ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1649-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված կարգավորումների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

նոյեմբերի 12-ի N 1649-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ՝ ոչ ռեզիդենտ կազմակերպություն), ինչպես նաև օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր)) հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները։

2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան հարկային մարմնում հաշվառված ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հաշվառումից հանվում է հարկային մարմնում հաշվառումից հանելու մասին դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա։

3. Դիմումը՝ սույն կարգի ձևին համապատասխան, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Պետական եկամուտների կոմիտեի ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկի (e-VAT) համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) միջոցով։ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացվող դիմումին կարող է կցել անհրաժեշտ փաստաթղթեր։

4. Էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առկա՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառման տվյալները դիմումում լրացվում են ինքնաշխատ եղանակով։

5. Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո՝ դիմումի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքի, միասնական էլեկտրոնային գրանցամատյանում կատարում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառումից հանելու վերաբերյալ գրառում։

6. Դիմումը ստանալուց հետո՝ դիմումի ստացման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից դիմումը մերժվում է, եթե դիմումը ներկայացման օրվա դրությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) ունի ԱԱՀ-ի գծով կատարման ենթակա հարկային պարտավորություններ: Դիմումի մերժման մասին էլեկտրոնային ԱԱՀ համակարգի միջոցով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը): ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները կատարելուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ներկայացվում է նոր դիմում՝ սույն կարգին համապատասխան, և այդ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը միասնական էլեկտրոնային գրանցամատյանում կատարում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառումից հանելու վերաբերյալ գրառում։

7. Հարկային մարմինը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) ծանուցում է հաշվառումից հանելու մասին՝ ծանուցումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկելով ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեին:

8. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) հարկային մարմնի հաշվառումից հանված է համարվում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառումից հանելու վերաբերյալ գրառում կատարելու օրվանից:

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն

 

3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարը

 

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի անունը և ազգանունը

 

5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն

 

6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացուցչի հեռախոսահամարը

 

7. ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացված են

 

8. Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան