ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» նոյեմբերի 2026 թ. |
N 101-Ն |
«ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Վաղ մանկության տարիքի առաջին խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
|
Նախարար՝
11/5/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 101-Ն հրամանի |
ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է ծնողներին, երեխայի դաստիարակությամբ զբաղվող անձանց, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: Այն կօգնի կանոնակարգված կազմակերպել 0-1 տարեկան սաների խնամքը, առօրյան ընտանիքում և նախադպրոցական ուսումնական հասատատությունում, ապահովել առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման միջավայր և պայմաններ, հաջողությամբ իրականացնել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված զարգացման ոլորտային վերջնարդյունքները, կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատություն-ընտանիք համագործակցությունը:
2. Կարողունակահեն նախադպրոցական կրթության նպատակն է նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորումը: Այս ուղղությամբ իրականացվող նպատակային մանկավարժական աշխատանքը սկսվում է վաղ տարիքից։
3. Վաղ տարիքում կրթության բովանդակությունը հիմնված է երեխայակենտրոն մանկավարժության վրա՝ ապահովելով երեխաների խնամքը, շարունակական կրթությունը և մեծահասակների հետ համատեղ գործունեությունն ու հաղորդակցումը։
4. «Վաղ մանկության տարիքի առաջին խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) նպատակաուղղված է չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը՝ տարիքային ու անհատական առանձնահատկություններին համապատասխանող ներառական միջավայրում։
5. Ծրագիրը կառուցված է երեխայակենտրոն հաղորդակցման հենքով, ինչը հնարավորություն է տալիս արձագանքելու յուրաքանչյուր երեխայի կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու նրա անձը, շեշտակի առանձնացնելով ուժեղ կողմերը։
6. Ծրագրի բովանդակությունը մշակված է կյանքի առաջին 4 եռամսյակներում զարգացման առաջնահերթությունների, խնամքի և դաստիարակության խնդիրների հաշվառմամբ և ներկայացված է չորս փուլով՝ ծնված պահից մինչև 3 ամսական, 3-6 ամսական, 6-9 ամսական, 9 ամսականից 1 տարեկան։
7. Վաղ տարիքի 1-ին շրջափուլում (առաջին 3 ամիսներ) զարգացման գլխավոր ուղղությունն է մեծահասակների հետ հուզական հաղորդակցմանը նպաստող տեսողական և լսողական զգայարանների զարգացումը։ Դաստիարակության գործընթացն ուղղված է մեծահասակների հետ հուզական երկկողմ հաղորդակցման ապահովմանը:
8. Վաղ տարիքի 2-րդ շրջափուլում (3-ից - 6 ամսական) զգայարանների զարգացմանը հաջորդում է իմացական զարգացումը՝ նախախոսքի և առարկաներով առանձին գործողությունների խթանման միջոցով։ Դաստիարակությունը ենթադրում է հուզական համարժեք արձագանքի ձևավորում, մեծահասակների օգնությամբ արտաքին աշխարհի հետ կապի հաստատում։
9. Վաղ տարիքի 3-րդ շրջափուլում (6-ից – 9 ամսական) երեխայի զարգացմանը նպաստում են խոսքով ուղեկցվող առարկայական գործողությունները կամ գործնական հաղորդակցումը մեծահասակների հետ։ Գործնական հաղորդակցումը նպաստում է սոցիալական զարգացման առաջին դրսևորումներին։
10. Վաղ տարիքի 4-րդ շրջափուլում (9ամսականից –1 տարեկան) զարգացման գլխավոր ուղղությունն է վանկային արտաբերումներով ուղեկցվող առարկայական գործողությունները և ակտիվ խոսքի զարգացումը: Այս շրջափուլում աստիճանաբար սկսում են դրսևորվել ինքնասպասարկման տարրական կարողություններ, սանն արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին, մեծահասակների խոսքին և նախազգուշացումներին։
11. Այսպիսով, ծրագիրը ենթադրում է՝
1) զգայական զարգացման ընթացքում՝ զգայական վերլուծիչների ակտիվացում, տեսողական և լսողական ընկալման ձևավորում,
2) շարժողական ոլորտի զարգացման ընթացքում՝ հիմնական շարժումների ձևավորում, առողջության պահպանում և ամրապնդում,
3) խոսքի և հաղորդակցման զարգացման ընթացքում՝ ակտիվ խոսքի զարգացում և հուզական հաղորդակցման խթանում,
4) հուզական ոլորտի զարգացման ընթացքում՝ արտաքին աշխարհին հուզականությամբ արձագանքելու կարողության ձևավորում,
5) իմացական ոլորտի զարգացման ընթացքում՝ ծանոթանացում շրջապատող առարկայական աշխարհին,
6) սոցիալական զարգացման ընթացքում՝ հիգիենիկ միջոցառումներին, մեծահասակների խոսքին և նախազգուշացումներին արձագանքելու կարողության ձևավորում։
12. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) ծրագրի բովանդակության համապատասխանությունը չափորոշչի պահանջներին,
2) ծրագրի բովանդակության համապատասխանությունը սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,
4) կրթության աշխարհիկ բնույթը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։
I. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից․ «Բացատրագիր», «Ծրագրի կառուցվածքը», «Սաների առօրյայի կազմակերպումը», «Ուսումնադաստիարակչական աշխատանքների բովանդակությունը՝ ըստ զարգացման ոլորտների. շարժողական ոլորտ (վերջնարդյունքներ), խոսքի և հաղորդակցման ոլորտ (վերջնարդյունքներ), հուզական, սոցիալ-անձնային զարգացման ոլորտ (վերջնարդյունքներ), իմացական ոլորտ (վերջնարդյունքներ), ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ (վերջնարդյունքներ)» և «Զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները»։
14. Ծրագրի նպատակն է՝
1) ապահովել ծննդից մինչև 1 տարեկանների զարգացմանն ուղղված մանկավարժական գործընթացի արդյունավետ իրականացումը՝ նախադպրոցական մանկավարժության սկզբունքների և չափորոշչային պահանջների հաշվառմամբ:
2) ստեղծել երեխայի ամբողջական զարգացմանն ուղղված բարենպաստ պայմաններ և անվտանգ միջավայր։
15. Ծրագրի խնդիրներն են նպաստել՝
1) հիմնական շարժումների զարգացմանը, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը,
2) զգայարանների ակտիվացմամբ առարկայական աշխարհի հետ ծանոթացմանը,
3) տարբեր մարդկանց խոսքի ընկալմանն ու ակտիվ խոսքի զարգացմանը,
4) հուզական հաղորդակցման կարողությունների ձևավորմանը,
5) երաժշտական տպավորությունների ձևավորմանը,
6) տարիքին բնորոշ գործունեության ձևերի (հաղորդակցում, առարկայական, խաղային, ճանաչողական, գեղարվեստական) դրսևորումների խթանմանը,
7) հիգիենիկ և սոցիալական պարզագույն կարողությունների ձևավորմանը,
8) խնամքի, զարգացման և դաստիարակության հարցերում ընտանիքի և նախադպրոցական ուսումնական հաստատության միասնական մոտեցումների ապահովմանը,
9) օրվա կանոնակարգային պահանջների կատարմանը։
16. Ծրագրային խնդիրների իրականացումը նախատեսում է սանի և մեծահասակների համատեղ գործունեության կազմակերպման հետևյալ ձևերը՝
1) հուզական հաղորդակցում ծնողների, դաստիարակների, խնամող այլ անձանց հետ,
2) առարկայական համատեղ գործողություններ, խաղ-վարժություններ, խաղային գործողություններ, դերային գործողություններ, զարգացնող խաղեր,
3) խաղ-պարապմունքներ (4-րդ շրջափուլում՝ 9-12 ամսական սաների հետ)։
17. Ծննդից մինչև 1 տարեկան երեխայի զարգացումն ընթանում է զարգացման ոլորտների համալրման արդյունքում, նրա զարգացման աստիճանը գնահատվում է զարգացման ոլորտներով նախատեսված վերջնարդյունքներով, որոնք իրենց հերթին ուղղված են չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը։
18. Նախադպրոցական տարիքի ավարտին (5-6 տարեկանում) սանից ակնկալվող կարողունակություններն են՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]։
19. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սույն ծրագրով նախատեսվող մանկավարժական աշխատանքներն իրականացվում են սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում։
II. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Ծննդից մինչև 1 տարեկան սաների օրինակելի կանոնակարգը մշակվում է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ՝ ըստ տարիքային չորս շրջափուլերի:
21. Օրվա կանոնակարգը մշակվում է յուրաքանչյուր տարիքային ենթափուլի համար՝ հաշվի առնելով ենթափուլին բնորոշ կերակրման քանակը, քնի և արթնության առավելագույն տևողությունը։ Կանոնակարգը հստակ նախատեսում է նաև խաղալիքներով, առանձին առարկաներով գործողությունների, խաղ-վարժությունների կազմակերպման ժամանակացույց։
22. Կյանքի առաջին տարում սանի առօրյան ընթանում է կենսաբանական երեք վիճակների՝ քնի, սննդի և արթնության հերթագայմամբ, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպումը պահանջում է համապատասխան պայմանների առկայություն: Կերակրման գործընթացը կազմակերպվում է հստակ ժամանակացույցով՝ առանց շտապելու և ստիպելու, 7 ամսականից՝ հատուկ աթոռակի վրա:
23. Ստորև յուրաքանչյուր ենթափուլի համար ներկայացված է քնի, արթնության և կերակրման մոտավոր կարգ, որի հիման վրա նախադպրոցական ուսումնական հաստատությունը և ընտանիքները կարող են կազմել օրվա կանոնակարգ։
24. Ծննդից մինչև 1 տարեկան երեխաների քնի, արթնության և կերակրման մոտավոր կարգը ներկայացված է աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1.
|
N |
Տարիք |
Կերակրում |
Արթունություն |
Ցերեկային քուն | ||
|
Քանակ |
Ժամանակահատված |
Տևողություն/ ժամ |
Քանակ |
Տևողություն ժամ | ||
|
1. |
1-3 ամսական |
7 |
3 |
1 - 1,5 |
4 |
1,5 -2 |
|
2. |
3-6 ամսական |
6 |
3,5 |
1,5 - 2 |
3-4 |
1,5-2 |
|
3. |
6-9 ամսական |
5 |
4 |
2 – 2,5 |
3 |
1,5-2 |
|
4. |
9-12 ամսական |
4 - 5 |
4 – 4,5 |
2,5 - 3 |
2 |
2 – 2,5 |
25. Օրվա կանոնակարգը նախագծվում է այնպես, որ հնարավորինս առանձնացված լինեն ենթախմբերի կանոնակարգային պահերը, միևնույն ժամանակ ապահովվի դրանց հաջորդականությունը (օրինակ, սկզբից կերակրվում են մինչև վեց ամսական սաները, հետո՝ 6-12 ամսականները)։ Քնի արարողությունը նույնպես կազմակերպվում է հերթով։
26. Արթուն սաների փոքր թիվը թույլ է տալիս վերահսկել խմբի սաների վարքը, տրամադրությունը և աշխատել նրանց հետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները: Օրվա կանոնակարգով նախատեսված միջոցառումները՝ սաների խնամքը, հիգիենան, սնունդը, քունը կազմակերպում է դաստիարակները՝ դաստիարակի օգնականների հետ համատեղ: Խաղերը, խաղ-վարժությունները կազմակերպվում են անհատական՝ յուրաքանչյուրի հետ առանձին:
27. Սաների ինքնուրույն գործունեությունը վերահսկվում է։
28. Տաք եղանակին սաների առօրյայի մեծ մասը կազմակերպվում է բակում՝ կանաչ տարածքում, առողջարարական և կոփիչ միջոցառումների ընթացակարգերով։
29. Վաղ մանկության տարիքի առաջին խմբի օրինակելի կանոնակարգի տարբերակը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, 9 ժամյա տևողությամբ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ներկայացված է աղյուսակ 2-ում։ Կանոնակարգային պահերի կազմակերպումը սկսվում է տանը և շարունակվում՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունում։
Աղյուսակ 2.
|
Կանոնակարգային պահեր |
Կանոնակարգային պահերի ժամանակացույց՝ ըստ տարիքային շրջափուլերի | ||||
|
Ծննդից 3 ամսական |
3 – 6 ամսական |
6 - 9 ամսական |
9-12 ամսական | ||
|
Տանը | |||||
|
1. |
Արթնացում, խնամք, հարդարանք |
||||
|
2. |
Կերակրում |
6:00 |
6:00 |
6:00 |
6:30 |
|
3. |
Արթուն վիճակ |
6:00–7:00 |
6:00–7:30 |
6:00–8:00 |
6:30–8:00 |
|
4. |
Քուն |
7։00-8․30 |
7։30-8։30 |
||
|
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում | |||||
|
5. |
Երեխաների ընդունելություն, առողջական վիճակի ստուգում |
8․30-9:00 |
8․30-9:00 |
8:00–8:30 |
8:00–8:30 |
|
6. |
Կերակրում |
9:00 |
9:30 |
10:00 |
10:00 |
|
7. |
Արթուն վիճակ Մեծահասակի հետ համատեղ խաղեր, խաղ-վարժություններ |
9:00–10:00 |
9:30–10:30 9:30–10:00 3-5 րոպե տևողությամբ |
10:10–11:00 10:00–10։15 Մինչև 5 րոպե տևողությամբ |
10։10–12:00 10։30–11:00 5 րոպե տևողությամբ |
|
8.
9. |
Քուն մաքուր օդին
Զբոսանք (շարժա խաղեր, խաղիկներ) |
10։00-11։30 Քուն մաքուր օդին |
10։30-12։00 Քուն մաքուր օդին, խաղիկներ |
11։00-12։30 12։30-13։30 |
11։00-12։30 12։30-13։30 |
|
10. |
Կերակրման նախապատրաստում կերակրում |
11:30 – 12։00 |
12։00 – 12։30 |
13։30-14։00 |
13։30-14։00 |
|
11. |
Արթուն վիճակ |
12:00-12:30 |
12:30–13:30 |
14:00–15:30 |
14:00–15:30 |
|
12. |
Զբոսանք |
12:30–14:30 |
13:30–15:30 13:30–14:30 |
15:30–16:30 |
15:30–17:00 |
|
13. |
Երկրորդ քուն | ||||
|
14. |
Կերակրման նախա պատրաստում կերակրում |
14:30-15։00 |
15:30 –16։00 |
||
|
15. |
Արթուն վիճակ |
15:00–16:00 |
16:00-17։00 |
16:30–17:30 |
17։00-17։30 |
|
16. |
Զբոսանք |
16:00–17:00 |
|||
|
17. |
Տուն ճանապարհում |
17:00-17:30 |
17:00-17:30 |
17:30 |
17:30 |
|
ՏԱՆԸ | |||||
|
18. |
Արթուն վիճակ |
17:30 – 19։00 |
17:30-18.00 |
17:30-18.00 | |
|
19. |
Կերակրման նախա պատրաստում կերակրում |
17:30-18։00 |
19։00-19։30 |
18։00-18։30 |
18։00-18։30 |
|
20. |
Քուն |
18։00-19։30 |
19։30 -20։30 |
18։30-19։30 |
18։30-19։30 |
|
21. |
Արթուն վիճակ |
19։30-21։00 |
20։30-21։30 |
19։30-21։00 |
19։30-21։00 |
|
22. |
Կերակրում |
21։00 |
21։30 |
21։00 |
21։00 |
|
23. |
Հիգիենայի ընթացակարգեր
Լոգանք |
21։30 |
21։40 |
21։30 |
21։30 |
|
24. |
Գիշերային քուն |
22։00 |
22։00 |
22։00 |
22։00 |
30. Օրվա կանոնակարգի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները.
1) ապահովել սաների արթնության, քնի և սննդի կազմակերպման պայմանները,
2) օրվա ընթացքում ապահովել քնի, արթնության տևողությունը, կերակրման քանակը, հաշվի առնելով յուրաքանչյուր սանի տարիքը, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
3) կարգավորել կերակրման ընթացքը` ուղեկցելով այն երկխոսությամբ կամ փոքրիկ զրույցով (օրինակ` սպասքից օգտվելու, ճիշտ ուտելու մասին),
4) կատարել խմբում աշխատող անձնակազմի պարտականությունների հստակ բաշխում:
31. Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխայի ներդաշնակ զարգացման մանկավարժական պայմաններն են՝
1) մեծահասակների հետ հուզական հաղորդակցումը,
2) համատեղ խաղերի, խաղիկների, խաղ-վարժությունների կազմակերպումը,
3) համատեղ խաղերի և սանի ինքնուրույն գործունեության խելամիտ հարաբերակցությունը,
4) յուրաքանչյուր սանի առանձնահատկությունների և հնարավորությունների հաշվառումը,
5) բարյացակամ մթնոլորտի ապահովումը։
32. Օրվա ճիշտ կանոնակարգը, մեծերի կողմից յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերվող հանգիստ և ուշադիր վերաբերմունքը, խնամքը, խոսքի մեղմ, բարեհամբույր տոնը կարևոր դեր են խաղում մինչև մեկ տարեկան երեխայի զարգացման և դաստիարակության գործում:
33. Սաների կենսական պահանջների բավարարումը՝ նրանց զարգացման և դաստիարակության գրավականն է:
34. Սանի տեղափոխումը հաջորդ ենթախմբի կանոնակարգ իրականացվում է աստիճանաբար։
35. Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով՝ հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:
36. Կանոնակարգի բովանդակային հատվածը՝ մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է առանձին աղյուսակներով՝ զարգացման ոլորտների համառոտ նկարագրությունից հետո։
III. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
37. Շարժողական ոլորտ- Շարժողական ոլորտի զարգացումը՝ երեխայի առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման, նրա ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման, այն է՝ ամբողջական զարգացման կարևոր բաղադրիչներից է։
38. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ծննդից մինչև մեկ տարեկան սանի շարժողական ակտիվությունը, ֆիզիկական զարգացումը և առողջությունն ապահովելու նպատակով առաջադրվում են հետևյալ խնդիրները`
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական համակարգի ամրապնդում,
2) հիմնական շարժումների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում) ձևավորում և զարգացում,
3) շարժողական ունակությունների և ֆիզիկական հատկությունների (արագաշարժության դիմացկունության, մկանային ուժի, հավասարակշռության)ձևավորում,
4) շնչառական կարողությունների և մանր մկանների զարգացում,
5) առողջ ապրելակերպի պարզագույն սովորությունների (հիգիենայի ընթացակարգերի նկատմամբ դրական վերաբերմունքի) ձևավորում։
39. Շարժողական ոլորտի զարգացման խնդիրները կյանքի առաջին տարում իրականացվում են սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունների խրախուսման և ամենօրյա ժամանակացույցով կազմակերպվող ֆիզիկական վարժությունների միջոցով։
40. Սաների ֆիզիկական զարգացման խնդիրներն իրականացվում են կանոնակարգային պահերի, սննդի ճիշտ կազմակերպման, հիգիենիկ ընթացակարգերի, հիմնական շարժումների ձևավորման և կոփման միջոցառումների փոխկապակցվածությամբ։ Անհրաժեշտ է ամեն օր մեծահասակների միջնորդությամբ կատարել առավոտյան մարմնամարզություն՝ ծանոթ և մատչելի շարժումներ, ուշադրությունը կենտրոնացնող, նմանակող բնույթի վարժություններ, երաժշտական և պարային շարժումներ:
41. Կոփման միջոցառումները իրականացվում են բնական գործոնների՝ օդի, արևի, ջրի կիրառմամբ: Կոփման ընթացակարգերի բնույթը որոշվում է նախադպրոցական հաստատության վարչակազմի և բժշկական անձնակազմի կողմից՝ հաշվի առնելով ծնողների ցանկությունները և յուրաքանչյուր երեխայի առողջական վիճակը:
42. Այս շրջափուլում սաները մաքուր օդում պետք է լինեն (զբոսանք) 2-3 ժամ։ Ցանկալի է որ հատկապես տաք եղանակներին աստիճանաբար երկարացվի երեխաների բաց օդում լինելու ժամանակահատվածը։ Սենյակը մշտապես անհրաժեշտ է օդափոխել՝ պահպանելով սենյակի ջերաստիճանը +21 0C սահմաններում։
43. Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաները զբոսնում են օրը երկու անգամ՝ նախաճաշից առաջ և հետճաշից հետո։ Ամռանը երեխաների օրը կարելի է կազմակերպել կանաչ և կահավորված բակում։
44. Ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծումը պայմանավորված է սաների առողջական վիճակով, նախադպրոցական ուսումնական հաստատության և ընտանեկան-կենցաղային պայմաններով, սեռային, անհատական և տարիքային առանձնահատկություններով:
45. Վաղ մանկության տարիքի առաջին շրջափուլ (առաջին 3 ամիսներ)։ Այս տարիքային փուլը ֆիզիկական ինտենսիվ աճի շրջան է՝ ամեն ամիս երեխայի քաշը ավելանում է 200-250 գրամով, հասակը՝ 1 սմ-ով։ Կենսական պահանջների բավարարման պայմաններում երեխան աստիճանաբար հարմարվում է նոր կենսակերպին՝ ոտքերի և ձեռքերի ակտիվ շարժումներով փորձում է արձագանքել իրեն խնամող մեծահասակներին, լսողական կենտրոնացման (2-3 շաբաթականում) և տեսողական կենտրոնացման (3-5 շաբաթականում) շնորհիվ սովորում է տեսադաշտում պահել նրանց, թեքելով, շրջելով գլուխը։
46. Կյանքի առաջին եռամսյակում երեխայի ֆիզիկական զարգացումը պայմանավորված է գրագետ կազմակերպվող խնամքով, քնի, կերակրման և արթնության հերթափոխմամբ, կոփման և մերսման արարողություններով։
47. Վաղ մանկության տարիքի երկրորդ շրջափուլ շրջափուլ (3 ամսականից մինչև 6 ամսական)։ Այս շրջափուլում ակտիվանում է երեխայի շարժողական գործունեությունը, զգալի փոխվում է ձեռքերի շարժումների բնույթը։ 5-6 ամսականից նա կարողանում է բռնել առարկան ձեռքով, ինչը պահանջում է բավականին բարդ տեսաշարժողական կոորդինացիա: Նա ձեռքերը թափահարում և հարվածում է, գլորում, սեղմում, շոշափում է առարկաները։ Նախաբազկի վրա հենվելով բարձրացնում է իրանը (3 - 4,5 ամսականում), բարձրանում է ձեռքերի վրա (5-5,5 ամսականում): Մեջքի վրայից շրջվում է կողքի (3,5 - 4 ամսական), փորի վրա (5- 5,5 ամսական), փորի վրա պառկած վիճակից շրջվում է մեջքի վրա (6 ամսական): Սողում է դեպի խաղալիքը, դեպի իրեն կանչող մեծը: Մեջքի վրա պառկած և թևերի տակից բռնած վիճակում ծալում և ուղղում է ոտքերը, ձեռքերը: Առարկայական գործողությունները աստիճանաբար դառնում են նպատակային՝ երեխան ձեռքերն ուղղում է դեպի խաղալիքը, յուրաքանչյուր ձեռքով վերցնում է մեկ առարկա, ուսոււմնասիրում է, որից հետո սկսում է դա թափահարել: Ակտիվ շարժումներով էարտահայտում նաև իր հույզերը։
48. Վաղ մանկության տարիքի երրորդ շրջափուլ (6 ամսականից մինչև 9 ամսական)։ Այս շրջափուլում ձևավորվում են նոր շարժումներ՝ նա սկսում է ակտիվորեն սողալ, կանգնել չորեքթաթ, սողալ և իջնել թեք բլրակից: Նստում է երկու կամ մեկ ձեռքի օգնությամբ: Փորձում է ինքնուրույն նստել պառկած վիճակից և հակառակը: Սկսում է կանգնել երկու կամ մեկ ձեռքով բռնված։ Քայլել թևերի տակից կամ երկու ձեռքերից բռնած։ Կանգնում է և իջնում ձեռքերով բռնելով հենարանից: Փորձում է քայլել ՝ բռնելով հենարանից:
49. Կատարելագործվում են առարկաների հատկությունների հետ կապված գործողությունները՝ սեղմում է ռետինե խաղալիքը, գլորում գնդիկները, դնում (հանում) և հագցնում է մանր խաղալիքները մեծերի մեջ (խորանարդիկները արկղերի մեջ)։ Պարում է երաժշտության տակ, մեծերի հրահանգով կատարում է «ծափիկ-ծափիկ», տալիս է առարկան, խաղալիքը։ Առարկայական գործողությունները զարգացնում են ձեռքերի մանր մկանները (մոտորիկան)։
50.Վաղ մանկության տարիքի չորորդ շրջափուլ (9 ամսականից մինչև 1 տարեկան)։ Այս շրջափուլում ամրապնդվում են նախկինում յուրացրած շարժումները՝ սողալու, մագլցելու, բլրակից իջնելու, կքանստելու և կանգնելու, ոչ բարձր առարկաների, աստիճանի վրա բարձրանալու և իջնելու, առանց հենվելու, բռնվելու որևէ առարկայից վերկենալու և նստելու: Կանգնած դրությամբ թեքվում և ուղղվում առանց ոտքերը շարժելու: Կարողանում է կատարել ինքնուրույն քայլեր, բռնված, հանգիստ անցնում է մեկ առարկայի վրայից դեպի մյուսը: Քայլում է մեծի ցույց տված ուղղությամբ («Ե՛կ ինձ մոտ», «Բեր տիկնիկը»)։ Կարողանում է ակտիվ և նպատակային գործողություններ կատարել առարկաներով՝ մեկ առարկան դասավորում է մյուսի մեջ, բացում և փակում է արկղի կափարիչը, օղակն անցկացնում է ձողի վրա և հանում, խորանարդիկներից աշտարակ է կառուցում։ Ուրախ, առույգ կամ հանգիստ նվագակցության տակ կատարում է երաժշտության բնույթին համապատասխանող պարային պարզ շարժումներ։
51. Այսպիսով, մինչև 1 տարեկան երեխան կարողանում է սողալ, մագլցել, կքանստել և կանգնել, նստել, կանգնած դրությունից թեքվել և ուղղվել, սկսում է ինքնուրույն քայլել, հենարանից բռնած բարձրանալ, իջնել աստիճանի և բլրակի վրայից։ Կարողանում է քայլել մեծի ցույց տված ուղղությամբ, գլորված առարկայի ետևից, կատարվում է պարային պարզ շարժումներ։ Դրական է արձագանքում մերսման և կոփման միջոցառումներին։
52. Ծննդից մինչև մեկ տարեկան երեխաների ֆիզիկական զարգացմանն ուղղված մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3.
|
N |
Ֆիզիկական դաստիարակության խնդիրները |
Մանկավարժական աշխատանքի կազմակերպման ձևեր |
Շրջափուլ |
Վերջնարդյունք |
|
1. |
Պարանոցի և մեջքի մկանների զարգացում |
Պարանոցի և մեջքի մկանների զարգացմանն ուղղված վարժություններ |
1-ին |
Շ (բ), (գ), (դ), |
|
2. |
Հիմնական շարժումների զարգացում |
Հիմնական շարժումների զարգացմանն ուղղված վարժություններ, խաղային վարժություններ, շարժախաղեր՝ «Թռչունները թափահարում են թևերը»,«Հասի՛ր շնիկին», «Ծառերը ճոճվում են», «Ու՞ր է գնդակը, արջուկը, տիկնիկը», «Թռի՛, թռի՛ թռցնեմ» և այլն: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Շ (ա), (բ), (գ), (դ) (ե), (զ), (է), (ը) |
|
3. |
Առարկայական գործողությունների ձևավորում |
Առարկայական գործողությունների ձևավորմանն ուղղված խաղային վարժություններ, դերային գործողություններ, շարժախաղեր՝ «Կերակրենք տիկնիկին», «Տիկնիկը քնում է», «Մեքենան ավտոտնակում», «Հավաքենք աշտարակ», «Տու՛ր գնդակը, բաժակը, գդալը» և այլն: Մանր մոտորիկան զարգացմանն ուղղված խաղեր: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Շ (ը), (թ) |
|
4. |
Երաժշտառիթմիկ և պարային պարզ շարժումների ձևավորում |
Երաժշտության ունկնդրում, երաժշտաշարժական վարժություններ, խաղ-վարժություններ, խաղիկներ՝ «Ուրախ կամ տխուր երգ», «Ծափիկ-ծափիկ», «Պարում ենք միասին», «Ծիվ-ծիվ աքլորածիվ», «Թռի, թռի թռցնեմ» և այլն: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Շ (ժ) |
|
5. |
Դրական վերաբերմունքի ձևավորում մերսմանը, կոփման միջոցառումներին |
Խաղային վարժություններ, դերային գործողություններ՝ «Չոփ-չոփիկ», «Լողացնում ենք տիկնիկին», «Տիկնիկը մարզանք է անում» և այլն: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Շ (ժ), (ժա) |
53. Շարժողական ոլորտում սանը՝
1) ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է սողալ, սողալով մագլցել ոչ բարձր առարկաների վրա և իջնել,
2) կարողանում է ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կքանստել ու կանգնել,
3) կարողանում է նստել առանց հենվելու և որևէ առարկայից բռնվելու,
4) կարողանում է կանգնած դրությունից առանց ոտքերը շարժելու թեքվել և ուղղվել,
5) սկսում է ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ քայլել, ոչ բարձր առարկայի վրայից անցնել դեպի մյուսը.
6) կարողանում է ձեռքերով հենարանից բռնած բարձրանալ և իջնել աստիճանի և բլրակի վրայից,
7) ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է քայլել ցույց տրված ուղղությամբ, քայլել գլորված առարկայի հետևից,
8) վերցնում է մեծահասակի ձեռքից կամ գլխավերևում կախված խաղալիքը, կատարում տարբեր շարժումներ,
9) կարողանում է կատարել առարկաներով ակտիվ գործողություններ` մեկ առարկան դասավորել մյուսի մեջ, բացել և փակել արկղի կափարիչը, օղակն անցկացնել ձողի վրա և հանել, նետել առարկաներ,
10) կատարում է պարային պարզ շարժումներ՝ ուրախ, առույգ և հանգիստ նվագակցությամբ,
11) դրական է արձագանքում մերսմանը, կոփման միջոցառումներին։
54. Խոսքի և հաղորդակցման ոլորտ՝ Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում ենթադրում է խոսքի տիրապետում՝ որպես հաղորդակցության միջոցի, հնչյունային լսողության զարգացում, ակտիվ բառապաշարի հարստացում, կապակցված, քերականորեն ճիշտ երկխոսության և մենախոսության, արտահայտիչ և ստեղծագործական խոսքի զարգացում, ծանոթացում գրքին, գեղարվեստական ստեղծագործություններին, մանկական գրականության տարբեր ժանրերին։
55. Կյանքի առաջին տարին նախախոսքային շրջան է՝ ուղղված ակտիվ խոսքի պարզագույն դրսևորումներին։ Մանկիկը լսում և հասկանում է մեծահասակների խոսքը, բայց խոսել չի շտապում: Մանկիկի նախախոսքային արձագանքները սկսում են դրսևորվել մոտ 2-3 ամսականից, երբ նա կոնկրետ կոկորդային կարճ հնչյուններ արտաբերելով, կարծես, պատասխանում է մեծին: Գղգղանքը բնորոշ է երեխային շուրջ վեց ամիս։ Նա արտաբերում է (կղ, գղ․․․) բաղաձայն հնչյուններ, որոնք արդեն 4-5 ամսականում վեր են ածվում երգեցիկ գղգղանքի։ Երեխան բաղաձայն հնչյուններին ավելացնում է որևէ ձայնավոր հնչյուն (ա, ո․․․) և երկարաձգում է այն։ Գղգղանքը շնչառական մարզմանը զուգընթաց է, ինչը նպաստում է խոսքային շնչառության զարգացմանը։ 7 ամսականից՝ մեծահասակների հետ շփման շնորհիվ, մանկիկը սկսում է թոթովել, այն է՝ գղգղանքի հնչյունները բազմապատկվում են` վերածվելով կրկնվող վանկերի շարանի /մա-մա-մա-մա/: Թոթովանքն ընթանում է խոսքային լսողության հսկողության տակ: Երեխան վանկն արտաբերում է, հետո ինքն իրեն ականջ դնում ու նորից կրկնում, ու այդպես շարունակ: Ստացվում է կրկնվող վանկերի շարան: Հետագա ամիսների ընթացքում, կրկին շնորհիվ մեծահասակների, երեխայի թոթովանքի վանկերը դառնում են նրա առաջին բառերի բաղկացուցիչ մասը, և արդյունքում երեխան սովորում է խոսել [6]։
56.Վաղ տարիքում խոսքի զարգացումն ընթանում է բավականին արագ, ինչը պայմանավորված է մեծահասակների ակտիվ ներգործությամբ և անմիջական մասնակցությամբ: Մանկահասակ երեխայի խոսքի ճիշտ հնչարտաբերումը արդյունք է խոսքային լսողության զարգացման, խոսքաշարժողական կենտրոնի արդյունավետ գործունեության: Երեխան կյանքի առաջին ամիսներին կատարում է արտաբերական որոշակի շարժումներ և պարզ շարժումներից աստիճանաբար անցնում է բարդերին` միացնելով հնչյունները, վերածելով դրանք բառերի:
57. Մեծահասակը հնչյունն արտաբերում է հստակ, պարզ և երեխայի ուշադրությունը կենտրոնացնում ուղղակի հնչյունի վրա: Հնչարտաբերման մաքրությունը մեծամասամբ պայմանավորված է բառի կառուցվածքով: Երեխայի խոսքը ձևավորվում և զարգանում է մեծահասակների հետ հաղորդակցման ընթացքում: Մեծահասակից պահանջվում է երեխայի հետ խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնել բառերը, չօգտագործել մանկական կամ աղավաղված բառաձևեր: Խոսքի արտաբերման ժամանակ կարող են նկատվել նաև խոսքի զարգացման հապաղումներ, որոնք դրսևորվում են հետևյալ կերպ.
1) 4 ամսականում երեխան չի արձագանքում հարազատների խոսքին ժպիտով,
2) 6 ամսականում բացակայում են գղգղանքի դրսևորումները,
3) 1 տարեկանում երեխայի ակտիվ խոսքում բացակայում են «մամա, պապա, տուր» բառերը։
58.Վաղ մանկության տարիքի 1-ին խմբում սաների խոսքի զարգացման և հաղորդակցման կարողությունների ձևավորման խնդիրները ներկայացվում են տարիքային չորս շրջափուլով։
59.Վաղ մանկության տարիքի առաջին շրջափուլ (2-րդ և 3-րդ ամիս)։
1) Այս շրջափուլում մանկավարժական աշխատանքի հիմքում մանկիկի հետ հուզական հաղորդակցման ապահովումն է։ Մեծահասակների հետ հուզական հաղորդակցման արդյունքում են ի հայտ գալիս նախախոսքի դրսևորումները և հաղորդակվելու ցանկությունը։ Առաջնահերթ խնդիր է այս շրջափուլում մեծահասակի խոսքի ընկալման զարգացումը։ Չափազանց կարևոր է նաև նպաստել հուզական ձայնային և ոչ ձայնային դրսևորումներին (ժպիտ, ձեռքերի և ոտքերի ակտիվ շարժումներ), քանի որ դրանք օգնում են տարբերակել արտաբերվող հնչյունները և խթանում են տարբեր նոր հնչյունների արտասանությանը։
60. Վաղ մանկության տարիքի երկրորդ շրջափուլ (3-ից 6 ամսական)։
1) Այս շրջափուլում հնչյունների արտաբերումը կատարելագործվում է՝ ձեռք բերելով երանգավորում։ Երեխան սկսում է զգալ մեծահասակների ձայնի հնչերանգը և ընդօրինակել ձայնի ելևէջները։ Ուշադիր հետևելով մեծահասակների շրթունքների շարժումներին, փորձում է նմանակել և կրկնել։ Աստիճանաբար հարստանում է երեխայի պասիվ բառապաշարը՝ նա ճանաչում է ծանոթ կամ հաճախ օգտագործվող առարկաների անվանումները, յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը։ Նշենք, որ մայրիկի նկատմամբ դրսևորվող սերն ու ուրախությունն ակամայից փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց, սակայն մայրիկի բացակայության պարագայում երեխայի այդ հուզական տրամադրվածությունն ու վերաբերմունքը այլ մեծահասակների նկատմամբ դառնում է ընտրողական բնույթի, այսինքն, ծանոթ դեմքեր տեսնելիս նա ուրախանում է, հրճվում, իսկ անծանոթ դեմքեր տեսնելիս տագնապ և վախ է ապրում։ Հուզականորեն է արձագանքում նաև իր անվանը։
61. Վաղ մանկության տարիքի երրորդ շրջափուլ (6-ից- 9 ամսական)։
1) Այս տարիքային շրջափուլում տեղի են ունենում խոսքի զարգացման շրջադարձային փոփոխություններ՝ երեխան սկսում է հասկանալ կենդանիների ձայներն արտահայտող բառերը (մյաու-մլավոց, հաֆ- հաչոց), տրամադրություն արտահայտող բառերը։ Նկարներում գտնելով կամ փողոցում հանդիպելով ծանոթ կենդանու՝ նա բարձրաձայն արտաբերում է տվյալ կենդանու ձայնը։ Աստիճանաբար զարգանում է բանավոր խոսքի ընկալումը, որին հաջորդում է խոսքային հրահանգների կատարումը։ Այս ժամանակահատվածում կարևոր է ձևավորել բանավոր խոսքի ընկալման և մեծահասակների խնդրանքին կամ հանձնարարությանը կատարման կարողություններ։ Օրինակ, «Որտե՞ղ է․․․» հարցին՝ երեխան հայացքն ուղղում է դեպի տվյալ մեծահասակը կամ առարկան, կատարում է պարզ հրահանգներ՝ «տուր», «վերցրու», «կեր» և այլ։ Մեծահասակների հետ հաղորդակցման ընթացքում յուրացնում է նաև տարբեր իրերի ֆունկցիոնալ նշանակությունը։
62. Վաղ մանկության տարիքի չորրորդ շրջափուլ (9-ից- 12 ամսական)։ Այս շրջափուլը ակտիվ խոսքի զարգացման շրջան է, որին նպաստում են․
1) խոսքի ըմբռնումը՝ ուշադիր լսելու, կետրոնանալու և արձագանքելու կարողությունները,
2) մեծահասակների խնդրանքը կատարելու կարողությունը,
3) մեծահասակի հետ մի քանի րոպե խաղալիքներ, առարկաներ կամ նկարներ դիտելու կարողությունը,
4) մեծահասակների անուններին արձագանքելու ցանկությունը (շրջվում է նրա կողմը, ում անունը լսել է),
5) առարկաներ ուսումնասիրելու ցանկությունը,
6) մեծահասակի խնդրանքով մարմնի, դեմքի մասերը ցույց տաու կարողությունը,
7) ծանոթ բառերի կամ գործողությունների օգնությամբ հաղորդակցվելու ցանկությունն ու կարողությունը (թափահարում է ձեռքը «Ցտեսություն» ասելիս, ցույց է տալիս «Ոչ» բառը, պատասխանում է «Ո՞վ է սա», «Ի՞նչ է սա» հարցերին),
8) առանձին վանկեր, հնչյունակապակցություններ, բառեր արտասանելու կարողությունը։
63.Ծննդից մինչև մեկ տարեկան երեխաների խոսքի և հաղորդակցման ոլորտի զարգացմանն ուղղված մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է աղյուսակ 4-ում։
Աղյուսակ 4.
|
N |
Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման խնդիրները |
Մանկավարժական աշխատանքի կազմակերպման ձևերը |
Շրջափուլեր |
Վերջնարդյունք |
|
1. |
Հուզական շփմանն ուղղված վարժություններ |
Հուզական շփմանն ու ձայնային ընկալմանն ուղղված վարժություններ՝ «Դեմք-դեմքի շփում» Ձայնային ընկալմանն ուղղված խաղ-վարժություններ՝ «Ձայնային խաղալիքների կիրառում» (Օգտագործել թեթև զանգեր, չխչխկաններ կամ երաժշտական խաղալիքներ՝ ձայնի զգացողությունը զարգացնելու համար)։ Շարժել խաղալիքը ձախից աջ, վերևից ներքև՝ երեխայի տեսադաշտում։ |
1-ին |
ԽՀ (ա), (բ) |
|
2. |
Բանավոր խոսքի ընկալման զարգացում, պասիվ բառապաշարի հարստացում |
Բանավոր խոսքի ընկալմանն ուղղված դիդակտիկ խաղեր, խաղ վարժություններ, խաղիկներ, հեքիաթներ։ Խաղիկներ՝ «Թըռ- թըռ», «Դոփ-դոփ արա», «Խնոցի», «Մատիկներով խաղ», «Ծիտիկ – ծիտիկ», «Նանիկ արա», «Օրոր», «Իմ գնդակը» Հեքիաթներ՝ «Ուլիկը», «Հավիկ-հավիկ», «Ճոճանակ», «Չոփ-չոփ», «Ճուտիկը», Դիդակտիկ խաղեր՝ «Սա ի՞նչ է», «Ցույց տուր շնիկին, փիսիկին», «Գուշակիր, թե ո՞վ է ապրում տնակում և այլն: |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ԽՀ (բ) |
|
3. |
Մեծահասակների խնդրանքը կամ հանձնարարությունը կատարելու կարողության ձևավորում |
Գրքերի համատեղ դիտում, հանձնարարություններ, առարկայական գործողությունների ձևավորմանն ուղղված խաղային վարժություններ, դերային գործողություններ: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
ԽՀ (ա), (բ) |
|
4. |
Ակտիվ խոսքի զարգացում |
Զարգացնող խաղեր, խոսքի զարգացման դիդակտիկ խաղեր, խաղ-պարապմունքներ՝ 9-12 ամսականում Դիդակտիկ խաղեր, «Բե՛ր գնդակը», «Կանչի՛ր հայրիկին»: |
4-րդ |
ԽՀ (գ) |
|
5. |
Մեծահասակների հետ հաղորդակցման կարողության ձևավորում |
Խաղային վարժություններ, դերային գործողություններ, հաղորդակցումը խթանող վարժություններ՝ «Պարե՛նք միասին», «Երգե՛նք և պարե՛նք»: |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ԽՀ (ա),(բ) |
64. Ստորև ներկայացվում է սաներին ընթերցելու և պատմելու համար ընտրված մանկական գրականության նմուշներ՝
1) «Ծիվ-ծիվ, աքլորածիվ», «Թըռ-թըռ», «Դոփ-դոփ արա», «Խնոցի», «Մատիկներով խաղ», «Նանիկ արա», «Օրոր» և այլ խաղիկներ, որոնք երգեցիկ են պարունակում են ձայնավոր հնչյուններ, կրկնություններ:
2) Հեքիաթներ և բանաստեղծություններ՝ «Արտուտիկ»՝ Հ. Թումանյան, «Բայ-բայ», «Հավիկ-հավիկ», «Ճոճանակ», «Առաջին քայլը», «Ճուտիկը»՝ Ս. Մկրտչյան, «Ճագարիկ» Ժ. Կոնդակչյան, «Իմ ձին»՝ Գ. Բորյան, «Գնդակը»՝ Էդ. Ավագյան, «Կաթ խմիր» Լ. Դուրյան:
65.Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝
1) փորձում է հաղորդակցվել մեծերի հետ,
2) արձագանքում է իրեն ուղղված խոսքին համապատասխան վարքային դրսևորումներով,
3) արտաբերում է միավանկ և նույն վանկից կազմված բառեր։
66. Իմացական ոլորտ- Երեխան շրջապատող իրականությունն ընկալում է զգայական ճանաչողության միջոցով, այսինքն՝ երեխան զգայարանների միջոցով տեսնում, լսում, շոշափում է, զգում հպումը, համն ու հոտը: Զգայական զարգացման դրսևորումները առաջին երեք տարիների հիմնական ձեռքբերումներից են, քանի որ զգայական զարգացումն է համարվում մտավոր զարգացման հիմքը: Զգայարանների գործունեության շնորհիվ է ձևավորվում առարկայական գործունեությունը: Առարկայական գործունեության ձևավորման և զգայական զարգացման գործընթացները փոխկապակցված ապահովում աշխարհճանաչումը վաղ մանկության շրջանում։ Առարկայական գործողությունները մանկիկության շրջանում նպաստում են ակնառու-գործնական մտածողության, ձեռքի մանր ու միջին մկանների զարգացմանը, ընդլայնում են երեխայի շրջապատող իրականության հետ ծանոթացման շրջանակները, հարստացնում են երեխայի կենսափորձը։
67. Վաղ տարիքի երեխաների աշխարհը ճանաչելու, շրջապատում կողմնորոշվելու կարողությունները ձեռք են բերվում մեծահասակների կողմից ուղղորդվող ինքնուրույն գործունեության ընթացքում, որտեղ խիստ կարևորվում է ուշադրության կենտրոնացումը՝ որպես մտածողության զարգացման նախապայման: Ուշադրության կենտրոնացման շնորհիվ զարգանում է կամային ուշադրությունը, որն ապահովում է իմացական գործընթացների զարգացման բնականոն ընթացքը։ Իմացական ոլորտի զարգացումը ենթադրում է նաև երեխաների հետաքրքրասիրության և ճանաչողական հետաքրքրությունների զարգացում, երևակայության և ստեղծագործական գործունեության խթանում։ Մանկիկի զգայական զարգացման և առարկայական գործունեության ձևավորման հաջողությունը պայմանավորված է մեծահասակների հետ հուզական հաղորդակցմամբ։ Սակայն, երեխայի ու մեծահասակի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում միայն հուզական շփումով: Մեծահասակի հետ երեխայի հաղորդակցումը 7 ամսականից սկսած ձեռք է բերում նոր բովանդակություն և ձևեր: Եթե կյանքի առաջին ամիսներին մեծահասակի հետ նրա շփումը, պարզապես, շփում է շփման համար, ապա առաջին տարվա երկրորդ կեսից այն վեր է ածվում գործնական շփման` առարկաների, իրերի, գործիքների միջնորդությամբ:
68. Այսպիսով, կյանքի առաջին տարվա ընթացքում անհրաժեշտ է նպաստել՝
1) յուրաքանչյուր սանի հոգեկան զարգացմանը՝ նրան ակտիվ ներգրավելով զգայական իմացության գործընթացին առարկայական գործողությունների միջոցով,
2) տեսողական և լսողական հակազդումների ձևավորմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ,
3) տարածության մեջ ձայների և բանավոր խոսքի ճանաչմանը կամ տեղայնացմանը,
4) մեծահասակի տարբեր հնչերանգներով արտաբերած խոսքի ընկալմանը։
69. 1-ից մինչև 2-2,5 ամսականը համարվում է զգայական ակտիվության ժամանակաշրջան։ Այս փուլում զարգանում է երեխայի տեսողական և լսողական կենտրոնացումը: Որևէ գրգռիչ աղբյուրի վրա հայացքի կամ լսողության կենտրոնացումը, ըստ էության, կողմնորոշիչ արձագանք է։ Առարկայական գործունեության հիմքում ընկած է կողմնորոշիչ ռեֆլեքսը։
70. 2-3 ամսական սաների հետ տարվող աշխատանքը ներառում է սանի տեսողության և լսողության կենտրոնացման զարգացում, շարժվող առարկաներին, տարբեր ձևերի, գույների, չափերի խաղալիքներին հայացքով հետևելու կարողության զարգացում, արտաքին ազդակներին հակազդելու, արձագանքելու կարողության ձևավորում:
71. Վաղ մանկության տարիքի երկրորդ շրջափուլ (3-ից -6 ամսական)։
1) Այս շրջափուլը բնորոշվում է որպես նախագործողությունների և պարզ գործողությունների ժամանակահատված։ Նախագործողությունները ոչ կամածին բնույթի են, այսինքն երեխան առարկաների հետ կատարում է պատահական գործողություններ, որոնք պայմանավորված չեն առարկայի գրավչությամբ՝ նրա գույնով, ձևով, տարածության մեջ գրաված դիրքով:
2) Պարզ գործողությունների հիմքում ձեռքով բռնելու ցանկությունն է և կարողությունը, որը երեխան սովորում է մեծահասակներից, դժվարության դեպքում դիմում նրանց օգնության: Պարզ գործողությունները հաճույք են պատճառում երեխային, առաջացնելով ցանկություն դրանք նորից կրկնելու։ Հետևաբար, դաստիարակին այս ժամանակահատվածում անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն պարզ գործողությունների կատարմանը։ Կարելի է ցույց տալ խաղալիքը, մոտեցնել և տալ հնարավորություն այն բռնելու, շոշափելու, թափահարելու, սեղմելու, գլորելու, վայր նետելու։
72. Վաղ մանկության տարիքի երրորդ շրջափուլ (6-ից -9 ամսական)։
1) Այս ժամանակահատվածը հարաբերակցված գործողությունների շրջան է, երբ երեխան գործողություններ է կատարում 2 առարկայով, աշխատելով համաձայնեցնել մի առարկայի հատկությունները մյուս առարկայի հատկությունների հետ։ 6-9 ամսական սաների հետ կազմակերպվող մանկավարժական աշխատանքը նպատակաուղղված է մեծահասակների հետ համատեղ առարկանների, խաղալիքների զննմանն ու համապատասխան գործողությունների կատարմանը։
73. Վաղ մանկության տարիքի չորրորդ շրջափուլ (9 ամսականից -1 տարեկան)։
1) 9-10 ամսականից երեխան գիտի օգտագործել ծանոթ առարկաններն ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության։ Ֆունկցիոնալ առարկայական գործողությունները մանկիկային շրջանում նպաստում են ձեռքի մանր ու միջին մկանների զարգացմանը, ընդլայնում են երեխայի շրջապատող իրականության հետ ծանոթացման շրջանակը, հարստացնում են երեխայի կենսափորձը: Նպատակային առարկայական գործողությունները հիմք են հանդիսանում նմանակող, ընդօրինակող խաղերի համար։ 9-12 ամսական սաների հետ աշխատելիս անհրաժեշտ է նպաստել հարաբերակցված գործողությունների կատարմանը, մեծահասակի գործողությունների ընդօրինակմանը, պարզ գործողությունների կատարմանը։
74. Ծննդից մինչև մեկ տարեկան երեխաների իմացական ոլորտի զարգացմանն ուղղված մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է աղյուսակ 5-ում։
Աղյուսակ 5.
|
N |
Իմացական ոլորտի զարգացման խնդիրները |
Մանկավարժական աշխատանքի կազմակերպման ձևերը |
Շրջափուլ |
Վերջնարդյունք |
|
1. |
Ուշադրության զարգացում |
Ուշադրության կենտրոնացմանն ուղղված խաղ-վարժություններ |
1-ին |
Ի (գ) |
|
2. |
Առարկայական գործողությունների ձևավորում |
Առարկայական գործողությունների ձևավորմանն ուղղված խաղիկներ, դերային գործողություններ, խաղ վարժություններ, դիդակտիկ խաղեր։ Դիդակտիկ խաղեր՝ «Սա ի՞նչ է», «Ցու՛յց տուր շնիկին, փիսիկին», «Գուշակի՛ր, թե ով է ապրում տնակում և այլն: Դերային գործողություններ՝ «Կերակրե՛նք տիկնիկին», «Կառուցե՛նք տնակ», «Փոքրիկը քնում է» և այլն: Խաղ-վարժություններ՝ «Աշտարակ», «Ավազ և ջուր» և այլն: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Ի (ա), (բ) |
|
3. |
Մեծահասակների խոսքն ընկալելու և համարժեք գործողություններ կատարելու կարողության ձևավորում |
Գրքերի համատեղ դիտում, հանձնարարություններ, առարկայական գործողությունների ձևավորմանն ուղղված խաղային վարժություններ, դերային գործողություններ: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
Ի (գ) |
|
4. |
Արտաքին ազդակներին հակազդելու, արձագանքելու կարողության ձևավորում |
Զարգացնող խաղեր, խոսքի զարգացման դիդակտիկ խաղեր, խաղ-պարապմունքներ՝ 9-12 ամսականում Դիդակտիկ խաղեր՝ «Մայրիկը խնդրում է», «Հայրիկը հոգնած է», «Հարցրու՛ տատիկից» և այլն: |
4-րդ |
Ի (գ) |
75. Իմացական ոլորտում սանը՝
1) ինքնուրույն տեղաշարժվելով տարածության մեջ, ծանոթանում է իրեն շրջապատող առարկայական աշխարհին,
2) առարկաներով կատարում է հարաբերակցված գործողություններ,
3) ճանաչում է իրեն ծանոթ դեմքերը, առարկաները։
76. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտ- Երեխայի հուզական և սոցիալ-անձնային զարգացումը սկսվում է վաղ տարիքից և պահանջում է նպատակային մանկավարժական աշխատանք։
77. Մանկիկի սոցիալականացման, սոցիալական զարգացման ընթացքում կարևոր դեր են խաղում նրա հուզական դրսևորումները, որոնք օգնում են հասկանալ արտաքին ազդակները և սովորեցնում համարժեք արձագանքել դրանց։ Երեխան կյանքի 1-ին տարում արդեն ընդունակ է դրսևորել դրական (ուրախություն, տխրություն, հրճվանք, սեր, կապվածություն) և բացասական (վախ, վիրավորանք, զայրույթ, խանդ, շփոթմունք) հույզեր, որոնք օգնում են նրան հարմարվել հասարակական կյանքին, նոր կենսակերպին։ Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրական հույզերը բարձրացնում են օրգանիզմի կենսունակությունը, ակտիվացնում են հոգեկան գործընթացները, իսկ բացասականները` ընկճում են երեխային: Հուզական ոլորտի լիարժեք զարգացումն է նպաստում արտաքին աշխարհին համարժեք արձագանքին, սոցիալապես հասունությանը։
78. Վաղ մանկության շրջանում երեխայի հուզական, սոցիալական և անձնային զարգացման գործընթացները փոխկապակցված են։
79. Առաջին ամսվա ընթացքում երեխան, հայացքը կենտրոնացնելով մայրիկի դեմքին և ժպտալով նրան, կարծես, շփման կոչ է անում:
80. Երկրորդ ամսվա վերջում՝ ձայնային արտաբերումներով պատասխանում է մեծահասակի ձայինին:
81. Կյանքի երրորդ ամսում սովորում է հուզական դրսևորումներով արձագանքել նաև անծանոթ մարդկանց։
82. 4-րդ և 5-րդ ամիսներին աստիճանաբար ի հայտ են գալիս ճանաչողական բնույթի հույզեր, որոնք օգնում են երեխային հասկանալ հաճախակի կրկնվող իրավիճակները։
83.6 ամսականում նա տարբերակում է մարդկանց դեմքի արտահայտությունը, ձայնի ելևէջները։
84. 6- 12 ամսականում երեխայի հույզերը դառնում են բազմաբնույթ, փոխվում են մեծերի հետ շփման դրդապատճառները։ Երեխան կենտրոնանում է առարկաների հետ համատեղ կատարվող գործողությունների վրա, շփման նախապատվությունը տալով իր հետ զբաղվող մեծերին։
85.Այս շրջափուլում սանի սոցիալական զարգացմանը զգալի նպաստում է գեղագիտական դաստիարակությունը: Շփումը արվեստի, հատկապես երաժշտության հետ հարստացնում է երեխայի զգայական փորձը, ակտիվացնում է իմացական գործունեությունը։ Երաժշտությունն այս տարիքում արտաքին աշխարհն ընկալելու և տարբերակված արձագանքելու լավագույն միջոցն է։
86. Երաժշտական դաստիարակության խնդիրներն են՝ երաժշտության ընկալման զարգացումը, մեծահասակների երգի, երաժշտական խաղալիքների, գործիքային երաժշտության հանդեպ հետաքրքրության, արձագանքի խթանումը, մեծահասակների պարային շարժումների նկատմամբ հետաքրքրության և արձագանքի առաջացումը։
1) Ծննդից մինչև 3 ամսական ժամանակահատվածում կարևոր է ձայնը, երաժշտությունը լսելու և դրան դրական արձագանքելու ունակության ձևավորումը (ժպիտ, բզզոց և այլն),
2) 3-ից - 6 ամսականում կարելի է զարգացնել երաժշտական ընկալումը՝ մեծահասակների հետ երգելու, երաժշտական գործիքներին հարվածելու միջոցով, խրախուսել երգերին ձեռքերի և ոտքերի շարժումներով արձագանքելու դրսևորումները,
3) 6- ից մինչև 9 ամսականում ծանոթացնել վոկալ և գործիքային երաժշտությանը, նպաստել սաների հուզական արձագանքմանը տարբեր երաժշտական գործիքներով կատարվող ուրախ, արագ, տխուր, հանգիստ, դանդաղ մեղեդիներ լսելիս, խթանել հնչյունների և վանկերի արտաբերումը, նպաստել տարբեր շարժումների կատարմանը՝ ծափահարել, ձեռքերը վեր բարձրացնել,
4) 9-ից -12 ամսականում հետաքրքրություն առաջացնել նվագարանների ձայների հանդեպ, խրախուսել երգելու և պարելու, երաժշտական խաղալիքներով խաղալու դրսևորումները։
87. Ստորև ներկայացվում է երաժշտության ծրագրային նյութերի ցանկը՝
1) Ժողովրդական` («Ծափիկ-ծափիկ», «Ջան ծաղիկ», «Արև-արև» ժողովրդական, ժողովրդական օրորներ)
2) Կոմպոզիտորական` («Դոփ-դոփիկ» խոսք՝ Վազգեն Տալյանի, երաժշտ.՝ Ա. Օհանյանի, «Էծիկ» Խոսք՝ Հակոբ Աղաբաբի, երաժշտ.՝ ժողովրդական, «Շնիկ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Ծիտիկ» խոսք և երաժշտությունը՝ Ս. Վարդանյանի, «Փաթիլ» Խոսք և երաժշտությունը՝ Անահիտ Մովսիսյանի, «Իմ գնդակը» խոսք՝ Լ.Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Բարի գիշեր» Խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Ուրախ պար» երաժշտ.՝ Ա. Մանուկյանի, «Գնացք» երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Ծիտիկ» խոսք՝ Ղ. Աղայանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Լուսին» Խոսք՝ Ղ. Աղայանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Փիսիկ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ» խոսք՝ Ղ. Աղայանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Աքլորը» Խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի)
88.Վաղ մանկության տարիքի 1-ին խմբում սաների սոցիալական զարգացման խնդիրներն են՝
1) 2-3 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակը կազմակերպում է երաժշտաշարժողական խաղեր՝ օգտագործելով ձայնային խաղալիքներ,
2) 3-6 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակը սովորեցնում է արձագանքել ծանոթ մարդկանց հուզական դրսևորումներին,
3) 6-9 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակը ձևավորում է առարկան ձեռքերով զննելու, հայացքով հեռացող մեծահասակին հետևելու կարողություններ,
4) 9-12 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակն ապահովում է շրջապատող աշխարհը (առարկաներ, խաղալիքներ, մարդկանց դեմքեր) ճանաչելու պայմաններ և հետաքրքրություն առաջացնում այն ուսումնասիրելու հանդեպ, սովորեցնում է ճանաչել և արձագանքել իր անվանը, զննել սեփական մարմինը։
89.Ծննդից մինչև մեկ տարեկան երեխաների հուզական, սոցիալ-անձնային ոլորտի զարգացմանն ուղղված մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է աղյուսակ 6-ում։
Աղյուսակ 6.
|
N |
Հուզական, սոցիալ-անձնային ոլորտի զարգացման խնդիրները |
Մանկավարժական աշխատանքի կազմակերպման ձևերը |
Շրջափուլեր |
Վերջնարդյունք |
|
1 |
Մեծահասակների հետ հուզական շփման և տարբերակված արձագանքելու կարողությունների ձևավորում |
Հուզական դրսևորումներին ուղղված զարգացնող և դիդակտիկ խաղեր, դերային (խաղային) վարժություններ: Խաղեր՝«Բարևի՛ր հայրիկին, տատիկին, անծանոթին», «Կանչի՛ր քույրիկին» Դերային վարժություններ՝ «Տիկնիկը լացում է», «Փիսիկը տխուր է» և այլն: Գունազարդ ճանաչողական գրքերի համատեղ դիտում |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ՀՍԱ (ա), (բ) |
|
2 |
Գեղագիտական ընկալման զարգացում |
Գրքերի համատեղ դիտում, երաժշտության ունկնդրում, երաժշտաշարժողական խաղեր՝ «Շնիկ», «Ծիտիկ», «Իմ գնդակը», «Աքլորը» և այլն: |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ՀՍԱ (ա), (բ) |
|
3 |
Մարդկանց դեմքերը, սեփական մարմինն ուսումնասիրելու կարողության ձևավորում |
Զարգացնող խաղեր, դիդակտիկ խաղեր, խաղ- պարապմունքներ ՝ 9-12 ամսականում Դիդակտիկ խաղեր՝ «Մայրիկի անունը», «Հայրիկի անունը», «Ու՞ր է քթիկը, բերանը» և այլն։ |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ՀՍԱ (գ), (դ) |
|
Խաղ-պարապմունքներ՝ «Ո՞վ եմ ես», «Ինչպիսի՞ն է մայրիկը», «Դու կարող ես» և այլն: |
4-րդ |
ՀՍԱ (գ), (դ) |
90. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) արձագանքում է ծանոթ մարդկանց հուզական դրսևորումներին,
2) արձագանքում է արտաքին աշխարհից եկող ազդակներին հուզականությամբ,
3) արձագանքում է իր անվանը, հետաքրքրություն է ցուցաբերում սեփական մարմնի հանդեպ, ուսումնասիրում է շրջապատող առարկաներն ու խաղալիքները, մարդկանց դեմքերը,
4) գործողություններում ձգտում է ինքնուրույնության։
91. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ- Վաղ մանկության առաջին տարվա ընթացքում ձևավորվող առարկայական գործողություններն ինքնուրույն կատարելու ձգտումը նպաստում է ինքնասպասարկման կարողությունների ձեռք բերմանը։ Վաղ տարիքի երեխայի ինքնուրույնությունը սկսվում է այն պահից, երբ նա հայտնաբերում է, որ մեծահասակի հրահանգով և առանց նրա օգնության կարողանում է գդալով ճաշ ուտել կան բաժակից ջուր խմել։ Նա աստիճանաբար փորձում է կատարել գործողություններ որոշակի հաջորդականությամբ՝ օրինակ, վերցնում է բաժակը, ստուգում ջրի պարունակությունը, որից հետո նոր մոտեցնում է բերանին և սկսում խմել: Ինքնասպասարկման կարողությունը զուգորդվում է ինքնատիրապետմամբ։
92. Սեփական մարմնի ինքնատիրապետման յուրաքանչյուր փորձ դարձնում է երեխային ինքնավստահ և տալիս է հնարավորություն լինելու առավել ինքնուրույն այլ գործողություններում։ Ինքնասպասարկումը վաղ տարիքում ներառում է այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ուտելը, հանվելը, հագնվելը, լվացվելը։
93.Անվտանգության զգացողությունը, ինչպես և ինքնատիրապետման կարողությունը ապահովվում է մեծահասակների կողմից։ Նրանք են երեխային հուշում, թե ինչն է վտանգավոր կամ վնասակար, տրամադրում են անվտանգ գործունեության պատրաստի նմուշներ։ Դրանք աստիճանաբար յուրացվում են, սակայն կիրառվում են միայն նախազգուշացումից հետո։ Մեծահասակների նախազգուշացումներն են, ըստ էության, ձևավորում զգուշանալու սովորություն, որը հետագայում օգնում է հաղթահարել բազմաթիվ վտանգներ և անվախ կողմնորոշվել շրջապատում։
94. Այս տարիքային շրջափուլում առաջնահերթ կարևորվում է ինքնասպասարկման հիմնական կարողությունների ձևավորումը։ Վաղ մանկության տարիքի 1-ին խմբի օրվա կանոնակարգում սնվելու, քնելու գործընթացները, հիգիենիկ ընթացակարգերը զբաղեցնում են երեխայի արթուն ժամանակի զգալի մասը, դրանք անհրաժեշտ են ինքնասպասարկման կարողությունների ձևավորման համար։ Մանր մոտորիկայի զարգացման արդյունքում սանը սովորում է բռնել գդալը և ուտել ինքնուրույն։ Փորձում է ձգելով հանել հագուստը կամ հագնել հողաթափերը։
95.Կարևոր է չխոչընդոտել երեխային և նպաստել ինքնասպասարկման ինքնուրույնությանը։
96. Վաղ մանկության տարիքի 1-ին խմբում սաների ինքնասպասարկման կարողությունների ձևավորման խնդիրներն են՝
1) ձևավորել դրական վերաբերմունք հիգիենիկ միջոցառումներին և ինքնասպասարկման պարզագույն կարողություններ,
2) սովորեցնել հետևել մեծերի նախազգուշացումներին որոշակի գործողությունների վտանգավորության մասին։
97. 2-3 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակը կազմակերպում և իրականացնում է հիգիենիկ միջոցառումներ,ապահովում է անվտանգ միջավայր,
98. 3-6 ամսականում՝ սովորեցնում է ինքնասպասարկման պարզագույն գործողություններ, զգուշացնում է վտանգ պարունակող գործողությունների մասին, ուղղորդում է լսել մեծահասակների զգուշացումները, ծանոթացնում է անվտանգության կանոններին։
99.6-9 ամսական սաների հետ աշխատանելիս դաստիարակը ձևավորում է ինքնուրույն ուտելու և խմելու նախնական կարողություններ,
100. 9-12 ամսական սաների հետ աշխատելիս դաստիարակը սովորեցնում է ուտել գդալով, խմել բաժակից, հանել հեշտ հանվող հագուստը, անվտանգ կանգնել ուղիղ դիրքով կամ տեղաշարժվել տարածության մեջ, շրջանցել վտանգ պարունակող առարկաները (վարդակ, սեղանի սուր ծայր և այլն)։
101. Ծննդից մինչև մեկ տարեկան երեխաների ինքնասպասարկման, անվտանգության և առողջ ապրելակերպի ոլորտի զարգացմանն ուղղված մանկավարժական աշխատանքի բովանդակությունը ներկայացված է աղյուսակ 7-ում։
Աղյուսակ 7.
|
N |
Ինքնասպասարկման, անվտանգության և առողջ ապրելակերպի ոլորտի զարգացման խնդիրները |
Մանկավարժական աշխատանքի կազմակերպման ձևերը |
Շրջափուլ |
Վերջնարդյունք |
|
1. |
Ինքնասպասարկման պարզագույն կարողությունների ձևավորում |
Ինքնասպասարկման կարողությունների ձևավորմանն ուղղված վարժություններ, դիդակտիկ խաղեր, դերային (խաղային ) վարժություններ՝ «Փիսիկը լվացվում է», «Մաքուր ատամներ», «Տիկնիկը չի ուզում լվացվել», «Մաքրե՛նք անձեռոցիկով» և այլն: |
2-րդ, 3-րդ, 4-րդ |
ԻԱԱ (ա), (գ) |
|
2. |
Հիգիենիկ միջոցառումների հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորում |
Գրքերի համատեղ դիտում, դիդակտիկ խաղեր, խաղային գործողություններ՝ «Մաքուր տղան», «Փնթի աղջիկը», «Գեղեցիկ վարսեր» և այլն: |
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ |
ԻԱԱ (ա), (գ) |
|
3. |
Մեծերի նախազգուշացումներին հետևելու կարողության ձևավորում |
Գրքերի համատեղ դիտում, զարգացնող խաղեր, դիդակտիկ խաղեր, խաղ-պարապմունքներ՝ 9-12 ամսականում Դիդակտիկ խաղեր՝ «Կրակը վտանգավոր է», «Կարելի է, չի կարելի,», «Լսում ենք մայրիկին» և այլն: Խաղ-պարապմունքներ՝ «Ինչն է վտանգավոր», «Սովորեցնում է հայրիկը», «Դու կարո՛ղ ես» և այլն: |
3-րդ, 4-րդ |
ՀՍԱ (բ) |
102. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝
1) արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք ենթադրող իրավիճակներին,
2) արձագանքում է մեծահասակների նախազգուշացումներին՝ որոշակի գործողությունների վտանգավորության մասին,
3) դրսևորում է ինքնասպասարկման պարզագույն կարողություններ՝ փորձում է ինքնուրույն խմել բաժակից, ձգելով քաշում և հանում է հագուստը։
103. Վաղ մանկության տարիքի առաջին խմբում կազմակերպվող խաղ-վարժություններ և խաղ պարապմունքներ- Խաղը համարվում է շրջապատող աշխարհի ճանաչման և սոցիալականացման կարևոր միջոցներից մեկը: Խաղի միջոցով է երեխան ծանոթանում մեծահասակների գործունեությանը, սովորում է ճանաչել իր և մյուսների հույզերը, ձեռք է բերում հաղորդակցվելու ցանկություն և կարողություն՝ պարզ դերային գործողությունների միջոցով։ Խաղը նպաստում է երեխայի զգայական փորձի հարստացմանը, ակնառու- գործնական մտածողության և խոսքի զարգացմանը [15]։ Խաղը փոքրիկի համար հասանելի և ուրախ գործունեություն է, որը նրան հաճույք և լավ տրամադրություն է պարգևում։ Վաղ տարիքի երեխաների զարգացման համար մեծ նշանակություն ունեն խաղ-պարապմունքները, որոնք համարվում են աշխարհճանաչման ուղիներ: Վաղ մանկության տարիքի 1-ին խմբում հատուկ նպատակով կազմակերպվող խաղ-պարապմունքները նպատակաուղղված են զարգացման և կրթական վերջնարդյունքերի ապահովմանն ըստ զարգացման ոլորտների։ Տարիքային այս շրջափուլում դրանք կազմակերպվում են բացառապես 9-12 ամսական սաների հետ։ Անհատական խաղ-պարապմունքները անցկացվում են կամ մանեժում կամ հատակի վրա, որտեղ կա գորգ կամ հատուկ հարմարեցված ծածկույթ: Անհատական խաղ-պարապմունքների տևողությունը 2-5 րոպե է։
104. 3 ամսականում դանդաղ շարժվող խաղալիքի հետ կատարվող գործողությունները պետք է հերթագայվեն 10-15 օր, որի ընթացքում դաստիարակը սովորեցնում է նրան դիտել զրուցող մեծահասակի շարժումները: Դաստիարակի գործողությունները նպաստում են «աշխուժացման բարդույթի» առաջացմանը, քանի որ ժպիտով, բարեհաբույր ձայնով և ուղղորդված գործողությունները երեխայի մոտ ձևավորում է հակազդելու ցանկություն։
105. 3-6 ամսականում խաղ-վարժությունները զարգացնում նաև աչքերի և ձեռքերի համահունչ գործողություններ կատարելու կարողությունը, սանը նպատակաուղղված կենտրոնացնում է հայացքը և փորձում բռնել առարկան:
106. 6-9 ամսականում սանը սովորում է կատարել նպատակային առարկայական գործողություններ, տարբերակում է խաղալիքների որակական առանձնահատկությունները (փափուկ, կլոր, գունեղ):
107. 9-12 ամսականում «Թաքցնել և փնտրել», «Որտե՞ղ է թմբուկը», «Որտե՞ղ է ժամացույցը», «Հրաշալի պայուսակ» խաղերի ընթացքում ձևավորվում է լսելու և կատարելու կարողությունը։ Խաղ-պարապմունքները նպատակաուղղված են տարբեր կարողությունների ձևավորմանը՝ օրինակ՝ խոսքը հասկանալու, հնչյուններն ընդօրինակելու, շրջապատող առարկաները կամ երևույթները ցույց տալու և անվանելու։ Շարժումների զարգացմանն ուղղված խաղ-պարապմունքները կազմակերպվում են երաժշտության համակցմամբ՝ երեխաները լսում են պարային, հանգիստ բնույթի մեղեդիներ և կատարում են համապատասխան շարժումներ («Տիկնիկը քնած է», «Տիկնիկը պարում է»):
IV. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
108. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում մինչև 1 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են (զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում)՝
1) խմբասենյակի տարածքում (այսուհետ` տարածք) առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են սաների անվտանգությունը.
2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող սաների համար.
3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` սաների նստակյաց խաղերի համար.
4) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` սաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ.
5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծահասակների հետ համատեղ գործունեության ընթացքում կիրառելու համար.
6) տարածքում առկա են սաների ձեռքի շարժումներն ու գործողությունները խթանող խաղալիքներ և պարագաներ.
7) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, սպասք, տիկնիկներ, մեքենաներ, կենդանիներ և այլն).
8) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ.
9) առկա են նկարազարդ, կտորից գրքեր, գունավոր մատիտներ.
10) առկա են նվագարկիչ, ձայնարկիչ, այլ տեխնիկական միջոցներ:
109. Զարգացնող միջավայրն առաջացնում է հարցեր, խթանում է երևակայությունը, դրդում է գործունեության: Մանկության առարկայական աշխարհը ոչ միայն խաղային միջավայր է, այլև գործունեության ձևերի զարգացման միջավայր [30]։
110. Վաղ մանկության տարիքի երեխաների զարգացնող միջավայրի պարագաները՝ ըստ զարգացման ոլորտների ներկայացված են աղյուսակ 8-ում․
Աղյուսակ 8.
|
1. ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
1) Գերան՝ սողացող խմբի համար 2) Բլրակ՝ մանկական (2505 .600 .870 մմ) 3) Տախտակ՝ կողավոր մակերեսով (1500. 200.68 մմ) 4) Մոմլաթե ուղի (200. 35) 5) Զամբյուղ՝ առարկաների նետման համար 6) Զամբյուղ՝ գնդակների պահպանման համար 7) Փչովի գնդակներ (40 սմ տրամագծով) 8) Ռետինե գնդակներ (6 — 8 սմ տրամագծով) 9) Ռետինե գնդակներ (20 — 25 սմ տրամագծով) 10) Օղակներ (55 — 65 սմ տրամագծով) | ||
|
2. ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
1) Թատերական գործունեության համար նախատեսված խաղալիքներ և նյութեր |
Բիբաբո թատրոնի տիկնիկներ, հերոսներ (կատու, շուն, նապաստակ, արջ), տարբեր նյութերից պատրաստված մատների տիկնիկներ, շարժական խաղալիքներ (նապաստակ, արջ, հավ): | |
|
3. ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
1) Դիդակտիկ պարագաներ, խաղալիքներ |
Չխչխկաններ (տարբեր գույներ, ձևեր, չափեր); զգայական զարգացման համար նախատեսված խաղալիքներ (տարբեր գույնի, ձևի և այլն), ազգային խաղալիքներ, տիկնիկներ և այլն: | |
|
Կառուցողական նյութեր |
Առարկաների նկարներով փայտե խորանարդներ (պլաստմասե, փափուկ), շինարարական նյութեր՝ խորանարդներ, ուղղանկյուններ և այլն: | |
|
4. ՀՈՒԶԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԱՆՁՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
1) Պատկերային խաղալիքներ |
Կենդանիների պատկերներով խաղալիքներ՝ մինչև 35–40 սմ ( շուն, կատու, նապաստակ, աքաղաղ, արջ և այլն, պարզ տիկնիկներ (10–20 սմ): | |
|
1) Երաժշտական սարքավորումներ և ձայնային խաղալիքներ |
Դաշնամուր (երաժշտական դահլիճում), չխկչխկաններ, զանգակներ, եռանկյուններ, օրորոցային երգերի աուդիո ձայնագրություններ: | |
|
5. ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՈԼՈՐՏ | ||
|
1) Կենցաղային իրեր |
Տիկնիկների համար նախատեսված կահույք, սպասքի հավաքածու (հեշտ բացվող և փակվող փականներով ամաններ, 8-13 սմ տրամագծով բազմագույն բաժակներ և մինչև 4-5 սմ չափի ափսեներ), անկողնային պարագաներ: | |
111. Գրականության ցանկ`
1) «Նախադպրոցական կրթության մասին» օրենք, 2020թ․։
2) ՀՀ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, Երևան, 2021թ․։
3) Առաքելյան Ռ. «Շարժախաղեր» Ե.: -2009թ․։
4) Զայֆեր Ս, Բաուման Մ., Այսենբերգ Ջ.Փ., «Անհատականացված ուսուցումը վաղ մանկական տարիքի կրթական համակարգում»: Դասընթաց բուհերի վաղ մանկական տարիքի երեխաների կրթության մասնագետների համար Վաշինգտոն, 1997թ․։
5) Լուսինյան, Ա. Ղազարյան, Կ. Երաժշտությունը նախադպրոցական ուսումնական հաստատությանում, «Զանգակ 97», Երևան 2009թ․։
6) Հ. Խաչատրյան Մանկան հոգեբանության դասախոսություններ ․ Ուսումնամեթոդական ձեռնարկ սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների համար /, Երևան, 2022թ․։
7) Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ ԿԳՆ, ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), Երևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ: Փրինթինֆո, 2011թ.։
8) Հարությունյան Թ. Այդ զարմանահրաշ հեքիաթների աշխարհում Երևան, հեղինակային հրատարակոություն, 2012թ․։
9) Հովեյան Ս., «Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում», Երևան, «ՎՄՊրինտ», 2010թ:
10) Ղազարյան, Կ. Երաժշտադիդակտիկ խաղեր, Երևան 2007թ.:
11) Մանուկյան Մ, Ամիրջանյան Ա․ և ուրիշներ Նախադպրոցական կրթություն / ուսումնամեթոդական ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար, Երևան, ԿԶՆԱԿ հիմնադրամ, 2024 https://kznakhimnadram.blogspot.com/2024/07/blog-post_4.html
12) Մանուկյան Լ.Լ. Մսուր նախադպրոցական ուսումնական հաստատությունում վաղ տարիքի երեխաների դաստիարակության մի քանի հարցերի մասին, Հանրապետական նախադպրոցական գիտամեթոդ կաբինետ, 1972թ.:
13) Մարության Ս., Դալլաքյան Ա., Նախադպրոցական մանկավարժություն, «Զանգակ 97», Երևան, 2008թ.:
14) Միտոյան Հ., Սմբատյան Լ. «Ուսումնական ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատությանի համար», Էդիթ պրինտ հրատարակչություն, 2010թ.:
15) Պողոսյան Լ., Եկեք երգենք ու խաղանք, «Արևիկ», Երևան, 1997թ.:
16) Սմբատյան Լ. «Խաղերի և խաղ-զվարճալիքների կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությանում», Երևան, հեղինակային հրատարակություն 2014թ.:
17) Վենգեր Լ. Ա., Պիլյուգինա Է. Գ., Վենգեր Ն. Բ. Երեխայի զգայական մշակույթի դաստիարակությունը՝ ծնունդից մինչև 6 տարեկանը։ — Մոսկվա․ «Պրոսվեշչենիե», 1988։
18) Վերակսա Ն. Ե. և ուրիշներ։ Ճանաչողական զարգացում։ — Մոսկվա․ «Մոզաիկա-Սինտեզ», 2014։
19) Վաղ տարիքի երեխաների դաստիարակությունը / Գ. Մ. Լյամինայի խմբագրությամբ։ — 2-րդ հրատարակություն։ — Մոսկվա․ «Պրոսվեշչենիե», 1976։
20) Վիգոտսկի Լ. Ս. Երեխայի զարգացման հոգեբանությունը։ — Մոսկվա․ «Սմիսլ», «Էքսմո», 2004։
21) Գալիգուզովա Լ. Ն., Մեշչերյակովա Ս. Յու. Վաղ տարիքի երեխաների մանկավարժություն․ ուսումնական ձեռնարկ։ — Մոսկվա․ «Վլադոս», 2007։
22) Դյուի Ջ. Երեխայից դեպի աշխարհ, աշխարհից դեպի երեխա․ հոդվածների ժողովածու / կազմումը և ներածական հոդվածը՝ Գ. Բ. Կորնետովի։ — Մոսկվա․ «Կարապուզ-դիդակտիկա», 2009։
23) Կոժևնիկովա Վ. Վ. Վաղ տարիքի երեխաների կրթական միջավայրի մոդելավորումը՝ զարգացման հարստացման (ամպլիֆիկացիայի) հիման վրա․ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։ — Մոսկվա․ ИИДСВ РАО, 2018։
24) Նախադպրոցական կրթության համակարգում կրծքի և վաղ տարիքի երեխաների բազմակողմանի զարգացման հայեցակարգ / Մ. Ե. Բոգոյավլենսկայա, Ե. Ե. Կրավցովա, Ի. Ա. Լիկովա, Ս. Ն. Նիկոլաևա, Օ. Ս. Ուշակովա և ուրիշներ։ — Մոսկվա․ ИИДСВ РАО, 2018։
25) Վաղ տարիքի երեխաների «Առաջին քայլեր» համալիր կրթական ծրագիր / Ե. Օ. Սմիրնովա, Լ. Ն. Գալիգուզովա, Ս. Յու. Մեշչերյակովա։ — Մոսկվա․ «Ռուսսկոյե սլովո» ՍՊԸ, 2015։ — 168 էջ։
26) Փոքրիկը․ մինչև երեք տարեկան երեխաների դաստիարակության, ուսուցման և զարգացման ձեռնարկ / Գ. Գ. Գրիգորևա, Ն. Պ. Կոչետովա, Դ. Վ. Սերգեևա և ուրիշներ։ — Մոսկվա․ «Պրոսվեշչենիե», 2001։
27) Լիսինա Մ. Ի. Ծնունդից մինչև 7 տարեկան երեխաների՝ մեծահասակների հետ հաղորդակցման տարիքային և անհատական առանձնահատկությունները․ մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր։ — Մոսկվա, 1974։
28) Լիսինա Մ. Ի. Երեխայի անձի ձևավորումը հաղորդակցման ընթացքում։ — Սանկտ Պետերբուրգ․ «Պիտեր», 2009։
29) Մեղմ մանկավարժություն․ վաղ տարիքի երեխաների դաստիարակությունը․ ուսումնամեթոդական ձեռնարկ՝ «Տերեմոկ» կրթական ծրագրի իրականացման համար / Ե. Դ. Ֆայզուլլաևայի խմբագրությամբ։ — 2024։
30) Նովոսյոլովա Ս. Լ. Զարգացնող առարկայական միջավայր․ մեթոդական առաջարկություններ։ — Մոսկվա․ Ա. Վ. Զապորոժեցի անվան «Նախադպրոցական մանկություն» կենտրոն, 2001։
31) Ծնունդից մինչև դպրոց․ նախադպրոցական կրթության նորարարական ծրագիր / Ն. Ե. Վերակսայի, Տ. Ս. Կոմարովայի, Է. Մ. Դորոֆեևայի խմբագրությամբ։ — 5-րդ՝ նորարարական հրատարակություն։ — Մոսկվա․ «Մոզաիկա-Սինտեզ», 2019։ — 336 էջ։
32) Խոխրյակովա Յու. Մ. Վաղ տարիքի մանկավարժություն․ դասագիրք միջին մասնագիտական կրթության համար։ — 2-րդ՝ ուղղված և լրացված հրատարակություն։ — Մոսկվա․ «Յուրայտ» հրատարակչություն, 2025։ — 262 էջ։
33) Էլկոնին Դ. Բ. Խաղի հոգեբանությունը։ — Մոսկվա․ «Վլադոս», 1999։
34) Էրիկսոն Է. Մանկություն և հասարակություն / թարգմանություն անգլերենից։ — 2-րդ՝ վերամշակված և լրացված հրատարակություն։ — Սանկտ Պետերբուրգ․ «Համալսարանական գիրք» հիմնադրամ, 1996։
35) Հեթթի Ջ. Տեսանելի ուսուցում / թարգմանություն անգլերենից։ — Մոսկվա․ «Ազգային կրթություն» հրատարակչություն, 2017։
36) Ուայթ Ե. Ջ., Փիթեր Մ., Ռեդեր Բ. Մանկան և մանկավարժի երկխոսությունը կրթության և խնամքի գործընթացում․ մանկավարժական հրամայական // «Վաղ մանկության հետազոտությունների եռամսյակային հանդես» (Early Childhood Research Quarterly)։ — Հատոր 30, 2015։ — Էջ 160–173։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|