրիչի խնդիրներն են՝

1) խթանել հետաքրքրությունը կերպարվեստի տեսակների նկատմամբ,

2) ծանոթացնել նկարչական, ծեփակերտման, ապլիկացիայի և կառուցողական աշխատանքի հիմնական նյութերին,

3) զարգացնել զգայական ընկալումը, սովորեցնել զգալ, դիտել, տեսնել շրջապատող միջավայրը,

4) ձևավորել երևույթների և առարկաների նկատմամբ հուզական-զգայական վերաբերմունք,

5) ձևավորել և զարգացնել պատկերացումներ առարկաներին բնորոշ հատկությունների՝ ձևի, չափի, գույնի վերաբերյալ,

6) ձևավորել նյութերը խնամքով և ճիշտ օգտագործելու կարողություն,

7) ձևավորել պատկերացումներ թղթի կենտրոն, վերևի անկյուն, ներքևի անկյուն հասկացությունների վերաբերյալ։

8) ծանոթացնել նկարչական նյութերին, ձևավորել մատիտի, վրձնի, ջրաներկի, գուաշի հետ աշխատելու հմտություններ,

9) ձևավորել մատիտի, վրձնի, ջրաներկի, գուաշի հետ աշխատելու հմտություններ,

10) մեկնաբանել առարկաների հարաբերությունները միմյանց նկատմամբ /հեռու- մոտ, բարձր-ցածր/,

11) զարգացնել պատկերը գունավորելու և պարզ առարկաներ նկարելու հմտություններ,

12) ձևավորել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներով աշխատելու կարողություն։

13) ծանոթացնել ծեփակերտման նյութերին,

14) ձևավորել ծավալային որոշ մարմիններ ծեփելու կարողություն,

15) ձևավորել ծավալային մարմիններից երկրաչափական պատկերներ ստանալու կարողություն։

16) ծանոթացնել կառուցողական աշխատանքի հիմնական նյութերին,

17) ձևավորել պարզ շինություններ կառուցելու կարողություններ,

18) ձևավորել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, բամբակ և այլն) աշխատելու հմտություններ։

19) ծանոթացնել ապլիկացիայի հիմնական նյութերին,

20) ձևավորել նախապես կտրատված 1-2 դետալներից խավատախտակին, թղթին պարզ առարկաներ պատկերելու կարողություններ։

95. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) ճանաչի նկարչական նյութերը և կիրառի դրանք,

2) ճիշտ բռնի և օգտագործի մատիտ, յուղամատիտ, վրձին,

3) իմանա հիմնական գույները,

4) հասկանա դաստիարակի հրահանգը և փորձի կատարել,

5) նկարի թեք, ուղիղ, կարճ և երկար գծեր, շրջանաձև պարզ առարկաներ,

6) նկարի ըստ օրինակի,

7) ուսումնասիրի նմուշօրինակը, հասկանա հանձնարարությունը,

8) գունավորի պատկերը,

9) կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկա (մատնային, ափով, սպունգով և այլն),

10) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,

11) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,

12) խնամքով օգտագործի նկարչական նյութերը:

13) Ճանաչի ծեփվող նյութերը,

14) հասկանա ծեփոնի հատկությունները,

15) հասկանա ծեփատախտակի, կերտաձողի դերը և նշանակությունը,

16) կարողանա ճիշտ օգտագործել անձեռոցիկը (լաթը),

17) ծեփակերտի ծավալային մարմիններ՝ գունդ, գլան, լոշիկ, օղակ,

18) ծավալային որոշ մարմիններից տափակեցման միջոցով ստանա երկրաչափական պատկեր՝ գնդից ստանա շրջան,

19) միացնելով գլանի եզրերը՝ ստանա օղակ,

20) տարբերի և անվանի կառուցողական հիմնական նյութերը,

21) ըստ նմուշի կառուցի պարզ շինություն մեծահասակի օգնությամբ,

22) կիրառի իր կառուցած շինությունները խաղի մեջ,

23) օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, բամբակ և այլն),

24) տարբերի և անվանի օգտագործվող նյութերը՝ գունավոր թուղթ, սոսինձ, անձեռոցիկ,

25) խավատախտակի վրա կատարի պարզ ապլիկացիաներ նախապես կտրված պատկերներից,

26) կտրտված 1-2 դետալները ճիշտ սոսնձի թղթի մակերեսին (ծաղիկ, գնդակ, արև, ձնեմարդ և այլն),

27) ճիշտ օգտվի սոսնձից, անձեռոցիկից,

28) օգտագործի թղթի ամբողջ մակերեսը,

29) հասկանա թղթի կենտրոն, վերևի անկյուն, ներքևի անկյուն հասկացությունները,

30) նախապես կտրատված պատկերները փակցնի թղթի վրա՝ ըստ ցուցադրած նմուշի։

96. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, զբոսանքների, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, զբոսանքների և ինքնուրույն գործունեության միջոցով։

97. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ը), ԽՀ՝ (ա), (գ), (դ), Ի՝ (ա),(բ), (գ),(դ), (է), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), ԻԱԱԱ՝ (ա),( բ), (գ), (դ):

 

X. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

98. Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է զարգացնող- առարկայական միջավայրի առկայությամբ։

99. Ծրագրի լիարժեք իրականացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝

1) խմբասենյակում առկա են խաղային պարագաներ սաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գունեղ նկարներով գրքեր.

2) առկա են սաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների հագուստ, խաղալիք կահույք, տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.

3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` սաների երաժշտական ունակությունների զարգացման համար.

4) առկա են նյութեր և սարքավորումներ` սաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ներկամատիտներ (ֆլոմաստերներ), ծեփանյութ և այլն.

5) բոլոր նյութերն անվտանգ են, հասու և մատչելի սաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ներկամատիտները (ֆլոմաստերներ)` թարմ, վրձինները` մաքուր.

6) առկա են խաղալիքներ` զբոսանքի ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.

7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.

8) տարածքում առկա է սաների համատեղ խաղերի համար առանձնացված հատված.

9) բոլոր խաղալիքները, նյութերը սաների համար հասանելի են.

10) տարածքում առկա են ծաղիկներ, բույսեր.

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր և խաղեր՝ սաների զգայարանների, ընդհանուր և մանր շարժունակության զարգացման և սյուժետադերային խաղերի իրականացման համար.

12) խմբասենյակում և դրանից դուրս ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար. հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ,քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի հարմարեցումներ՝ ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ:

100. Գրականության ցանկ՝

1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020թ.։

2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, ՀՀ կառավարության 13 մայիսի 2021թ. N 744-Ն որոշում։

3) Մարության Ս., Դալլաքյան Ա., Նախադպրոցական մանկավարժություն Երևան, 2008թ.։

4) Միտոյան Հ., Սմբատյան Լ., Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2010թ.։

5) Միտոյան Հ., Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2020թ.։

6) Միտոյան Հ․, Ս․ Մարության և ուրիշներ Մանկապարտեզի կրտսեր առաջին խմբի կրթական համալիր ծրագիր, Երևան, 2012թ․։

7) Մուկոյան Հ. Երեխայի գեղարվեստական դաստիարակության ժամանակակից և տեղեկատվական տեխնոլոգիաներ, Երևան 2016թ.։

8) Նախադպրոցական կրթության «Ծնունդից մինչև դպրոց» հանրակրթական ծրագիր։ — Մոսկվա, 2010։

9) Վերակսա Ն. և ուրիշներ։ «Ծնունդից մինչև դպրոց» նորարարական ծրագիր։ — 2019։

10) Վերակսա Ն. Ե., Վերակսա Ա. Ն. Ճանաչողական զարգացումը նախադպրոցական տարիքում․ ուսումնական ձեռնարկ։ — Մոսկվա, 2012։

11) Բոժովիչ Լ. Ի. Անձը և նրա ձևավորումը մանկական տարիքում։ — Սանկտ Պետերբուրգ․ «Պիտեր», 2009։ — 400 էջ։

12) Բորիսենկո Մ. Գ., Լուկինա Ն. Ա. Ի օգնություն փոքրիկ մտածողի․ տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը 0–3 տարեկանում։ — Սանկտ Պետերբուրգ, 2003։

13) Վասիլևա Մ. Ա. Մանկապարտեզում դաստիարակության և ուսուցման ծրագիր։ — Մոսկվա, 2005։

14) Վենգեր Լ. Ա. Պատրա՞ստ է արդյոք երեխան դպրոցին։ — Մոսկվա․ «Զնանիե», 1994։ — 192 էջ։

15) Գերբովա Վ. Վ. Խոսքի զարգացումը մանկապարտեզի տարատարիք խմբում։ — Մոսկվա, 2010։

16) Գերբովա Վ. Վ. Խոսքի զարգացումը մանկապարտեզում։ — Մոսկվա, 2010։

17) «Մանկությունից դեպի պատանեկություն»․ ծրագիր ծնողների և դաստիարակների համար։ — Մոսկվա, 2011։

18) Լիֆց Ե. Ա., Լիֆց Ի. Վ. Խոսքի, շարժումների և մանր շարժողական հմտությունների զարգացումը։ — Մոսկվա, 2010։

19) Միկլյաևա Ն. Վ. Նախադպրոցական տարիքի երեխաների լեզվական ընդունակության ախտորոշումը։ — Մոսկվա, 2007։

20) Օբուխովա Լ. Ֆ. Տարիքային հոգեբանություն․ դասագիրք բակալավրների համար։ — Մոսկվա, 1999։ — 442 էջ։

21) Պավլովա Լ. Ն. Զարգացնող խաղ-պարապմունքներ՝ ծնունդից մինչև երեք տարեկան երեխաների հետ։ — Մոսկվա, 2005։

22) Պիլյուգինա Է. Գ. Երեխաների դաստիարակությունն ու ուսուցումը մանկապարտեզի կրտսեր առաջին խմբում։ — Մոսկվա, 2006։

23) Յանուշկո Ե. Ե. Օգնե՛ք փոքրիկին խոսել։ — Մոսկվա, 2011։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական: