ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1568-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.01.2028-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1568-Ն

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

3. Որդեգրման ենթակա այն երեխաների մասին ապանձնավորված տվյալները, որոնք որպես օտարերկրյա որդեգրմանը հասանելի հաշվառվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, սույն որոշման հավելվածի համաձայն ներկայացվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կենտրոնական մարմնում հաշվառված չեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող՝ որդեգրել ցանկացող անձինք կամ եթե հաշվառված անձանց հետ որդեգրման ենթակա երեխայի համադրման տեխնիկական փուլի արդյունքում երեխան չի առանձնացվել որպես որդեգրել ցանկացող որևէ անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխանող։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1568-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային (այսուհետ՝ կոնվենցիա) անդամակցող պետություններում օտարերկրյա որդեգրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի (այսուհետ՝ կենտրոնական մարմին) կողմից օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված ավտորիզացված կազմակերպություններին (այսուհետ՝ հավատարմագրված կազմակերպություններ) որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ տրամադրելու, որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու և տվյալները հետ կանչելու հետ կապված իրավահարաբերությունները։

2. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը կենտրոնական մարմնին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության նոտարի կողմից վավերացված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության՝ համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ՝ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական կարգով վավերացված լինելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

2. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

3. Կառավարության սահմանած կարգի համաձայն օտարերկրյա որդեգրմանը հասանելի՝ որդեգրման ենթակա երեխաների մասին ապանձնավորված տվյալները կենտրոնական մարմինը տրամադրում է կոնվենցիայի շրջանակում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար, եթե կենտրոնական մարմնում հաշվառված չեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող՝ որդեգրել ցանկացող անձինք կամ եթե հաշվառված անձանց հետ որդեգրման ենթակա երեխայի համադրման տեխնիկական փուլի արդյունքում երեխան չի առանձնացվել որպես որդեգրել ցանկացող որևէ անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխանող։

4. Տվյալները փոխանցվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հանգամանքները վրա հասնելու պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Տվյալների փոխանցման նպատակով կենտրոնական մարմինը կազմում է զեկույց, որը ներառում է որդեգրման ենթակա երեխայի սեռի, ազգության, առողջական վիճակի, տարիքի, իրավական կարգավիճակի, մաշկի գույնի, մազերի գույնի, աչքերի գույնի, քույրերի կամ եղբայրների առկայության կամ բացակայության վերաբերյալ տվյալները։ Արգելվում է զեկույցում ներառել որդեգրման ենթակա երեխայի կամ նրա կենսաբանական ծնողների կամ խնամակալների կամ հոգաբարձուների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, բնակության վայրը, լուսանկարը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկություն, որով հնարավոր կլինի նույնացնել որդեգրման ենթակա երեխային, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցների հղումներ կամ համացանցային աղբյուրներ, որոնք վերաբերում են որդեգրման ենթակա երեխային կամ նրա ծնողներին կամ խնամակալներին կամ հոգաբարձուներին: Զեկույցը համարակալվում է հերթական համարով և տարեթվով։

 

3. ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Օտարերկրյա պետության կենտրոնական մարմինը կամ հավատարմագրված կազմակերպությունը որդեգրման ենթակա երեխային որդեգրել ցանկացող անձ գտնելու դեպքում կենտրոնական մարմնին է ներկայացնում նրա վերաբերյալ հետևյալ տվյալները և փաստաթղթերը կամ տվյալ պետության օրենսդրությամբ դրանց փոխարինող փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկությունը կամ համապատասխան տեղեկանքը.

3) սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ այն զեկույցի հերթական համարը, որով նկարագրված երեխային տվյալ անձը ցանկանում է որդեգրել.

4) կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ զեկույցը.

5) տվյալ պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ.

6) տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով նախապատրաստական դասընթաց անցած լինելու պարագայում՝ այդ հանգամանքը հավաստող փաստաթուղթը.

7) երեխայի` ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուս ամուսնու՝ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությունը.

8) համաձայնությունը՝ իր վերաբերյալ այլ տեղեկություններ պահանջելու․ ստանալու և որդեգրման գործընթացի համար կիրառելու մասին.

9) ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.

10) փաստաթուղթն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկը.

11) տեղեկանքները որդեգրել ցանկացող անձի՝ ամուսնացած, ամուսնալուծված և երեխա ունենալու մասին՝ կցելով համապատասխան վկայականների լուսապատճենները.

12) տեղեկանքը մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկանքը տրամադրելու պահին բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար դատվածության բացակայության մասին.

13) տեղեկանքը բնակության պետությունում որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ հաշվառված չլինելու մասին.

14) տեղեկանքը եկամուտներին մասին՝ դիմելուն նախորդող երկու տարվա վերաբերյալ՝ ըստ ամիսների.

15) բնակության պետության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքն առ այն, որ երեխա որդեգրել ցանկացող անձի բնակելի տարածքը կամ այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ համապատասխանում է բնակության պետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին, ինչպես նաև նշված բնակելի տարածքի լուսանկարները և բնակության պետության օրենսդրությամբ սահմանված՝ սանիտարական ու տեխնիկական պահանջների նկարագրությունը.

16) որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքում բնակության պետության իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը.

17) որդեգրել ցանկացող անձի և նրա ընտանիքի անդամների ազգային, կրոնական և մշակութային ավանդույթների վերաբերյալ տեղեկությունները.

18) որդեգրել ցանկացող անձի հետ անձնական, աշխատանքային, գործարար կամ այլ հարաբերություններում գտնվող առնվազն երեք անձանց կողմից տրված բնութագիրը կամ երաշխավորագիրը։

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Կառավարության սահմանած կարգով Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հաշվառում է որդեգրել ցանկացող անձանց, այնուհետև կենտրոնական մարմինը, ըստ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ ներկայացված զեկույցի հերթական համարի, իրականացնում է համապատասխան երեխայի հետ համադրում։

8. Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ և ստանալ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն: Որդեգրումն արգելվում է, եթե ամուսնության մեջ գտնվող՝ որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է ամուսիններից առնվազն մեկի նկատմամբ:

9. Հաշվառման և համադրման ընթացքում կենտրոնական մարմինը կամ Հայաստանի Հանրապետության այլ իրավասու մարմինները չեն կարող անմիջականորեն հաղորդակցվել կոնվենցիային անդամակցող պետությունում մշտապես բնակվող որդեգրել ցանկացող անձի հետ, և հաղորդակցությունն իրականացվում է համապատասխան պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչության կամ ներկայացուցչի միջոցով։ Համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ընդունվելու, համապատասխան պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից որդեգրումն իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ համաձայնություն ներկայացնելու և որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխային որդեգրելու համաձայնություն ներկայացնելու դեպքում որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև հանդիպումը կազմակերպելու նպատակով որդեգրման ենթակա երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունը կարող է հաղորդակցվել անմիջականորեն որդեգրել ցանկացող անձի հետ՝ համապատասխան պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության համաձայնության դեպքում։

10. Համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության դեպքում կենտրոնական մարմինը դրական եզրակացությունն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանն է ներկայացնում որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ զեկույցը, որը ներառում է հետևյալ տվյալները՝

1) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը.

2) երեխայի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (համայնքը).

3) երեխայի սեռը, մայրենի լեզուն.

4) բնակության հասցեն.

5) առկայության դեպքում՝ երեխայի կենսաբանական ծնողների անունը, ազգանունը, տարիքը, ազգությունը, քաղաքացիությունը, մահացած լինելու դեպքում՝ նշում այդ մասին.

6) առկայության դեպքում՝ որդեգրման ենթակա երեխայի քրոջ և եղբոր անունը, ազգանունը, տարիքը, սեռը, բնակության կամ հաշվառման հասցեն, ազգությունը, քաղաքացիությունը և տեղեկություն այն մասին՝ արդյոք նրանք ենթակա են որդեգրման.

7) առկայության դեպքում՝ այլ մերձավոր ազգականների հետ որդեգրման ենթակա երեխայի հարաբերությունների մասին տեղեկություններ.

8) երեխայի ծննդյան վկայականի տվյալները, երեխայի կենսաբանական ծնողների ծնողական իրավունքների կամ այլ խնամակալի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ.

9) հանգամանքները, որոնց արդյունքում երեխան համարվել է որդեգրման ենթակա.

10) գտնված (ընկեցիկ) երեխայի դեպքում՝ նրան գտնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (համայնքը), գտնվելու պահին երեխայի մոտավոր տարիքը, երեխային գտնելու հանգամանքների նկարագրությունը.

11) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ որդեգրման կապակցությամբ երեխայի կենսաբանական ծնողների և երեխայի համաձայնությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարզաբանում, թե ինչու դրանք անհրաժեշտ չեն.

12) առկայության դեպքում՝ երեխայի և նրա ընտանիքի անդամների ազգային, կրոնական կամ մշակութային ավանդույթների վերաբերյալ տեղեկություն.

13) առկայության դեպքում՝ տվյալներ երեխայի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրված լինելու մասին.

14) երեխայի և առկայության դեպքում նրա կենսաբանական ծնողների առողջության պատմությունը.

15) երեխայի առողջական, հոգեբանական, սոցիալական կամ վարքային, կրթական և այլ կարիքների նկարագրությունը.

16) զեկույցը կազմելու պահին երեխայի միջավայրի վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ՝ կենսապայմանների, այլ անձանց հետ կապերի, իր բնակության վայրում հարմարվածության աստիճանի վերաբերյալ.

17) երեխայի կրթության, նրա նախընտրելի զբաղմունքների վերաբերյալ տեղեկություններ։

11. Սույն կարգի 10-րդ կետով նշված զեկույցին կցվում են որդեգրման ենթակա երեխայի լուսանկարը և երեխայի մասնակցությամբ տեսաձայնագրությունը։ Կենտրոնական մարմինը զեկույցը մուտքագրում է տեղեկատվական համակարգում, որն անմիջապես հասանելի է դառնում Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու դեպքում կենտրոնական մարմինն այդ մասին տեղեկանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը ներկայացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը՝ տեղեկացնելով ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան երեխա որդեգրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։

13. Որդեգրման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո որդեգրի դիմումի հիման վրա կենտրոնական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա որդեգրումը հավաստող վկայականը` ըստ ձևի՝ ներկայացնելով այն նաև համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը։

 

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ

 

14. Եթե համադրման մասնագիտական փուլի արդյունքում ընդունվել է որդեգրման հիմնավորվածության և որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին դրական եզրակացություն, ապա կենտրոնական մարմինն այդ երեխայի վերաբերյալ սույն կարգով նախատեսված տվյալները երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ է կանչում բոլոր այն պետությունների կենտրոնական մարմիններից և հավատարմագրված կազմակերպություններից կամ դրանց ներկայացուցիչներից կամ ներկայացուցչություններից, որոնց դրանք ներկայացվել էին՝ ծանուցելով, որ տվյալները ենթակա են ոչնչացման այդ մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների կողմից։

15. Կենտրոնական մարմինը երեխայի վերաբերյալ ներկայացված տվյալները հետ է կանչում նաև հետևյալ դեպքերում՝ դրանց մասին տեղեկանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝

1) որդեգրման ենթակա երեխան մահացել է.

2) որդեգրման ենթակա երեխան վերամիավորվել է կենսաբանական ծնողի հետ.

3) լրացել է որդեգրման ենթակա երեխայի 18 տարեկանը.

4) որդեգրման ենթակա երեխան որդեգրվել է.

5) որդեգրման ենթակա երեխայի առողջական վիճակից ելնելով՝ հնարավոր չէ նրա տեղափոխումը այլ պետություն.

Եթե Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը կենտրոնական մարմնին հայտնել է որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակի փոփոխության մասին կամ համադրման տեխնիկական փուլից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ներկայացրել է երեխայի որդեգրման վերաբերյալ բացասական կարծիք կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է որդեգրման թույլտվությունը (նախնական համաձայնությունը) մերժելու մասին որոշում, ապա կենտրոնական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպության որդեգրման գործընթացի դադարեցման մասին և հետ կանչում երեխայի վերաբերյալ ներկայացված տվյալները։

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ

 

N __________

 

«Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմինը հավաստում է, որ

__________________________________________________________________________________________ -ը

(որդեգրված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, անձը

հաստատող փաստաթղթի համարը)

որդեգրվել է հետևյալ իրավասու մարմնի որոշման համաձայն՝

____________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(որոշումն ընդունած մարմնի անվանումը, որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, որոշումն ուժի մեջ մտնելու

ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________ կողմից։

(որդեգրող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, որդեգրման պահին

մշտական բնակության վայրը)

 

Կենտրոնական մարմինը հավաստում է, որ որդեգրումը կատարվել է կոնվենցիային համապատասխան և որ կոնվենցիայի 17-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համաձայնությունները տրվել են հետևյալ մարմինների կողմից՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն,

2) ___________________________________________________________________________________

    ______________________________________________________________

(ընդունող պետության կենտրոնական իրավասու մարմնի անվանումը և գտնվելու վայրը)

 

Տրված է՝ ________________________________

(վկայականը տրամադրելու տարեթիվը, ամիսը, օրը)

 

Ստորագրություն՝ ______________________

______________________________________

(վկայականը ստորագրող անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան