ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1583-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԱՎԵԼԻ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 18-րդ մասերը, 13-րդ հոդվածի 5-րդ մասը և 14-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը՝ համաձայն N 2 հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման ընթացքում որպես մասնավոր գործընկեր ներգրավել «ՀԱՅՓԱՍ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համար՝ 271.120.1453144, գրանցման ամսաթիվ՝ 23.04.2025 թ., ՀՎՀՀ՝ 01362253, գտնվելու վայրը՝ Հայաստան, Երևան, Դավթաշեն, Անաստաս Միկոյան փ., 109/8, 0054):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» 2026 թվականի մայիսի 11-ի ՀՕ-210-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
4. Առաջին անգամ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայանալու անձի պարտականությունը դադարում է անձի կենսաչափական տվյալների հավաքագրման վայրի տեսահսկման համակարգի հասանելիությունը մասնավոր գործընկերոջ կողմից լիազոր մարմնին տրամադրվելու պահից, որի մասին հայտարարություն է հրապարակվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական կայքէջում, բայց ոչ ուշ, քան մինչև 2027 թվականի մարտի 31-ը: Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իրենց իրավասությունը հավաստող փաստաթուղթ էլեկտրոնային միասնական հարթակ վերբեռնելու պարտականությունը դադարում է Բնակչության պետական ռեգիստրի կանոնակարգն ուժի մեջ մտնելու և դրա տեխնիկական լուծման ներդրման պահից, որի մասին հայտարարություն է հրապարակվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական կայքէջում:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1583-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Քաղաքացին անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմում է էլեկտրոնային միասնական հարթակով (այսուհետ՝ էլեկտրոնային միասնական հարթակ): Էլեկտրոնային միասնական հարթակն ինտերնետ հասանելիությամբ գործող էլեկտրոնային հարթակ է, որի միջոցով դիմողն ինտերնետին միացված անձնական սարքով կամ մասնավոր գործընկերոջ սպասարկման կայանում տեղադրված ինքնասպասարկման սարքով իրականացնում է նախնական էլեկտրոնային հայտի ձևավորումը և սույն կարգով նախատեսված այլ գործողություններ, և որը տվյալների փոխանակման շերտի միջոցով փոխկապված է բնակչության պետական ռեգիստրին: Էլեկտրոնային միասնական հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ ինտերնետ կայքի տվյալները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։
2. Էլեկտրոնային միասնական հարթակով անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմելու նպատակով անձը պետք է ունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու իրավունք, և այդ անձի տվյալները պետք է գրանցված լինեն բնակչության պետական ռեգիստրում:
3. Սույն կարգի իմաստով քաղաքացին համարվում է նույնականացման քարտ կամ անձնագիր ունեցող նաև այն դեպքում, երբ նույնականացման քարտը կամ անձնագիրը նրան տրվել է մինչև «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելը, եթե նույնիսկ լրացել է նույնականացման քարտի կամ անձնագրի վավերականության ժամկետը: Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված իմաստով, եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ:
4. Երևան քաղաքում քաղաքացին կարող է իր կենսաչափական տվյալները հանձնել և անձնագիրը կամ նույնականացման քարտն ստանալ նաև շաբաթ և կիրակի օրերին: Կիրակի օրը Երևան քաղաքում պետք է գործի մասնավոր գործընկերոջ առնվազն մեկ սպասարկման գրասենյակ:
5. Անձնագիր և նույնականացման քարտ տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը:
2. ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ
6. Նախքան անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմելը Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ՝ քաղաքացի) պետք է սույն գլխով սահմանված կարգով էլեկտրոնային միասնական հարթակով նախաձեռնի անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու գործընթաց՝ ձևավորելով նախնական էլեկտրոնային հայտ: Եթե անձի տվյալները գրանցված չեն բնակչության պետական ռեգիստրում կամ անձը չունի անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու իրավունք, ապա նա չի կարող ձևավորել նախնական էլեկտրոնային հայտ, ինչի մասին էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է անձին: Առաջին անգամ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմելու նպատակով նախքան նախնական էլեկտրոնային հայտ ձևավորելն անձը պետք է ներկայանա լիազոր մարմին, որը թվային եղանակով պետք է մասնավոր գործընկերոջը հավաստի անձի ինքնությունը և իրավական կարգավիճակը:
7. Էլեկտրոնային միասնական հարթակով նախնական էլեկտրոնային հայտ հնարավոր է ձևավորել երկու եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ազգային նույնականացման հարթակով խիստ նույնականացում անցնելով կամ քաղաքացու անձնական տվյալներն էլեկտրոնային միասնական հարթակում մուտքագրելու տարբերակով։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ազգային նույնականացման հարթակով խիստ նույնականացում անցնելով քաղաքացին իր համար նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալիս պետք է նշի իր հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ հետագա ծանուցումներն ստանալու նպատակով։
9. Քաղաքացու անձնական տվյալներն էլեկտրոնային միասնական հարթակում մուտքագրելու տարբերակով նախնական էլեկտրոնային հայտ ձևավորելիս լրացվում են քաղաքացու պահանջվող անձնական տվյալները, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է քաղաքացու տրամադրած անձնական տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներին, և անհամապատասխանության դեպքում անձը ծանուցվում է այդ մասին։
10. Տասնվեց տարին լրացած, նախկինում նույնականացման քարտ ունեցող անձը նույնականացման քարտ ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ազգային նույնականացման հարթակով խիստ նույնականացում անցնելու միջոցով։ Ազգային նույնականացման հարթակով խիստ նույնականացում անցնելու անհնարինության դեպքում քաղաքացին դիմում է անձնական տվյալներն էլեկտրոնային միասնական հարթակում մուտքագրելու տարբերակով:
11. Օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև օրենքով այլ անձի փոխարեն դիմելու իրավասություն ունեցող անձը քաղաքացու համար նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելիս պետք է դիմի միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ազգային նույնականացման հարթակով խիստ նույնականացում անցնելու տարբերակով: Օրենքով այլ անձի փոխարեն դիմելու իրավասություն ունեցող անձը պետք է վերբեռնի այլ անձի փոխարեն դիմելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթը, եթե այդ տվյալը չի ստացվում էլեկտրոնային միասնական հարթակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով: Օրինական ներկայացուցիչ լինելու մասին տվյալը պետք է ստացվի էլեկտրոնային միասնական հարթակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով, բացառությամբ խնամակալի կամ հոգաբարձուի կողմից դիմելու դեպքի: Օրինական ներկայացուցիչ լինելու մասին տվյալն էլեկտրոնային միասնական հարթակում տվյալների փոխանակման շերտի միջոցով չստացվելու դեպքում անձը ծանուցվում է այդ մասին: Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից դիմելիս վերջիններս վերբեռնում են իրենց իրավասությունը հավաստող փաստաթուղթը, եթե այդ տվյալը չի ստացվում էլեկտրոնային միասնական հարթակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով։
12. Տասնվեց տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար դիմելիս պետք է ունենա գործող նույնականացման քարտ և անցնի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված խիստ նույնականացում՝ բացառությամբ առաջին անգամ նույնականացման քարտ ստանալիս միաժամանակ անձնագիր ստանալու համար դիմելու դեպքի։
13. Առաջին անգամ նույնականացման քարտ ստանալու համար դիմող քաղաքացին կարող է միաժամանակ նաև դիմել անձնագիր ստանալու համար, սակայն նրան անձնագիր տրվում է միայն նույնականացման քարտը տրամադրվելու դեպքում։
14. Էլեկտրոնային միասնական հարթակով խիստ նույնականացվելուց կամ անձնական տվյալները մուտքագրելուց հետո քաղաքացին ընտրում է մասնավոր գործընկերոջ այն սպասարկման գրասենյակը, որտեղ ցանկանում է այցելել իր կենսաչափական տվյալները հանձնելու նպատակով, այնուհետև հարթակով ցուցադրված հասանելի օրերից ընտրում է մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակ այցելելու օրը և ժամը: Եթե դիմողը ցանկանում է օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու ծառայությունից, ապա պետք է էլեկտրոնային միասնական հարթակում նշում կատարի այդ մասին:
15. Էլեկտրոնային միասնական հարթակը հաշվարկում և դիմողին ներկայացնում է նրա կողմից վճարման ենթակա գումարը՝ պետական տուրքը, առկայության դեպքում՝ ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու ծառայության համար լրացուցիչ վճարը: Դիմողը վճարումը կատարում է անկանխիկ եղանակով:
16. Էլեկտրոնային միասնական հարթակը պետք է հնարավորություն տա դիմողին՝ ընդհատելու նախնական էլեկտրոնային հայտի ձևավորումը և շարունակելու գործընթացը կամ հայտում կատարելու թույլատրելի փոփոխություններ։
17. Եթե անձն ընդհատում է նախնական էլեկտրոնային հայտի ձևավորման գործընթացը, ապա էլեկտրոնային միասնական հարթակը տվյալները պահպանում է առավելագույնը 7 օր:
3. ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
18. Նախնական էլեկտրոնային հայտի ձևավորումից հետո մինչև կենսաչափական տվյալները հանձնելը մասնավոր գործընկերն իրականացնում է նախնական էլեկտրոնային հայտի ստուգում:
19. Նախնական էլեկտրոնային հայտի ստուգման ընթացքում մասնավոր գործընկերն ստուգում է, թե արդյոք առկա են անհրաժեշտ տվյալները կենսաչափական տվյալների հանձնմանն անցնելու համար։ Եթե առկա չեն այդ տվյալները, ապա մասնավոր գործընկերը դիմողին ծանուցում է տվյալների անհամապատասխանության մասին՝ նրա ներկայացրած էլեկտրոնային փոստին նամակ կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույն կետով նախատեսված եղանակներից որևէ մեկով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում:
20. Եթե նախնական էլեկտրոնային հայտի ստուգման արդյունքներով որևէ անճշտություն չի բացահայտվել, ապա էլեկտրոնային միասնական հարթակը գեներացնում է նախնական էլեկտրոնային հայտի ձևավորումը հավաստող ստացական: Ստացականում նշվում են անձի վերաբերյալ տվյալները, մասնավոր գործընկերոջ գրասենյակի հասցեն, որտեղ անձը պետք է դիմի անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար, անձի ներկայանալու օրը, ժամը, կատարված վճարման տվյալները, հայտի նույնականացման համարը, որն օգտագործվում է մասնավոր գործընկերոջ գրասենյակ այցելության ժամանակ նախագրանցման տվյալներն արտացոլելու համար, և այլ տեղեկություններ: Դիմողը հնարավորություն ունի փոխելու ընտրված մասնավոր գործընկերոջ գրասենյակը կամ այցելության օրն ու ժամը կամ չեղարկելու այցելությունը:
21. Եթե նախնական էլեկտրոնային հայտի ստուգման արդյունքներով հայտնաբերվել են տվյալների անհամապատասխանություններ, և դիմողը դրանց մասին ծանուցվելուց հետո 30 օրվա ընթացքում սույն կարգին համապատասխան չի նախաձեռնել դրանց ուղղումը, ապա դիմողի նախնական հայտը չեղարկվում է, որի մասին էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին։ Այս դեպքում պետական տուրքը ենթակա է վերադարձման քաղաքացուն: Անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժվելու դեպքում պետական տուրքը չի վերադարձվում:
4. ԱՆՁԻ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
22. Քաղաքացին էլեկտրոնային միասնական հարթակով ամրագրված օրը և ժամին այցելում է մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակ իր կենսաչափական տվյալները հանձնելու նպատակով՝ ներկայացնելով սույն կարգով պահանջվող փաստաթղթերը:
23. Եթե անձն առաջին անգամ է դիմում նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար, ապա առկայության դեպքում պետք է ներկայացնի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձը հաստատող որևէ փաստաթղթի բնօրինակը, իսկ երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ դիմելիս՝ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը:
24. Օրենքով այլ անձի փոխարեն դիմելու իրավասություն ունեցող անձը, խնամակալը կամ հոգաբարձուն կենսաչափական տվյալները հանձնելու ժամանակ ներկայացնում են իրենց իրավասությունը հավաստող փաստաթուղթը մասնավոր գործընկերոջը, եթե այդ տվյալը չի ստացվում էլեկտրոնային միասնական հարթակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով:
25. Անձի նույնականացումը և իրավասությունների ստուգումը մասնավոր գործընկերն իրականացնում է առկա տվյալների և անձի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։ Եթե անձի նույնականացումը կամ իրավասությունների հաստատումը չի հաջողվում, ապա դիմողը ծանուցվում է այդ մասին, և կարող է անհամապատասխանությունն ուղղել 30 օրվա ընթացքում։ Եթե անհամապատասխանությունը չի ուղղվում 30 օրվա ընթացքում, ապա դիմողի նախնական հայտը չեղարկվում է, որի մասին էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին։ Այս դեպքում պետական տուրքը ենթակա է վերադարձման քաղաքացուն։
26. Եթե անձը պատշաճ նույնականացվել է և իրավասությունները հաստատվել են, ապա մասնավոր գործընկերն իրականացնում է նախնական էլեկտրոնային հայտի վերջնական ստուգում, որի ժամանակ ստուգվում են էլեկտրոնային միասնական հարթակում լրացված տվյալները: Եթե այդ տվյալների միջև առկա է անհամապատասխանություն, ապա դիմողի համաձայնությամբ դրանք մասնավոր գործընկերոջ համակարգում փոխարինվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալներով: Եթե դիմողը համաձայն չէ էլեկտրոնային միասնական հարթակում լրացված տվյալները բնակչության պետական ռեգիստրի տվյալներով փոխարինելուն, ապա նա ուղղորդվում է լիազոր մարմին տվյալները համապատասխանեցնելու նպատակով: Եթե անհամապատասխանությունը չի ուղղվում 30 օրվա ընթացքում, ապա դիմողի նախնական հայտը չեղարկվում է, որի մասին էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին։ Այս դեպքում պետական տուրքը ենթակա է վերադարձման քաղաքացուն։
27. Նախնական էլեկտրոնային հայտի վերջնական ստուգումն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և պահանջներին համապատասխան մասնավոր գործընկերը հավաքագրում է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված անձի կենսաչափական տվյալները: Լրացուցիչ վճարի դիմաց կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ դեպքերում անձի կենսաչափական տվյալները հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի բնակության (գտնվելու) վայրում:
28. Անձը համարվում է անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմած իր կենսաչափական տվյալները հանձնելու պահից:
29. Անձի կենսաչափական տվյալները հավաքագրվելուց հետո նրան տրվում է ստացական, որը պարունակում է քաղաքացու տվյալները։
5. ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՆ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
30. Անձի կենսաչափական տվյալները հավաքագրելու օրվանից լիազոր մարմնին մասնավոր գործընկերոջ համակարգով հասանելի են դառնում անձի վերաբերյալ հավաքագրված բոլոր տվյալները, որը կարող է ներառել նախնական էլեկտրոնային հայտի ձևավորման ընթացքում ստացված տվյալները, կենսաչափական տվյալները, կենսաչափական ստուգումների արդյունքները, առկայության դեպքում՝ կենսաչափական փորձագիտական ստուգումների արդյունքները, անձնական տվյալների կրկնօրինակման ստուգումների արդյունքները: Այդ տվյալների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմնի կողմից ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա լիազոր մարմինը մասնավոր գործընկերոջը հրահանգում է տպագրել անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ որոշում է կայացնում անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժելու մասին:
31. Անձի կենսաչափական տվյալները հավաքագրելու օրվանից հետո 14-րդ աշխատանքային օրը դիմողն իր ներկայացրած էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ստանալու միջոցով ծանուցվում է անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին: Անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում այդ որոշման հասանելիությունն էլեկտրոնային եղանակով ապահովվում է դիմողի էլեկտրոնային փոստի միջոցով:
32. Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիմողին հանձնելու համար պետք է պատրաստ լինի անձի կենսաչափական տվյալները հավաքագրելու օրվանից հետո 14-րդ աշխատանքային օրը՝ մասնավոր գործընկերոջ այն սպասարկման գրասենյակում, որտեղ դիմողը հանձնել է իր կենսաչափական տվյալները: Եթե անձնագիրը կամ նույնականացման քարտը հանձնելու համար պատրաստ լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում դիմողը չի ներկայանում մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակ անձնագիրը կամ նույնականացման քարտը վերցնելու համար, ապա այն ուժը կորցնում է:
33. Անձնագիրը կամ նույնականացման քարտն ստանալու համար քաղաքացին կամ օրինական ներկայացուցիչը ներկայանում է մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակ: Օրենքով այլ անձի փոխարեն դիմելու իրավասություն ունեցող անձի կողմից քաղաքացու համար նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելու դեպքում անձնագիրը կամ նույնականացման քարտը քաղաքացուց բացի կարող է վերցնել նաև դիմելու իրավասություն ունեցող անձը։
34. Մասնավոր գործընկերն անձնագիրը կամ նույնականացման քարտը հանձնելիս նույնականացնում է ստացող անձին: Մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակի աշխատակիցն իրականացնում է դիմողի կենսաչափական ստուգում, որի ժամանակ դիմողից այդ պահին հավաքագրված կենսաչափական տվյալները համեմատվում են վերցված կենսաչափական տվյալների հետ: Եթե ներկայացել է օրինական ներկայացուցիչը կամ այլ իրավասու անձ, ապա մասնավոր գործընկերոջ համակարգում այդ մասին նշում է կատարվում, և կենսաչափական ստուգում չի իրականացվում:
35. Մասնավոր գործընկերոջ աշխատակիցն ստուգում է հանձնվող անձնագրի կամ նույնականացման քարտի արտաքին տեսքը: Եթե փաստաթուղթն ունի արտաքին վնասվածք, ապա մասնավոր գործընկերոջ գրասենյակի աշխատակիցը փաստաթղթի նոր տպագրման հայտ է ձևավորում, որից հետո Երևան քաղաքում դիմած լինելու դեպքում հաջորդ, իսկ Երևանից դուրս՝ 2-րդ աշխատանքային օրը դիմողն իր ներկայացրած էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ստանալու միջոցով ծանուցվում է անձնագիրը կամ նույնականացման քարտը հանձնելու համար պատրաստ լինելու մասին։
36. Անձին նույնականացնելուց և փաստաթղթի արտաքին տեսքն ստուգելուց հետո մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակի աշխատակիցը հատուկ սարքով ընթերցում է անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալների էլեկտրոնային պահոցում առկա տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք առկա է տվյալների ընթերցման խնդիր: Խնդիր հայտնաբերելու դեպքում մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակի աշխատակիցը փաստաթղթի նոր տպագրման հայտ է ձևավորում, որից հետո Երևան քաղաքում դիմած լինելու դեպքում հաջորդ, իսկ Երևանից դուրս՝ 2-րդ աշխատանքային օրը դիմողն իր ներկայացրած էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ստանալու միջոցով ծանուցվում է անձնագիրը կամ նույնականացման քարտը հանձնելու համար պատրաստ լինելու մասին:
37. Եթե հանձնվող փաստաթուղթը նույնականացման քարտ է, ապա տվյալների էլեկտրոնային պահոցի տվյալներն ընթերցվելուց հետո նույնականացման քարտն ստացող անձի կողմից պետք է ստեղծվի նույնականացման քարտի երկու PIN ծածկագիր, որոնք օգտագործվում են անձի թվային նույնականացման կամ էլեկտրոնային թվային ստորագրություն դնելու համար, և մասնավոր գործընկերոջ համակարգով ստեղծվում է PUK ծածկագիրը, որն օգտագործվում է PIN ծածկագրերը փոփոխելու համար: PIN ծածկագրերը վերականգնելու համար անհրաժեշտ է ներկայանալ մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակ։ Միաժամանակ PIN և PUK ծածկագրերը կորցնելու դեպքում այդ տվյալները ենթակա չեն վերականգնման և նոր PIN և PUK ծածկագրեր անձին տրվում են միայն նոր նույնականացման քարտ տրամադրելիս։
38. Մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակի աշխատակիցն անձնագիրը կամ նույնականացման քարտը հանձնում է դիմողին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ այդ իրավասությունը ունեցող այլ անձի:
39. Դիմողը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ իրավասություն ունեցող անձը վերցնում է նոր նույնականացման քարտը կամ անձնագիրը և մասնավոր գործընկերոջ սպասարկման գրասենյակի աշխատակցին է հանձնում համապատասխանաբար նախորդ նույնականացման քարտը կամ անձնագիրը, բացառությամբ, եթե անձը հայտարարել է հին փաստաթուղթը կորցնելու կամ հափշտակված լինելու մասին: Մասնավոր գործընկերոջ աշխատակիցը վերադարձնում է քաղաքացուն նախորդ նույնականացման քարտը կամ անձնագիրը դակված վիճակում։ Նոր նույնականացման քարտը կամ անձնագիրն ուժի մեջ է մտնում ստացողին հանձնելուց հետո։
6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
40. Օտարերկրյա պետությունում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին դիմում է անհրաժեշտ սարքավորումներով ապահովված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին: Հայաստանի Հանրապետության այն դիվանագիտական ծառայության մարմինների ցանկը, որտեղ անձը կարող է դիմել անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
41. Քաղաքացին անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիմում է և փաստաթուղթն ստանում սույն կարգով նախատեսված ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները:
42. Անձն իր կենսաչափական տվյալները հանձնում է սույն կարգի 40-րդ կետով նախատեսված ցանկում ներառված՝ իր ընտրած Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում:
43. Լիազոր մարմինը նախնական էլեկտրոնային հայտի ձևավորման ընթացքում հավաքագրված և, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա մասնավոր գործընկերոջը հրահանգում է տպագրել անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ որոշում է կայացնում անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժելու մասին:
44. Անձի կենսաչափական տվյալները հավաքագրելու օրվանից հետո ոչ շուտ, քան 14-րդ և ոչ ուշ, քան 45-րդ աշխատանքային օրը դիմողն իր ներկայացրած էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ստանալու միջոցով ծանուցվում է անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին: Անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում այդ որոշման հասանելիությունն էլեկտրոնային եղանակով ապահովվում է դիմողի էլեկտրոնային փոստի միջոցով:
45. Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիմողին հանձնելու համար պետք է պատրաստ լինի ծանուցումն ստանալու օրվա դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության այն մարմնում, որտեղ դիմողը հանձնել է իր կենսաչափական տվյալները:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի N 1583-Ն որոշման |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԱՎԵԼԻ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
1. Լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն հավելվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում քաղաքացին պետք է նախնական էլեկտրոնային հայտի ձևավորման փուլում էլեկտրոնային միասնական հարթակում նշում կատարի լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու ծառայությունից օգտվելու մասին:
3. Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիմողին հանձնելու համար պետք է պատրաստ լինի՝
1) Երևան քաղաքում դիմելու դեպքում՝ անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու մասին լիազոր մարմնի որոշումը մասնավոր գործընկերոջը ծանուցելուց հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում (բացառությամբ կիրակի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային տոների կամ հիշատակի օրերի).
2) Երևան քաղաքից դուրս դիմելու դեպքում՝ անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու մասին լիազոր մարմնի որոշումը մասնավոր գործընկերոջը ծանուցելուց հետո 48 (քառասունութ) ժամվա ընթացքում (բացառությամբ շաբաթ, կիրակի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային տոների կամ հիշատակի օրերի)։
4. Ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար լրացուցիչ վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահի դրությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով անձը հաստատող փաստաթղթի համապատասխան տեսակի համար սահմանված պետական տուրքի եռապատիկը: Այդ առավելագույն չափի սահմաններում լրացուցիչ վճարի չափը որոշվում է մասնավոր գործընկերոջ կողմից և ենթակա է հրապարակման լիազոր մարմնի և մասնավոր գործընկերոջ պաշտոնական կայքէջերում:
5. Ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու ծառայությունից օգտվելու համար վճարված լրացուցիչ վճարը չի երաշխավորում անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը և ենթակա է վերադարձման անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրումը լիազոր մարմնի որոշմամբ մերժվելու դեպքում: Նախնական էլեկտրոնային հայտի ստուգման արդյունքներով սահմանված ժամկետում անհրաժեշտ ուղղումները չկատարվելու կամ էլեկտրոնային միասնական հարթակով ամրագրված օրը կենսաչափական տվյալները հանձնելու նպատակով մասնավոր գործընկերոջ գրասենյակ չներկայանալու դեպքում ավելի սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար վճարված լրացուցիչ վճարը ենթակա է վերադարձման քաղաքացուն։
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|