ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«28» հոկտեմբեր 2026 թ. |
N 96-Ն |
ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Նախարար՝
10/28/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հոկտեմբերի 28-ի N 96-Ն հրամանի |
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համայնքի երիտասարդական քաղաքականության մեթոդաբանությամբ (այսուհետ՝ Մեթոդաբանություն) սահմանվում են ՀՀ համայնքներում (այսուհետ՝ Համայնք) երիտասարդական քաղաքականության մշակման նպատակները, խնդիրները, սկզբունքները, մշակման շրջանակը և փուլերը, ընթացակարգը և հաստատումը։
2. Սույն մեթոդաբանության նպատակն է ապահովել Համայնքի երիտասարդական քաղաքականության համակարգված և փաստահեն մշակումը։
3. Համայնքի երիտասարդական քաղաքականության առաջնային շահառուներն են տվյալ Համայնքի երիտասարդները։ Քաղաքականությունը մշակվում է Համայնքի երիտասարդության զարգացման, իրավունքների իրացման, կարիքների բավարարման և համայնքային կյանքին մասնակցության խթանման նպատակով՝ հաշվի առնելով ինչպես Համայնքի ընդհանուր, այնպես էլ դրա առանձին բնակավայրերի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանների տարածքային առանձնահատկությունները, ռեսուրսները և կարիքները։
4. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման ընթացքում ապահովվում է երիտասարդների, այդ թվում՝ սոցիալական, տնտեսական, առողջական, կրթական, աշխարհագրական, մշակութային, ընտանեկան կամ այլ հանգամանքներով պայմանավորված խոչընդոտների հետևանքով իրենց հասակակիցների համեմատ ավելի սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներառումը, նրանց կարիքների բացահայտումը, մասնակցության համար հավասար հնարավորությունների, ինչպես նաև մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը։
5. Համայնքի երիտասարդական քաղաքականությունը բխում է Համայնքի երիտասարդության կարիքներից, պետք է համապատասխանի Համայնքի զարգացման ռազմավարական ուղղություններին, Համայնքի հնգամյա զարգացման ծրագրին և բյուջետային գործընթացին՝ հաշվի առնելով նաև տվյալ համայնքի հարակից այլ քաղաքականությունները, ծրագրերն ու ռազմավարական փաստաթղթերը:
6. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման ընթացքում Համայնքն ապահովում է երիտասարդների և այլ բնակիչների, Համայնքի տարածքում գործող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Համայնքի բնակչությանը սպասարկող՝ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների, մասնավոր հատվածի, շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (որոնք ներգրավված են կամ ազդում են երիտասարդական քաղաքականության վրա) մասնակցությունն ու համագործակցությունը՝ սույն մեթոդաբանությամբ սահմանված նպատակների, սկզբունքների և ընթացակարգերի պահպանմամբ։
7. Համայնքի երիտասարդական քաղաքականությունը մշակվում և ավագանու կողմից հաստատվում է հինգ տարի ժամկետով։
8. Հաստատված Համայնքի երիտասարդական քաղաքականությունը՝ որպես Համայնքի ոլորտային հիմնական ռազմավարական փաստաթուղթ, համարվում է Համայնքի զարգացման ռազմավարական փաստաթղթերի բաղկացուցիչ մաս, որի հիման վրա իրականացվում է տարեկան աշխատանքային պլանավորումը և բյուջետային հատկացումների հիմնավորումը։
9. Համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանների համար առանձին ծրագրերի նախատեսումը պետք է բխի սույն մեթոդաբանության IV գլխով նախատեսված կարիքների գնահատումից և ուղղված լինի տվյալ բնակավայրի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանի առանձնահատուկ կարիքներից։
10. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակված փաստաթուղթը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) Համայնքի ընդհանուր նկարագիրը, ռեսուրսները և տարածքային առանձնահատկությունները, սոցիալ-ժողովրդագրական հիմնական տվյալները, այդ թվում՝ երիտասարդների տարիքային բաժանումը, զբաղմունքն ու կարգավիճակը և կրթական մակարդակը.
2) Համայնքի երիտասարդության կարիքների գնահատման արդյունքները և դրանց հիման վրա սահմանված առաջնահերթությունները.
3) երիտասարդների կարիքների բավարարմանը, իրավունքների իրացմանը, մասնակցության խթանմանը և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը ուղղված միջոցառումները և ծրագրերը.
4) երիտասարդական ծառայությունների նկարագիրը, դրանց տրամադրման պայմանները, ընթացակարգերը և շահառուների շրջանակը.
5) յուրաքանչյուր միջոցառման կամ ծրագրի իրականացման ժամկետները, պատասխանատու մարմինները կամ կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ընտրության կամ ներգրավման մեխանիզմները.
6) անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսները, ֆինանսավորման աղբյուրները և դրանց գնահատված ծավալները.
7) ակնկալվող արդյունքները, արդյունքային և ազդեցության չափելի ցուցանիշները.
8) քաղաքականության իրականացման, մշտադիտարկման, գնահատման և պարբերական վերանայման մեխանիզմները.
9) հաշվետվողականության կարգը՝ Համայնքի ղեկավարին, Համայնքի ավագանուն և այլ շահագրգիռ կողմերին ու հանրությանը ներկայացվող հաշվետվությունների ձևաչափի, պարբերականության և հրապարակման եղանակների նշմամբ։
11. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակված փաստաթղթով նախատեսվող յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվում են՝
1) ծրագրի նպատակը, լուծման ենթակա կարիքը կամ հիմնախնդիրը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները.
2) ծրագրի թիրախային խումբը և շահառուների ընտրության օբյեկտիվ չափանիշները.
3) ծրագրի շրջանակում նախատեսվող ծառայությունների, միջոցառումների կամ գործողությունների նկարագիրը.
4) ծրագրի իրականացման կարգը, փուլերը, ժամկետները և պատասխանատու մարմինների, կազմակերպությունների կամ անձանց շրջանակը.
5) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսները.
6) ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ պետական բյուջեն, համայնքային բյուջեն, միջազգային կամ դոնոր կազմակերպությունների միջոցները, հասարակական, բարեգործական կամ այլ կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցները.
7) ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը, ներառյալ՝ չափելի ցուցանիշները, տվյալների հավաքագրման եղանակները և հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը։
12. Համայնքը պահպանելով սույն մեթոդաբանության նպատակներն ու սկզբունքները, կարող է հարմարեցնել Մեթոդաբանության կիրառման գործիքները և ընթացակարգերը, ինչպես նաև մշակել լրացուցիչ գործիքներ և ընթացակարգեր՝ ելնելով իր բնակչության թվից, ռեսուրսներից և կառավարման կարողություններից։
II. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
13. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման նպատակն է Համայնքում ձևավորել նպաստավոր միջավայր, ծրագրերի և միջոցառումների համակարգ, որն ուղղված է երիտասարդների իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, նրանց կարիքների և օրինական շահերի բավարարմանը, կարողությունների և ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, ինքնաիրացման հնարավորությունների ընդլայնմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը, դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ակտիվ և արդյունավետ մասնակցության ապահովմանը։
14. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման խնդիրները բխում են սույն մեթոդաբանությամբ սահմանված նպատակից և ուղղված են դրա իրագործմանը՝ արտացոլելով այն հիմնական ուղղությունները, որոնց վրա Համայնքը կենտրոնանում է քաղաքականության մշակման ընթացքում: Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման հիմնական խնդիրներն են՝
1) նպաստել Համայնքի երիտասարդների իրավունքների ու դրանց իրացման մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և այդ իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը.
2) խթանել Համայնքի երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքին, ապահովել երիտասարդների իմաստալից մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում.
3) ապահովել սոցիալական, տնտեսական, առողջական, կրթական, աշխարհագրական, մշակութային, ընտանեկան կամ այլ հանգամանքներով պայմանավորված խոչընդոտների հետևանքով իրենց հասակակիցների համեմատ ավելի սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներառումը և հավասար հնարավորությունների ստեղծումը.
4) բացահայտել Համայնքի երիտասարդների կարիքները, խնդիրները և զարգացման առաջնահերթությունները՝ տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման համակարգերի ներդրմամբ.
5) ստեղծել երիտասարդների անձնային, կրթական, սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքացիական զարգացման հնարավորություններ՝ ելնելով գնահատված կարիքներից.
6) նպաստել Համայնքում կայուն և արդյունավետ երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ենթակառուցվածքների, ծառայությունների և ծրագրերի ստեղծմանը, զարգացմանը կամ բարելավմանը.
7) ապահովել Համայնքի երիտասարդական ենթակառուցվածքների, ծառայությունների և ծրագրերի մատչելիությունը և դրանց մատուցման համակարգումը՝ խթանելով ներառական, երիտասարդակենտրոն մոտեցումները համայնքային կյանքի տարբեր ոլորտներում.
8) խթանել համագործակցությունը Համայնքում, երիտասարդներին և երիտասարդական քաղաքականության մյուս սուբյեկտներին ու շահագրգիռ կողմերին մասնակից դարձնել երիտասարդներին առնչվող ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, իրականացմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը.
9) ապահովել Համայնքի երիտասարդական քաղաքականության համապատասխանությունն ու համաժամանակեցումը համայնքային և պետական քաղաքականությունների ու զարգացման ռազմավարությունների հետ։
15. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման սկզբունքներն այն հիմնարար դրույթներն են, որոնցով պետք է առաջնորդվել քաղաքականության մշակման բոլոր փուլերում։ Դրանք սահմանում են քաղաքականության մշակման արժեքային ու մեթոդաբանական հիմքը և ապահովում գործընթացի որակը, ներառականությունը, իրավաչափությունը և արդյունավետությունը։ Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքներն են՝
1) իրավահենության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է երիտասարդների իրավունքների ճանաչման, պաշտպանության և իրացման վրա։ Քաղաքականության մշակման ընթացքում երիտասարդները դիտարկվում են որպես իրավունքների կրողներ, իսկ քաղաքականությունը մշակողներն ու իրականացնողները՝ այդ իրավունքների ապահովման պատասխանատուներ.
2) զորեղացման սկզբունքը. Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է երիտասարդներին Համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ դիտարկելու վրա։ Քաղաքականության մշակման ընթացքում ապահովվում են երիտասարդների զորեղացման, նրանց ներուժի բացահայտման, զարգացման և իրացման համար անհրաժեշտ պայմաններ՝ ի շահ երիտասարդների ինքնաիրացման և Համայնքի կայուն զարգացման.
3) համակարգվածության և համալիրության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը և դրանից բխող ծրագրերը հիմնվում են Համայնքի երիտասարդների կարիքների, հիմնախնդիրների, ակնկալիքների, առկա ռեսուրսների ու հնարավորությունների համակողմանի գնահատման վրա՝ քաղաքականության մշակման գործընթացում ապահովելով տարբեր ոլորտների, քաղաքականությունների և շահագրգիռ կողմերի գործողությունների փոխկապակցվածությունն ու փոխլրացումը.
4) մասնակցայնության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցության ապահովման վրա՝ խթանելով երիտասարդների անցումը տեղեկացվածությունից դեպի նախաձեռնողականություն, համաստեղծում և որոշումների համատեղ կայացում.
5) հավասարության և ներառականության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է բոլոր երիտասարդների հավասար մասնակցության, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման վրա՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով լրացուցիչ աջակցության միջոցներ սակավ հնարավորություններ ունեցող և խոցելի խմբերի երիտասարդների լիարժեք ներգրավվածությունն ապահովելու նպատակով.
6) կամավորության և ինքնուրույն մասնակցության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունից բխող գործընթացներին, ծրագրերին և միջոցառումներին երիտասարդների մասնակցությունը հիմնվում է կամավորության, ինքնուրույն ընտրության և նախաձեռնողականության վրա՝ բացառելով որևէ անհիմն սահմանափակում կամ հարկադրանք։ Երիտասարդներն ինքնուրույն են ձևավորում նպատակներ, որոշում իրենց մասնակցության ուղղությունները և ստանձնում պատասխանատվություն դրանց արդյունքների համար.
7) նորարարության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնվում է նորարարական մոտեցումների, մեթոդների, գործիքների և լուծումների կիրառման ու շարունակական զարգացման վրա՝ երիտասարդների փոփոխվող կարիքներին արձագանքելու, առկա հիմնախնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելու և հնարավոր նոր մարտահրավերները կանխարգելելու նպատակով.
8) փաստահենության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնված է հավաստի, արդիական, վերաբերելի և համադրելի տվյալների, ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների վրա.
9) չափելիության և արդյունքակենտրոնության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականության նպատակները, խնդիրները, ծրագրերը և միջոցառումները հիմնված են հստակ սահմանված ակնկալվող արդյունքների վրա՝ ներառելով դրանց գնահատման համար անհրաժեշտ ցուցանիշներ, ելակետային և թիրախային արժեքներ, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման համապատասխան մեխանիզմներ.
10) թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացներն իրականացվում են հրապարակայնության, տեղեկատվության մատչելիության և պատասխանատու մարմինների հաշվետվողականության ապահովմամբ.
11) համագործակցության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հիմնված է համայնքային ու պետական կառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի՝ ոլորտային և միջոլորտային համագործակցության վրա՝ ապահովելով գործողությունների համակարգվածությունը, կրկնությունների նվազեցումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և համատեղ լուծումների ու սիներգիաների ձևավորումը.
12) քաղաքական չեզոքության սկզբունք. Համայնքի երիտասարդական քաղաքականությունը և դրանից բխող ծրագրերը հիմնված են քաղաքական անկողմնակալության, հավասար հասանելիության և անաչառության վրա՝ բացառելով կուսակցական կամ այլ քաղաքական շահերի գերակայությունը և ապահովելով բոլոր երիտասարդների նկատմամբ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց հայացքներից կամ դիրքորոշումներից.
13) համահունչության սկզբունքը․ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններին, Համայնքի զարգացման ռազմավարական և ծրագրային փաստաթղթերին, ինչպես նաև ոլորտային այլ վերաբերելի քաղաքականություններին և ռազմավարություններին։
III. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ
16. Սույն մեթոդաբանության 20-րդ կետով ամրագրված դրույթներով ներգրավված կողմերի միջոցով Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակումն իրականացվում է սույն գլխում նկարագրված հաջորդական փուլերի միջոցով, որոնց իրականացման արդյունքում ձևավորվում է քաղաքականության նախագիծը։
17. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման հիմնական փուլերն են՝
1) նախապատրաստման փուլը. որի ընթացքում ապահովվում են Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ կազմակերպական, տեղեկատվական, մեթոդական և ռեսուրսային նախադրյալները, այդ թվում՝ գործընթացի շրջանակի, նպատակների, ժամանակացույցի և պատասխանատուների նախնական սահմանումը.
2) կարիքների գնահատման փուլը. որի ընթացքում իրականացվում են Համայնքի երիտասարդների հիմնախնդիրների, կարիքների, ակնկալիքների, ձգտումների, առկա ներուժի և հնարավորությունների բացահայտումը, հավաքագրված տվյալների վերլուծությունը, ինչպես նաև առաջնահերթությունների և դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների որոշումը.
3) քաղաքականության նախագծման փուլը. որի ընթացքում կարիքների գնահատման արդյունքների հիման վրա մշակվում են Համայնքի երիտասարդական քաղաքականության նախագիծը, դրա տեսլականը, նպատակը, խնդիրները, թիրախային խմբերը, ռազմավարական ուղղությունները, գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ միջոցառումները, ժամկետները, պատասխանատուները, անհրաժեշտ ռեսուրսները, ակնկալվող արդյունքները և դրանց չափելի ցուցանիշները, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման շրջանակը.
4) հանրային քննարկման և նախագծի լրամշակման փուլը, որի ընթացքում Համայնքի երիտասարդական քաղաքականության նախագիծը, գործողությունների ծրագիրը և մշտադիտարկման ու գնահատման շրջանակը ներկայացվում են հանրային քննարկման, հավաքագրվում, ամփոփվում և վերլուծվում են ներկայացված առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները, և դրանց հիման վրա իրականացվում է համապատասխան փաստաթղթերի լրամշակումը.
5) հաստատման փուլը, որի ընթացքում լրամշակված նախագիծը և դրան կից փաստաթղթերը սույն մեթոդաբանությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են Համայնքի ավագանու քննարկմանը և հաստատմանը (հաստատման մանրամասն ընթացակարգը սահմանվում է սույն մեթոդաբանության V գլխով):
18. Յուրաքանչյուր փուլում Համայնքն ապահովում է երիտասարդների և շահագրգիռ կողմերի մասնակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սակավ հնարավորություններով երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, բռնության ենթարկված, միգրանտ, փախստական, անապահով ընտանիքների երիտասարդների, ինչպես նաև օրենքով հատուկ պաշտպանության ենթակա այլ խմբերի ներառմանը։
19. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում յուրաքանչյուր հաջորդ փուլ իրականացվում է նախորդ փուլի արդյունքների հիման վրա՝ ապահովելով որոշումների փաստահենությունը, փուլերի փոխկապակցվածությունը, գործընթացի հաջորդականությունը և ընդունվող լուծումների հիմնավորվածությունը։
IV. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման, այդ թվում՝ կարիքների գնահատման, քաղաքականության նախագծման և հետագա փուլերի կազմակերպման նպատակով Համայնքի ղեկավարը անհատական իրավական ակտով ձևավորում է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) բաղկացած 8-10 անդամից: Աշխատանքային խումբը գործում է մինչև Համայնքի երիտասարդական քաղաքականության հաստատումը:
21. Աշխատանքային խմբում պարտադիր ներգրավվում են՝
1) համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Համայնքի երիտասարդական աշխատողը, երիտասարդության հարցերի բնագավառում Համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման, ինչպես նաև զարգացման ծրագրերի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումներից մեկական ներկայացուցիչներ կամ համապատասխան համայնքային ծառայողներ.
2) երկու երիտասարդ.
3) երիտասարդական կազմակերպությունների կամ երիտասարդների հետ աշխատող այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (առկայության դեպքում).
4) Համայնքի որոշումների կայացման գործընթացում ներգրավված երկու պաշտոնատար անձ կամ ներկայացուցիչ.
5) առնվազն մեկ շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ (ըստ անհրաժեշտության):
22. Քաղաքականության մշակման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել ոլորտային համապատասխան կարողություններ և փորձառություն ունեցող կազմակերպություններ կամ անհատներ (փորձագետներ, խորհրդատուներ և այլն)։
23. Աշխատանքային խումբը սահմանում է գործընթացի շրջանակը, նպատակները և ժամանակացույցը, իրականացնում շահագրգիռ կողմերի քարտեզագրում, վերլուծում առկա հետազոտությունները և տվյալները, կատարում անհրաժեշտ ռեսուրսների (մարդկային, նյութատեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական) նախնական գնահատում, դերաբաշխում և գործողությունների պլանավորում՝ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների պահպանմամբ։
24. Կարիքների գնահատման նպատակով Աշխատանքային խումբն իրականացնում է՝
1) երիտասարդությանն առնչվող առկա և վերաբերելի զեկույցների, ուսումնասիրությունների, հետազոտությունների և այլ փաստաթղթերի տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն.
2) քանակական և որակական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն.
3) Համայնքի սոցիալ-ժողովրդագրական և ոլորտային տվյալների վերլուծություն.
4) երիտասարդների, փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, քննարկումներ.
5) առկա ծառայությունների, ենթակառուցվածքների և ռեսուրսների գնահատում, այդ թվում՝ ֆինանսական, մարդկային, սոցիալական, նյութատեխնիկական, տեղեկատվական և այլ ռեսուրսների, ինչպես նաև գործընկերությունների և համագործակցության հնարավորությունների ուսումնասիրություն։
25. Կարիքների գնահատման իրականացման նպատակով Աշխատանքային խմբի կողմից նախապես որոշվում են վիճակագրական այն հիմնական տվյալները, որոնք անհրաժեշտ է հավաքագրել Համայնքի երիտասարդության կարիքների, դրանց տարածվածության, ընդգրկող խմբերի մասին տեղեկատվություն ստանալու համար։
26. Աշխատանքային խումբը վիճակագրական տվյալների հավաքագրումն իրականացնում է համայնքային, պետական, վիճակագրական մարմինների կամ այլ համապատասխան գերատեսչությունների տեղեկատվական բազաներից օգտվելու, տվյալներին տիրապետող գերատեսչություններին հարցումներ ուղարկելու, իսկ բացակայող, բայց անհրաժեշտ տվյալները՝ ինքնուրույն հաշվարկման կամ ձևավորման միջոցով։
27. Վիճակագրական տվյալների ուսումնասիրություն կարող է իրականացվել նաև Համայնքի ռեսուրսներն ուսումնասիրելու համար, մասնավորապես`
1) Համայնքում մարդկային ռեսուրսի կամ անհրաժեշտ մասնագետների (օրինակ՝ երիտասարդական աշխատողներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, բժիշկներ և այլն) թիվը վերհանելու նպատակով.
2) ֆիզիկական ռեսուրսները կամ շենք-շինությունները կամ գույքը քարտեզագրելու համար, որոնք կարող են կիրառվել Համայնքում երիտասարդական կենտրոններ կամ երիտասարդական ծառայությունների տրամադրման միջավայրեր ստեղծելու կամ ծառայություններ տրամադրող կազմակերպություններին հատկացնելու համար.
3) Համայնքի տիրապետման ներքո կամ Համայնքին հասանելի այլ ռեսուրսները վերհանելու նպատակով։
28. Փորձագետների հետ հարցումներ իրականացնելիս՝ որպես փորձագետներ կարող են հանդես գալ Համայնքի երիտասարդական, սոցիալական, առողջապահական, կրթական կամ այլ ոլորտներում գործող մասնագետները, համայնքային ծառայողները, Համայնքի՝ տեղական ինքնակառավարման կամ երիտասարդության հարցերի ոլորտներին առնչություն ունեցող ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունների ներկայացուցիչները, Համայնքում գործող կամ Համայնքի երիտասարդներին սպասարկող պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:
29. Համայնքի երիտասարդների հետ անհատական կամ խմբային հարցազրույցներն Աշխատանքային խումբը կազմակերպում է այնպես, որ ապահովվի տարբեր սեռի, տարիքի, կրթության, բնակավայրերի և այլ վերաբերելի բնութագրիչներ ունեցող երիտասարդների ներկայացվածությունը։ Ըստ անհրաժեշտության՝ հարցազրույցները կարող են անցկացվել նաև համանման բնութագրիչներ ունեցող անձանց առանձին խմբերով։
30. Խմբային հարցազրույցների, այդ թվում՝ փորձագիտական խմբային հարցումներին կամ ֆոկուս-խմբային քննարկումներին, միաժամանակ կարող է մասնակցել 8-12 անձ:
31. Կարիքների գնահատման շրջանակում աշխատանքային խումբը հարցումները, հարցազրույցները և քննարկումներն իրականացնում է հետևյալ տեղեկությունները ստանալու նպատակով՝
1) Համայնքի երիտասարդների առաջնահերթ հիմնախնդիրները, կարիքները, ակնկալիքները, ձգտումները, առկա ներուժը և զարգացման հնարավորությունները.
2) նշված կարիքներ ունեցող երիտասարդների կամ երիտասարդական խմբերի շրջանակը, այդ թվում՝ նրանց սեռատարիքային, սոցիալական և տարածքային բնութագրերը.
3) այդ կարիքների բավարարման նպատակով իրականացվող ծրագրերը և տրամադրվող ծառայությունները.
4) իրականացվող ծրագրերի և տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը երիտասարդների կարիքներին, ինչպես նաև դրանց արդյունավետությունը, մատչելիությունը և հասանելիությունը.
5) ծրագրերի իրականացման և ծառայությունների տրամադրման ընթացքում առաջացող խնդիրները, դրանց պատճառները և լուծման հնարավոր եղանակները.
6) երիտասարդների բացահայտված կարիքների բավարարման համար նոր ծրագրերի, ծառայությունների կամ միջոցառումների անհրաժեշտությունը.
7) Համայնքում առկա ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական, գույքային, ենթակառուցվածքային և այլ ռեսուրսները, որոնք կարող են օգտագործվել կամ ներգրավվել երիտասարդների կարիքների բավարարման նպատակով.
8) Համայնքի համար հասանելի լրացուցիչ հնարավորությունները և արտաքին ռեսուրսները, այդ թվում՝ պետական, համայնքային, դոնորական, հասարակական, մասնավոր կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ներգրավման հնարավորությունները.
9) երիտասարդների այն խմբերը կամ կարիքները, որոնք նախկինում դուրս են մնացել կամ տվյալ փուլում կարող են դուրս մնալ Համայնքի ուշադրությունից.
10) կարիքների գնահատման ընթացքում ի հայտ եկած այլ վերաբերելի հարցեր, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրության ամբողջականությունը, խորությունը և հիմնավորվածությունը ապահովելու համար։
32. Համայնքի երիտասարդության կարիքների բավարարման համար առկա ծառայությունների, ինչպես նաև դրանց համալրման կամ զարգացման անհրաժեշտության գնահատման ընթացքում աշխատանքային խումբն ուսումնասիրում է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Համայնքի երիտասարդներին տրամադրվող բոլոր ծառայություններն՝ ըստ՝
1) ծառայությունների ոլորտային ուղղվածության, այդ թվում՝ սոցիալական աջակցություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ և այլ ոլորտներ.
2) շահառուների խմբերի, որոնց ուղղված են համապատասխան ծառայությունները.
3) ծառայությունների տարածքային բաշխվածության և հասանելիության.
4) ծառայությունների մատչելիության, որակի, շարունակականության և արդյունավետության.
5) ծառայությունների տրամադրման համար առկա ռեսուրսների և դրանց զարգացման հնարավորությունների.
6) գնահատման ընթացքում բացահայտված այլ վերաբերելի չափանիշների։
33. Առկա ծառայությունների գնահատման արդյունքներով արձանագրվում են գործող ծառայությունների շրջանակներից դուրս մնացող այլ կարիքները։ Միաժամանակ արձանագրվում են Համայնքի երիտասարդության կարիքների բավարարման նպատակով օգտագործման կամ ներգրավման ենթակա լրացուցիչ ռեսուրսները և դրանց հնարավոր աղբյուրները, այդ թվում՝ պետական, համայնքային, սուբվենցիոն, դրամաշնորհային, հասարակական, մասնավոր կամ օրենքով չարգելված այլ աղբյուրները։
34. Հավաքագրված տվյալների հիման վրա իրականացվում է համակարգված վերլուծություն, որի միջոցով բացահայտվում և գնահատվում են Համայնքի երիտասարդների կարիքների ու հիմնախնդիրների առաջացման պատճառները, փոխկապակցվածությունը, ազդեցության շրջանակը, ազդակիր խմբերը, ինչպես նաև առաջնահերթությունների որոշման համար անհրաժեշտ հանգամանքները։
35. Վերլուծության շրջանակում կարող են կիրառվել լրացուցիչ գործիքներ`
1) Համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատում.
2) Ուժեղ կողմեր, թույլ կողմեր, հնարավորություններ, սպառնալիքներ՝ ՈւԹՀՍ (SWOT) վերլուծություն.
3) կարիքների և նպատակների «ծառ» (Աղյուսակ N 2):
36. Կարիքները ձևակերպվում են հստակ, խմբավորվում ըստ ոլորտների և թիրախային խմբերի:
37. Բացահայտված կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքները հաստատելու (վավերացնելու/համալրելու) և կարիքների առաջնահերթությունները որոշելու նպատակով Աշխատանքային խումբն ապահովում է մասնակցային գործընթաց՝ հանրային քննարկումների, աշխատարանների, առցանց հարցումների, գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունների հավաքագրման կամ այլ վերաբերելի ձևաչափերի միջոցով։
38. Հանրային քննարկումների կազմակերպման ընթացքում ապահովվում է հրապարակայնությունը, թափանցիկությունը, մասնակցության մատչելիությունը և Համայնքի բնակիչների բոլոր խմբերի առաջարկությունների ներկայացման հնարավորությունը։
39. Զգայուն խնդիրների քննարկման դեպքում դրանց քննարկումը և առաջնահերթությունների որոշումը կարող են կազմակերպվել փորձագիտական քննարկումների կամ երիտասարդների հետ առանձին փոքր խմբերով քննարկումների միջոցով՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը, գաղտնիությունը և մասնակիցների անվտանգությունը, իսկ մինչև 18 տարեկան երիտասարդների դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի գրավոր թույլտվությունը։
40. Կարիքների վավերացման և առաջնահերթությունների որոշման գործընթացի արդյունքում ընտրվում են Համայնքի երիտասարդության երեքից յոթ առաջնահերթ կարիքները՝ հիմք ընդունելով դրանց ազդեցության աստիճանը, հրատապությունը, տարածվածությունը, լուծման իրագործելիությունը և առկա կամ ներգրավման ենթակա ռեսուրսները։
41. Կարիքի առաջնահերթությունը որոշվում է հաշվի առնելով, թե որքանով է տվյալ կարիքը հրատապ և դրա զարգացման ինչ միտումներ կան։
42. Կարիքների առաջնահերթության որոշումն իրականացվում է վերջին երեք տարիների ընթացքում դրանց դրսևորման միտումների գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով, թե տվյալ կարիքի հետ կապված իրավիճակը «վատթարացել է», «մնացել է անփոփոխ», թե «բարելավվել է»։
43. Կարիքների առաջնահերթությունը որոշելիս Աշխատանքային խումբը հիմք է ընդունում հետևյալ չափանիշները՝
1) նշված կարիքն ունեցող երիտասարդների թիվը, ինչպես նաև ուղղակի և անուղղակի շահառուների թիվը.
2) կարիքների չբավարարման հետևանքները, դրանց ազդեցությունն այդ կարիքներն ունեցող երիտասարդների կամ նրանց ընտանիքների կենսագործունեության, ինչպես նաև Համայնքի բարեկեցության կամ ներառականության վրա.
3) կարիքների ի հայտ գալու հաճախականությունը.
4) հանրության աջակցությունը.
5) ծրագրի ազդեցությունը երիտասարդների սոցիալ-տնտեսական ակտիվացման, Համայնքի առաջնահերթ կարիքների բավարարման գործընթացների վրա.
6) Համայնքում առկա ծառայությունների մատչելիության և հասանելիության կամ ծածկույթի ընդլայնման հնարավորությունները.
7) Համայնքի կարողությունների հզորացման հնարավորությունները.
8) այլ չափանիշներ։
44. Կատարված վերլուծության հիման վրա Աշխատանքային խմբի անդամները որոշում են գնահատումների ընթացքում վերհանված երիտասարդության կարիքների առաջնահերթությունը՝ դրանք որակելով որպես «առաջնահերթ կարիք», «նվազ առաջնահերթ կարիք» կամ «ոչ առաջնահերթ կարիք»։ Յուրաքանչյուր կարիքին՝ ըստ իր առաջնահերթության և դրսևորած միտումների, տրվում են միավորներ։
45. Քաղաքականության նախագիծը (համաձայն՝ սույն մեթոդաբանության Ձև N1-ի) մշակվում է կարիքների գնահատման արդյունքների հիման վրա և ներառում է առնվազն՝
1) քաղաքականության տեսլականը, նպատակը, խնդիրները.
2) թիրախային խմբերը.
3) ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները.
4) նախատեսվող միջոցառումները և գործողությունները (ծրագրերը).
5) ակնկալվող արդյունքները.
6) իրականացման պատասխանատուները.
7) անհրաժեշտ ռեսուրսները (այդ թվում` ֆինանսական).
8) մշտադիտարկման և գնահատման հիմնական ցուցանիշները:
46. Գնահատման արդյունքում Համայնքի վերհանված առաջնահերթ երիտասարդական կարիքները և դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանումը (արձանագրումը) քաղաքականության նախագծում կարող է իրականացվել բազմաբնակավայր համայնքների դեպքում՝ ըստ բնակավայրերի, Երևան քաղաքի դեպքում՝ ըստ վարչական շրջանների։
47. Անհրաժեշտ ռեսուրսների սահմանման (արձանագրման) համար Համայնքն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և գործընկերային ներուժի համակարգված քարտեզագրում։ Քարտեզագրումը ներառում է մարդկային, ֆինանսական, ենթակառուցվածքային, նյութատեխնիկական, տեղեկատվական և այլ ռեսուրսները, ինչպես նաև դրանց հասանելիության և օգտագործման հնարավորությունները, առկա և հնարավոր գործընկերությունները, համագործակցության ցանցերը, քույր-քաղաքների հետ համագործակցությունը և սոցիալական կապիտալի այլ բաղադրիչները։
48. Ֆինանսական պլանը մշակվում է քաղաքականությամբ նախատեսվող յուրաքանչյուր ծրագրի համար առանձին և ներառում է՝
1) գնահատված ծախսերը.
2) ֆինանսավորման աղբյուրները (համայնքային բյուջե, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (այդ թվում՝ դրամաշնորհներ, դոտացիաներ և սուբվենցիաներ), այլ կազմակերպությունների միջոցներ, մասնավոր հատված, անհատ բարերարներ).
3) ֆինանսավորման պակասի դեպքում` դրա համալրման եղանակները:
49. Ֆինանսական կամ այլ ռեսուրսների սահմանափակումների դեպքում Համայնքն ապահովում է առաջնահերթ իրականացման ենթակա ծրագրերի և միջոցառումների ընտրության հիմնավորումը՝ հիմք ընդունելով սույն մեթոդաբանությամբ սահմանված կարգով որոշված առաջնահերթ կարիքները, հրատապությունը, իրագործելիությունը, ինչպես նաև առկա կամ ներգրավման ենթակա ռեսուրսների ծավալը։
50. Քաղաքականության նախագծման փուլում մշակվում է մշտադիտարկման համակարգ, որը ներառում է՝
1) քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների վերահսկման մեխանիզմները.
2) արդյունքային ցուցանիշները (կատարողականը) և դրանց չափման պարբերականությունը.
3) շահառուների հետադարձ կապի հավաքագրման եղանակները:
51. Մշտադիտարկման հիմնական գործիքները սահմանվում են որպես՝
1) գործողությունների իրականացման հաշվետվություններ.
2) վիճակագրական և վարչական տվյալներ.
3) հարցումներ, քննարկումներ, մասնակցային մեխանիզմներ.
4) ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ հավաքագրված կամ հանրայնացված տեղեկատվություն:
52. Մշտադիտարկման և գնահատման գործընթացներն իրականացվում են չափելի ցուցանիշների համակարգի հիման վրա, որը ներառում է տեղեկություններ՝
1) մուտքային ցուցանիշների (ռեսուրսների) վերաբերյալ.
2) գործընթացային ցուցանիշների (գործողությունների իրականացման) վերաբերյալ.
3) արդյունքային ցուցանիշների (անմիջական արդյունքների) վերաբերյալ.
4) ազդեցության ցուցանիշների (երկարաժամկետ փոփոխությունների) վերաբերյալ:
53. Ցուցանիշները պետք է լինեն հստակ, չափելի, տվյալներով ապահովված, ժամանակի ընթացքում համադրելի և անմիջականորեն կապված քաղաքականության նպատակների ու ակնկալվող արդյունքների հետ։ Յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում են ելակետային (բազային) և թիրախային (նպատակային) արժեքներ։
54. Քաղաքականության նախագծման փուլում մշակվում է նաև գնահատման շրջանակ և սահմանվում են գնահատման տեսակները, որոնք ընդգրկում են՝
1) միջանկյալ գնահատում (իրականացման ընթացքում).
2) ավարտական գնահատում (քաղաքականության գործողության ժամկետի ավարտին).
3) ազդեցության գնահատում (ժամկետի ավարտից 3-5 տարի անց).
4) անհրաժեշտության դեպքում` թեմատիկ կամ արտաքին գնահատումներ:
55. Գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափանիշների հիման վրա՝
1) Համապատասխանություն. որքանով է քաղաքականությունը համապատասխանում երիտասարդների կարիքներին և առաջնահերթություններին.
2) Կապակցվածություն. որքանով է քաղաքականությունը համահունչ այլ քաղաքականություններին և ծրագրերին.
3) Արդյունքայնություն. որքանով է քաղաքականությունը հասել իր նպատակներին, ինչ արդյունքներ են ձեռք բերվել.
4) Արդյունավետություն. ինչպես են կազմակերպվել և օգտագործվել ռեսուրսները նպատակների իրականացման համար.
5) Ազդեցություն. քաղաքականության երկարաժամկետ դրական և բացասական, ուղղակի և անուղղակի, նախատեսված և չնախատեսված ազդեցությունները.
6) Կայունություն. որքանով կպահպանվեն քաղաքականության օգուտները դրա ավարտից հետո:
56. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
1) համայնքապետարանի, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջոցով.
2) Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի (առկայության դեպքում) միջոցով.
3) պայմանագրային հիմունքներով ներգրավված կազմակերպության կամ անհատի միջոցով։
57. Մշտադիտարկման և գնահատման գործընթացներում պետք է ներգրավել Համայնքի երիտասարդության հարցերի ոլորտում գործող պետական կամ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Համայնքի երիտասարդներ և այլ բնակիչներ։
58. Համայնքի երիտասարդական քաղաքականության մշտադիտարկումն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ։ Մշտադիտարկման արդյունքում գնահատվում են քաղաքականության և դրանից բխող ծրագրերի իրականացման ընթացքը, նախատեսված գործողությունների կատարումը, սահմանված արդյունքային ցուցանիշները, հնարավոր շեղումները և դրանց պատճառները, ինչպես նաև քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը պայմանավորող նոր հանգամանքները։
59. Համայնքի երիտասարդական քաղաքականության նախագծման փուլում մշակվում է հաշվետվության ձևաչափ, որով սահմանվում են հաշվետվության բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները (այդ թվում՝ ձեռք բերված արդյունքների, իրականացված, չիրականացված կամ մասնակի իրականացված գործողությունների, դրանց չիրականացման կամ մասնակի իրականացման պատճառների, առաջացած խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ տեղեկությունները), ինչպես նաև սահմանվում է հաշվետվությունների քննարկման գործընթացում երիտասարդների և շահագրգիռ մյուս կողմերի ներգրավվածության կարգը։
60. Հաշվետվությունները սահմանված պարբերականությամբ ներկայացվում են Համայնքի ավագանու քննարկմանը և հրապարակվում են Համայնքի պաշտոնական կայքում կամ հանրամատչելի այլ տեղեկատվական հարթակներում։ Հաշվետվությունների քննարկման գործընթացը կազմակերպվում է բաց և մասնակցային եղանակով՝ ապահովելով երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի և Համայնքի բնակիչների մասնակցության հնարավորությունը։
61. Քաղաքականության նախագծման փուլում մշակվում է ռիսկերի կառավարման գրանցամատյան, որը ներառում է՝ ռիսկի նկարագրությունը, առաջացման հավանականությունը (ցածր/միջին/բարձր), ազդեցության աստիճանը (ցածր/միջին/բարձր), մեղմիչ միջոցառումները, պատասխանատու անձը: Գրանցամատյանը թարմացվում է մշտադիտարկման յուրաքանչյուր փուլում:
62. Քաղաքականության մշակման ընթացքում լրացվում են հետևյալ փաստաթղթերը, որոնք հանդիսանում են քաղաքականության անբաժանելի մասը՝
1) Համայնքի երիտասարդների սոցիալ-ժողովրդագրական կազմի վերաբերյալ տվյալներ, համաձայն՝ Աղյուսակ N 1
2) Կարիքների և նպատակների «ծառ» (յուրաքանչյուր կարիքի, դրա հետևանքների, պատճառների և բավարարման ուղիների նկարագրություն), համաձայն՝ Աղյուսակ N 2
3) Ծրագրի ձև (յուրաքանչյուր ծրագրի համար)՝ անվանում, նկարագիր, լուծվող կարիք, բնույթ, նպատակ, հիմնական գործողություններ, պատասխանատուներ, ժամանակացույց, շահառուներ, արդյունքներ (ելակետային և թիրախային արժեքներով), բյուջե, ռիսկեր.
4) Ֆինանսավորման պլան` ըստ ծրագրերի.
5) Մշտադիտարկման և գնահատման պլան` ըստ ծրագրերի:
V. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
63. Համայնքի երիտասարդական քաղաքականության նախագիծն Աշխատանքային խմբի ձևավորումից հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում ներկայացվում է Համայնքի ղեկավարին՝ Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու նպատակով։
64. Համայնքի ավագանու կողմից Համայնքի երիտասարդական քաղաքականության հաստատումից անմիջապես հետո դադարում է Համայնքի ղեկավարի անհատական իրավական ակտով ձևավորված Աշխատանքային խմբի լիազորություններն ու գործունեությունը։
65. Համայնքի երիտասարդական քաղաքականության հաստատման գործընթացը ներառում է հետևյալ գործողություները՝
1) երիտասարդական քաղաքականության նախագծի հրապարակում համայնքապետարանի պաշտոնական կայքում և այլ հասանելի տեղեկատվական հարթակներում.
2) երիտասարդական քաղաքականության նախագծի վերաբերյալ առնվազն մեկ հանրային լսման կամ քննարկման անցկացում՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ.
3) հանրային լսումների կամ քննարկումների արդյունքների հիման վրա Համայնքի երիտասարդական քաղաքականության նախագծի լրամշակում.
4) լրամշակված նախագծին կից ամփոփաթերթի կազմում, որը ներառում է հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները, առաջարկ ներկայացրած անձի կամ կազմակերպության տվյալները, ինչպես նաև համայնքապետարանի դիրքորոշումը յուրաքանչյուր առաջարկության վերաբերյալ․
5) առաջարկի մերժման դեպքում ամփոփաթերթում ներառվում է առաջարկը մերժելու վերաբերյալ հիմնավորված դիրքորոշում՝ նշելով հիմքերը.
6) Համայնքի ղեկավարի կողմից Համայնքի երիտասարդական քաղաքականության լրամշակված վերջնական նախագծի ներկայացում ավագանու հաստատմանը.
7) Համայնքի ավագանու կողմից հաստատված Համայնքի երիտասարդական քաղաքականության հրապարակում համայնքապետարանի պաշտոնական կայքում.
8) Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո քաղաքականությունից բխող ծրագրերի ներառում Համայնքի տարեկան աշխատանքային պլանում։
66. Համայնքի երիտասարդական քաղաքականությունը ըստ անհրաժեշտության կարող է վերանայվել. Վերանայման հիմքերն են՝
1) մշտադիտարկման և գնահատման արդյունքները.
2) Համայնքի և երիտասարդության կարիքների էական փոփոխությունը.
3) արտաքին գործոնների ազդեցությունը (սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, ճգնաժամային իրավիճակներ, այլ վերաբերելի հանգամանքներ ու փոփոխություններ):
67. Վերանայման գործընթացն իրականացվում է ՏԻՄ-ի համապատասխան ստորաբաժանման կամ օրենքով սահմանված կարգով ներգրավված իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անձանց) կողմից։
68. Վերանայված քաղաքականությունը հաստատվում է սույն մեթոդաբանության 65-րդ կետով սահմանված կարգով:
Ձև N 1
ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(նշել տարեթվերը)
Մարզը՝
Համայնքը՝
Ընդունման ամսաթիվը՝
Բովանդակություն
1. ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1) Համայնքի մասին ընդհանրական տեղեկատվությունը.
2) Համայնքի սոցիալ-ժողովրդագրական տվյալները.
3) Երիտասարդների զբաղվածության ցուցանիշները, միգրացիայի միտումները.
4) Համայնքում առկա ենթակառուցվածքները և այլ տվյալներ.
5) Սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային ոլորտների մասնագիտական ներուժը (ներառյալ դպրոցներ, քոլեջներ, ոչ ֆորմալ կրթական հաստատություններ, թանգարաններ, գրադարաններ և այլն):
2. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ (ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
1) Համայնքի երիտասարդների կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքները.
2) Տեսլականը և նպատակները.
3) Սուբյեկտների սահմանումը և թիրախային խմբերը.
4) Գործողությունների ժամանակացույցը.
5) Առաջարկներ
3. ԾՐԱԳՐԵՐԸ
1) Ծրագիր N 1 (ավելացնել տողեր ըստ անհրաժեշտության)
4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ
5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԼԱՆԸ
6. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
1) Ներկայացվում է Համայնքի ղեկավարի ուղերձը Համայնքի երիտասարդական քաղաքականության ընդունման և իրականացման վերաբերյալ: Ներկայացվում է քաղաքականության ընդունման նպատակը, գործողության ժամանակահատվածը, մշակման և ընդունման, այդ թվում՝ Համայնքի երիտասարդների կարիքների և ռեսուրսների գնահատման նպատակով իրականացված գործընթացները, աշխատանքային խմբի գործունեության նկարագիրն, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ըստ նպատակահարմարության։
7. ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1) Համայնքի մասին ընդհանրական տեղեկատվությունը (լրացվում են առկա տվյալները, ներառյալ բնակավայրերի մասին տեղեկատվությունը և առանձնահատկությունները):
2) Համայնքի սոցիալ-ժողովրդագրական տվյալները` համաձայն Աղյուսակ N 1-ի (ներկայացվում են երիտասարդների սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման ընթացքում հավաքագրված տվյալները)։
Աղյուսակ N 1
1. Համայնքի երիտասարդների սոցիալ-ժողովրդագրական կազմի վերաբերյալ տվյալների
|
Տվյալ |
Ժամանակահատված՝ ______ թթ. | ||||
|
1. |
Մշտական բնակչության թիվը, որից երիտասարդ՝ |
||||
|
1) |
Արական |
||||
|
2) |
Իգական |
||||
|
3) |
13-17 տարեկան (պատանի), որից՝ |
||||
|
ա. |
Արական |
||||
|
բ. |
Իգական |
||||
|
4) |
18-25 տարեկաններ (երիտասարդ), որից՝ |
||||
|
ա. |
Արական |
||||
|
բ. |
Իգական |
||||
|
5) |
26-ից 35 տարեկան (ավագ երիտասարդ), որից՝ |
||||
|
ա. |
Արական |
||||
|
բ. |
Իգական |
||||
|
2. |
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների թիվը |
||||
|
3. |
Կրթության, զբաղվածության կամ վերապատրաստման մեջ չընդգրկված (Not in Education, Employment, or Training, NEET) երիտասարդների թիվը |
||||
|
4. |
Հաշմանդամություն ունեցող երիտասարդների թիվը |
||||
|
5. |
Առանց ծնողական խնամքի մնացած և համայնքում գտնվող երեխաների թիվը, որից՝ |
||||
|
1) |
Խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող երիտասարդների թիվը |
||||
|
2) |
Խնամատարության հանձնված երիտասարդների թիվը |
||||
|
6. |
Վերջին մեկ տարում ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած երիտասարդների թիվը |
||||
|
7. |
Փախստական երիտասարդների թիվը |
||||
|
8. |
Բռնի տեղահանված երիտասարդների թիվը |
||||
|
9. |
Նախորդ վեց ամիսների ընթացքում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներից (այդ թվում՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության) տուժած երիտասարդների թիվը |
||||
2. Տեսլականը և նպատակները
10. Ներկայացվում է քաղաքականության տեսլականը և դրանից բխող ծրագրի նպատակները, կարող է ներկայացվել կարիքների և նպատակների «ծառը»՝ համաձայն Աղյուսակ N 2-ի։
Աղյուսակ N 2
1. Կարիքների և նպատակների ծառի
|
1. Կարիքը՝ |
|
1) Կարիքի հետևանքները, երիտասարդների և առանձին երիտասարդական խմբերի կենսագործունեության վրա ունեցած ազդեցությունը՝ |
|
2) Պատճառները՝ |
|
3) Կարիքի բավարարման հիմնական ուղիները |
2. Սուբյեկտների սահմանումը և թիրախային խմբերը
4) Ներկայացվում է, թե երիտասարդության ո՞ր խմբերն են հանդիսանում ծրագրի, այդ թվում՝ վերջինիս ծրագրերի անմիջական շահառուները, նկարագրվում է նաև, թե ծրագիրն անմիջականորեն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այլ խմբերի կենսագործունեության, ինչպես նաև երիտասարդների ներառականության և սոցիալ-տնտեսական ակտիվացման վրա:
3. Առաջարկները
5) Ներկայացվում են երիտասարդական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված առաջարկները՝ հստակ գործողությունների նկարագրով։
4. Ծրագրերը
(լրացվում է ըստ յուրաքանչյուր ծրագրի)
|
1) Անվանումը՝________________________________________
(լրացվում է ծրագրի անվանումն ամբողջությամբ) Ծրագրի համառոտ նկարագիրը՝
| ||||||||
|
2) Կարիք (կարիքներ), որի (որոնց) լուծմանն է միտված ծրագիրը |
Ներկայացնել այն կարիքը (կարիքները), որոնց բավարարմանն է ուղղված սույն ծրագիրը. | |||||||
|
3) Ծրագրի բնույթը |
||||||||
|
4) Ծրագրի նպատակը |
||||||||
|
5) Ծրագրի հիմնական գործողությունները, յուրաքանչյուր գործողության համար պատասխանա-տուների շրջանակը և իրականացման ժամանակացույցը |
Գործողություն |
Պատասխանատուներ |
Մեկնարկի ժամկետ |
Ավարտի ժամկետ | ||||
|
6) Ծրագրի շահառուները |
||||||||
|
7) Ծրագրի հիմնական արդյունքները |
Շահառուների թիվը |
Ելա-կետային արժեքը՝ ըստ ելա-կետային տարվա |
Թիրախային արժեքները՝ ըստ | |||||
|
202_ |
202_ |
202_ |
202_ | |||||
|
8) Ծրագրի այլ հիմնական արդյունքները |
||||||||
|
9) Ծրագրի բյուջեն |
||||||||
|
10) Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ |
||||||||
|
11) Ծրագրի հիմնական ռիսկերը և դրանց կառավարման մեխանիզմները |
||||||||
|
Այլ նշումներ |
||||||||
5. Ֆինանսավորման սխեման
(լրացվում է ըստ յուրաքանչյուր ծրագրի)
|
1) Միջոցա-ռումներ |
Գնահատված ծախսեր |
Ֆինանսավորման աղբյուր (նշել չափը) |
Ֆինանսավորման պակաս |
Պակասող միջոցների համալրման եղանակները | ||
|
Համայնքային բյուջե |
Պետական բյուջե |
Այլ կազմա-կերպություն-ների հատկացրած միջոցներ |
Այլ նախա-ձեռնություն-ների, ոչ ֆորմալ խմբերի, անհատների հատկացրած միջոցներ | |||
6. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԼԱՆ
(լրացվում է ըստ յուրաքանչյուր ծրագրի)
|
1) Գործո-ղությունները |
Տևողությունը (սկիզբ-ավարտ) |
Յուրաքանչյուր գործողության իրականացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը |
Արդյունքային ցուցանիշներ |
Յուրաքանչյուր ցուցանիշի իրացված լինելու վերաբերյալ տեղեկա-տվությունը (%) |
Հիմնավորումներ, նշումներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ __________________________
(օր/ամիս/տարի)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|