ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (19.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 479-Ն

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 05.11.26 N 1624-Ն)

1. Սահմանել՝

1) բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրան ուղղորդելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝

1) բռնության ենթարկված երեխայի հայտնաբերում՝ ներառյալ ահազանգով մեկնման դեպքում.

2) բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատում երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողի (այսուհետ՝ մասնագիտացված սոցիալական աշխատող) կողմից.

3) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով.

4) անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում խնամատար ընտանիք կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային կենտրոն (այսուհետ՝ ցերեկային կենտրոն)՝ լրացնելով արձանագրություն՝ N 1 ձևին համապատասխան:

(1-ին կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

2. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և ուղղորդման գործընթացում ներգրավված մարմիններն են՝

1) Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն), որը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է.

2) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

3) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները.

4) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ), որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ներառյալ բռնության ենթարկված երեխաների, իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հրատապ օգնության, անհրաժեշտության դեպքում նաև՝ խնամատար ընտանիքում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կամ ցերեկային կենտրոնում անհապաղ տեղավորումն ապահովող, ինչպես նաև հայտնաբերող հիմնական մարմիններն են.

5) Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները (այսուհետ՝ բժշկական հաստատություն).

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից.

7) մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից.

8) կազմակերպությունները, որոնք համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ՝ իրենց գործառույթներն իրականացնելիս, ինչպես նաև ծառայություն են մատուցում երեխային, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև նրա ընտանիքին:

(2-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 05.11.26 N 1624-Ն)

3. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման, երեխայի կամ բռնության մասին տեղեկության փոխանցման կամ աջակցության տրամադրման դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների, այլ կազմակերպությունների միջև համագործակցությունը, բացի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված սկզբունքների, նաև հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 05.11.26 N 1624-Ն)

2) բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը.

3) վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը.

4) երկրորդային զոհականացման բացառումը.

5) բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը.

6) բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը.

7) բռնության ենթարկված երեխայի կամ բռնության դեպքի վերաբերյալ որոշումների կայացման և կատարման օպերատիվությունը.

8) հաշմանդամություն ունեցող և բռնության ենթարկված երեխայի համար սույն կարգով նախատեսված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության առաջնահերթությունը:

(3-րդ կետը փոփ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

1.1. ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

(գլուխը լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

3.1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն իրականացնում են «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները և երեխաների հետ առնչվող այլ մասնագետները՝ իրենց իրավասությունների շրջանակում։

3.2. Սույն կարգի 3․1-ին կետում նշված մարմինների ու կազմակերպությունների աշխատողները և ծառայողները երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու համար՝

1) ուշադրություն են դարձնում երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին և այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն․

2) ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում՝ ընտանիքում երեխայի առկայության դեպքում վարում են զրույց երեխայի հետ․

3) պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ իրականացնում են բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու համար։

3․3․ Սույն կարգի 3.1-ին կետում նշված մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն են դարձնում երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին, այդ թվում՝

1) երեխայի մարմնի վրա առկա վնասվածքներին, արյունազեղումներին, այտուցներին, սպիներին և ֆիզիկական վնասվածքի այլ նշաններին, ինչպես նաև դրանց առաջացման վերաբերյալ երեխայի կամ այլ անձանց ներկայացրած տեղեկություններին կամ բացատրություններին.

2) երեխայի վարքագծային, հուզական կամ սոցիալական վիճակի էական փոփոխություններին, այդ թվում՝ վախին, տագնապին, մեկուսացմանը, շփումից խուսափելուն, ագրեսիվ վարքագծին կամ այլ մտահոգիչ դրսևորումներին.

3) երեխայի նկատմամբ նվաստացնող, սպառնացող, վախեցնող կամ այլ անթույլատրելի վերաբերմունքի, ինչպես նաև վերահսկողության կամ ճնշման հնարավոր դրսևորումներին.

4) երեխայի խնամքի, անվտանգության և հիմնական կարիքների բավարարման հետ կապված այն հանգամանքներին, որոնք կարող են վկայել բռնության հնարավոր այլ ձևերի մասին.

5) երեխայի տարիքին և զարգացման մակարդակին անհամապատասխան վարքագծային դրսևորումներին, եթե դրանք կարող են վկայել բռնության կամ շահագործման հնարավոր դեպքի մասին.

6) թվային հարթակներում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ երեխայի նկատմամբ շանտաժի կամ երեխայի իրավունքները խախտող բովանդակության տարածման հնարավոր դեպքերը մատնանշող հանգամանքներին, ինչպես նաև այդպիսի դեպքերի վերաբերյալ երեխայի հաղորդումներին կամ մտահոգություններին.

7) երեխայի կողմից բռնության մասին ուղղակի կամ անուղղակի հաղորդումներին, ակնարկներին կամ օգնության դիմելու փորձերին.

8) երեխայի՝ կրթական հաստատություններ կամ մարզական կամ այլ միջոցառումներին հաճախելիության, առաջադիմության, սոցիալական հարաբերությունների կամ ընդհանուր բարեկեցության էական կամ կրկնվող փոփոխություններին։

3.4. Բռնության հնարավոր նշանները դիտարկելիս հաշվի են առնվում դրանց բնույթը, կրկնվող լինելը և երեխայի ընդհանուր վիճակը։ Սույն կարգի 3.2-րդ և 3․3-րդ կետերում նշված հանգամանքների ցանկն սպառիչ չէ, իսկ որևէ առանձին հանգամանքի առկայությունը կամ բացակայությունն ինքնին չի հաստատում կամ բացառում երեխայի նկատմամբ բռնության փաստը։

3.5. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր դեպքի հայտնաբերման հիմք կարող են հանդիսանալ՝

1) երեխայի հետ անմիջական շփման ընթացքում բացահայտված հանգամանքները.

2) երեխայի՝ ցանկացած եղանակով ներկայացված հաղորդումը կամ օգնության դիմելու փորձը.

3) ծնողի, ընտանիքի անդամի կամ այլ անձի ներկայացրած տեղեկությունները.

4) համապատասխան մարմինների և կազմակերպությունների իրավասությունների շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները.

5) այլ տեղեկություններ կամ հանգամանքներ։

3.6. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր դեպքի վերաբերյալ անանուն կամ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները ենթակա են դիտարկման՝ հաշվի առնելով դրանց բովանդակությունը և երեխայի պաշտպանության համար հնարավոր նշանակությունը։ Տեղեկության աղբյուրի անանուն կամ տեղեկության ոչ ամբողջական լինելն ինքնին հիմք չէ այն չդիտարկելու կամ անտեսելու համար։

3.7. Երեխային չպետք է պարտադրել ներկայացնել դեպքի մանրամասները կամ բազմիցս պատմել նույն հանգամանքների մասին։ Երեխայի կարծիքը լսելիս մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունն ապահովվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան։ Երեխայի հետ հաղորդակցվելիս հաշվի են առնվում նրա տարիքը, հասունության մակարդակը և անհատական այլ առանձնահատկությունները։

3.8. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններ հայտնաբերելու կամ այդպիսի դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում՝ սույն կարգի 3.1-ին կետում նշված մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ապահովում են ստացված տեղեկությունների և հայտնաբերված հանգամանքների պատշաճ արձանագրումը՝ տարանջատելով անմիջականորեն դիտարկված հանգամանքները, երեխայի կամ այլ անձանց հաղորդած տեղեկությունները և մասնագիտական դիտարկումները։ Արձանագրումն իրականացվում է երեխայի արժանապատվության, անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության պահանջների պահպանմամբ։

3․9․ Սույն կարգի 3․1-ին կետում նախատեսված մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները կամ նշանակված այլ պատասխանատու անձինք երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում փոխանցում են ոստիկանություն։

3․10․ Ոստիկանության ծառայողը երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում փոխանցում է երեխայի բնակության կամ հայտնաբերման վայրի ԽՀՄ-ին, իսկ հնարավորության դեպքում՝ նաև բռնության ենթարկված երեխային ուղղորդում մասնագիտացված սոցիալական աշխատողին։

3․11․ Եթե այն ընտանիքում, որտեղ ենթադրաբար երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն, բնակվում են նաև այլ երեխաներ, ապա նրանցից յուրաքանչյուրի առնչությամբ իրականացվում է պաշտպանություն և կարիքների գնահատում:

3․12․ Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունը մուտքագրվում է տեղեկատվական համակարգում ոստիկանության ծառայողի, իսկ եթե դեպքը հայտնաբերողը մասնագիտացված սոցիալական աշխատողն է, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից։ Տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման ժամանակ պետք է տարանջատվեն բռնության ենթարկված կամ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի կարգավիճակն ընտանիքի մյուս երեխաների կարգավիճակից՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները:

3.13. Եթե երեխան ենթարկվել կամ ականատես է եղել ընտանեկան և կենցաղային բռնության, ապա երեխայից տեղեկություն ստանալու դեպքում նրա ծնողի ներկայությունը պարտադիր չէ, սակայն պարտադիր է սոցիալական աշխատողի կամ մանկական հոգեբանի մասնակցությունը՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան նրա կարծիքը հաշվի առնելու և լսված լինելու իրավունքն իրացնելու՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջն ապահովելու համար:

3․14․ Տեղեկատվական համակարգում երեխայի անձնական տվյալների ցանկացած մուտքագրում, դիտում, փոփոխում կամ փոխանցում ավտոմատ կերպով արձանագրվում է համակարգի կողմից՝ նշելով գործողությունը կատարող անձին, գործողության տեսակը, ամսաթիվը և ժամը։ Արձանագրությունները պաշտպանվում են փոփոխումից և հասանելի են բացառապես վերահսկողության և անվտանգության ապահովման նպատակով լիազորված անձանց։

 

2. ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՄ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

(վերնագիրը լրաց., փոփ. 05.11.26 N 1624-Ն)

 

4. Եթե երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերում է ոստիկանության ծառայողը, ապա երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում կազմակերպում է նրա ուղղորդումը՝ աջակցություն ստանալու նպատակով:

(4-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

5. Եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողն այդ տեղեկությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում`

1) գրանցում է բռնության մասին տեղեկությունները, իրականացնում է երեխայի լավագույն շահերի ու կարիքների գնահատումը և տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի պաշտպանության պլան.

2) տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով.

3) բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն:

(5-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

6. Եթե բռնության դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունն ստացել է այլ մարմիններից՝ ոչ աշխատանքային օրվա ընթացքում և առկա է երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակ, ապա անհապաղ երեխային ուղղորդում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ տեղեկատվական համակարգի միջոցով դեպքի վերաբերյալ արձանագրությունը ծանուցելով երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողին ու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին, որը երեխային ընդունում է՝ հիմք ընդունելով համապատասխան արձանագրությունը։

(6-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

7․ Սույն հավելվածի 6-րդ կետում նշված դեպքերում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի տեղավորմանը հաջորդող աշխատանքային օրը երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի անձնական գործը՝ այն հասանելի դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի՝ տվյալ դեպքով զբաղվող պատասխանատու մասնագետներին՝ ապահովելով հասանելիության իրավունքների տարանջատում տեղեկատվական համակար գում՝ երեխայի պաշտպանության պլանի կազմման և երեխայի լավագույն շահերից բխող հետագա գործողությունների իրականացման նպատակով։

(7-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

8. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ոստիկանություն, իսկ բռնության ենթարկված երեխայի մասին տեղեկությունը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման վայրի ԽՀՄ-ին, որը պարզելով, որ այդ երեխան իր տարածքի բնակիչ չէ, բացի սույն կարգով նախատեսված գործողություններից, իրականացնում է նաև այդ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ի տեղեկացում ոչ ուշ, քան երեխայի բնակության վայրը պարզելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում:

9. (կետն ուժը կորցրել է 05.11.26 N 1624-Ն)

10. Բռնության ենթարկված երեխան տեղափոխվում է երեխայի և աջակցության կենտրոն այն դեպքում, երբ երեխան առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, կամ նրա խնամքն անհնարին է կազմակերպել նրա կենսաբանական կամ խնամատար ընտանիքում, հնարավոր կամ նպատակահարմար չէ խնամակալ կամ հոգաբարձու նշանակել, կամ եթե հնարավոր չէ սոցիալական այլ ծառայությունները մատչելի դարձնել նրա բնակության վայրում: Հակառակ դեպքում, երեխային աջակցությունը տրամադրվում է նրա բնակության վայրում՝ ԽՀՄ-ի կողմից մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ։

(10-րդ կետը լրաց., փոփ. 05.11.26 N 1624-Ն)

11. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխելու համար մասնագիտացված սոցիալական աշխատողը գնահատում է այդ կենտրոն տեղափոխելու անհրաժեշտությունը և դրա հիման վրա ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ ոստիկանության ծառայողը՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ղեկավարին ներկայացնելով երեխային՝ բռնության ենթարկված երեխա ճանաչելու մասին տեղեկանք, որտեղ առնվազն նշվում են երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման կամ բնակության հասցեն (եթե հայտնի է), երեխայի նկատմամբ բռնության տեսակը, հետևանքները, բռնության կիրառման և դրա մասին ահազանգման, կենտրոն տեղափոխելու օրը, ամիսը, տարին: ԽՀՄ-ն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին տրամադրում է նաև իր կողմից կատարված երեխայի կարիքների գնահատման վերաբերյալ տեղեկություն:

(11-րդ կետը փոփ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

12. Ցերեկային կենտրոն բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է, եթե չկան հիմքեր այդ երեխային երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղավորելու համար, սակայն անհրաժեշտություն է առաջացել ցերեկային կենտրոնում ծառայություններ տրամադրելու համար:

(12-րդ կետը փոփ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

13. Բռնության ենթարկված երեխայի կամ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները: Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ առնչվող մասնագետները չեն կարող մասնագիտական գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունների առնչությամբ տալ հարցազրույցներ զանգվածային լրատվամիջոցներին, հրապարակումներ կատարել համացանցում կամ այլ կերպ տարածել երեխայի կամ բռնության դեպքի մասին տեղեկությունը, եթե այդ տեղեկության տարածումը վնասում է երեխայի լավագույն շահերին, չի հետապնդում երեխայի նկատմամբ կամ այլ բռնությունների կանխարգելման նպատակ կամ պայմանավորված չէ օրենքով նախատեսված վարույթների մասնակցությամբ:

(13-րդ կետը լրաց., փոփ. 05.11.26 N 1624-Ն)

13.1. Բռնության ենթարկված երեխայի ընտանիքում այլ երեխաների առկայության դեպքում մասնագիտացված սոցիալական աշխատողը գնահատում է այդ երեխաների կարիքները և բռնության կամ այլ վտանգների հայտնաբերման դեպքում իրականացնում այդ երեխաների պաշտպանություն:

(13.1-ին կետը լրաց. 05.11.26 N 1624-Ն)

13.2. Եթե երեխայի կարիքների գնահատման դեպքում հայտնաբերվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հիմքերից մեկը, ապա ԽՀՄ-ն դիմում է դատարան այդ երեխայի ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար:

(13.2-րդ կետը լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինները համագործակցում են միմյանց հետ և պետական այլ մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ, որոնք օրենսդրությանը համապատասխան ստանձնել կամ իրականացնում են բռնության ենթարկված երեխայի պաշտպանություն, նրան տրամադրում են աջակցություն կամ այլ կերպ պայքարում են երեխայի նկատմամբ բռնությունների դեմ: Համագործակցության շրջանակներում տեղեկություն տրամադրող մարմնին կամ կազմակերպությանը տեղեկություն ստացող մարմինը կամ կազմակերպությունն առնվազն տեղեկացնում է ստացված տեղեկության ընթացքի և արդյունքի մասին:

15. Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով՝

1) տեղեկատվական համագործակցություն.

2) վարչական-կազմակերպական համագործակցություն.

3) սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված համագործակցության ձևերն ընտրվում և իրականացվում են երեխայի նկատմամբ բռնության դեպքի կամ բռնության ենթարկված երեխայի ուղղորդման դեպքում՝ ելնելով սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների լիազորություններից:

17. Բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատումն իրականացնում է երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ՝ ապահովելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային սոցիալական աջակցության տրամադրումը: ԽՀՄ-ներն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահերից, համագործակցում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների կամ խնամատար ընտանիքի, խնամակալի կամ հոգաբարձուի հետ՝ երեխայի՝ անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար: Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահերը պահանջում են նրա հրատապ մեկուսացում, երեխան անմիջապես տեղափոխվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ կազմակերպվում է ճգնաժամային խնամատարություն: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխումը կազմակերպում է ԽՀՄ-ը՝ իր միջոցներով, ըստ անհրաժեշտության՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

(17-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

18․ Երեխայի նկատմամբ բռնության ծանր դեպքերի, բռնությունը երկու կամ ավելի երեխաների նկատմամբ կատարելու, երեխայի նկատմամբ բռնության տևական դեպքերի կամ այլ բարդ իրավիճակներում մասնագիտացված սոցիալական աշխատողը կարող է դիմել աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդին:

(18-րդ կետը լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Երեխայի տվյալները

անունը, ազգանունը և հայրանունը

ՀԾՀ

ծննդյան ամսաթիվը

բնակության հասցեն

հաշվառման հասցեն, եթե տարբերվում է բնակության հասցեից

2. Դեպքը հայտնաբերողի կամ ահազանգողի տվյալները, եթե առկա են

3. Հայտնաբերման կամ ահազանգի ներկայացման ժամը, օրը, ամիսը, տարին

4. Երեխայի նկատմամբ բռնության տեսակը և դրսևորման ձևը

5. Բռնություն կիրառողի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, կապը երեխայի հետ, եթե առկա է

6. Երեխայի հիմնական կարիքները

7. Երեխային խնամատար ընտանիք կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխելու կամ երեխաների խնամքի ցերեկային կենտրոն տեղափոխելու հիմքերը

8. Բռնության ենթարկված երեխայի կամ բռնություն կիրառողի մասին այլ տվյալներ

Ամսաթիվ,

Արձանագրությունը կազմողի ստորագրություն

(ձևը լրաց. 05.11.26 N 1624-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Ձ Ե Վ Ե Ր

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Աջակցություն տրամադրելու համար բռնության ենթարկված երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն, պետական կառավարման այլ մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ դրանց ենթակայությամբ գործող կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ: Եթե բռնության ենթարկված երեխան ուղղորդվել է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, ապա աջակցությունը տրամադրվում է այդ կենտրոնի կողմից, կամ այդ կենտրոնը դիմում է այլ ծառայություններին, ներառյալ՝ ուսումնական և բուժական, նրանց կողմից ծառայություններ տրամադրելու համար:

2. Բռնության ենթարկված երեխային, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվում են ծառայության հետևյալ ձևերը՝

1) խորհրդատվական օգնությունը.

2) սոցիալ-վերականգնողական օգնությունը.

3) ցերեկային կենտրոնում խնամքի կազմակերպումը.

4) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպումը.

5) իրավաբանական օգնությունը.

6) կրթության կազմակերպումը.

7) բժշկական օգնությունը.

8) սոցիալ-հոգեբանական օգնությունը:

(2-րդ կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

3. Բռնության ենթարկված երեխային խորհրդատվություն առաջնային տրամադրվում է նրան հայտնաբերող մարմնի կողմից՝ ներկայացնելով երեխայի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ ու առաջարկություններ, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում երեխայի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Սոցիալ-վերականգնողական օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով:

(4-րդ կետը խմբ. 05.11.26 N 1624-Ն)

5. Բռնության ենթարկված երեխային ցերեկային կենտրոնում խնամքը կազմակերպվում է այն դեպքում, երբ երեխան չի ստանում խնամք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, և եթե երեխայի բնականոն միջավայրում գտնվելը չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է բռնության ենթարկված երեխային, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև նրա ընտանիքի անդամներին:

(5-րդ կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

6. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքը կազմակերպվում է այն դեպքում, երբ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում հնարավոր չէ կամ չի բխում երեխայի լավագույն շահերից, և բացակայում են այլընտրանքային խնամքի այլ ձևերը: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքը կազմակերպելիս հաշվի են առնվում բռնության ենթարկված երեխայի հոգեբանական առանձնահատկությունները, ինչի հիման վրա ընտրվում են սոցիալական աջակցության կոնկրետ ձևերը, որոնք բխում են երեխայի կարիքներից:

7. Իրավաբանական օգնությունը բռնության ենթարկված երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով նրան հայտնաբերած կամ խնամող կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից իրավաբանական օգնության կազմակերպումն է կամ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով ուղղորդումն է:

(7-րդ կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

8. Կրթության կազմակերպումն իրականացվում է «Կրթության մասին» օրենքին և դրանից բխող այլ իրավական ակտերին համապատասխան:

9. Բժշկական օգնությունը կազմակերպվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին և դրանից բխող այլ իրավական ակտերին համապատասխան:

10. Սոցիալ-հոգեբանական օգնությունը տրամադրվում է բռնության ենթարկված երեխայի կենսագործունեությանը և սոցիալական ներառմանը խոչընդոտող ներանձնային կամ միջանձնային խնդիրների լուծման կամ մեղմացման, ինչպես նաև նրա՝ սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացման նպատակով։

11. Եթե բռնության ենթարկված երեխան գտնվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, ապա սույն հավելվածով նախատեսված աջակցությունը տրամադրվում է այդ կենտրոնի կողմից:

12. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված աջակցության յուրաքանչյուր ձև տրամադրվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է տրամադրել այդ աջակցությունը:

(հավելվածը փոփ., խմբ. 05.11.26 N 1624-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 479-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Երեխային աջակցություն տրամադրելիս պարտադիր է ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով նախատեսված սկզբունքները:

2. Աջակցությունը կիրառվում է բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ երեխայի կարիքների գնահատման հիման վրա: Բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում: Բռնության ենթարկված երեխային աջակցությունը տրամադրելիս աջակցություն կարող է տրամադրվել նաև նրա ընտա նիքին՝ ընտանիքի կարիքները գնահատելուց հետո:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ, իսկ կյանքը կամ առողջությունը վտանգող կամ դրա իրական սպառնալիք ստեղծող դեպքերում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ապահովում են աջակցության տրամադրումը կամ կազմակերպում են այդ աջակցության տրամադրումը՝ բռնության ենթարկված երեխային ուղղորդելով ուսումնական հաստատություն կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատություն կամ ցերեկային կենտրոն:

(3-րդ կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ու հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են համաձայն «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի, իսկ չապահովագրված անձանց դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման:

(4-րդ կետը փոփ. 05.11.26 N 1624-Ն)

5. Երեխաների խնամքը, ներառյալ՝ համապատասխան հաստատություններում կամ ցերեկային կենտրոններում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում, կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1613-Ն որոշմանը համապատասխան:

(5-րդ կետը լրաց., փոփ. 05.11.26 N 1624-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 05.11.26 N 1624-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2026, N 1624-Ն 04.04.2024, N 479-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան